Ռուբիկոն

Գյոթեն որպես նոր գեղագիտության հայր

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Այժմ մեր առջև դնենք արվեստի առարկաներից ստացվող բավականության պատճառի հարցը: Ամենից առաջ մենք պետք է մեզ համար պարզաբանենք, որ գեղեցիկի օբյեկտներից բավարարում ստացող հաճույքը ոչնչով չի զիջում զուտ ինտելեկտուալ հաճույքին, ինչը մենք զուտ ոգեկանից ենք ունենում: Միշտ որոշակի անկում է նշանակում այն, երբ արվեստի խնդիրը սոսկ զվարճալիքի, ցածր հաճույքի բավարարման մեջ են փնտրում: Արվեստի առարկաներից ստացվող բավականության պատճառն այսպիսով չի կարող այլ բան լինել, քան այն, ինչը մեզ առհասարակ ուրախալի այն վերելքի զգա- ցումն է պարգևում իդեաների աշխարհի հանդեպ, երբ ողջ մարդուն այն բարձրացնում է իրենից վեր: Իսկ ի՞նչն է մեզ նման բավականություն պատճառում իդեաների աշխարհից: Ոչ այլ ինչ, քան այն ներքին երկնային հանգստությունն ու կատարելությունը, որ նա թաքցնում է իրենում: Ոչ մի հակասություն, ոչ մի աններդաշնակություն (Miflton) չի խոտորում մեր ներսում հառնող մտքերի աշխարհը, քանզի այն անսահման բան է ինքն իրենում: Այդ պատկերը կատարելացնող ամեն բան ընկած է հենց նրանում: Իդեաների աշխարհին հատուկ այդ կատարելու- թյունն է մեր վերելքի պատճառը, երբ մենք նրա առջև ենք կանգնում: Իսկ եթե գեղեցիկը մեզ նման վերելք պետք է առաջարկի, ապա այն պիտի ըստ իդեայի նմուշի կառուցված լինի: Իսկ սա բոլորովին այլ բան է, ի տարբերություն գերմանական իդեալականացնող գեղագետների ցանկության: Դա ոչ թե «իդեան է զգայական ձևով», այլ ճիշտ հակառակը` «զգայական երևույթ` իդեայի ձևով»: Գեղեցիկի բովանդակությունը, գեղեցիկի հիմքում ընկած նյութն այսպիսով միշտ ռեալն է, անմիջականորեն իրականը, իսկ հանդես գալու ձևը իդեալականն է: Մենք տեսնում ենք, որ գերմանական գեղագիտության ասածի միանգամայն հակառակն է ճիշտը. այդ գեղագիտությունը պարզապես գլխիվայր է դրել իրերը:

Գեղեցիկը ոչ թե աստվածայինն է զգայական-իրական զգեստով, այլ զգայական-իրականն է աստվածային զգեստով: Արվեստագետը երկիր է բերում աստվածայինը ոչ թե ներհոսեցնելով այն աշխարհ, այլ աշխարհը աստվածայինի ոլորտ բարձրացնելով: Գեղեցիկը տեսանելիություն է, քանզի այն այնպիսի մի իրականություն է կախարդում մեր զգայարան- ների առջև, որը որպես այդպիսին ներկայանում է իբրև իդեալական մի աշխարհ: Նկատի առ Ինչը, է՛լ առավել` Ինչպեսը, քանզի Ինչպեսի մեջ է բանը: Ինչը մնում է զգայական, սակայն դրսևորման Ինչպեսը դառնում է իդեալական: Երբ զգայականում երևութացման իդեալական այդ ձևը լավագույնս է դրսևոր- վում, այնտեղ էլ արվեստի արժանապատվությունն ամենաբարձր ձևով է հանդես գալիս: Գյոթեն այդ մասին ասում է` «Արվեստի արժանապատվությունը երաժշտության պարագայում երևութանում է հավանաբար ամենանշանակալից կերպով, քանզի այն հանման ենթակա նյութ չունի: Այն ամբողջապես ձև է և բովանդակություն, և վեհացնում ու ազնվացնում է այն ամենն, ինչ արտահայտում է»: Իսկ` «գեղեցիկը զգայական իրականն է, որը երևութանում է այնպես, կարծես իդեա լինի» սահմանումից հետևող գեղագիտություն դեռևս չկա: Այն պետք է ստեղծվի: Այն պարզապես կարող է բնորոշվել որպես «Գյոթեի աշխարհայեցողության գեղագիտություն»: Եվ դա ա- պագայի գեղագիտությունն է: Գեղագիտության նորագույն մշակներից մեկը ևս` Էդուարդ ֆոն Հարթմանը, որն իր «Գեղեցիկի փիլիսոփայության» մեջ արտակարգ մի գործ է ստեղծել, տուրք է տալիս այն հին մոլորությանը, իբր գեղեցիկի բովանդակությունը իդեան է: Նա շատ ճիշտ է ասում, որ ողջ գեղագիտության ելակետային հիմնահասկացությունը գեղագիտական տեսանելիության հասկացությունն է: Այո, բայց իդեալական աշխարհի երևութացումը որպես այդպիսին դիտե՞լ իբրև տեսանելիություն: Չէ որ իդեան բարձրագույն ճշմարտությունն է. և այն երևութանում է հենց որպես ճշմարտություն և ոչ որպես տեսանելիություն: Իրական տեսանելիություն է, սակայն, երբ բնականը, անհատականը իդեայի բնույթ կրելով, երևութանում է հավերժական, անանցողիկ զգեստի մեջ. քանզի հենց դա էլ հարիր չէ դրան իրականում: Այս իմաստով արվեստագետը երևութանում է մեզ որպես համաշխարհային ոգու շարունակող. նա արարումը շարունակում է այնտեղ, որտեղ վերջինս հանձնում է այն մեզ: Նա երևութանում է մեզ համաշխարհային ոգու հետ ներքին եղբայրացման մեջ, իսկ արվեստը` որպես բնության պրոցեսի ազատ շա- րունակություն: Դրանով արվեստագետը բարձրանում է հասարակ իրական կյանքից, իր հետ բարձրացնելով նաև մեզ, երբ մենք խորասուզվում ենք նրա ստեղծագործություններում: Նա չի ստեղծագործում վերջավոր աշխարհի համար, նա վերաճում է նրանից: Գյոթեն իր այդ տեսակետը դրել է արվեստագետին ուղղված Մուսայի կոչում «Արվեստագետի ապոթեոզը» բանաստեղծության մեջ`

«Բարեկիրթ մարդն այդպես զորեղ է ներգործում

Իր նմանների վրա դարերով,

Քանզի ինչին բարի մարդն է կարող հասնել

Անհասանելի է կյանքի նեղ տարածքում:

Ուստի նա շարունակում է ապրել իր մահից հետո էլ

Ու գործուն է նույնքան, որքան կյանքի օրոք,

Բարի գործն ու գեղեցիկ բառը

Ձգտում են անմահ, ինչպես նա էր մահկանացու ձգտում:

Այդպես էլ դու ես ապրում (արվեստագետ) անչափելի ժամանակների միջով:

Ըմբոշխնիր անմահությունը»:

Այս բանաստեղծությունն առհասարակ արտակարգ է արտահայտում Գյոթեի մտքերը արվեստագետի, կուզեի ասել` տիեզերական այդ առաքելության մասին:

Ո՞վ է Գյոթեի պես այդքան խորը ըմբռնել արվեստը, ո՞վ է կարողացել նման արժանապատվության արժանացնել այն: Երբ նա ասում է` «Բարձր արվեստի ստեղծագործությունները միաժամանակ բնության բարձրագույն ստեղծագործությունների նման ծնվում են մարդու կողմից` ճշմարիտ ու բնական օրենքների համաձայն: Ողջ կամայականն ու հնարովին վերանում են. այդտեղ է անհրաժեշտությունը, այդտեղ է Աստված», ապա սա թերևս խոսում է նրա հայեցակետերի ողջ խորության օգտին: Որևէ գեղագիտություն նրա ոգով անշուշտ չի կարող վատ լինել: Եվ դա այդպես է թերևս նաև մեր ժամանակակից գիտությունների պարագայում:

Երբ Վալտեր ֆոն Գյոթեն, բանաստեղծի վերջին ժառանգը, 1885 թվականին ապրիլի 15-ին մահացավ և Գյոթեի տան գանձերը մատչելի դարձան ազգին, թերևս ոմանք կարող էին զարմանալ ուսյալների այն ջանքերին, որ նույնիսկ ամենաչնչին մնացորդն էին վերցնում Գյոթեի ժառանգությունից, դրան վերաբերվելով որպես թանկարժեք մասունքի, ինչը հետազոտական առումով երբեք չի կարելի թերագնահատել: Բայց Գյոթեի հանճարն անսպառ է, որն անհնար է մի հայացքով ընդգրկել, և որին մենք կարող ենք միայն տարբեր կողմերից ավելի ու ավելի մոտենալ: Իսկ այդ առումով ամեն բան ողջունելի է: Առանձինում անարժեք թվացող բանը ևս նշանակություն է ձեռք բերում, եթե մենք այն դիտում ենք բանաստեղծի ընդգրկուն աշխարհայացքի հետ կապի մեջ: Եվ միայն երբ մենք անցնում ենք այդ ունիվերսալ ոգու կենսաարտահայտությունների ողջ հարստության միջով, մեր հոգու առջև է հառնում նրա էությունը, նրա տենդենցը, որից էլ բխում է նրա մոտ ամեն բան և որը մարդկության բարձունքներից մեկն է: Եվ երբ այդ տենդենցը բոլոր ոգեձգտողների հանրային սեփականությունը կդառնա, երբ համընդհանուր կդառնա այն հավատը, որ Գյոթեի աշխարհայացքը մենք պետք է ոչ միայն հասկանանք, այլ որ մենք պետք է ապրենք դրանում, իսկ այն` մեզնում, միայն այդ դեպքում Գյոթեն կկատարի իր առաքելությունը: Այդ աշխարհայացքը գերմանական ժողովրդի բոլոր անդամների և շատ ուրիշների համար պետք է այն նշանը լինի, որում նրանք կարծես ընդհանուր մի ձգտման մեջ հանդիպում ու ճանաչում են միմյանց:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Փորձ և գիտություն (1798) Գյոթե Ֆենոմենները, որոնք մենք նաև փաստեր ենք անվանում, իրենց բնույթով ստույգ և որոշակի են, սակայն դրան հակառակ` հաճախ անորոշ և երերուն, քանզի հանդես են գալիս իբրև երևույթ: Բնախույզը ձգտում է բռնել և ամուր պահել որոշակին երևույթների մեջ: Առանձին դեպքերում նա… Փիլիսոփայություն Գյոթեի լռության մասին Յոզեֆ Փիփեր Մարդիկ մեր վարդապետներն են խոսքի մեջ, աստվածները` լռության: Պլուտարքոս Կան, ինչպես երևում է, բաներ, որոնք մեզ, ինչ ինտեսիվությամբ էլ դրանք շարունակ ծրագրենք ու նպատակադրենք, այնուամենայնիվ, հաջողվում են միայն այն դեպքում, երբ մեզ, առանց մեր… Փիլիսոփայություն Ինդուկցիա (1829) Գյոթե Ինդուկցիա ես ինձ երբեք թույլ չեմ տվել, անգամ իմ նկատմամբ: Փաստերը ես միշտ մեկուսացված եմ թողել: Սակայն որոնել եմ համաբանականը: Եվ այդ ճանապարհին հասել եմ, օրինակ, բույսերի մետամորֆոզի հասկացությանը: Ինդուկցիան օգտակար է միայն նրան, ով ուզում է դիմացինին…