Ռուբիկոն

Գյոթեի լռության մասին

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Բայց «օրաթերթերի» մասին այն հատվածը, – Գյոթեն գրում է իր պատշգամբից, որ գտնվում է Յենայում, անմիջապես Զաալեի Քամսդորֆյան կամուրջի մոտ, – ամբողջությամբ ունի հետևյալ բովանդակությունը. «Ես դարձյալ կանգնած եմ խշշացող կամրջակամարի վրա կախված իմ ելուստին, արագաշարժ փայտալաստերը, գերան-գերանին կպած, երկու արմունկից բաղկացած, ուշիմ անցնում են և երջանիկ իջնում հոսանքն ի վար: Մի տղամարդ լիովին կատարում է այդ գործը, երկրորդը կարծես միայն ընկերակցում է: Իսկ հետևից դիլետանտություն են անում վառելափայտի ծղանները, մի քանիսը նաև իջնում են հոսանքն ի վար, ուր Աստված է կամենում, մյուսները հորձանքի մեջ ցիրուցան են լինում, մնացածը ժամանակավորապես շպրտվում են քարերին ու ավազուտին: Վաղը ջուրը գուցե բարձրանա, դրանք բոլորը քշի և տանի հեռուները, իրենց ճակատագրին ընդառաջ` դեպի օջախ: Ինչպես տեսնում ես, կարիք չունեմ զբաղվելու օրաթերթերով, քանի որ ամենակատարյալ խորհրդանշանները կատարվում են սեփական աչքերիս առջև»65: Ու նաև Ցելթերն էր, ում հետ Գյոթեն ընդամենը մի քանի ամիս առաջ խոսել էր «մեր օրաթերթերի խեղկատակային աղմուկի» մասին, որից ինքն զգում է իրեն, «ինչպես մեկը, որ ջրաղացում սովորում է քնել, լսում եմ ու բան չեմ հասկանում դրանից»66: Եվ դարձյալ Ցելթերն է, ում, տասներկու տարի անց, հայտնվում է «արտասովորը». «որ ես, արագ խիստ վճռից հետո, վերացրել եմ ընդհանրապես թերթ կարդալը»67:

Գյոթեյան լռության այլևայլ կերպարանքների մասին թերևս դեռ հաղորդվի. այդ ֆիզիոգնոմիկայի պարագայում այնքան էլ շուտ չես հասնի վերջին: Պետք է, օրինակ, խոսել չափազանց խոցելին լռության մատնելու մասին: Թերևս, մնում է մի խոսք ասել մի մարդու հավատարմության մասին, որն իր բարեկամների ինչ-ինչ սխալների նկատմամբ ինքն իրեն պարտադրում էր նույնիսկ ներքին լռություն` լռություն իր իսկ առջև. ահա Ֆրիդրիխ Վիլհելմ Ռիմերը պատմում է, թե Գյոթեն դատողություններ չէր անում «իր բարեկամների և այն անձանց մասին, ում սիրում էր: «Ես նրանց մասին չեմ մտածում», – ասում էր նա, երբ նրա առջև ուզում էին վատաբանել նրանց յուրահատկություններն ու տարօրինակությունները»68: Պետք է մտորել նաև ամենայն սոսկ ինքնական հարմարավետությունից վեր կանգնած իմաստուն խնայողականության մասին, որ դրդում էր նրան պարզապես անգիտանալ բացասականը և լռել այդ մասին, ասես գոյություն չունի: Շառլոթթե ֆոն Շտայնին գրված առաջին նամակներից մեկում արդեն իսկ այդ իմաստությունը ձևակերպված է իբրև սկզբունք. «Այն ամենի մեջ, ինչ երկրիս վրա ինձ համար վնասաբեր ու մահացու կարող է լինել, ամենավերջին բանը դժգոհությունն է: Անշուշտ, դրա համար նյութ երբեք չի պակասում, միայն թե ես այն չեմ վերամշակում»69: Իսկ քսաներկու տարի անց. «Երիտասարդ, գործնական մարդը լավ կաներ, եթե չնկատեր իր հակառակորդներին»70: Դարձյալ երկու տասնամյակ դրանից հետո. «Մեր ներքին կռվարարների մասին ոչինչ չեմ ասի, ես նրանց բանի տեղ չեմ դնում նույնիսկ անմիջապես և նման կողմնապահ բամբասանքից ավելի օր փչացնող այլ բան չգիտեմ»71: Մինչև վերջապես ութսունամյա ծերունին բուն մոռացությունը, ոչ թե ջղաձգորեն այդ մասին չհիշելու իմաստով, այլ պարզունակ մոռացության գրեթե ֆիզիոլոգիական անվանելի պրոցեսը կճանաչի որպես կենսական ֆունկցիա և կփառաբանի «ամեն շնչի հետ» մեր ողջ էությունը ներթափանցող «եթերային մոռացության հոսանքը» որպես «բարձր աստվածային շնորհ», որն ինքը սկզբից ի վեր գիտեր գնահատել, օգտագործել և ուժեղացնել72:

Որքան էլ որ այդ լռությունը, ինչպես նաև նրա չգիտակցված արմատներն ու գիտակցված դրդապատճառները բազմակերպարան եղած լինեն, միթե~ ամեն անգամ իրականությունը լսելու, զուտ ունկնդրելու հնարավորությունը չէ, ինչին ըստ էության նկրտված է: Միթե~, ուրեմն, գյոթեյան լռությունը, ամեն բանից առաջ, լսողի լռությունը չէ: Եւ միթե~ նրա թվացյալ անտարբերությունը, նրա խանգարելիությունը, ավելի՛ն, նրա երբեմնակի անտրամադիր գրգռվածությունը զգացողությունը չէ մի մարդու, ում աղմուկն ու խշխշոցը խոչընդոտում են լսելու իսկապես իրական համարվող իրականությունը [ինչպես որ մերժողական ու, այսպես ասած, դուրս հրավիրող դիմաշարժը լարվածությամբ ունկնդրողի ժեստերի մասն է կազմում]: «Կամաց, կամաց» պրոբլեմները բացել «սոխի կճեպների պես» և «ակնածանք պահպանել բոլոր հիրավի հուշիկ կենավոր բողբոջների հանդեպ». սա է նրա «հին, փորձված ճամփան»: Միթե~ սա խոսքը չէ մեկի, որ կամենում է լսել և ունկնդրել, և ուրիշ ոչինչ: Դարձյալ զարմանալի է այն անհավատալի շարունակականությունը, որ առավել ուշ շրջանում Ցելթերին73 գրված մի նամակից հենց նոր բերված նախադասությանը այդպես լիովին կարող է համապատասխանել մեկ այլ, գրեթե ուղիղ կես դար առաջ Շառլոթթե ֆոն Շտայնին ուղղված մի նախադասություն. «Քանի որ ես հիմա այնքան մաքուր ու հանդարտ եմ, ինչպես օդը, ապա ինձ համար ցանկալի է բարի և հանդարտ մարդկանց շունչը»74:

Այս լսող լռությունը ավելի խոր անխոսություն է վկայում, քան մերձավորների հետ շփման մեջ բառից ու խոսքից ձեռնպահ մնալը: Դա վկայում է այն անդորրի մասին, որ շնչի պես թափանցել է սեփական հոգու ամենախորին անկյունը: Այդ անդորրի մասին է խոսքը գյոթեյան հետևյալ «սկզբունքում»` «ուրանալ ինձ հնարավորին չափ շատ, և այնքան անարատ, որքան միայն կարելի է, օբյեկտը ընկալել իմ մեջ»:

Այդ լսող, մինչ ի Ես-ի խորությունը գոյող իրերի լեզվի համար բաց լռությունն է նկատի ունեցվել, երբ Իտալիա ճամփորդողը Հռոմից Հերդերին հայտնում է իր «վարժմունքի» մասին` «տեսնել ու կարդալ բոլոր բաները, ինչպես կան». այդ «վարժմունքը», – գրում է Գյոթեն, և «աչքը լույս դարձնելու իմ հավատարմությունը, ամեն հավակնությունից իմ լիովին հրաժարումը այստեղ գերագույն լռության մեջ ինձ երջանիկ են դարձնում»75:

Լռության իմաստը լսելն է, լսելը, որտեղ իրերը դիմավորող նայվածքի պարզությունը, ինչպես և այն համբերատար վստահության անմիջականությունը, միամտությունն ու անմեղությունը, որի համար իրականությունը creatura է, Աստծո ստեղծածն են: Եւ քանի որ Գյոթեի լռությունը նման իմաստով լսող լռություն է, ուստի և այն ունի օրինակելիի և նմուշայինի կարգ, անգամ եթե ինչ-ինչ բաներում վերապահությունն ու առարկությունը տեղին լինեն: Այդ օրինակելիության վրա մատը պետք է զգույշ դնել: Մանավանդ այն բանից հետո, ինչ այս ժամանակների հերոսական նիհիլիզմը ճանաչողի կեցվածքը հռչակել է ոչ թե լռին լսողի, այլ կեցության հանդեպ ինքնահաստատման կեցվածք. ճանաչելն ու գիտելիքը «անթաքույց դիմակայություն» է, «գոյի ուժային գերակշռության մեջ կեցության ամենախիստ վտանգումը», ճնշող ուժային գերակշռություն, որին դիմադրություն է ցույց տալիս գիտելիքը: Բայց որ ճանաչողը ոչ թե համառորեն «գոյի դեմ ըմբոստացող» է, այլ ամենից առաջ ունկնդիր լռող է և լռության հիման վրա լսող, ահա այն, ինչում Գյոթեն միահամուռ է այն բանի հետ, ինչը Պյութագորասից ի վեր կարող է համարվել որպես Արևմուտքի լռության ավանդույթ:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Գյոթեն որպես նոր գեղագիտության հայր Ռուդոլֆ Շտայներ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄՈՐՖՈԼՈԳԻԱՆ Մեծ անհատականությունների կայացման առեղծվածն իր ուրույն տրամաբանությամբ, մշակութային ժամանակի ելևէջներին թողած իր հետագծերով, աստիճանաբար ուրվագծում է պեղումնաբանական այնպիսի քարտեզներ, որոնք ակամայից դառնում են նոր… Փիլիսոփայություն Գյոթե (Ասում են Գյոթե, ինչպես կասեին Օրփեոս) Պոլ Վալերի Ես արդեն խոսել եմ ոգու ինչ-ինչ քաղաքականության մասին: Ես ստեղծեցի բավականաչափ անորոշ և խորհրդավոր այս արտահայտությունը, որն ինձ համար նշանակում է մեզնից յուրաքանչյուրի, ամեն անհատի և մեր մեջ եղած ցանկությունների, հուշերի, կանխատեսումների,… Փիլիսոփայություն Փորձ և գիտություն (1798) Գյոթե Ֆենոմենները, որոնք մենք նաև փաստեր ենք անվանում, իրենց բնույթով ստույգ և որոշակի են, սակայն դրան հակառակ` հաճախ անորոշ և երերուն, քանզի հանդես են գալիս իբրև երևույթ: Բնախույզը ձգտում է բռնել և ամուր պահել որոշակին երևույթների մեջ: Առանձին դեպքերում նա…