Ռուբիկոն

Գյոթեի լռության մասին

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Յոզեֆ Փիփեր

Մարդիկ մեր վարդապետներն են խոսքի մեջ, աստվածները` լռության:

Պլուտարքոս

Կան, ինչպես երևում է, բաներ, որոնք մեզ, ինչ ինտեսիվությամբ էլ դրանք շարունակ ծրագրենք ու նպատակադրենք, այնուամենայնիվ, հաջողվում են միայն այն դեպքում, երբ մեզ, առանց մեր հոժարության, կամ նույնիսկ ուժ գործադրելով, ազատում են դրանց համար, երբ մեզ, ինչպես մի ընկերս էր սիրում ասել, փակում են հատուկ այդ նպատակով: Ահա այդ կերպ մի քանի հիանալի շաբաթների ընթացքում ինձ հաջողվեց իրագործել մի երկար փայփայված ծրագիր, երբ երջանիկ, գրեթե կախարդա- կան բախտի բերումով Հաբակուկի պես ծոծրակիցս բռնեցին ու պատերազմի վերջին ամիսների մահաբեր խառնաշփոթից տեղափոխեցին խաղաղագույն առանձնության մի թագավորություն, որի սահմաններն ու ելքերն իհարկե պաշտպանվում էին զինյալ պահակների կողմից: Սակայն այդ մեկուսացումն այնքան էլ անճեղք չէր, որ ինձ չհաջողվեր կապ հաստատել այդ կղզյակի անմիջական հարևանությամբ բնակվող մի բարեկամի հետ: Այդ հարևանությունը այնպիսի մի երջանիկ պատահականություն էր, որպիսին ես չէի էլ կարող պատկերացնել: Ընդամենը մի քանի օր էր անցել, և արդեն ստեղծվել էր կանոնավոր գրքափոխանակություն, որ ինձ հնարավորություն էր տալիս հաղորդակից լինել բարեկամիս ապշեցուցիչ գանձերին: Որոշ ժամանակ վայելելուց հետո, մտքովս անցավ խնդրել Գյոթեի նամակները, և այն էլ ոչ ավել, ոչ պակաս Սոֆիա հրատարակության հիսուն հատորը, որոնք էլ և իսկապես հերթով, երկու-երեք հատոր փոքրիկ առաքումներով փոխնիփոխ բերում էին ինձ կանոնավոր կերպով:

Ավելի քան վաթսուն տարի շարունակ ինքն իրեն վկայող այդ կյանքի հարստությունն ինձ այն ժամանակ ներկայացավ հիրավի ազդու, վաղուց լիովին մերձավորագույնով ու կարևորագույնով սահմանափակված ըմբռնողությունը գրեթե փշրող վեհությամբ: Իրականությանն իր բոլոր կերպարանքներով դիմելու ինչպիսի~ կրքոտություն, համայն աշխարի բաներին հետամտելու ինչպիսի~ անհագուրդ մղում, հաստատումի ինչպիսի~ կարողություն, հաղորդ լինելու ինչպիսի~ ունակություն, ընծայաբերողի ի~նչ մոլեգին կեցվածք: Անշուշտ, նաև ինչպիսի~ ինքնասահմանափակում «պատշաճով», ամենայն սոսկ թափառումի ինչպիսի~ վարժեցում, կեցության ճշմարտության հանդեպ ինչպիսի~ պարկեշտություն: Զարմանքից ուշքի չէի կարողանում գալ: Եւ կալանավորը մտնում էր սահմաններ չունեցող մի աշխարհ, որի առջև կալանքի փաստը լիովին աննշանակ էր դառնում:

Բայց անխռով խորասուզման այդ անմոռանալի շաբաթների ընթացքում որքան զարմանալի բաների էլ որ հանդիպեցի, ինձ համար ոչինչ առավել անակնկալ և անսպասելի չէր, քան սա` նշմարել, թե որքա~ն է այդ կյանքի բուն իսկականը ընթացել խնամքով պատսպարված քողարկվածության մեջ, թե որքա~ն այդպես հաղորդուն թվացողը, համայն աշխարհի հետ թղթակցողը, այնուամենայնիվ, իր գոյության միջուկը երբեք չի կամեցել արտաբերել: Թեև ինձ համար վաղուց վերջացած բան էր այն կարծիքը, թե իրական Գյոթեն տարբեր տեղերից հյուրեր ընդունող տանտերն է և կայտառ-բազմահմուտ զրուցակիցը, կամ նույնիսկ, ի տարբերություն Շիլլերի, առառավել Բեթհովենի, մարդամոտ-հարմարվող պալատականը: Բայց որ այդ այրը, որ զառամյալ տարիքում դեռ ասում էր, «թե ըստ էության միայն մասնակից լինելու մեջ է ճշմարիտ երջանկությունը»1, ուղղակի եղել է մեծ լռողներից մեկը, այդ իմացությունը, որքան էլ որ այն ինձ համար գրեթե մինչ օրս տարօրինակ է մնում, ինձ համար լիարժեք հավաստիություն է դարձել միայն այն ժամանակվա ուսումնասիրության շնորհիվ:

Եւ բանն ամենևին էլ այնպես չէ, թե միայն «հասուն», ինչ-ինչ մարդկային հանդիպումներում փորձված և «իմաստնացած» Գյոթեն է գիտակցել լռությունը որպես վերջին ելք: Քսանյոթ տարեկանն է, որ վայմարյան առաջին շրջանի հանճարեղ իրարանցման մեջ գովերգում է թաքուցյալ կյանքը որպես սեփական գոյության արդեն վաղուց փորձառված և մտերմիկ կերպարան. «Ես միշտ ապրում եմ խենթ աշխարհի մեջ և շատ եմ մեկուսացած իմ մեջ»2. «իմ իսկական պայմանների մասին քեզ ոչ մի ճամբորդ ոչինչ չի կարենա պատմել, գրեթե ոչ մի համաբնակիչ. ես հաստատապես վճռել եմ, ոչինչ չլսել, ինչ իմ մասին ասում են»3: Ինքն սկսում է, ինչպես 1778-ին գրում է Շառլոթթե ֆոն Շտայնին, «ամրացնել»՚ ոչ թե սոսկ արդեն իսկ վաղուց ի վեր հսկվող «ամրոցը», այլ նաև իր հոգու «քաղաքը»4. ամբողջ քսան տարի անց Շիլլերին գրված մի նամակ վերստին անդրադառնում է այդ պատկերին. «Իմ գոյության շուրջը արդեն կանգնեցրածս պարիսպը մի քանի ոտնաչափ էլ պետք է բարձրացնել»5: Հիսուն տարեկան այրի այս վերջին արտահայտությունը ոչնչով չի կարելի անսովոր համարել: Բայց տասնամյակների միջով պահպանված այդ continuo-ն, որ այդքան վաղ է սկզբնավորվում, ինձ հնարավորություն տվեց տեսնել Գյոթե մարդուն միանգամայն նոր լույսի ներքո: Աստված իրեն «ծածուկ առատորեն շնորհել է». «քանզի իմ ճակատագիրը մարդկանց համար միանգամայն քողարկված է, նրանք դրանից ոչինչ չեն տեսնի և չեն լսի»6: «Ծրագրերիս, մտադրություններիս և ձեռնարկումներիս ամենախորին խորքում մնում եմ անբացատրելիորեն ինքս ինձ հավատարիմ և այդ կերպ իմ հասարակական, քաղաքական, բարոյական և բանաստեղծական կյանքը նորից միահյուսում եմ թաքուցյալ մի հանգույցի»7:

Դա ուղղակի մի առանձնահատուկ և ուրույն աչքադրում է, – ինքը Գյոթեն խոսում է, թերևս, ոչ ամենայն լրջությամբ, ինչ որ «սխալի» մասին, որ իհարկե գալիս է իր «ներքին բնությունից», – եռանդով ուղղված այն բանին, «իմ գոյությունը, իմ գործողությունները, իմ գրվածքները հեռացնել մարդկանց աչքի առաջից»8: «Ես վաղուց համոզված էի, որ մարդ աշխարհում շրջում է կամ անհայտի կամ չճանաչվածի պես, այնպես որ ես մեծ թե փոքր ճամփորդությունների ժամանակ որքան հնարավոր էր թաքցնում էի անունս»9. «այդու ես օտարների կամ կեսանոթների հետ զրուցելիս միշտ գերադասելու եմ առավել աննշանակ նյութը կամ գոնե սակավ նշանակալից արտահայտությունը… և այդ կերպ ինձ դնելու եմ, ես կասեի, ինքս իմ և իմ սեփական երևութացման միջև»10: Չէ~ որ վաղուց է հայտնի և արտաբերված, և նա կարող է գրել իր որդուն, երբ Վայմարի արքունական հասարակությունը մտադրվել էր իր ծննդյան հանդիսություններից խուսափող յոթանասունը բոլորած Գյոթեին ցուցադրել «Գյոթցի» տոնական ներկայացումը. չէ~ որ «վաղուց է հայտնի և արտաբերված, որ ինձ համար ներկայումս խիստ անհաճո է ամենայն անձնական վերաբերություն»11: Երբեմն թվում է, ասես նա ինքն իր բերնին է գալիս, որպեսզի շուրթերին արդեն ձևավորվող խոսքը վերստին պապանձվի. «Ես երեկոն անցկացրեցի իմ վիճակի նկարագրությամբ լցնելով բազում էջեր. այսօր առավոտյան, երբ սուրհանդակն ուզենա տանել դրանք, չեմ կարենա ուղարկել: Մեր քողարկված հոգսերը, թաքուն ա- րատները, լռին տառապանքները թղթի վրա զվարճալի չեն երևում» (այսպես է գրում 1810-ին12 հերցոգ Կարլ Ավգուստին). իսկ դրանից մեկ տարի առաջ` Կոթթային, խոսքը «Ավստրիայում վերատպման ժամանակ մամուլի սիրասուն ազատությամբ ծագած անախորժության» մասին էր. «Արդեն ես գրել էի հիշատակի խոսք, ներածության և համաձայնության հարցը լուծված էր, երբ, բարեբախտաբար թե դժբախտաբար, ինչ-որ դև թևիցս քաշեց և գցեց մտորումների մեջ, թե ժամանակը չէ` խառնվելու հանրային գործերին, և թե ապահով ապրում են` ծածուկ ապրելիս»13:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Գյոթեն որպես նոր գեղագիտության հայր Ռուդոլֆ Շտայներ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄՈՐՖՈԼՈԳԻԱՆ Մեծ անհատականությունների կայացման առեղծվածն իր ուրույն տրամաբանությամբ, մշակութային ժամանակի ելևէջներին թողած իր հետագծերով, աստիճանաբար ուրվագծում է պեղումնաբանական այնպիսի քարտեզներ, որոնք ակամայից դառնում են նոր… Փիլիսոփայություն Գյոթե (Ասում են Գյոթե, ինչպես կասեին Օրփեոս) Պոլ Վալերի Ես արդեն խոսել եմ ոգու ինչ-ինչ քաղաքականության մասին: Ես ստեղծեցի բավականաչափ անորոշ և խորհրդավոր այս արտահայտությունը, որն ինձ համար նշանակում է մեզնից յուրաքանչյուրի, ամեն անհատի և մեր մեջ եղած ցանկությունների, հուշերի, կանխատեսումների,… Փիլիսոփայություն Փորձ և գիտություն (1798) Գյոթե Ֆենոմենները, որոնք մենք նաև փաստեր ենք անվանում, իրենց բնույթով ստույգ և որոշակի են, սակայն դրան հակառակ` հաճախ անորոշ և երերուն, քանզի հանդես են գալիս իբրև երևույթ: Բնախույզը ձգտում է բռնել և ամուր պահել որոշակին երևույթների մեջ: Առանձին դեպքերում նա…