Ռուբիկոն

Բնություն

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Ճշմարիտն ասած, չափահաս մարդկանցից եզակիներին է տրված բնությունը տեսնելու շնորհը: Նրանցից շատ-շատերն անգամ արևը չեն տեսնում: Տեսնելիս էլ, խիստ մակերեսային է նրանց հայացքը: Արևը լոկ լուսավորում է չափահասի տեսողությունը, մինչդեռ` իր ողջ պայծառությամբ ներթափանցում- պարուրում է երեխայի տեսողությունն ու հոգին:

Բնության նվիրյալ սիրահարը նա է, ում ներքին ու արտաքին զգացողություններն իսկապես ներդաշնակ են, նա, ով կարողացել է իր մանկության ոգին պահպանել մինչև հասուն տարիքը: Այդպիսի մարդու համար հանապազօրյա հաց է դառնում երկնքի ու երկրի հետ փոխադարձ շփումը2: Բնության ներկայությունը բնազդային մի հրճվանքով է համակում մարդուն` ի հեճուկս ամենօրյա մտահոգությունների: Մարդուն ես եմ արարել, ասում է բնությունը, և նա, ի հեճուկս բոլոր վշտերի, երջանիկ է լինելու իմ գրկում: Ոչ միայն արևը կամ ամառը, այլև օրվա ցանկացած ժամը կամ տարվա ցանկացած եղանակը բերում են հրճվանքի իրենց բաժինը, քանզի ամեն մի պահ ու ամեն մի փոփոխություն` հեզ կեսօրից մինչև մռայլագույն կեսգիշեր, արթնացնում են մտքի ու հոգու համահունչ վիճակներ: Բնությունը մի բեմ է, որի ձևավորումը հավասարապես պիտանի է ինչպես ծիծաղաշարժ, այնպես էլ վշտամորմոք թատերերգության համար: Առողջ ոգու համար մաքուր օդը աներևակայելի առաքինությունների սրտակիցն է: Ամպամած մի երեկոյի վերջալույսին հալած ծնափոսերով լի ամայի պարապուտով անցնելիս, երբ բախտիցս գոհ լինելու որևէ առիթ էլ չունեի, ունեցել եմ գրեթե կատարյալ հրճվանքի պահեր: Նման հրճվանքը նույնիսկ ահ է ներշնչում: Անտառում, նմանապես, մարդն ազատվում է ապրած տարիների բեռից, ինչպես օձն է ազատվում հին մաշկից, և կրկին երեխա է դառնում` անկախ տարիքից: Այստեղ է ապրում անանց երիտասարդությունը: Աստծո այս կալվածքում

վայելչությունն ու սրբությունն են թագավորում, տոնն այստեղ չի ավարտվում, և չկա դրան մասնակից դարձած մեկը, որ մտածի, թե կարող է ձանձրանալ այդ տոնից` անգամ հազար տարի հետո: Անտառում վերագտնում ենք մեր բանականությունն ու հավատը: Այստեղ ես վստահանում եմ, որ ինձ երբեք (քանի դեռ տեսնում է աչքս) բաժին չի հասնելու այնպիսի մի շնոր- հազրկություն կամ դժբախտություն, որ բնությունն անկարող լինի դարմանել: Երբ կանգնած եմ մայր հողի վրա, և կայտառ օդը պարուրում է դեպի անծայրածիր տիեզերքը խոյացող գլուխս, ի չիք է դառնում ողջ խղճուկ եսասիրությունս: Վերածվում եմ համակ ակնախնձորի, դառնում եմ ոչինչ, սակայն ամենատես եմ, ու իմ միջով են անցնում Տիեզերական Գոյի բոլոր հոսանքները. մասը կամ մասնիկն եմ Աստծո: Ամենամտերիմ ընկերոջս անունն այն պահին օտար ու անպատեհ է հնչում. ով է եղբայր և ով` լավ ծանոթ, ով է տեր և ով` ծառա` չնչին ու անմիտ շեղում է սոսկ: Ես սիրահարն եմ անպարփակ ու անմահ գեղեցկության: Վայրի բնությունը շատ ավելի սիրելի ու հոգեհարազատ է ինձ, քան քաղաքի փողոցները կամ գյուղական միջավայրը: Խաղաղ բնաշխարհում` հատկապես հորիզոնի հեռավոր գծում մարդն իր բնույթին հարազատ մի գեղեցկություն է նշմարում:

Դաշտերի ու անտառների մատուցած գերագույն հրճվանքը, սակայն, այն է, որ այստեղ մարդը խորհրդավոր մի հարազատություն է զգում իր և բուսական աշխարհի միջև: Միայնակ ու լքված չեմ: Բույսերն իրենց գլխիկներով ողջունում են ինձ, և ես պատասխանում եմ այդ ողջույններին: Փոթորկահույզ ճյուղերի ալեկոծությունն ինձ համար նույնքան նոր է, որքանև` սովոր: Այն ապշեցնելու չափ արտառոց է, բայց նաև` ոչ միանգամայն անծանոթ: Դա նման է այն զգացողությանը, երբ համակվում ես ավելի վեհ գաղափարով կամ ավելի ազնիվ զգացողությամբ այն պահին, երբ մտքերդ արդարացի ես համարում ու գործողություններդ` ճիշտ:

Մինչդեռ, ակնհայտ է, որ այդպիսի հրճվանք պատճառել ի զորու է ոչ թե բնությունն, այլ մարդը կամ մարդու և բնության ներդաշնակությունը: Նման հաճույքներին տրվելիս, հարկավոր է ծայր աստիճան զուսպ լինել: Քանզի բնությունը միշտ չէ, որ տոնականորեն է զուգված. այն տեսարանը, որ երեկ ասես անուշ բուրմունքով ու չարաճճի հավերժահարսերի ցոլքերով էր լցնում շրջապատը, այսօր կարող է հագեցած լինել անսահման տրտմությամբ: Բնությունը միշտ ոգու երանգներն է կրում: Եթե դժբախտության մեջ ընկած մարդն անգամ կարողանում է աշխատել, նրա կրակի ջերմությունը կրում է վշտի խարանը: Սիրելի ընկերոջ թարմ կորուստը սգացող մարդն իրեն մի տեսակ քամահրված է զգում բնապատկերի կողմից: Երկինքն անգամ պակաս վեհ է դառնում, երբ կամար է կապում անարժան մարդկանց գլխավերևում:

ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2

Աշխարհի վերջնական նշանակության շուրջ խորհրդածող ցանկացած ոք տարբերակում է նշված հասկացությանը մաս կազմող մի ամբողջ շարք օգտակար հավելվածներ: Դրանք կարելի է դասակարգել հետևյալ կերպ. Հարմարություններ, Գեղեցկություն, Լեզու և Կարգապահություն:

«Հարմարություններ» ընդհանուր անվան տակ միավորում եմ այն հնարավորությունները, որոնց համար մեր զգացողությունները պարտական են բնությանը: Սրանք, անշուշտ, ժամանակավոր ու միջնորդավորված առավելություններ են, ոչ վերջնական, ինչպիսին հոգեկան պահանջմունքների բավարարումն է: Ցածրակարգ լինելով հանդերձ, հարմարությունները կատարյալ են իրենց տեսակի մեջ, և միակն են բնության հավելվածներից, որ գիտակցված են բոլոր մարդկանց կողմից: Մարդկային տառապանքը սոսկ որպես երեխայական նեղացկոտություն է ներկայանում, երբ հասկանում ենք, թե ինչպիսի մշտականությամբ ու շռայլությամբ է ապահովվում մարդու հաճո գոյությունն անծայրածիր երկնքում թևածող այս կանաչ մոլորակի վրա: Ո՞ր հրեշտակներ են հորինել այդ հիասքանչ զարդանախշերը, այդ ճոխ հարմարությունները, օդային այդ օվկիանոսը մեր գլխավերևում, ջրի օվկիանոսը ներքևում և ամուր հողն այդ երկուսի միջև: Իսկ կենդանակերպի համաստեղությունների լու՞յսը, կաթկթող ամպերի վրա՞նը, կլիմաների զոլավոր հագուստն ու քառեղանակ տարի՞ն: Մարդուն են ծառայում գազանները, կրակը, ջուրը, քարերն ու հացահատիկը: Դաշտը նրա համար միաժամանակ հատակ է և աշխատատեղ, խաղահրապարակ է և այգի ու անկողին:

«Եվ իր գիտցածից շատ ու շատ են

Հաճոյակատար ծառաները մարդու»3

Մարդուն ի սպաս դրված բնությունը ներկայանում է ոչ միայն որպես նյութ, այլև` որպես գործընթաց և արդյունք: Բնության բոլոր բաղկացուցիչները, ձեռք- ձեռքի տված անխոնջ բանում են` ի շահ մարդու: Քամին ցրում-ցանում է սերմը, արևը գոլորշիացնում է ծովը, նույն քամին այդ գոլորշիները քշում է դեպի դաշտը, մոլորակի մի տեղում կուտակված սառույցն անձրևի տեսքով թափվում է բոլորովին այլ տեղում. անձրևը սնում է բույսերին, բույսերը` կենդանիներին, և աստվածային շնորհի այդ անվերջանալի շրջապտույտը կերակրում է մարդուն:

Օգտակար արհեստները բնության նույն շնորհների` մարդկային մտքով արված վերարտադրություններն են կամ նոր համակցութունները: Մարդն այլևս չի սպասում համընթաց հողմերին. հայտնագործելով շոգու ուժը, նա իրականություն է դարձրել Էոլոսի տիկի մասին առասպելը` շոգենավի շարժիչի մեջ պարփակելով բոլոր երեսներկու քամիները: Շփումը նվազեցնելու նպատակով նա երկաթաձողեր է փռել գետնի վրա4, և իր ծածկակառքի մեջ տեղավորելով մի ամբողջ նավաբեռ կազմող այլ մարդկանց, կենդանիներ ու ապրանք, նա սուրում է երկրով մեկ` քաղաքից-քաղաք, ինչպես արծիվը կամ ծիծառն է սլանում երկնքում: Նոյի ժամանակներից մինչև Նապոլեոնի դարաշրջանը նման օգտակար հայտնագործությունների ամբողջությունն անճանաչելիորեն փոխել է աշխարհի դեմքը: Միայնակ ու խեղճուկրակ մարդու համար են ստեղծված քաղաքներն ու նավերը, ջրանցքներն ու կամուրջները: Նա մտնում է փոստատուն, և մարդկային ցեղը գլխապատառ նետվում է կատարելու նրա հանձնարարությունը, գրատուն է մտնում` և մարդկային ցեղը նրա համար կարդում ու գրում է բոլոր իրադարձությունների մասին, դատարան է դիմում` և ամբողջ ժողովուրդն է պաշտպան կանգնում նրա արժանապատվությանը: Ճամփեզրին տուն է կառուցում, և մարդկային ցեղը չի հապաղում ամեն առավոտ գալ ու մաքրել ձյունը` երթևեկելի պահելու նրա արահետը:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Գյոթե (Ասում են Գյոթե, ինչպես կասեին Օրփեոս) Պոլ Վալերի Ես արդեն խոսել եմ ոգու ինչ-ինչ քաղաքականության մասին: Ես ստեղծեցի բավականաչափ անորոշ և խորհրդավոր այս արտահայտությունը, որն ինձ համար նշանակում է մեզնից յուրաքանչյուրի, ամեն անհատի և մեր մեջ եղած ցանկությունների, հուշերի, կանխատեսումների,… Փիլիսոփայություն Գյոթեի լռության մասին Յոզեֆ Փիփեր Մարդիկ մեր վարդապետներն են խոսքի մեջ, աստվածները` լռության: Պլուտարքոս Կան, ինչպես երևում է, բաներ, որոնք մեզ, ինչ ինտեսիվությամբ էլ դրանք շարունակ ծրագրենք ու նպատակադրենք, այնուամենայնիվ, հաջողվում են միայն այն դեպքում, երբ մեզ, առանց մեր… Փիլիսոփայություն Գյոթեն որպես նոր գեղագիտության հայր Ռուդոլֆ Շտայներ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄՈՐՖՈԼՈԳԻԱՆ Մեծ անհատականությունների կայացման առեղծվածն իր ուրույն տրամաբանությամբ, մշակութային ժամանակի ելևէջներին թողած իր հետագծերով, աստիճանաբար ուրվագծում է պեղումնաբանական այնպիսի քարտեզներ, որոնք ակամայից դառնում են նոր…