Գյոթեի լռության մասին
Ինչ, իդեպ, վերաբերում է «մարդարհամարհանք» նշումին, ապա այստեղ թերևս զանազանման կարիք կա: – «Ամբոխի պարագայում նա գործածում է հեգնանքը»: Ո~վ. magnanimus-ը` վեհախոհը և բարձրոգին, որն, ուրեմն, իրեն ընդունակ է համարում վեհին և փորձում է արժանի դառնալ դրան: Այ սա Գյոթեի դրույթ չէ, այլ` Արիստոտելի կամ ավելի շուտ, ճշգրիտ որ ասենք, Թովմա Աքվինացու` այդ դրույթը գտնվում է նիկոմախյան էթիկայի38 նրա մեկնաբանությունում: Եւ, այնուամենայնիվ, զարմանալի է, որ տակավին չմասնատված արևմտյան քրիստոնեականության «ընդհանուր վարդապետը» բավականին աշխարհիկ թվացող նման կենսաիմաստությունը, ոչ միայն առանց առարկության որևէ բառի, մեկնելով հաղորդում է, այլ նույնիսկ, Summa theologica-ում, նախաձեռնել է պաշտպանել ընդդեմ այն առարկության, թե մարդարհամարհանքը չի կարող համակերպվել հեզության հետ: Կա, ասում է Թովման, միանգամայն իրավացիորեն, ամենայն փոքրոգի էության արհամարհանք, և բարձրոգու այս «մարդարհամարհանքին» է պետք վերաբերեցնել Գրքում ասվածը. «Ոչինչ է չարագործը նրա աչքերում»: Նման արհամարհանքը նույնքան քիչ է հակասում հեզությանը, որքան ճշմարտությանը, քանի որ չի խախտվում ոչ մեկի պատվի արդար իրավունքը39:
Նման կարգի «հեգնական» է նաև Գյոթեի լռությունը հասարակության հանդեպ, որի ուզածն ասելու նա կատաղի զլանում է. «Եթե այլ բան չունենայի ասելու, քան ինչ մարդկանց դուր կգար, ապա ստուգապես միանգամայն կհամրանայի»40: «Հասարակությամբ» պետք չէ «ամենևին զբաղվել»41: Նրա հետ ոչ մի քննարկում: «Oրենքով մենք ընդհանրապես ավելի լավ կիմանանք, թե ինչն է հասարակությանը օգտակար, քան ինքը: Քաղաքի բնակիչները կարող են պահանջել, որ աղբյուրները գործեն և բավարար չափով ջուր լինի, բայց թե որտեղից այն վերցնել, դա խողովակաշար վարպետի գործն է: Հասարակությունն իր խավարամտության մեջ միշտ ջուր հա ջուր է պահանջում և հաճախ խորշում է ամենաառատաբեր աղբյուրներից. պետք է դա այդպես էլ թողնել, լռել և գործել ըստ համոզմունքի»42: Սա այնքան էլ ժողովրդական չի հնչում (նույնքան քիչ, ինչպես, Պլատոնի Երկխոսության43 մեջ, Սոկրատեսն է «ամբոխի առաջ» ընդհատում Գորգիասին` այդ հաջողակ մարդուն. «,,Ամբոխի առաջ,, – սա նույնն է թե անգետների առջև, այդպես չէ~»): Գյոթեն առանց տարակուսանքի համակերպվում է այն բանի հետ, որ շատերը չեն հասկանալու իր լռությունը: Կրոնական բաներում իր «լիբերալիստական անտարբերության» մասին ինքն է ասում, թե ինքը միայն «թվացյալորեն» է լռության դիմակ հագնում, «ընդամենը մի դիմակ, որի տակ ես սովորաբար փորձում էի պաշտպանվել պեդանտությունից և ամբարտավանությունից»44: Բայց և ընկերների, ամենամտերիմ ու ամենասիրեցյալ մարդկանց առջև ևս նա լռել է բարձրագույն իրականությունների մասին: «Ֆաուստի» վերջին պատկերի ձեռագիրը հետնորդներին է հասել կնքված վիճակում. ոչ ոք չպետք է կարողանար, այդ միստիկական տողերից հայացքը վեր բարձրացնելով, զարմացած-հարցական կամ նույնիսկ պատասխան հայցելով նայել բանաստեղծի դեմքին:
Անշուշտ, կան նաև ավելի թաքուն պատճառներ, որ Գյոթեն «այդպես սիրում է լռել, երբ խոսք է գնում որևէ աստվածային էության մասին», – ինչի համար իր բարեկամ Յակոբիին 1785թ. հունիսի 9-ին գրած նամակում ըմբռնողություն է հայցվում45: Առավել խորազնին մեկնության փորձը ինչ-ինչ խորհրդածությունների տեղիք կտա, անգամ ինքնաբնութագրումը որպես «վճռական ոչ-քրիստոնյայի»46. սակայն, իհարկե այստեղ կա նաև ակնածալից երկյուղ, այն նույնը, որից, դարձյալ Summa theologica-ում, սերում է Աստծո մասին ուսմունքի առաջին նախադասությունը` որ Աստծո մասին մենք չենք կարող ասել, թե նա ինչ է, ավելի շատ միայն այն, թե նա ինչ չէ47: – «Սոսկ փոխնյութ» հանդիսացող «լեզվի պակասավորության» փորձառությունը իրեն, – ինչպես ասվում է 1816 թ. մարտին Գյոթեի գրած մի նամակում, – «պարզապես շատ հաճախ» է հետ պահել «ասելու այն, ինչ կարող էի և պետք է ասեի»48: Այնուամենայնիվ, այդ զգացողությունը կարծես թե մինչ ի վերջ չի լքել խոսքի այդ մեծ վարպետին, ավելին, այն պիտի որ ավելի սաստկացած լինի. «Մեր համոզմունքների լավագույն բանը անկարելի է բառերով ընդգրկել: Լեզուն հարմարեցված չէ ամեն բանի», – տակավին այսպիսի տողեր կան մի նամակում, որ գրվել է մահից հազիվ մի շաբաթ առաջ49:
Այսպիսի վերջին լրջության համեմատությամբ գանձախույզյան լռությունը գրեթե ինչ-որ խաղային բանի է նմանվում: Բայց Գյոթեն, մի տեսակ սնահավատությամբ, կարևորում էր նաև լռության այս ձևը, և դա ևս մինչ ի խոր ծերություն: «Շատ խորը իմաստ ունի այն ցնորքը, թե, որևէ գանձ իսկապես հանելու և նրան տիրանալու համար, պետք է գործել քար լռությամբ, չպետք է բառ իսկ արտասանել, որքան սարսափելի և ուրախալի բաներ էլ որ բոլոր կողմերից երևան»50: Նա Շիլլերի համար ուզում է գրի առնել մի նոր բանաստեղծության էսքիզը, այնուհետև ափիբերանում է իրեն. «Քանի որ ահա գիտեմ, որ ես երբեք որևէ բան գլուխ չեմ բերի, եթե աշխատանքի էսքիզը վստահեմ կամ հայտնեմ ինչ- որ մեկին, ապա ավելի լավ է առայժմ համբերեմ այդ հաղորդմամբ»51: Գրեթե մեկևկես տասնամյակ անց. «Քանզի սովորաբար ինչ ասում եմ, չեմ անում»: Եւ երբ յոթանասունյոթ տարեկանում իր հռենոսյան ընկերոջը` Զուլպից Բուասերեին պատմում է «Ֆաուստի» երկրորդ մասի մասին` մի գեղեցիկ նամակում [«Եւ ավարտել խորիմաստությամբ սահմանված օրերի ընթացքում, ինչ ինչ-որ մի ժամանակ բաց ես թողել, երբ իրավունք ունես հավատալու կամ ցնորելու, թե կլինի նորից առավոտ և միշտ առավոտ…»], դադար է տալիս. «Ահա նորից կարդալով, թե ինչ է այս թղթին գրված, ինքս ինձ հարց եմ տալիս, արդյո~ք իսկապես նաև ուղարկեմ: Քանզի իրականում չպետք է խոսել մի բանի մասին, ինչ կամենում ես անել, ոչ էլ այն բանի, ինչ անում ես, և ոչ էլ` ինչ արել ես»53:
«Տե՛ս, սիրելի՛ս, ինչն ամեն գրության սկիզբն է և վերջը, հավերժ գաղտնիք է մնում, փա˜ռք Աստծո, որը ես չեմ էլ ուզում հայտնել բերանբացներին ու շաղակրատներին», Գյոթեն սա գրում է Յակոբիին «Վերթերի» ստեղծագործական պոռթկումից հետո54:
Այն բանի փորձառությունը, որ «ինձ շրջապատող աշխարհի վերարտադրությունը ներքին աշխարհի կողմից»55 իրագործվում է ոչ այլ ոքի կողմից ոտք դնելի մի բջջում, նրան լռեցնում է: Այժմյանից նա գիտի, որ ինքն իր շուրջը պետք է քաշի «մոգական շրջան»56, և. «որ ես կարող եմ աշխատել միայն բացարձակ մենության մեջ, և որ սիրելի ու գնահատելի անձանց ոչ թե սոսկ խոսակցությունը, այլ անգամ արդեն իսկ տանը գտնվելը լիովին շեղում են իմ բանաստեղծական ակունքները»57: «Անդորրի մեջ սպասել և հասարակության մասին հնարավորին չափ քիչ հոգս անել» – ահա թե ինչն է նա, որևէ նյութի մշակման ժամանակ դժվարությունների հանդիպելիս, «համարել ամենափորձված բանը»58: Հասարակության նկատմամբ այդպիսի շեշտված տարակայությունը միջին մակարդակի կրթություն ունեցողը, իրեն հասարակություն չհամարելով, սովորաբար հեշտությամբ է ներում, մինչդեռ Գյոթեին, ինչպես հայտնի է, շատ էին մեղադրում, որ այդպես քիչ է հետաքրքրվել իր ժամանակի քաղաքական իրադարձություններով. որ, օրինակ, գրվեց «Ռայնեքե աղվեսը», «որպեսզի շեղեմ ինքս ինձ աշխարհի ծեծկռտուքից, և դա ինձ հաջողվեց»59, և որ վաթսունչորս տարեկանում, երբ նախապատրաստվում էր 1813-ի վճռական ճակատամարտը, «կամակորությամբ տրվեց ամենաանկապ բանին» և «զբաղվեց չինական կայսրության լրջագույն ուսումնասիրմամբ»60 – սա ևս լռելու ձև էր: Այս համեստ հաղորդման նպատակը պաշտպանելը կամ բացատրելը չի: Բայց չպետք է աչքաթող անել Գյոթեի այդ ուրույն, հենց վերջին տարիներին բազմիցս կշտամբանքի արժանացած [կամ թե եռանդուն կերպով ժխտված] լռությունը: Անձամբ ինձ միայն բանտարկության այն շաբաթների ընթացքում է պարզ դարձել, թե այստեղ խոսքը որչափ է նույն կեցվածքի բազմաթիվ երևութացումներից մեկի մասին: – Հրատարակիչ Պերթեսը դիմում է նրան համագործակցելու «ֆաթերլենդիշես մուզեում» հանդեսին: Գյոթեի պատասխանը. «Ես անձամբ ունեմ ամենայն պատճառ` կենտրոնանալու, որպեսզի գոնե որոշ չափով կարողանամ անել այն, ինչ իմ պարտքն է: Եւ ապա ժամանակն այնպիսի մի բան է, որ նախ սիրում եմ միշտ թողնել, որ քիչ անցնի, որպեսզի խոսեմ նրա շուրջ կամ նրա մասին»61: «Ինչ իմ պարտքն է». նույն 1810 թ. նոյեմբերի 16-ը դրված է որպես ամիս/ամսաթիվ Պերթեսին ուղղված այս հրաժարական նամակի վերևում և մեկ այլ հրատարակչի` Կոթթային, ուղղված նամակի վերևում, որտեղ ուրվագծված է «Բանաստեղծություն և Ճշմարտություն»-ի պլանը: Ուրեմն` փախուստ ժամանակի՞ց: «Ես թերևս սիրում եմ ապրել ժամանակի մեջ», – տարիուկես անց ասում է կրտսեր Շլեգելին ուղղված մի նամակ. սա, ինչ պատճառով էլ որ լինի, ոչ ճիշտ ինքնապատկերում համարելու ոչ մի առիթ չկա: Անշուշտ, մնում է ուշադրության արժանացնել նախադասության ետադաս հատվածը. «Ես թերևս սիրում եմ ապրել ժամանակի մեջ, բայց կարգին չգիտեմ էլ, թե ինչպես դա ձեռնարկեմ, եթե պետք է ապրեմ նրանով, ուստի և ինձ հազվադեպ կգտնեք կամ երբեք չեք գտնի ներկայացված այնպիսի գրվածքներում, որոնք նվիրված են ներկային»62: Առավել մտերիմ ընկերների ներկայությամբ, իհարկե, առավել թունդ բառեր են գործածվում. իսկ թերթերն ու ամսագրերը` հիշվում սակավ սիրալիրությամբ: «Օրաթերթերի, շաբաթաթերթերի և ամսաթերթերի հետ ես դուրս եմ ամենայն կապից, իսկ սրանք այն վատ սովորությունն ունեն, որ շատ հաճախ ամենաբարձր խոսքերը, որոնցով պետք է բնորոշվի միայն լավագույնը, գործածում են որպես դատարկախոսություններ, որպեսզի քողարկեն միջակը կամ թերևս նույնիսկ աննշանը: Նման ընկերակցության մեջ որոշակի խելամիտ խոսքն իր իսկական ազդեցությունը չի ունենում» – սա` ուղղված Զուլպից Բուասերեին63: Իսկ Ցելթերի~ն ուղղված նամակներում. «Տեսնում ես, որ ես կարիք չունեմ զբաղվելու օրաթերթերով» – չէ՛, նամակի այս հիանալի հատվածը ես պետք է ամբողջությամբ այստեղ տամ. անհրաժեշտ է տեսնել այն խորը «ներքին ծովային հանդարտութունը», որից, կյանքի ամենավերջին տարիներին, գրվել են հենց իր բարեկամ Ցելթերին ուղղված նամակները [«Քանի որ ինձ ահա հայտնի է դարձել, որ համայն Եվրոպան, իմ վանապատկան պարտեզի նման, ձնով համահարթված, պետք է իր ուժերով յոլա գնա, ապա նույնքանով էլ ես պետք է գոհանամ, քանի որ ինձանից չեն պահանջում ոտքս դռնից դուրս դնել: Ահա և հիմա, պարզ գիշերվա պահին, երբ տիկին Վեներան, տակավին պայծառ ու գեղեցիկ, արևմտյան երկնքում փայլում է նորալուսնի եղջյուրների վերևում, իսկ Օրիոնն իր շան հետ` շողշողուն վզնոցով, արևելքից վեր է բարձրանում իմ մթին սոճյաց հորիզոնում, սրանից հուզված ուզում եմ հղել քեզ զվարթ-բարեկամական խոսք ի լուսավորյալ ու հուզախռով քաղաքը քո»]64: