Գյոթեն որպես նոր գեղագիտության հայր
Գյոթեի հետ մերձենալու ժամանակակիցների վերոհիշյալ ձգտումը որքան էլ որ ուրախալի չլինի, այնուհանդերձ բնավ չի կարելի խոստովանել, որ դրա կայացման ձևը լավագույններից է: Շատ հաճախ է պակասում հենց այստեղ անհրաժեշտ այն անաչառությունը, որը քննադատական աթոռին նստելուց առաջ, նախ սուզվում է Գյոթեի հանճարի խորքերը: Շատ հարցերում Գյոթեն գերազանցված է համարվում նրա ողջ նշանակությունը չճանաչելու պատճառով: Կարծում են, թե Գյոթեից շատ առաջ են անցել, բայց իրականում ճիշտ կլիներ այն, որ մենք նրա ընդգրկուն սկզբունքները, իրերը հայելու նրա հիասքանչ կերպը կիրառեինք մեր այսօրվա ավելի կատարյալ գիտական միջոցների և փաստերի վրա:
Գյոթեի դեպքում, էական է ոչ թե այսօրվա գիտության արդյունքների հետ նրա հետազոտությունների արդյունքների շատ թե քիչ համընկնելը, այլ այն, թե ինչպես է նա մոտենում առարկային: Այդ արդյունքներն իր ժամանակի կնիքն են կրում, այսինքն, հե- ռահար են այնքան, որքան իր ժամանակի գիտական միջոցներն ու փորձն են պայմանավորել: Իսկ մտա- ծելու նրա եղանակը, հարցադրումների նրա կերպը, սակայն, մնայուն այն նվաճումն են, որին հավակնոտ վերաբերվելը ամենամեծ անարդարացիությունն է թերևս: Սակայն մեր ժամանակների առանձնահատկությունն այն է, որ հանճարի ոգեղեն զորությունը գրեթե իմաստազրկված է թվում: Իսկ ինչպես կարող էր այլ կերպ լինել մի ժամանակաշրջանում, երբ ֆիզիկական փորձի սահմանների յուրաքանչյուր խախտում, թե գիտության մեջ և թե արվեստում, մեղադրելի է: Սոսկ զգայական դիտարկման համար թերևս առողջ զգայարաններ են անհրաժեշտ, և հանճարն այդտեղ ավելորդություն է:
Սակայն ինչպես գիտություններում, այնպես էլ արվեստում ճշմարիտ առաջընթացը երբեք բնության այդպիսի դիտարկման կամ ստրկական ընդօրինակման միջոցով չի եղել: Հազարավոր ու հազարավոր մարդիկ անցնում են որևէ դիտարկման կողքով, իսկ հետո գալիս է մեկը և նույն դիտարկումից հրաշալի գիտական օրենք է հայտնագործում: Եկեղեցու տատանվող լամպ, ոմանք թերևս, Գալիլեից առաջ էլ էին տեսել, սակայն պետք է գար հանճարեղ այդ մարդը, ֆիզիկայում այդքան կարևոր ճոճանակի տատանման օրենքները հայտնագործելու համար: «Եթե աչքն արևային չլիներ, ինչպես կկարողանայինք տեսնել լույսը», բացականչում է Գյոթեն. դրանով նա ուզում է ասել, որ բնության խորքերը կարող է տես- նել միայն նա, ով անհրաժեշտաբար հակված է դրան և փաստացիում սոսկ արտաքին փաստերից ավելին տեսնելու կարողությունն ունի: Դա չեն ուզում գիտակցել: Հզոր այն ձեռքբերումները, որոնցով մենք պարտական ենք Գյոթեի հանճարին, չպետք է շփոթել այն թերացումների հետ, որ առկա են նրա հետազոտություններում փորձի իր ժամանակի սահմանափակ մակարդակի բերումով: Գյոթեն ինքը իր գիտական արդյունքների հարաբերակցումը հետազոտության առաջընթացին դիպուկ մի պատկերով է բնութագրել. նա դրանք համարում է քարեր, որոնցով խաղատախտակի վրա նա հավանաբար շատ առաջ է համարձակվել անցնել, որից էլ և ճանաչելի է դառնում խաղացողի մտադրությունը: Այս խոսքերին լուրջ վերաբերվելու պարագայում Գյոթեի հետազոտության ասպարեզում մեր առջև է հառնում հետևյալ վեհ խնդիրը` ամենուր պետք է վերադառնալ այն տենդենցներին, որ ունեցել է Գյոթեն: Նրա տված արդյունքները կարող են օրինակ ծառայել, թե ինչպես էր նա սուղ միջոցներով փորձում լուծել իր մեծ խնդիրները: Մենք պետք է ջանանք նրա ոգով լուծել դրանք, սակայն մեր ավելի մեծ միջոցներով և մեր ավելի հարուստ փորձի վրա հիմնվելով: Այս ուղու վրա հետազոտության բոլոր այն ճյուղերը, որ իր ուշադրությանն է արժանացրել Գյոթեն, կարող են բեղմնավորվել, ավելին` դրանք միասնական կնիք կկրեն, տակավին մի միասնական մեծ աշխարհայացքի մասեր լինելով: Սոսկ բանասիրական և քննադատական հետազոտությունը, որի իրավասության ժխտումն անմտություն կլիներ, այս առումով պետք է լրացվի: Մենք պետք է տնօրինենք Գյոթեի մտքերի և գաղափարների առատությանը ու դրանցից ելնելով շարունակենք գիտականորեն աշխատել:
Այստեղ իմ խնդիրն է լինելու` ցույց տալ, թե որքանով են զարգացրած հիմնադրույթները կիրառելի ամենաերիտասարդ և միաժամանակ ամենաշատ վիճարկվող գիտություններից մեկի` գեղագիտության պարագայում: Գեղագիտությունը, այսինքն` արվեստով և դրա ստեղծագործություններով զբաղվող գիտությունը գրեթե հարյուր տարեկան է: Գիտական նոր ոլորտ բացելու հստակ գիտակցությամբ նախ հանդես եկավ Ալեքսանդր Գոթլիբ Բաումգարթենը 1750-ին: Այդ նույն ժամանակաշրջանում են արվել արվեստի սկզբունքային հարցերի շուրջ հիմնարար դատողությունների հասնելու Վինկելմանի և Լեսսինգի ջանքերը: Նախկինում այդ ոլորտում ձեռնարկվածը նույնիսկ տարրական հիմք չի հանդիսանում այդ գիտության համար: Մեծն Արիստոտելն անգամ, ոգու այդ հսկան, որն այդքան վճռորոշ ազդեցություն էր ունեցել գիտության բոլոր ասպարեզներում, գեղագիտության պարագայում բոլորովին անպտուղ է մնացել: Կերպարվեստը նա ամբողջապես հանել է իր դիտարկումների շրջանակից, ինչը ցույց է տալիս, որ արվեստի հասկացություն նա ընդհանրապես չի ունեցել. բացի այդ չգիտեր նաև ոչ մի ուրիշ սկզբունք` բնությունն ընդօրինակելուց բացի, ինչը կրկին վկայում է, որ արվեստի ստեղծագործություններում մարդկային ոգու խնդիրները նա չի ըմբռնել:
Գեղեցիկի գիտության այդքան ուշ ձևավորվելու փաստը պատահականություն չէ: Անցյալում այն անհնար էր պարզապես նախադրյալների բացակայության պատճառով: Իսկ որո՞նք էին դրանք: Արվեստի պահանջմունքը նույնքան հին է որքան մարդկությունը, իսկ դրա խնդիրների ըմբռնման պահանջը կարող էր թերևս շատ ուշ ի հայտ գալ: Հունական ոգին, որն իր բարվոք կառուցվածքի շնորհիվ, իր բավարարվածությունն էր ստանում անմիջականորեն իրեն շրջապատող իրականությունից, ասպարեզ էր բերում բարձրագույն նշանակության արվեստի դարաշրջան. բայց դա անում էր նախնական նաիվությամբ, առանց արվեստում իր համար մի աշխարհ ստեղծելու պահանջի, որը մեզ իր նմանը չունեցող բավարարվածություն պետք է պատճառեր: Հույնը իրականության մեջ գտնում էր այն ամենը, ինչ փնտրում էր. նրա սրտի ուզածին, նրա ոգու ծարավին բնությունն էր ընդառաջում առատորեն: Որևէ բանի նկատմամբ նրա սրտում առաջացած տենչանքը մեզ շրջապատող աշխարհում չէր կարող բավարարում չգտնել: Հույնը վերաճած չէ բնությունից, այդ իսկ պատճառով էլ նրա բոլոր կարիքները բավա- րարելի են վերջինիս կողմից: Իր ողջ գոյությամբ անքակտելի միասնության մեջ բնության հետ հարաճած, բնությունն արարում է նրանում շատ լավ գիտենալով, թե ինչ պիտի ստեղծի նրա համար, այդ կարիքները նորից բավարարել կարողանալու համար: Այսպիսով, նաիվ (naiv) այդ ժողովրդի մոտ արվեստը, բնության մեջ` կյանքի և գործունեության սոսկ շարունակությունն էր և անմիջականորեն նրանից էր սերում: Նրանց մայրերի նման, բայց ավելի բարձր չափով այն բավարարում էր նույն պահանջները: Դա է պատճառը, որ Արիստոտելը բնությունն ընդօրինակելուց բացի արվեստի ուրիշ ոչ մի ավելի բարձր սկզբունք չգիտեր: Բնությանը հասնելուց բացի ուրիշ այլ բանի կարիքը չկար, որովհետև բնությունն ինքնին ամենայն բավարարվածության աղբյուր էր: Մեզ սին և անիմաստ թվացող` բնության սոսկ ընդօրինակումն, այստեղ լիովին ինքնաբավ էր: Մենք ետ ենք սովորել լոկ բնության մեջ այն բարձրագույնը տեսնելուց, որին ձգտում է մեր ոգին. այդ իսկ պատճառով էլ այդ բարձրագույնի փոխարեն մերկ իրականությունն առաջարկող` սոսկ ռեալիզմը մեզ երբեք չի կարող բավարարել: Այդ ժամանակը դեռ կգա: Իսկ դա անհրաժեշտություն էր, կատարելության ավելի ու ավելի բարձր մակարդակ- ների զարգացող մարդկության համար: Մարդը բնության մեջ կարող էր մնալ այնքան, քանի դեռ այն չէր գիտակցում: Այն պահին, երբ նա ողջ պարզությամբ ճանաչեց իր սեփական Ես-ը (Selbst), այն պահին, երբ հասկացավ, որ իր ներսում արտաքին այդ աշխարհին առնվազն հավասարազոր արքայություն է ապրում, այդ պահին նա պետք է ազատվեր բնության կապանքներից: