Ռուբիկոն

Գյոթեի լռության մասին

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Այստեղ կարելի է գտնել, Գյոթեն ինքն է այդպես ասում, շատ բաների բանալին: Երբ Սոլմս Բրաունֆելզի արքայադուստրը մի անգամ, – Գյոթեի մահից քսան տարի առաջ, – նրան է ներկայացնում մի տարօրինակ «տապանագիր»` նրա կյանքի և գործի հանրագումարային բնութագիրը, որտեղ մասնավորապես ասված էր, թե նա շատ ավելի պետք ունի ՙներթափանցելու մարդկանց և իրերի ներքին էության մեջ, քան բանաստեղծականորեն արտահայտելու իր մտքերը», Գյոթեն պատասխանում է, թե այդ արտահայտությունը, որ իրավացի է համարում, «իրեն զարմացրել է». «Եթե Ձերդ մեծությունը ավելացնեն նաև <քան արտահայտվելու խոսելով, ավանդելով, սովորեցնելով կամ գործելով>, ապա կունենան ինձանում և իմ կյանքում խնդրահարույց թվացող շատ բաների բանալին»14: Իրեն տրված չէ «սովորեցնելով գործելու» շնորհը, գրում է նա Շիլլերին 1797-ին15:

Այսպիսով, ստույգ է, որ Գյոթեն ինքն իրեն տեսել է այսպես. «իբրև մոգական մի ոստրե, որի վրայով տարօրինակ ալիքներ են անցնում-գնում» (Շարլոթթե ֆոն Շտայնին ուղղված ուշ շրջանի քիչ նամակներից16 մեկում). քան այնպիսին, որ սովորել էր, «որ մենք ու մեզպեսները բարգավաճում են պարզապես ծածուկ» (1816)17. քան «որպես մենակյաց, որ իր ճգնարանից միշտ էլ լսում է ծովի մոլեգնումը» (այսպես է ավարտվում, մի քանի տարի անց18, Զյուլպից Բուասերեին ուղղված մի նամակը). իսկ ութսունմեկ տարեկանում իրեն անվանում է, Ցելթերին ուղղված մի արտահայտության մեջ, մենավոր, որը «Մերլինի պես լուսավոր շիրիմից» իր արձագանքն է «հնչեցնում հանգիստ և մեկ-մեկ, մոտերքում, անշուշտ նաև հեռվում»19:

«Լավագույն բանը խորին անդորրն է» – սա ինձ այդ ամենից հետո պետք է ներկայանար որպես գյոթեյան գոյության` ամրագույն հաստատմամբ արտաբերված և (դա և՛ս) քողարկված, միայն օրագրին վստահված սկզբունք, – «Լավագույն բանը խորին անդորրն է, որի մեջ ես ապրում եմ ընդդեմ աշխարհի և աճում և ձեռք բերում այն, ինչ ինձանից չեն խլի ո՛չ հրով, ո՛չ սրով»20:

Անդորրն ու քողարկվածությունն այսպես սիրողի համար լռությունը դառնում է սովորություն. «Ես ապրում եմ մենության և ողջ աշխարհից այնպիսի մի առանձնացվածության մեջ, որն ինձ ի վերջո ձկան պես մունջ է դարձնում»21: «Լռությանը սովորը լռում է»22: Երբ այս նախադասությունը կարդում էի Շառլոթթե ֆոն Շտայնին ողղված մի նամակում, հանկարծ հիշեցի մի էպիզոդ «Ֆրանսիական արշավանքից». Գյոթեն, Ֆրանսիայից նահանջի ճանապարհին, սեղանի շուրջ տրվում է անցյալից խոսելուց «իրեն այնքան էլ չզսպելուն» և իրոք աղետալի պատերազմական վիճակն ու դրանից բխող թշվառությունը ողբալուն. որին ի պատասխան նրա հարևանը` մի գեներալ, նրան ոչ կշտամբանքով, բայց «նկատվող որոշակիությամբ» այսպես ասած կարգի է հրավիրում. իսկ այնուհետև. «Ես նեքուստ երդում եմ տալիս ինձ այդքան շուտ դարձյալ չխախտել այն մունջ լռությունը, որին սովոր եմ»: «Գրեթե երդված մունջ լռություն», – սա` 1784-ին23: Յոթանասունհինգ տարեկանում` «Այն բանի մասին, ինչ սկզբունքներ են կոչվում, ես այնքան եմ տարսովորել խոսել, որ դրանք անգամ մտերմիկ առանձնազրույցների ժամանակ այլևս միտս չեն գալիս, մեծ հավաքույթներում` ընդհանրապես ոչ»24: Բայց արդեն Հռոմից, երբ Շառլոթթե ֆոն Շտայնը սկսում է շրջվել Իտալիա փախածից, Գյոթեն նրան գրում է. «Քեզանից դեռ ոչ մի նամակ չի ստացվել, և ինձ ավելի ու ավելի հավանական է թվում, որ դու դիտավորյալ ես լռում. նաև դա կտանեմ և կմտածեմ` ախր ես տվեցի օրինակ, ախր ես նրան սովորեցրեցի լռել»25:

Այստեղ երևակվում է գյոթեյան լռության մեկ այլ դեմքը: Այդ անհաճո, ճակատագրական, անեծքի պես հոգու վրա ծանրացած լռությունը և լռության դատապարտվածությունը ևս եղել է նրա գոյության ուղեկիցը, ինչպես երևում է վաղ առնական հասակից մինչև վերջ: Շառլոթթե ֆոն Շտայնին գրված նամակներում ինչպիսի~ հաճախականությամբ են կրկնվում նման արտահայտությունները. «Երանի~ մի բարի ոգի միշտ բաց պահեր շուրթս»26: Կարլ ֆոն Հոլթայը հաղորդել է ըստ ամենայնի ոչ այնքան հազվադեպ «մունջ ընդունելությունների»27 մասին, որոնք հյուրի համար հազիվ թե պակաս տանջալից եղած լինեն, քան Գյոթեին: Իսկ Ցելթերն իր զառամյալ բարեկամին մտահոգված հանդիմանում է նրա «հին չարիքի» համար. «միայնակ մտորելով, ինքն իրեն սպառելով»28:

Բայց այդ լռության, նաև այդ պակաս սիրալիր լռության մեջ կարելի է տեսնել ոչ միայն մռայլվածությունը ժամանակ առ ժամանակ Աստծուց և աշխարհից խռոված հոգու, դրանում ինչ-որ բան կա նաև թաքնատեսի հրաժարյալ իմաստությունից: «Հաճախ ցանկություն եմ ունենում գրառել խաղաղ մենավոր մտածողության արտասովոր արգասիքներ, բայց հետո նորից գործը փակված եմ համարում: Վերջում թող ամեն մեկն ինքը հասկանա դա, եթե մտնի այնպիսի կապերի մեջ, երբ չի կարող հրաժարվել բանականից», – սա Գյոթեն գրում է իր մահից մի քանի ամիս առաջ29: Ուրեմն, նույնիսկ դեռ գրավոր արտահայտությունը նրան շատ ու շատ է թվում` գրողի լռակյաց գոյության պարադոքսը դրանից տասը տարի առաջ գեղեցիկ նախադասությամբ արտահայտելուց հետո. «Հեղինակի սովորաբար ծանր կյանքի հույժ գրավիչն այն է, որ լռում ես բարեկամներիդ առջև և միաժամանակ նրանց հետ մեծ խոսակցության մեջ ես մտնում աշխարհի բոլոր անկյուններում»30:

Գիտեցողը չի խոսում, Լաո-ցզեի այս դրույթը Գյոթեի հոգուց է ասված: Արվեստի վրա ըստ էության պետք էր հիմնել «գաղտնի ընկերություն», – մի անգամ այսպես է գրում Շիլլերին31: Եւ իրեն հարազատ է համարում, երբ բնախույզ Պետեր Սիմոն Պալլասն ազդարարում է` «Ճշմարտությունը պետք է մնար միայն մեր` ակադեմիկոսներիս, մեջ»32: «Ես մշտապես չարիք, ավելի՛ն, դժբախտություն եմ համարել, որը նախորդ դարի երկրորդ կեսին ավելի ու ավելի էր տարածում գտնում, որ բացատեսականի (Exoterischem) և թաքնատեսականի (Esoterischem) միջև այլևս տարբերություն չի դրվում»33: Դիտարկողի և խորհողի գիտակցումն այստեղ դեմ է առնում մի մարդու էության ներքին հակմանը, որ իր կյանքն ուզում է անցկացնել «առանց աղմուկի»34, «որովհետև ես պատկանում եմ նրանց թվին, ովքեր իրենք կուզեին հանգիստ լինել և ժողովրդին էլ չգրգռել»35: «Եթե պետք է խոսեմ ինչ-որ արդյունքի մասին, որ կարծես թե ձևավորվում է իմ մեջ, ապա այն տպավորությունն է, ասես ցանկություն եմ զգում շարունակ ավելի շատ ինձ համար տեսական խորհրդածություններ անելու և շարունակ ավելի քիչ` այլոց համար: Մարդիկ կյանքի առեղծվածների վրա կատակներ են անում և վախվորում, քչերին են հետաքրքրում դրանք լուծող խոսքերը: Քանի որ նրանք բոլորն էլ ճիշտ են, ապա չպետք է նրանց մոլորեցնել»36: Այս վերջին ձևակերպման հրաժարյալությունը կրում է թեթևակի մարդարհամարհական գիծ, որը հատուկ է ամենայն թաքնատեսության: «Եթե զանգվածը… գոհացել է խոսքերից և ֆրազներից, ապա նրան չպետք է մոլորեցնել» – 1832 թվականի փետրվարի 4-ին Ցելթերին արված այս արտահայտության մեջ այգ գիծը առավել հստակ է երևում: Ինքնին հասկանալի է, սա պաշտպանելու հարկ չկա: Բայց, մյուս կողմից, այստեղ ասես նշմարվում է մի բան այն գնից, որ հարկ է եղել վճարել այս նմանը չունեցող կյանքի հարստության համար: Գյոթեն անշուշտ ողջունել է, «երբ որևէ ձայն հակառակում է այն հավանությանը, որ մարդկային ցեղը տալիս է հաճախ գործողություններին և դեպքերին, որոնք նրան կործանման են տանում»37. բայց նա ինքը չի կամեցել լինել այդ ձայնը:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Գյոթեն որպես նոր գեղագիտության հայր Ռուդոլֆ Շտայներ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄՈՐՖՈԼՈԳԻԱՆ Մեծ անհատականությունների կայացման առեղծվածն իր ուրույն տրամաբանությամբ, մշակութային ժամանակի ելևէջներին թողած իր հետագծերով, աստիճանաբար ուրվագծում է պեղումնաբանական այնպիսի քարտեզներ, որոնք ակամայից դառնում են նոր… Փիլիսոփայություն Գյոթե (Ասում են Գյոթե, ինչպես կասեին Օրփեոս) Պոլ Վալերի Ես արդեն խոսել եմ ոգու ինչ-ինչ քաղաքականության մասին: Ես ստեղծեցի բավականաչափ անորոշ և խորհրդավոր այս արտահայտությունը, որն ինձ համար նշանակում է մեզնից յուրաքանչյուրի, ամեն անհատի և մեր մեջ եղած ցանկությունների, հուշերի, կանխատեսումների,… Փիլիսոփայություն Փորձ և գիտություն (1798) Գյոթե Ֆենոմենները, որոնք մենք նաև փաստեր ենք անվանում, իրենց բնույթով ստույգ և որոշակի են, սակայն դրան հակառակ` հաճախ անորոշ և երերուն, քանզի հանդես են գալիս իբրև երևույթ: Բնախույզը ձգտում է բռնել և ամուր պահել որոշակին երևույթների մեջ: Առանձին դեպքերում նա…