Ռուբիկոն

Գյոթեն որպես նոր գեղագիտության հայր

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Այժմ նա այլևս չէր կարող լիովին տրվել բնությանը այնպես, որ վերջինս տնօրիներ նրանով, կարիքներ ծներ նրանում և կրկին բավարարեր դրանք: Այժմ նա պետք է դեմ դուրս գար նրան, դրանով իսկ փաստորեն անջատվելով նրանից, իր ներսում նոր աշխարհ ստեղծելով, որից էլ այժմ բխելու էր նրա տենչանքը, որից էլ ծագելու էին նրա ցանկությունները: Իսկ մայր բնությունից դուրս ծնված այդ ցանկություններն արդյո՞ք կարող են բավարարվել բնությունից` բնականաբար թողնվում է պատահականությանը: Համենայն դեպս մարդն այժմ անդունդով է բաժանված իրականությունից, և նա պետք է դեռ վերականգնի այն ներդաշնակությունը, որն առաջ առկա էր իր նախնական կատարելությամբ: Դրանով իրականության ու իդեալի, ձեռք բերվածի ու տեն- չանքի կոնֆլիկտներն են գոյանում, կարճ ասած այն ամենի, ինչը մարդու հոգին մտցնում է իսկական ոգեկան մի լաբիրինթոս: Բնությունն այդտեղ մեր առջև հոգեզուրկ է հառնում, զերծ այն ամենից, ինչը մեր ներքինին աստվածային որակ է շնորհում: Դրան հաջորդում է բնությունից երես թեքելը, փախուստը` անմիջական իրականից: Իսկ սա հունականի ճիշտ հակառակն է: Եթե վերջինս ամեն բան բնության մեջ էր գտնում, ապա այս աշխարհայացքը ոչինչ չի գտնում նրանում: Եվ հենց այս լույսի ներքո է մեզ երևութանում քրիստոնեական միջնադարը2: Որքան Հունաստանն էր անընդունակ ճանաչելու արվեստի էությունը, քանզի անկարող էր ըմբռնել դրա տարան- ջատումը բնությունից և ի տարբերություն անմիջա- կան տրվածի` ավելի բարձր բնության արարումը, նույնքան էլ միջնադարի քրիստոնեական գիտությունն էր անընդունակ հասնելու արվեստի ճանաչողությանը, քանզի արվեստը կարող էր միայն բնու- թյան միջոցներով աշխատել, իսկ ուսյալները չէին կարող ըմբռնել, թե ինչպես է հնարավոր աստվածազուրկ իրականության ներսում ստեղծել գործեր, որ բավարարեին Աստվածայինին ձգտող ոգուն: Այստեղ ևս գիտության անկարողությունը չվնասեց արվեստի զարգացմանը: Այդ ընթացքում, երբ գիտությունը չգիտեր, թե ինչ մտածի դրա մասին, ստեղծվե- ցին քրիստոնեական արվեստի հիասքանչ ստեղծագործությունները: Փիլիսոփայությունը, որն այդ ժամանակաշրջանում կառչած էր աստվածաբանությունից, նույնքան քիչ էր ի վիճակի տեղ հատկացնել արվեստին մշակութային զարգացման ներսում, որքան դա ի վիճակի էր անել հույների մեծ իդեալիստը` «աստվածային Պլատոնը»: Չէ որ Պլատոնը պարզապես վնասակար էր համարում կերպար- վեստն ու դրամատուրգիան, իսկ արվեստի ինքնուրույն խնդիրների վերաբերյալ նա գաղափար ուներ այնքան, որ երաժշտության հանդեպ բարյացկամություն է ցուցաբերում սոսկ այն պատճառով, քանզի այն նպաստում է խիզախությանը պատերազմում: Ոգու և բնության այդքան սերտ կապվածության ժամանակներում արվեստի գիտությունը չէր կարող գոյանալ, չէր կարող գոյանալ նաև այն ժամանակ- ներում, երբ դրանք հակադրված էին որպես անբարիշտ հակադրություններ: Գեղագիտության գոյացումը պահանջում էր այնպիսի մի ժամանակաշրջան, երբ մարդը բնության կապանքներից ազատ ու անկախ տեսնում է ոգին իր վճիտ մաքրության մեջ, և որում նորից հնարավոր է միաձուլումը բնության հետ: Որ մարդը պոկվում է հունական դիրքորոշումից, որոշակի պատճառ ունի: Քանզի պատահականությունների այն հանրագումարում, որոնցից բաղկացած է աշխարհը, և որում հայտնվել ենք մենք, երբեք չենք կարող գտնել աստվածայինը, անհրաժեշտը: Մեր շուրջը մենք տեսնում ենք ոչ այլ ինչ, քան փաստեր, որոնք նույն հաջողությամբ կարող էին նաև ուրիշ լինել. մենք տեսնում ենք ոչ այլ ինչ, քան անհատներ (Individuen), իսկ մեր ոգին ձգտում է տեսակայինին, նախատիպայինին. մենք տեսնում ենք ոչ այլ ինչ, քան վերջավորը, անցողիկը, իսկ մեր ոգին ձգտում է անվերջին, անանցին, հավերժին: Իսկ եթե բնությունից օտարացած մարդու ոգին վերադառնալու է բնությանը, ապա դա պետք է լինի վերադարձ ոչ թե պատահականությունների այդ հանրագումարին, այլ ինչ-որ այլ բանի: Եվ այդ վերադարձն էլ նշանակում է` Գյոթե. վերադարձ բնությանը, բայց վերադարձ` զարգացած ոգու ողջ հարստությամբ, նոր ժամանակների կրթական բարձրությամբ:

Գյոթեի հայեցողություններին հատուկ չէ բնության և ոգու հիմնարար բաժանումը. աշխարհում նա ցան- կանում է լոկ մեծ ամբողջություն տեսնել, էակների միասնական զարգացման մի շղթա, որում մարդը օղակներից մեկն է, թեկուզև բարձրագույնը: «Բնությո˜ւն: Մենք շրջապատված ու պարուրված ենք նրանով – անկարող նրանից դուրս գալու և անկա- րող նրա մեջ ավելի խորը թափանցելու: Անկոչ ու անսպասելի նա տանում է մեզ իր բուռն պարի հորձանուտը և սլանում է մեզ հետ, մինչև որ մենք, ուժասպառ կպոկվենք նրա ձեռքերից»: Իսկ Վինկելմանի մասին գրքում` «Եթե մարդու առողջ բնությունը գործում է իբրև ամբողջություն, եթե աշխարհում նա իրեն զգում է կարծես մեծ, գեղեցիկ, արժանապատիվ և արժեքավոր մի ամբողջության մեջ, եթե ներդաշնակ բավականությունը նրան մաքուր, ազատ հիացում է բերում, ապա տիեզերքը, եթե ինքնազգացում ունենար, իր նպատակին հասած լինելով, կցնծար ու սեփական կայացման և էության գագաթով կհիանար»: Սրանում է բուն գյոթեական հեռակայությունը անմիջական բնությունից, դույզն իսկ չհեռանալով բնության էությունից: Նրան օտար է այն, ինչ նա գտնում է հատկապես օժտված շատ մարդկանց մեջ` «իրական կյանքի առջև մի տեսակ ամոթխածություն զգալու, իր մեջ ներքաշվելու, իրենում սեփական մի աշխարհ ստեղծելու և այդ ձևով նշանակալիցը ներսում իրագործելու յուրահատկությունը»: Գյոթեն չի փախչում իրականությունից, վերացական մտքերի աշխարհ ստեղծելու համար, որն ընդհանուր ոչինչ չունի այդ իրականության հետ. ո՛չ, նա խորանում է դրանում, դրա հավերժական փոխա- կերպության, կայացման ու շարժման մեջ, դրա անփոխակերպելի օրենքները գտնելու համար. նա կանգնում է անհատականության առջև` նրանում նախապատկերը տեսնելու նպատակով: Այդպես է հայտնվում նրա ոգում նախաբույսը (Urpflanze), նախակենդանին (Urtier), որոնք ոչ այլ ինչ են, քան կենդանու և բույսի իդեաներ: Դրանք ոչ թե դատարկ ընդհանրական հասկացություններ են, որ պատկանում են որևէ գորշ տեսության, այլ օրգանիզմների էական հիմքերն են` հարուստ, կոնկրետ բովանդակությամբ, կենսալի ու հայելի: Իհարկե հայելի ոչ թե արտաքին զգայարանների, այլ հայեցողության այն ավելի բարձր կարողության համար, որի մասին խոսում է Գյոթեն «Հայեցողական դատողունակության» վերաբերյալ հոդվածում: Իդեաները գյոթեական իմաստով նույնքան օբյեկտիվ են, որքան առարկաների գույներն ու ձևերը, սակայն ընկալելի են միայն նրա համար, ում ըմբռնողունակությունը համապատասխանորեն է կազմակերպված, ինչպես որ գույներն ու ձևերը առկա են միայն տեսնողի և ոչ թե կույրի համար: Եթե օբյեկտիվին մենք մոտենում ենք ոչ զգայունակ ոգով, այն չի քողազերծվում մեր առջև:

Առանց իդեաները ընկալելու բնազդային կարողության, դրանք ընդմիշտ մեզ համար մնում են իբրև փակ ոլորտ: Բոլորից ավելի խորը, այս պարագայում Շիլլերն է տեսել Գյոթեի հանճարի կառուցվածքը: 1794-ի օգոստոսի 23-ին Գյոթեին նա պարզաբանում է նրա ոգու հիմքում ընկած էությունը հետևյալ բառերով` «ողջ բնությունը Դուք վերցնում եք միասնականորեն, եզակին լուսաբանելու համար. դրանց դրսևորման տեսակների ամբողջության մեջ եք Դուք բացատրության հիմք փնտրում անհատականի համար: Պարզ կազմակերպվածքներից (Organisation) Դուք քայլ առ քայլ բարձրանում եք դեպի ավելի բարդերը, ի վերջո առավել բարդը` մարդուն, գենետիկորեն ողջ բնության կառույցի նյութերից կառուցելու համար: Եվ նրան կարծես բնության նման արարելով Դուք փորձում եք ներթափանցել նրա քողարկված տեխնիկայի մեջ»: Այդ նմանարարման (Nacherschaffen) մեջ է Գյոթեի աշխարհայեցողության ըմբռնման բանալին: Եթե մենք իրոք ուզում ենք հասնել իրերի նախապատկերներին, անփոխակերպելիին` հավերժ փոխակերպության մեջ, ապա մենք պետք է դիտարկենք ոչ թե պատրաստին, քանզի այն այլևս լիովին չի համապատասխանում նրանում արտահայտվող իդեային, այլ վերադառնանք կայացմանը, ականջ դնենք բնությանը իր արարման մեջ: Սա է Գյոթեի խոսքերի իմաստը «Հայեցողական դատողունակություն» հոդվածում. «Չէ որ, եթե մենք բարոյականում Աստծո, առաքինության և անմահության հավատքով պիտի վերին ոլորտ ելնենք և մոտենանք առաջին էակին, ապա բանականում (Intellektuellen) ևս պետք է որ նույնը լինի, որպեսզի անընդհատ արարող բնության հայեցողությամբ մենք արժանանանք նրա ստեղծյալներին ոգեպես մասնակից լինելուն: Ես թերևս միայն անգիտակցաբար և ներքին մղումից եմ անդադրում թափանցել այդ նախապատկերայինի, տիպականի մեջ»: Գյոթեի նախապատկերներն, այսպիսով, ոչ թե դատարկ սխեմաներ են, այլ շարժիչ ուժեր` երևույթների ետևում:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Փորձ և գիտություն (1798) Գյոթե Ֆենոմենները, որոնք մենք նաև փաստեր ենք անվանում, իրենց բնույթով ստույգ և որոշակի են, սակայն դրան հակառակ` հաճախ անորոշ և երերուն, քանզի հանդես են գալիս իբրև երևույթ: Բնախույզը ձգտում է բռնել և ամուր պահել որոշակին երևույթների մեջ: Առանձին դեպքերում նա… Փիլիսոփայություն Գյոթեի լռության մասին Յոզեֆ Փիփեր Մարդիկ մեր վարդապետներն են խոսքի մեջ, աստվածները` լռության: Պլուտարքոս Կան, ինչպես երևում է, բաներ, որոնք մեզ, ինչ ինտեսիվությամբ էլ դրանք շարունակ ծրագրենք ու նպատակադրենք, այնուամենայնիվ, հաջողվում են միայն այն դեպքում, երբ մեզ, առանց մեր… Փիլիսոփայություն Ինդուկցիա (1829) Գյոթե Ինդուկցիա ես ինձ երբեք թույլ չեմ տվել, անգամ իմ նկատմամբ: Փաստերը ես միշտ մեկուսացված եմ թողել: Սակայն որոնել եմ համաբանականը: Եվ այդ ճանապարհին հասել եմ, օրինակ, բույսերի մետամորֆոզի հասկացությանը: Ինդուկցիան օգտակար է միայն նրան, ով ուզում է դիմացինին…