Գյոթեն որպես նոր գեղագիտության հայր
Ռուդոլֆ Շտայներ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄՈՐՖՈԼՈԳԻԱՆ
Մեծ անհատականությունների կայացման առեղծվածն իր ուրույն տրամաբանությամբ, մշակութային ժամանակի ելևէջներին թողած իր հետագծերով, աստիճանաբար ուրվագծում է պեղումնաբանական այնպիսի քարտեզներ, որոնք ակամայից դառնում են նոր նավագնացությունների շարժառիթ, անհայտ մայրցամաքների ուղղությամբ: Հոգևոր նոր մայրցամաքների հայտնագործման աշխարհայացքային նավագնացության տարերքում անհրաժեշտ են կողմնացույցեր և փարոսներ, որոնց կերտումը ստեղծագործաբար հարստացնում է քարտեզների պայմանական կյանքը:
Ռուդոլֆ Շտայների (1861-1925) աշխարհայացքային հսկա ոդիսականը սկսվեց Գյոթեի նավահանգստից: 1882 թվականի աշնանը իր ուսուցիչ, Գյոթեի մեծ գիտակ, պրոֆեսոր Կարլ Յուլիուս Շրյոերի միջնորդությամբ 21-ամյա Ռուդոլֆ Շտայներին համագործակցության է հրավիրում պրոֆեսոր Յոզեֆ Կյուրշները, իր կողմից հրատարակվող «Գերմանական ազգային գրականության» շրջանակներում Գյոթեի բնագիտական աշխատությունների խմբագրման և մեկնաբանման համար: Մինչև 1890 թվականն ընկած ժամանակահատվածում Ռուդոլֆ Շտայներն այդ մատենաշարում լույս է ընծայում Գյոթեի բնագիտական եռհատորյակը, իսկ այնուհետև, ցայժմ Գյոթեի ամենամեծ (143 հատոր) Վայմարյան կամ դքսուհի Սոֆիայի հրատարակությունում` նրա մորֆոլոգիական հետազոտությունների վեցհատորյակը:
Այդ պեղումնաբանական ուսումնասիրությունների արդյունքում ծնվեցին ինքնուրույն մենագրու- թյուններ, որոնք ուրվագծեցին Գյոթեի աշխարհայացքային քարտեզը` «Գյոթեի աշխարհայացքի ճանաչողության տեսության հիմնագծերը» (1886) և «Գյոթեի աշխարհայացքը՚ (1897): Նավագնացության մեկնելու նախապատրաստական այս փուլում էական ուշադրության արժանացան նաև Գյոթեի գեղագիտական հայացքները, որոնց ուսումնասիրությունը գերմանական դասական փիլիսոփայության գեղագիտական ֆոնի վրա իր հակիրճ ամփոփումը ստացավ 1888-ին Վիեննայում կարդացված այս դասախոսության մեջ, որի հայերեն թարգմանությունը բերվում է ստորև:
Այստեղ առաջին անգամ առաջ են քաշվում բոլորովին նոր գեղագիտական սկզբունքներ, որոնցով իր ստեղծագործություններում առաջնորդվել է Գյոթեն, և որոնք ի տարբերություն դասական աշխարհաճանաչողական իդեալիզմի գեղագիտության, նոր հեռանկար են բացում գեղարվեստական ստեղծագործության ոլորտում, դնելով նյութի սպիրիտուալիզացիայի, գեղարվեստական ալքիմիայի հիմքեր, որը փաստորեն աշխարհարարման շարունակությունն է հակառակ ուղղությամբ` մարդու ստեղծագործությամբ աշխարհի տրանսֆորմացված վերադարձը Աստծուն: Արվեստի հիմնահարցն է դառնում ոչ թե իդեաների, հոգևորի մարմնավորումը նյութի մեջ, այլ նյութի փոխակերպումը իդեայի, նյութի ոգեղենացումը, նյութի ազատագրումը ծանրության ու խավարի կապանքներից: Այդ կոնցեպցիայի հիմքում ընկած է ազատության այն ըմբռնումը, որն իր աշխարհայացքային ձևակերպումը ստացավ 1894-ին լույս տեսած «Ազատության փիլիսոփայության» մեջ` դառնալով կողմնացույցն ու փարոսը բոլոր այն հայտնագործությունների, որ արվեցին Ռուդոյֆ Շտայների կողմից XX դարի առաջին քառորդում անտրոպոսոֆական իր աշխարհայացքի սահմաններում:
Ազատության հասկացության առանցքայնությունն այսօրվա պատմամշակութաբանական կոնտեքստում որքան էլ որ ակնհայտ է, նույնքան էլ չճանաչված է ու չըմբռնված, համեմված սխալ ու զգացմունքային պատկերացումներով, որը և հիմնական խոչընդոտն է քաղաքացիական հասարակության և առողջ պետականության կայացման ճանապարհին: Ազատության իմացաբանական լուրջ վերլուծության անհրաժեշտությունն է առկա հենց գեղարվեստի ոլորտում, քանզի ստեղծագործությունն է արվեստի էությունը, իսկ ազատությունն էլ էությունն է ստեղծագործության: Այս պրոբլեմի սաղմերն արդեն առկա են տվյալ դասախոսության մեջ, որոնք հետագայում զարգացվելով դարձան ոգեգիտության մեթոդաբանական հիմքը: Ավելի քան հարյուր տարի առաջ Կենտրոնական Եվրոպայում ծնված իմացաբանական այս խմորումները ոչ միայն չեն կորցրել իրենց ակտուալությունը, այլ նաև թերևս ավելի են ակտուալացել ճգնաժամային այն մթնոլորտում, որի բաղկացուցիչներն են մեր անհատական կյանքերը: Մենք նորից կանգնած ենք անհատականության, հասարակության և պետության պրոբլեմի առջև, որի լուծումը սերտորեն կապված է էսթետիկայի և էթիկայի պրոբլեմի անհատական լուծումից: Դա առաջին հերթին մտածողության, զգացողության և կամքի գեղագիտացված բարոյականացման խնդիրն է, որի ստեղծագործման արդյունքում էլ ծնվում է իրական ազատությունը:
Ի դեպ 1998-ին «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը լույս է ընծայել «Ազատության փիլիսոփայության» հայերեն թարգմանությունը «Իմացություն» իր մատենաշարում:
Արա Գուրզադյան
Վիեննա, 9 նոյեմբերի 1888
Երկրորդ հրատարակության առիթով
Երկրորդ հրատարակությամբ լույս տեսնող այս դասախոսությունը կարդացվել է ավելի քան քսան տարի առաջ Վիեննայի «Գյոթե – միությունում»: Իմ հին աշխատություններից մեկի այս նոր հրատարակության առիթով կարելի է երևի թե հետևյալն ասել: Պարզվում է, որ ոմանք, իմ գրական ուղու ընթացքում, փոփոխություններ են գտել իմ հայեցողություններում: Իրավացի՞ է արդյոք դա, եթե ավելի քան քսանամյա հնություն ունեցող մի աշխատանք այսօր էլ կարելի է վերահրատարակել առանց որևէ նախադասություն փոխելու: Եվ եթե շրջադարձ են ուզում գտնել իմ գաղափարներում, հատկապես իմ ոգեգիտական–անտրոպոսոֆական–գործունեության մեջ, ապա կարելի է առարկել, որ այժմ, այս դասախոսությունը վերընթերցելիս, նրանում զարգացրած գաղափարները ներկայանում են ինձ իբրև Անտրոպոսոֆիայի առողջ հիմք: Իմ առջև հառնում է այն, որ հենց պատկերացման անտրոպոսոֆական ձևն է կոչված այդ գաղափարներն հասկանալու համար: Ասվածի կարևորագույն մասը գաղափարների ուրիշ ուղղվածության դեպքում հազիվ թե իրապես գիտակցվի: Այն, ինչ քսան տարի առաջ կանգնած էր իդեաների իմ աշխարհի ետևում, այդ ժամանակից ի վեր իմ կողմից մշակվել է ամենատարբեր ուղղություններով. դա ակնհայտ փաստ է և ոչ թե աշխարհայեցողության փոփոխություն:
Պարզաբանման կարգով վերջում ավելացված մի քանի ծանոթագրությունները կարող էին նույն հաջողությամբ քսան տարի առաջ գրված լինել: Իսկ այժմ կարող է հարց առաջանալ` արդյո՞ք այս դասախոսության մեջ ասվածը այսօր էլ դեռ պիտանի է գեղագիտության համար: Քանզի վերջին քսանամյակում այս ոլորտում թերևս ինչ-որ բան արվել է: Այդուհանդերձ ինձ թվում է, որ այժմ այն նույնիսկ ավելի մեծ նշանակություն ունի, քան քսան տարի առաջ: Գեղագիտության զարգացման առումով հանդգնենք հետևյալն ասել` այս դասախոսության մտքերը իրենց առաջին հրապարակումից ի վեր ավելի ճշմարիտ են դարձել, չնայած որևէ փոփոխության չեն ենթարկվել:
Բազել, 15 սեպտեմբերի, 1909թ.
Ժամանակակից գիտությունների1 ամենատարբեր ճյուղերի և առհասարակ ժամանակակից հոգևոր կյանքի հետ Գյոթեի կապը որոշելու հարցադրումով մեր ժամանակներում լույս տեսնող գրքերի և հոդվածների քանակը ճնշող է: Սոսկ վերնագրերի դիտարկումը թերևս ստվար մի հատորյակ կկազմեր: Այդ երևույթի հիմքում ընկած է ավելի ու ավելի գիտակցվող այն փաստը, որ ի դեմս Գյոթեի մենք կանգնած ենք մշակութային այնպիսի մի գործոնի առջև, որի հետ անխուսափելիորեն պետք է բանավիճի արդի հոգևոր կյանքին մասնակից յուրաքանչյուր ոլորտ: Դա աչքաթող անելն այս դեպքում կնշանակեր հրաժարվել մեր մշակույթի հիմքերից` խայտալ (Herumtummeln) խորքերում, առանց լուսավոր այն բարձունքին հասնելու կամքի, որտեղից մեր կրթության ողջ լույսն է սփռվում: Միայն նա, ով կկարողանա որևէ կետում առնչվել Գյոթեին ու նրա ժամանակաշրջանին, կարող է պարզել, թե ինչ ուղով է գնում մեր մշակույթը, կարող է գիտակցել այն նպատակները, որոնց ձգտում է ժամանակակից մարդկությունը. ով չի գտնի այդ առնչությունը նոր ժամանակների մեծագույն ոգու հետ, պարզապես կմնա իր մերձավորների կողքին` առաջնորդվելով որպես կույր: Մշակութային այդ ակունքից սրվող հայացքով դիտարկած ամեն բան մեզ երևութանում է նոր տեսանկյունից: