Գյոթեն որպես նոր գեղագիտության հայր
Արվեստը ձգտում է սոսկ ակներևացնել այն, ինչ գիտությունը անմիջականորեն արտահայտում է մտքի ձևով: Ֆրիդրիխ Թեոդոր Ֆիշերը գեղեցկությունն անվանում է «իդեայի երևութացում», դրանով իսկ արվեստի բովանդակությունը նույնացնելով ճշմարտության հետ: Սրան կարելի է առարկել ինչ կամենաս. արտահայտված իդեայի մեջ գեղեցիկի էությունը տեսնողը երբեք չի կարող տարանջատել այն ճշմարտությունից: Իսկ ուրիշ ինչ ինքնուրույն խնդիր պիտի ունենա արվեստը գիտության հետ մեկտեղ, դժվար է կռահել: Չէ որ այն, ինչ առաջարկում է նա մեզ, ավելի մաքուր, չպղտորված ձևով (Gestalt) մենք ձեռք ենք բերում մտածողության ճանապարհին, և ոչ թե քողարկված` զգայական քողի միջոցով: Միայն սոփեստությամբ է հաջողվում դուրս գալ այս գեղագիտության վաքաբեկող դիրքորոշման այն հետևանքից, իբր արվեստի բարձրագույն ձևը կերպարվեստում` այլաբանությունն է, իսկ բանաստեղծական արվեստում` դիդակտիկ պոեզիան: Այս գեղագիտությանը չի կարող հասկանալ արվեստի ինքնուրույն նշանակությունը: Այդ իսկ պատճառով էլ այն բեղմնավոր չի եղել: Սակայն շատ հեռուն գնալու հարկ չկա, դրանով իսկ հրաժարվելով հակասությունից զերծ գեղագիտության ձգտելուց: Իսկ այդ ուղղությամբ շատ հեռուն են գնում նրանք, ովքեր ուզում են ողջ գեղագիտությունը տարրալուծել արվեստի պատմության մեջ: Այդ գիտությունը կարող է, ուրեմն, առանց բուն սկզբունքների վրա հիմնվելու, լինել արվեստագետների և նրանց ստեղծագործությունների մասին սոսկ նշումների մի հավաքատեղի, որոնց միանում են շատ թե քիչ սրամիտ ծանոթագրություններ, որոնք սակայն լիովին սուբյեկտիվ դատողության կամայականու- թյունից ծնված` անարժեք են: Մյուս կողմից` գեղագիտության համար մահացու է, նրան ճաշակի ֆիզիոլոգիա հակադրելը: Ուզում են հետազոտել պարզագույն, ամենատարրական դեպքերը, երբ մենք հաճույքի զգացում ենք ունենում, այնուհետև բարձրանալ ավելի ու ավելի բարդ դեպքերի, այդպիսով «վերին գեղագիտությանը»` «ստորին գեղագիտություն» հակադրելու համար: Այդ ուղով է գնացել Ֆեխներն (Fechner) իր «Գեղագիտության նախապատրաստական դպրոցում»: Իրոք, անհասկանալի է, որ Կանտ ունեցած ժողովրդի մեջ նման մի ստեղծագործություն կարող է հետևորդներ գտնել: Գեղագիտությունը պետք է ելնի հաճույքի զգացումի հետազոտությունից. իբր յուրաքանչյուր հաճույքի զգացում արդեն իսկ գեղագիտական է, և իբր մենք կարող ենք որևէ հաճույքի զգացումի գեղագիտական բնույթը մեկ ուրիշից տարբերել որևէ այլ բանով, քան այն առարկայով, որից նա գոյանում է: Մենք գիտենք միայն, որ հաճույքը գեղագիտական զգացում է, եթե առարկան մենք գեղեցիկ ենք համարում, քանզի հոգեբանորեն իբրև հաճույք գեղագիտականը ոչնչով չի տարբերվում այլ հաճույքից: Խնդիրը միշտ օբյեկտիվի ճանաչողության մեջ է: Ինչո՞վ է առարկան դառնում գեղեցիկ: Սա է ողջ գեղագիտության հիմնահարցը:
«Ստորին գեղագետներից» շատ ավելի ենք մենք մոտենում առարկային, երբ անդրադառնում ենք Գյոթեին: Մերքը (Merck) հետևյալ բառերով է բնորոշում Գյոթեի ստեղծագործությունը` «Քո ձգտումը, քո անխափան ուղղությունը կայանում է իրականին բանաստեղծական կերպար տալու մեջ. ուրիշները փորձում են իրականացնել այսպես կոչված բանաստեղծականը, երևակայականը, իսկ արդյունքը լինում է հիմարություն»: Սրանով մոտավորապես ասված է այն, ինչ Գյոթեի խոսքերով «Ֆաուստի» երկրորդ մասում է ասվում` «Մտածիր Ինչ-ի մասին, բայց ավելի շատ մտածիր Ինչպես-ի մասին»: Այստեղ հստակորեն ասված է, թե բանն ինչումն է արվեստում` ոչ թե գերզգայականի մարմնավորման, այլ զգայական-փաստացիի փոխակերպման մեջ4: Իրականը չպետք է իջնի արտահայտչամիջոց դառնալու մակարդակի. ո՛չ, այն պետք է մնա իր ողջ ինքնուրույնության մեջ, միայն թե պետք է նոր կերպար ստանա, կերպար, որում այն բավարարում է մեզ: Որևէ առանձին էակ հանելով իր միջավայրից և մեկուսացած մեր առջև դնելով, շատ բան նրանում մեզ միանգամից անըմբռնելի կթվա: Նրան մենք չենք կարող համաձայնեցնել այն հասկացության, այն գաղափարի հետ, որն անհրաժեշտաբար պետք է դնենք նրա հիմքում: Նրա կազմավորումն իրականության մեջ ոչ միայն սոսկ հետևանք է իր սեփական օրինականության, այլ սահմանամերձ իրականությունն է անմիջականորեն համաորոշարկողը: Եթե իրը կարողանար մյուս իրերից անկախ և ազատ, չներգործված զարգանալ, ապա միայն այդ պարագայում կդրսևորեր իր սեփական գաղափարը: Իրի հիմքում ընկած, սակայն իրականում ազատ ծավալման մեջ խաթարված այդ գաղափարը պետք է արվեստագետը վերցնի և զարգացման մեջ դնի: Օբյեկտում նա պետք է գտնի այն կետը, որից կարող է զարգանալ առարկան իր ամենակատարյալ կերպարով, որը սակայն չէր կարող կատարվել բնության մեջ: Իսկ բնությունը յուրաքանչյուր առանձին առարկայում մնում է իր մտադրության ետևում. մի բույսի կողքին նա ստեղծում է երկրորդը, երրորդը և այլն. դրանցից ոչ մեկը ողջ իդեան չի բերում կոնկրետ կյանքի. մեկը դրսևորում է այս, մյուսը` այն կողմը, որքանով որ պարագաներն են թույլատրում: Արվեստագետը, սակայն, պետք է վերադառնա այն բանին, ինչը նրան իբրև բնության միտում է երևութանում: Դա էլ նկատի ունի Գյոթեն իր ստեղծագործության մասին հետևյալն ասելով` «Ես դադար չեմ առնում, քանի դեռ չեմ գտել այն ճշգրիտ կետը, որից շատ բան կարող է դուրս բերվել»: Արվեստագետի պարագայում նրա ստեղծագործության ողջ արտաքին կողմը պետք է արտահայտի ողջ ներքինը. բնության արտադրանքի դեպքում երկրորդը մնում է առաջինի ետևում, և մարդու հետազոտող ոգին է, որ պետք է այն ճանաչի: Այսպիսով այն օրենքները, ըստ որի գործում է արվեստագետը, այլ բան չեն, քան բնության հավերժական օրենքները, բայց` մաքուր ու չաղավաղված: Ոչ թե «ինչությունն» է ընկած այսպիսով արվեստի ստեղծագործությունների հիմքում, այլ` «ինչ կարող է լինելը», ոչ թե իրականը, այլ հնարավորը: Արվեստագետը ստեղծագործում է նույն այն սկզբունքներով, ինչ բնությունը. սակայն այդ սկզբունքներով նա գործ ունի անհատականի հետ, այն դեպքում երբ Գյոթեի բառերով ասած, բնությունը ոչինչ չի անում անհատականից: «Այն կառուցում է միշտ ու քանդում է միշտ», քանզի ոչ թե առանձինով է ուզում հասնել կատարյալին, այլ ամբողջով: Արվեստի ստեղծագործության բովանդակությունը ակնհայտորեն իրական բան է – դա Ինչն է. ձևում (Gestalt), որ տալիս է նրան արվեստագետը, նա ձգտում է գերազանցել բնությանը սեփական իր միտումներում. ինչի որ հնարավոր է հասնել վերջինիս միջոցներով և օրենքներով` հասնել ավելի բարձր չափով, քան ի վիճակի է նա:
Առարկան, որ դնում է արվեստագետը մեր առջև, ավելի կատարյալ է բնական իր գոյությունից. սակայն իր սեփականից բացի այն թերևս ուրիշ այլ կատարելություն չի կրում: Առարկայի իր այդ ինքնա- վերանցման մեջ, բայց միայն արդեն իսկ իրենում թաքնվածի հիմքում էլ ընկած է գեղեցիկը: Գեղեցիկն այսպիսով անբնական բան չէ. և Գյոթեն իրավամբ կարող է ասել` «Գեղեցիկը բնության թաքուն օրենքների մանիֆեստացիան է, որոնք առանց նրա դրսևորման հավերժ թաքնված կմնային», կամ մեկ այլ տեղում` «Ում բնությունը սկսում է քողազերծել իր բացահայտ գաղտնիքը, նա անդիմադրելի տենչանք է զգում նրա ամենաարժանավոր մեկնիչի` արվեստի նկատմամբ»: Այն իմաստով, ըստ որի կարելի է ասել, թե գեղեցիկը անիրական, ոչ ճշմարիտ մի բան է` սոսկ տեսանելիություն (Schein), քանզի նրա պատկերածը նման կատարելությամբ չես գտնի բնության մեջ, նույն այդ իմաստով կարելի է նաև ասել` գեղեցիկը ավելի ճշմարիտ է, քան բնությունը, քանզի պատկերում է այն, ինչ բնությունը ուզում է լինել, բայց չի կարողանում: Արվեստում ռեալությանը վերաբերող այդ հարցի մասին Գյոթեն ասում է` «Բանաստեղծը» – իսկ մենք կարող ենք նրա բառերը մեծ հաջողությամբ ողջ արվեստի վրա տարածել – «բանաստեղծը կոչված է պատկերելու: Դրա բարձրագույն դրսևորումն այն է, երբ նա մրցակցում է իրականության հետ, այսինքն երբ նրա նկարագրությունները ոգու շնորհիվ այնքան կենդանի են, որ յուրաքանչյուրի համար այժմեական կարող են համարվել»: Գյոթեն գտնում է` «բնության մեջ չկա գեղեցիկ ոչինչ, որ բնականոն կերպով որպես ճշմարիտ չմոտիվացվի»: Իսկ տեսանելիության մյուս կողմը, էության ինքն իրեն գերազանցելը, իբրև Գյոթեի տեսակետ, գտնում ենք արտահայտված նրա «Արձակ ասույթներում»` «Ծաղիկներում բուսական օրենքը հասնում է իր բարձրագույն դրսևորմանը, իսկ վարդը նորից մնում է այդ դրսևորման գագաթը… Պտուղը չի կարող երբեք գեղեցիկ լինել, քանզի բուսական օրենք այդտեղ վերադառնում է իրեն (սոսկ օրենքին)»: Թերևս միանգամայն պարզ է, որ այնտեղ, ուր իդեան է կազմավորվում և դրսևորվում, ի հայտ է գալիս գեղեցիկը, իսկ այնտեղ, ուր մենք անմիջականորեն օրենքն ենք ընկալում արտաքին երևույթի մեջ, որտեղ ընդհակառակը, ինչպես պտուղի մեջ, արտաքին երևույթը տձև ու անտաշ է երևում, որովհետև բույսի կազմավորման հիմքում ընկած օրենքից ոչինչ չի մատնում, այդտեղ էլ բնության առարկան դադարում է գեղեցիկ լինելուց: Այնուհետև նույն ասույթում կարդում ենք` «Օրենքը, որ ի հայտ է գալիս մեծագույն ազատությամբ, իր սեփական պայմաններով, ծնում է օբյեկտիվ-գեղեցիկը, որն իհարկե արժանի սուբյեկտներ պետք է գտնի, դրանց կողմից ընկալվելու համար»: Գյոթեի այդ տեսակետը շատ որոշակիորեն արտահայտվում է այն բառերում, որ գտնում ենք Էքերմանի հետ նրա զրույցներում (III. 108)` «Արվեստագետն իհարկե պետք է բնությունն իր մանրամասներում հավատարմորեն և երկյուղածությամբ ընդօրինակի … և միայն գեղարվեստական ստեղծագործության բարձրագույն ոլորտներում, երբ նկարն իսկապես նկարի է վերածվում, նա ավելի ազատ խաղի տեղ ունի, և կարող է նույնիսկ ֆիկցիաների անցնել»: Որպես արվեստի բարձրագույն խնդիր Գյոթեն ընդգծում է` «տեսանելիության միջոցով ավելի բարձր իրականության պատրանք ստեղծելը: Կեղծ ձգտում է սակայն, տեսանելիությունն այնքան իրագործելը, որ վերջում մնա սոսկ հասարակ իրականը»: