Ռուբիկոն

Գյոթեն որպես նոր գեղագիտության հայր

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Դա «առավել բարձր բնությունն» է բնության մեջ, որ ուզում է տնօրինել Գյոթեն: Այստեղից մենք տեսնում ենք, որ մեր զգայարանների առջև բացվող իրականությունը բնավ այն չէ, ուր կարող է դադար առնել ավելի բարձր մշակութային մակարդակի հասած մարդը: Միայն այդ իրականությունը վերանցող, կեղևը կոտրող և միջուկին հասնող մարդու ոգուն է բացվում այն, ինչ կրում է այդ աշխարհն իր խորքում: Մենք բավարարվածություն ենք գտնում ոչ թե բնության առանձին իրողության մեջ, այլ միայն բնության օրենքում, ոչ թե առանձին անհատի, այլ միայն ընդհանրականության մեջ: Գյոթեի մոտ այդ փաստը հանդես է գալիս հնարավոր ամենակատարյալ ձևով:

Բայց նրա մոտ շարունակություն չի ստանում այն փաստը, որ իրականությունը` առանձին անհատը ժամանակակից ոգուն բավարարվածություն չի բերում, քանզի մենք արդեն ոչ թե դրա մեջ, այլ միայն դրանից դուրս գալով ենք գտնում այն, ի դեմս որի բարձրագույնն ենք ճանաչում, որպես աստվածային` երկրպագում ենք, որին իդեա ենք համարում գիտության մեջ: Այն դեպքում, երբ սոսկ փորձառույթը (Erfahrung) չի կարող հասնել հակադրությունների հաշտեցման, քանզի իրականություն ունի, բայց դեռևս ոչ` իդեա, այդ հաշտեցմանը չի կարող գալ նաև գիտությունը, որովհետև թերևս իդեա ունի, բայց այլևս ոչ` իրականություն: Այդ երկուսի միջև մարդը կարիք ունի մի նոր արքայության. մի արքայության, որում արդեն եզակին է ներկայացնում իդեան և ոչ թե ամբողջը, մի արքայության, որում անհատն արդեն հանդես է գալիս ընդհանրականի և անհրաժեշտության բնույթով: Այդպիսի աշխարհ, սակայն, իրականության մեջ չկա, այդպիսի աշխարհ նախ պետք է մարդն ինքը ստեղծի, և այդ աշխարհը արվեստի աշխարհն է. անհրաժեշտ երրորդ մի արքայություն զգայականի և բանականի հետ մեկտեղ:

Եվ արվեստն իբրև երրորդ արքայություն հասկանալն էլ հենց գեղագիտության խնդիրն է: Մարդն ինքը պետք է բնական իրերի մեջ ներարկի այն աստվածայինը, որից դրանք զերծ են և դրանում է այն վեհ խնդիրը, որին կոչված են արվեստագետները: Աստծո արքայությունը նրանք պետք է Երկիր բերեն: Արվեստի, եթե կարելի է այսպես ասել, կրոնական այդ առաքելության մասին Գյոթեն հետևյալ հիասքանչ բառերով է արտահայտվում Վինկելմանի մասին գրքում` «Բնության գագաթին տեղակայված մարդն իրեն վերստին իբրև մի ամբողջ բնություն է դիտում, որն իրենում նորից գագաթ պետք է ծնի: Դրան է վերաճում նա, ներթափանցելով իրեն բոլոր կատարելություններով և առաքինություններով, – ընտրություն, կարգ, ներդաշնակություն և նշանա- կություն կանչելով, ի վերջո բարձրանում է նա արվեստի ստեղծագործություն արարելու մակարդակին, ինչը նրա մնացյալ արարքների և գործերի կողքին փայլուն տեղ է զբաղեցնում: Եվ ահա ի հայտ գալով, իր իդեալական իրականությամբ բացվելով աշխարհին, այն տևական ազդեցություն է թողնում, բարձրագույնն է ծնում, քանզի միահամուռ ուժերով իրեն ոգեպես զարգացնելով, այն ներառում է ողջ հրաշալին, երկրպագելին ու սիրարժանն իրենում, և մարդկային կերպարը ոգևորելով, բարձրացնում է մարդուն ինքն իրենից վեր, եզրափակում նրա կյանքի և գործունեության շրջանը ու աստվածացնում նրան այն ներկայի համար, որում ներքաշված են անցյալն ու ապագան: Նման զգացմունքներով էին համակվում նրանք, ովքեր դիտում էին օլիմպիական Յուպիտերին, և դա մենք կարող ենք կռահել հների նկարագրություններից, հաղորդումներից և վկայություններից: Աստված մարդ էր դարձել, որ մարդ հասնի Աստծուն: Մարդը տեսնում էր բարձրագույն արժանապատվությունը և բարձրագույն գեղեցկությամբ ոգեշնչվում»:

Սրանով ճանաչում էր ստանում արվեստի բարձր նշանակությունը մարդկության մշակութային առաջընթացի առումով: Եվ գերմանական ժողովրդի զորեղ էթոսի (Ethos) համար հատկանշական է այն, որ սկզբում հենց նրան է բացվել այդ ճանաչողությունը, հատկանշական է, որ մեկ դար է, ինչ բոլոր գերմանացի փիլիսոփաները ջանում են գտնել ամենապատշաճ գիտական ձևն այն յուրահատկության, թե ինչպես են արվեստի ստեղծագործության մեջ միա- ձուլվում ոգեկանն ու բնականը, իդեալականն ու ռեալը: Չէ որ գեղագիտության խնդիրը ոչ այլ ինչ է, եթե ոչ ըստ էության այդ ներթափանցման ըմբռնումն ու արվեստի տարբեր ոլորտներում դրսևորվող առանձին ձևերում դրա մշակումը: Նախ, մեր կողմից նշված ձևով պրոբլեմի բարձրացումն ու դրանով բոլոր հիմնական գեղագիտական հարցերին ընթացք տալը, 1790 թվականին լույս տեսած, Կանտի «Դատողունակության քննադատության» արժանիքն է, որի դիտարկումները Գյոթեին անմիջապես հաճելիորեն հուզեցին: Ներդրված աշխատանքի ողջ լրջության հետ մեկտեղ, այսօր մենք թերևս պետք է խոստովանենք, որ գեղագիտական խնդիրների բազմակողմանիորեն բավարար լուծում մենք չունենք:

Մեր գեղագիտության հին վարպետը, սուր մտածող և քննադատ Ֆրիդրիխ Թեոդոր Ֆիշերը մինչև կյանքի վերջը մնաց իր համոզմունքին` «գեղագիտությունը գտնվում է դեռ սկզբնական փուլում»: Այսպիսով նա խոստովանում է, որ բոլոր ջանքերն այդ ոլորտում, ներառյալ իր սեփական հինգ հատորյա էսթետիկան, ընդամենը շորշոփներ են: Եվ դա այդպես է: Իսկ դա – եթե այստեղ կարող եմ իմ համոզմունքն արտահայտել – հետևանք է այն բանի, որ Գյոթեի պտղատու սաղմերն այդ ոլորտում անուշադրության են մատնվել, քանզի գիտական առումով նրան լիարժեք չէին համարում: Եթե դա արվեր, ապա պարզապես կզարգացնեին Շիլլերի այն գաղափարները, որ բացվել էին նրան Գյոթեի հանճարի հայեցողությամբ և գրի առնվել «Նամակներ գեղագիտական դաստիարակության մասին» երկում: Այս նամակները ևս, համակարգող գեղագետների կողմից բազմիցս ոչ բավարար գիտական են համարվել, և այդուհանդերձ դրանք պատկանում են այն ամենանշանակալիցին, ինչ երբևէ ստեղծվել է գեղագիտության կողմից: Շիլլերը ելնում է Կանտից: Այդ փիլիսոփան բազմաթիվ առումներով որոշարկել է գեղեցիկի բնությունը: Նախ նա հետազոտում է արվեստի գեղեցիկ ստեղծագործություններից մեր ստացած բավականության պատճառը: Հաճույքի այդ զգացողությունը նա միանգամայն տարբերում է յուրաքանչյուր այլ հաճույքից: Եթե մենք դա համեմատենք օգտակարություն ունեցող որևէ առարկայից ստացած մեր հաճույքի հետ, ապա այդ հաճույքը բոլորովին այլ է:

Այն ներքուստ կապված է տվյալ առարկայի գոյությունը տենչալու հետ: Օգտակարից ստացած հաճույքն անհետանում է, եթե օգտակարությունն ինքնին այլևս առկա չէ: Գեղեցիկից ստացած հաճույքի դեպքում դա այդպես չէ: Այդ հաճույքը կապ չունի առարկայի տնօրինման, նրա գոյության հետ:

Ըստ այնմ այն կառչած է ոչ թե օբյեկտից, այլ միայն դրա պատկերացմանը: Այն դեպքում, երբ նպատակայինի, օգտակարի պարագայում անմիջապես պահանջ է առաջանում պատկերացումը իրականություն դարձնել, գեղեցիկի դեպքում մենք գոհանում ենք սոսկ պատկերով: Այդ իսկ պատճառով գեղեցիկից ստացած բավականությունը Կանտն անվանում է ամեն մի ռեալ հետաքրքրվածությունից չներ գործված, «հետաքրքրվածությունից զերծ բավականություն»: Միանգամայն սխալ կլիներ սակայն կարծել, թե դրանով գեղեցիկից հանվում է նպատակայնությունը; դա կատարվում է միայն արտաքին նպատակի հետ: Իսկ դրանից հետևում է գեղեցիկի երկրորդ բացատրությունը` «Դա իրենում նպատակայնորեն ձևավորված մի բան է, սակայն արտաքին նպատակին չծառայող»: Բնության մեկ այլ իր կամ մարդկային տեխնիկայի արտադրանք ընկալելիս հայտնվում է մեր դատողականությունը (Verstand) և հարցնում օգտակարության ու նպատակի մասին: Եվ բավարարվում է միայն այն ժամանակ, երբ պատաս- խան է ստանում «ինչի համար» է հարցին: Գեղեցիկի դեպքում «ինչի համար»-ն ընկած է հենց առարկայում, իսկ դատողականությունը դրանից ավելիի կարիքը չունի: Ահա այստեղ էլ միջամտում է Շիլլերը: Եվ նա այդ անում է ազատության իդեան այնպես ներհյուսելով մտքերի շարանում, ինչը մեծագույն պատիվ է բերում մարդկային բնությանը: Շիլլերը նախ հակադրում է մարդուն մշտապես հատուկ երկու մղումները: Առաջինը այսպես կոչված նյութի մղումն է կամ ներհոսող արտաքին աշխարհի առջև մեր զգայարանները բաց պահելու պահանջը: Հարուստ բովանդակություն է խուժում մեր մեջ, սակայն մենք չենք կարողանում որոշարկող որևէ ազդեցություն ունենալ դրա բնության վրա: Անխուսափելի անհրաժեշտությամբ է կատարվում այստեղ ամեն բան: Մեր ընկալածը դրսից է որոշվում. այդտեղ մենք ազատ չենք, կախյալ ենք, մենք պարզապես պետք է ենթարկվենք բնական անհրաժեշտության հրամայականին: Երկրորդը ձևի մղումն է: Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ բանականությունը, որ ընկալողության բովանդակության խճճված քաոսում կարգ ու կանոն է մտցնում: Նրա աշխատանքով համակարգ է մտնում փորձառույթի մեջ: Բայց այստեղ ևս, Շիլլերը գտնում է, որ մենք ազատ չենք: Քանզի իր այդ աշխատանքի ժամանակ բանականությունը ենթարկվում է տրա- մաբանության անփոփոխ օրենքներին: Ինչպես այնտեղ մենք գտնվում ենք բնական անհրաժեշտության զորության ներքո, այնպես էլ այստեղ` բանա- կանության անհրաժեշտության ներքո: Այդ երկուսից էլ ազատությունն ապաստան է փնտրում: Շիլլերը մատնացույց է անում նրան արվեստի ոլորտը, առաջ քաշելով երեխայի խաղի և արվեստի միջև առկա համաբանությունը: Իսկ ինչո՞ւմ է խաղի էությունը: Վերցվում են իրականության առարկաները և իրենց հարաբերակցություններում կամայականորեն վերափոխվում: Իրականության այդ վերաձևավորման ժամանակ որոշիչ է ոչ թե տրամաբանական անհրաժեշտության օրենքը, ինչպես օրինակ, մեքենա կառուցելիս, երբ մենք պետք է խստորեն ենթարկվենք բանականության օրենքներին, այլ միմիայն սուբյեկտիվ պահանջին ծառայելը: Խաղացողը առարկաները դնում է այնպիսի կապի մեջ, որը նրան ուրախություն է պատճառում. նա չի բռնանում իր վրա: Նա անուշադրության է մատնում բնական անհրաժեշտությունը, քանզի հաղթահարում է նրա ճնշումը իրեն փոխանցված առարկաները միանգամայն կամայականորեն օգտագործելով. բայց բանական անհրաժեշտությունից ևս նա իրեն կախյալ չի զգում, քանզի կարգը, որ նա տալիս է առարկաներին, իր հորինվածքն է: Այդպես խաղացողն իրականությանն է դրոշմում իր սուբյեկտիվությունը, իսկ վերջինիս նորից տալիս է օբյեկտիվ նշանակություն: Այդ երկու մղումների տարանջատ գործունեությունը դադարում է. դրանք միաձուլվում են մեկի մեջ և դառնում ազատ. բնականը ոգեկան է այստեղ, ոգեկանը` բնական: Ազատության բանաստեղծ Շիլլերն այսպիսով արվեստում տեսնում է մարդու` ավելի բարձր մակարդակի սոսկ ազատ մի խաղ և ոգեշնչված բացականչում` «Մարդը լիովին մարդ է միայն խաղալիս, … իսկ խաղում է` միայն երբ բառի բուն իմաստով մարդ է»: Արվեստի հիմքում ընկած մղումը Շիլլերն անվանում է խաղի մղում: Սա արվեստագետի մեջ ծնում է գործեր, որոնք արդեն իսկ իրենց զգայական գոյությամբ բավարարում են մեր բանականությանը, իսկ դրանց բանական բովանդակությունը միաժամանակ ներկա է որպես զգայական գոյություն: Իսկ մարդու էությունն այս մակարդակի վրա գործում է այնպես, որ նրա բնությունը միաժամանակ գործում է ոգեպես, իսկ նրա ոգին` միաժամանակ բնական: Բնությունը բարձրացվում է ոգու, ոգին ընկղմվում է բնության մեջ: Դրանով առաջինը վեհանում է, իսկ վերջինս իր անհայելի բարձունքից բերվում է տեսանելի աշխարհ: Այդպես գոյացած գործերն իհարկե լիովին բնական (naturwahr) չեն, որովհետև իրականում ոգին և բնությունը երբեք իրար չեն ծածկում. այդ իսկ պատճառով, երբ մենք արվեստի ստեղծագործությունները համադրում ենք բնության ստեղծագործությունների հետ, ապա դրանք մեզ երևութանում են սոսկ որպես տեսանելիություն (Schein): Սակայն դրանք պետք է տեսանելիություն լինեն, որովհետև հակառակ դեպքում ճշմարիտ արվեստի ստեղծագործություններ չէին լինի: Տեսանելիության հասկացությամբ Շիլլերն, այս առումով, որպես գեղագետ միակն է, չգերազանցված, անհասանելի: Այստեղից էլ պետք է զարգացվեր տեսությունը, իսկ գեղեցիկի պրոբլեմի սկզբում սոսկ միակողմանի լուծումը պետք է ընթանար արվեստի Գյոթեի դիտարկման օգտագործումով: Փոխարենը միանգամայն անհաջող հիմնական իր տեսակետով ասպարեզ է գալիս Շելլինգն3 ու ներմուծում մի մոլորություն, որից գերմանական գեղագիտությունը դեռ չի ազատվել: Ողջ ժամանակակից փիլիսոփայության նման Շելլինգը ևս մարդկային բարձրագույն ձգտման խնդիրը տեսնում է իրերի հավերժական նախա- պատկերների ըմբռնման մեջ: Ոգին պոկվում է իրա- կան աշխարհից և հասնում այն բարձունքներին, ուր աստվածայինն է գահակալում: Այդտեղ նրա առջև հառնում է ողջ ճշմարտությունն ու գեղեցկությունը: Միայն հավերժն է ճշմարիտ և գեղեցիկ: Բուն գեղեցկությունն, այսպիսով, ըստ Շելլինգի կարող է տեսնել միայն նա, ով հասնում է բարձրագույն ճշմարտությանը, քանզի դրանք միևնույն բանն են: Ողջ զգայական գեղեցկությունը սոսկ թույլ արտացոլումն է այն անվերջ գեղեցկության, ինչը մենք երբեք չենք կարող ընկալել զգայարաններով: Մենք տեսնում ենք, թե ուր է սա տանում. արվեստի ստեղծագործությունը գեղեցիկ է ոչ թե ինքն իրենով, այլ գեղեցկության գաղափարի արտապատկերումով: Իսկ այդ տեսակետի սոսկ հետևանքն է այն, որ արվեստի բովանդակությունը նույնական է գիտության բովանդակությանը, քանզի երկուսն էլ հիմնվում են հավերժական ճշմարտության վրա, որը միաժամանակ գեղեցկություն է: Արվեստը Շելլինգի համար սոսկ օբյեկտիվացած գիտությունն է: Կարևորն այստեղ այն է, թե արվեստի ստեղծագործության ինչի՞ հետ է կապվում մեր բավականությունը: Այստեղ դա սոսկ արտահայտված իդեան է: Զգայական պատկերը միայն արտահայտչամիջոց է, ձև, որում գերզգա- յական բովանդակությունն է արտահայտվում: Եվ բոլոր գեղագետներն այստեղ հետևում են Շելլինգի իդեալիստական ուղղությանը: Այն բանի հետ, ինչ գեղագիտության նորագույն պատմագիր և համակարգող Էդուարդ ֆոն Հարթմանն է գտնում` իբր Հեգելն այս կետում էապես անցել է Շելլինգից, ես չեմ կարող համաձայնել: Ասում եմ` այս կետում, քանզի կան շատ այլ կետեր, որոնցում նա շատ է գերազանցում նրան: Չէ որ Հեգելն էլ է ասում, որ «գեղեցիկը իդեայի զգայական ցոլքն է»: Այդպիսով նա էլ է համաձայնվում, որ արտահայտված իդեայի մեջ է նա տեսնում այն, ինչ արվեստում գլխավորն է: Ավելի հստակ դա երևում է հետևյալ բառերից` «Բնության և սովորական աշխարհի կարծր կեղևը ավելի դժվարացնում է ոգուն իդեային հասնելը, քան արվեստի ստեղծագործությունները»: Այստեղ թերևս շատ հստակ ասված է, որ արվեստի նպատակը նույնն է, ինչ գիտությանը, այն է` իդեային հասնելը:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Փորձ և գիտություն (1798) Գյոթե Ֆենոմենները, որոնք մենք նաև փաստեր ենք անվանում, իրենց բնույթով ստույգ և որոշակի են, սակայն դրան հակառակ` հաճախ անորոշ և երերուն, քանզի հանդես են գալիս իբրև երևույթ: Բնախույզը ձգտում է բռնել և ամուր պահել որոշակին երևույթների մեջ: Առանձին դեպքերում նա… Փիլիսոփայություն Գյոթեի լռության մասին Յոզեֆ Փիփեր Մարդիկ մեր վարդապետներն են խոսքի մեջ, աստվածները` լռության: Պլուտարքոս Կան, ինչպես երևում է, բաներ, որոնք մեզ, ինչ ինտեսիվությամբ էլ դրանք շարունակ ծրագրենք ու նպատակադրենք, այնուամենայնիվ, հաջողվում են միայն այն դեպքում, երբ մեզ, առանց մեր… Փիլիսոփայություն Ինդուկցիա (1829) Գյոթե Ինդուկցիա ես ինձ երբեք թույլ չեմ տվել, անգամ իմ նկատմամբ: Փաստերը ես միշտ մեկուսացված եմ թողել: Սակայն որոնել եմ համաբանականը: Եվ այդ ճանապարհին հասել եմ, օրինակ, բույսերի մետամորֆոզի հասկացությանը: Ինդուկցիան օգտակար է միայն նրան, ով ուզում է դիմացինին…