Բնություն
Ռալֆ Ուոլդո Էմերսըն
Օղերն անհամար իրար են հաջորդում,
Նրբահյուս ու կուռ է շարանն անհատնում:
Աչքն ամենուր նշաններ է վերծանում.
Թարգմանի պետք չունի վարդի լեզուն.
Կյանքի կերպերը գալար առ գալար փորսող անցնելով,
Մարդ է փափագում դառնալ թրթուրն անոսկոր:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Մեր դարաշրջանը հետահայաց է: Այն հուշարձաններ է կանգնեցնում հայրերի գերեզմանների վրա: Կենսագրություններ, պատմական ու քննական աշխատություններ է գրում: Նախորդ սերունդները սեփական աչքերով են նայել Աստծուն ու բնությանը, մինչդեռ մենք` ընդամենը նախորդ սերունդների աչքերով: Ինչու՞ մենք նույնպես չվայելենք տիեզերքի հանդեպ նախնական վերաբերմունքի հաճույքը: Ինչու՞ չունենաք ոչ թե ավանդույթներից, այլ սեփական ներաշխարհից սերող պոեզիա ու փիլիսոփայություն, նաև` ոչ թե նախորդ սերունդների հայտնությունների պատմության, այլ սեփական հայտնությունների վրա հիմնված կրոն: Երբ լինում ենք բնության գրկում, որի կենսատու ուժերը հեղեղում են մեր շուրջն ու մեր հոգին` կոչելով իրենց իսկ շնորհած զորությամբ գործել բնությանը ներդաշնակ, ինչու՞ խարխափենք անցյալի չորացած ոսկորների մեջ1, կամ ապրող սերնդին պարտադրենք առանց դիմակների ու խոնացած զգեստների մի դիմակահանդես: Արևն այսօր էլ շողում է նույն պայծառությամբ: Արտերում առատ է վուշն, իսկ արոտավայրերում` բուրդը: Նոր հողեր են յուրացվել, նոր մարդիկ են ծնվել, նոր գաղափարներ են թևածում: Եկեք պահանջենք մե՛ր գործերը, մե՛ր օրենքները, մե՛ր պաշտամունքը:
Մեր բոլոր հարցերն, անշուշտ, ունեն իրենց պատասխանները: Արարման կատարելության հանդեպ մեր վստահությունը պիտի սնի այն համոզմունքը, որ իրերի դրվածքը միշտ կարող է բավարարել իր իսկ ծնած հետաքրքրասիրությունը: Ցանկացած մարդու կենսապայմանները պարունակում են նրանում ծագելիք բոլոր հնարավոր հարցերի գաղափարագրային լուծումները: Մինչև այդ լուծումը որպես ճշմարտություն գիտակցելը, մարդը պարզապես ապրում է դրան համապատասխան: Ճիշտ այդպես էլ բնության ընդունած ձևերն ու միտումներն արդեն իսկ պարունակում են նրա նկարագիրը: Եկեք, ուրեմն, խորասուզվենք իր ողջ հեզափայլությամբ մեր շուրջը տարածված այդ վեհ երևույթի մեջ: Փորձենք պարզել, թե ինչ նպատակի է ծառայում բնությունը:
Բոլոր գիտությունների նպատակը մեկն է` ստեղծել բնության տեսություն: Ռասաների և ֆունկցիաների տեսություններ արդեն ստեղծել ենք, մինչդեռ ընդամենը երկչոտ քայլեր ենք արել դեպի արարման գաղափարը: Դեպի ճշմարտությունը տանող ուղուց այնքան հեռու ենք, որ կրոնական վարժապետների միջև կատաղի վիճաբանությունները հանգեցրել են փոխադարձ ատելության, իսկ քննախույզ մարդիկ տկարամիտ ու անլուրջ են որակվում: Առողջ դատելու դեպքում, սակայն, ամենագործնականը ամենավերացական ճշմարտությունն է: Երևան եկող ամեն մի տեսություն սեփական իսկության ինքնաբավ վկայությունն է: Ստուգման չափանիշը հետևյալն է. այն պետք է կարողանա բացատրել բոլոր երևույթները: Վերջիններից շատերը ներկայումս ոչ միայն բացատրված չեն, այլև անբացատրելի են համարվում. օրինակ` լեզուն, քունը, մտագարությունը, երազները, գազանները, սեռական հարաբերությունները:
Փիլիսոփայության տեսանկյունից տիեզերքը բաղկացած է Բնությունից և Հոգուց: Այստեղից ուղղակիորեն հետևում է, որ այն ամենն, ինչ մեզանից զատ է, այն ամենն, ինչը Փիլիսոփայությունը տարբերակում է որպես ՈՉ ԵՍ, ասել է թե` բնությունն ու արվեստը, բոլոր մյուս մարդկանց ու անգամ սեփական մարմինս հարկավոր է մտցնել ԲՆՈՒԹՅՈՒՆ դասակարգման մեջ: Բնության արժեքները թվարկելիս, դրանց գումարը որոշելիս, «բնություն» բառը գործածելու եմ դրա ինչպես ընդհանուր, այնպես էլ փիլիսոփայական առումներով: Խնդրո առարկա հարցադրման պես ընդգրկուն հարցադրումներում նման անճշտությունն էական չէ և չի հանգեցնի մտքի անճշտության: Ընդհանուր առումով, բնությունն այն ամենն է, ինչը չի ենթարկվել մարդու ներգործությանը` տարածությունը, օդը, գետը, տերևը: Արվեստն այս դեպքում վերաբերում է այն ամենին, ուր նշված գոյություններին միախառնվել է մարդկային կամքը` տանը, ջրանցքին, քանդակին, գեղանկարին: Այնուամենայնիվ, մարդու գործողություններն, ամբողջությամբ վերցրած, այնքան աննշան են (մի փոքր տաշում, թխում, կարկատում կամ լվանում ենք), որ չեն անդրադառնում վերջնական արդյունքի վրա, մանավանդ, երբ խոսքն այնպիսի գերհսկա երևույթի մասին է, ինչպիսին շրջակա աշխարհի ազդեցությունն է մարդկային մտքի վրա:
ԲՆՈՒԹՅՈՒՆ
1
Մենանալու համար մարդուն սեփական ապաստանից հեռանալը նույնքան անհրաժեշտ է, որքան` հասարակությունից: Ես միայնակ չեմ, քանի դեռ կարդում ու գրում եմ, թեև կողքիս ոչ ոք չկա: Իսկապես մենանալու համար հարկավոր է աստղերին նայել:
Երկնային աշխարհներից եկող այդ ճառագայթները մարդուն առանձնացնում են այն ամենից, ինչին հասնում է նրա ձեռքը: Կարելի է ենթադրել, թե մթնոլորտը թափանցիկ է ստեղծվել, որպեսզի մարդն այդ երկնային մարմինների մեջ զգա վեհության մշտական ներկայությունը: Որքան մեծ են քաղաքների փողոցներից երևացող աստղերը: Եթե դրանք մեզ երևային միայն հազար տարին մեկ անգամ, ինչպիսի հավատ ու պաշտամունք էին թողնելու մարդկանց հոգիներում. և սերնդեսերունդ պահպանվելու էր Աստծո քաղաքի հայտնության հիշողությունը: Գեղեցկության այդ դեսպանները, մինչդեռ, երևում են մեզ ամեն գիշեր և իրենց ներողամիտ ժպիտով լուսավորում են տիեզերքը:
Աստղերն իրենց նկատմամբ որոշակի պատկառանք են ներշնչում, քանզի, մշտառկա լինելով հանդերձ, անհասանելի են. զգայունակ մարդու վրա, սակայն, այդօրինակ տպավորություն են թողնում բնության արարած բոլոր առարկաները: Բնությունը երբեք չի ներկայանում խղճուկ տեսքով: Եվ իմաստնությամբ օժտված մարդն էլ երբեք չի ջանում դուրս կորզել բնության գաղտնիքը, և չի դադարում հետաքրքրասեր լինելուց` անգամ բնության ողջ կատարելությանը հաղորդակից դառնալուց հետո: Իմաստուն հոգու տեր մարդու համար բնությունը երբեք զվարճալիք չի դառնում: Ծաղիկները, կենդանիներն ու լեռներն արտացոլել են մարդու կյանքի լավագույն պահերի իմաստնությունը ճիշտ նույն չափով, որչափով հրճվանք են պատճառել իր մանուկ օրերի պարզմտությանը:
Բնության մասին այս ձևով խոսելիս, մեզ համակող զգացողությունները հստակ ու որոշակի են, բայց նաև` խիստ բանաստեղծական: Մեր ընկալումը բազմազան բնական առարկաների ու երևույթների թողած ազդեցության ամբողջությունն է: Սա է, որ տարբերակում է փայտահատի կտրած գերանն ու բանաստեղծի գովերգած ծառը: Այս առավոտյան տեսածս սքանչելի բնապատկերն ակնհայտորեն կազմված է քսան կամ երեսուն կալվածքներից: Այս դաշտը Միլլերինն է, մյուսը` Լոքինը, հեռվի անտառակը պատկանում է Մենինգին: Բնապատկերը, սակայն, նրանցից ոչ մեկի սեփականությունը չի: Բնապատկերը պատկանում է միայն նրան, ում հայացքն ընդունակ է ամբողջության մեջ միավորելու բոլոր հատվածները, այն է` բանաստեղծին: Դա է հենց վերոհիշյալ մարդկանց կալվածքների լավագույն հատկանիշը, որի սեփականության վրա, սակայն, իրենք ոչ մի իրավունք չունեն: