Բնություն
- Գեղեցիկի կատարելության համար անհրաժեշտ է մի ավելի վեհ, այն է` ոգեղեն տարրի ներկայությունը: Վսեմ, աստվածային գեղեցկությունը, որ կարելի է սիրել առանց անհարկի լալկանության, մարդկային կամքի հետ միասին դրսևորվող գեղեցկությունն է: Գեղեցկություն ասածը Աստծո կնիքն է առաքինության վրա: Գեղեցիկ է ամեն մի բնական արարք: Ամեն մի հերոսական արարք նույնպես վայելուչ է և իր փայլը տարածում է ինչպես տվյալ վայրի, այնպես էլ ներկաների վրա: Մեծագործություններն ուսուցանում են, որ տիեզերքն իր մեջ բնակվող յուրաքանչյուր անհատի սեփականությունն է: Բնությունն ամբողջությամբ ամեն մի բանական արարածի օժիտն է ու ինչքը: Իրենն է` եթե կամենա: Նա կարող է ինքն իրեն զրկել այդ ամենից. կարող է թաքնվել մի անկյունում ու հրաժարվել իր թագավորությունից, ինչպես վարվում են շատ-շատերը` գրեթե բոլոր մարդիկ, այդուհանդերձ, իր կերտվածքի շնորհիվ, հենց մարդ արարածին է տրված բնության գահը:
Աշխարհն իրենն է` իր գործադրած մտքի ու կամքի չափով: «Այն ամենը, հանուն ինչի մարդիկ վարում, կառուցում ու նավարկում են, ենթակա է առաքինությանը», ասել է Սալլուստիոսը5: «Քամիներն ու ալիքները, – ասել է Գիբբոնը, – միշտ սատարում են հմտագույն նավավարներին»6: Ինչպեսև արևն ու լուսինը, երկնքի բոլոր աստղերը: Հաճախ պատահում է, որ վեհանձն գործերը կատարվում են հենց արտառոց գեղեցիկ բնության գրկում. երբ մի ամբողջ օր մեռնում էին Լեոնիդասն7 ու իր երեք հարյուր մարտիրոսները, և Թերմոպիլեի կապանի բարձրաբերձ լեռների արանքից նրանց մի վերջին անգամ տեսնելու եկան նախ արևն, ապա լուսինը, երբ Առնոլդ Վինքելրիդը8 ամպաքեր Ալպերի ձնահյուսերի ներքո սեփական մարմնով փակում էր ավստրիական նիզակների ճանապարհը` մահվան օղակից փրկելով իր ընկերներին, մի՞թե այս հերոսները չեն նվաճել բնապատկերի գեղեցկությունն իրենց արանքների գեղեցկությանը հավելելու իրավունքը: Ահա Կոլումբոսի առագաստանավը մոտեցել է Ամերիկային, ափն արդեն երիզված է իրենց եղեգաշեն հյուղերից դուրս թափված բնիկների բազմությամբ, հետևում ծովն է, շուրջը` Վեստ Ինդյան արխիպելագի մանուշակագույն լեռները. մի՞թե կարելի է այդ մարդուն առանձնացնել կենդանի բնապատկերից: Մի՞թե Նոր Աշխարհին հարմար չեկավ արմավենու պուրակների ու սավաննաների հանդերձանքը: Բնական գեղեցկությունը միշտ օդի պես թափանցում է ամենուր` պարուրելով բոլոր մեծագործությունները: Երբ սըր Հարրի Վեյնին9 սայլի վրա նստած բարձրացրին Թաուերի բլրի գագաթը` մահապատժի ենթարկելու որպես անգլիական օրենքների նախամարտիկի, հոծ ամբոխից մեկը բղավեց. «Բազմածդ տեղը երբեք այդքան փառապանծ չի եղել»: Չարլզ Երկրորդը, Լոնդոնի բնակիչներին ահաբեկելու նպատակով, հրամայել էր հայրենասեր լորդ Ռասելին10 կառափնարան տանել բաց կառքով` քաղաքի կենտրոնական փողոցներով: «Սակայն, – գրել է նրա կենսագիրը, – ամբոխին թվում էր, թե նրա հետ միասին կառքում նստած էին ազատությունն ու առաքինությունը»: Մեկուսի վայրերում, խղճուկ իրերի շրջապատում, ճշմարիտ կամ հերոսական արարքն ասես անմիջապես դեպի իրեն է ձգում երկինքը` որպես տաճար, և արևը` որպես անմար մոմ: Բնությունը տարածում է իր թևերը և պատրաստ է իր գիրկն առնելու մարդուն` գեթ վերջինիս մտքերը պակաս վեհ չլինեն: Բնությունը սիրով գնում է մարդու հետքերով, վարդ ու մանուշակ բերելով իր հետ, իր ամբողջ պերճանքն ու շուքը ի սպաս դնելով սիրասուն զավակին: Գեթ մարդու մտքերը նույնքան վսեմ լինեն, և կտավն արժանի կլինի շրջանակին:
Առաքինի մարդը ներդաշնակ է բնության բոլոր ստեղծագործություններին և տեսանելի աշխարհի կենտրոնական դեմքն է: Հոմերոսը, Պինդարեսը, Սոկրատեսը, Ֆոկիոնեսը11 մեր հիշողության մեջ անբաժանելիորեն կապված են Հունաստանի աշխարհագրության և կլիմայի հետ: Տեսանալի երկինքն ու երկիրը կարեկցում են Հիսուսին: Երբ առօրյա կյանքում հանդիպում ենք ուժեղ բնավորության տեր ու երջանկաշնորհ մարդու, նկատում ենք, թե որքան դյուրին է նրա համար շրջապատին ներդաշնակելը. շրջապատի մարդիկ, տեսակետները, օրը, նաև բնությունը ծառայում են մարդուն:
- Աշխարհի գեղեցկության նկատմամբ գոյություն ունի մեկ այլ տեսակետ, այն է` երբ գեղեցկությունը դառնում է մտածողության առարկա: Ամեն ինչ աշխարհում կապ ունի ոչ միայն առաքինության, այլև մտածողության հետ: Մտածողությունը որոնում է իրերի բացարձակ կարգը, այն, ինչ մտահղացել է Տերը` առանց կողմնակալ երանգների: Մտածելու և գործելու կարողությունները, երևի թե, հաջորդում են միմյանց, և դրանցից մեկի բացառիկ ակտիվությունը պատճառ է դառնում մյուսի բացառիկ ակտիվության: Փոխադարձ անբարյացկամություն կա այդ կարողությունների միջև, դա, սակայն, նման է բանող անասուններին կերակրելու ու աշխատացնելու հաջորդականությանը, որ փոխադարձաբար նախապատրաստում ու հաջորդում են իրար: Հետևաբար, գեղեցիկը, որ, գործողությունների առնչությամբ, ինչպես տեսանք, առկա է առանց որոնվելու, և առկա է հենց որոնված չլինելու հետևանքով, մնում է նախ մտածողության, ապաև, իր հերթին` գործելու կարողության գնահատման ու ուսումնասիրման առարկա:
Աստվածայինը երբեք չի մեռնում: Ամենայն բարին հավերժ վերարտադրելի է: Բնության գեղեցկությունը մտածողության մեջ նորովի է կերպավորվում` և ոչ թե ամուլ հայեցողության, այլ նոր արարման նպատակով:
Աշխարհի դեմքն այս կամ այն չափով տպավորում է բոլոր մարդկանց, ոմանց` անգամ հրճվանք պառճառելու չափ: Գեղեցիկի նկատմամբ այս սերը կոչվում է Ճաշակ: Ոմանց մեջ այդ սերն այնքան շատ է, որ չբավարարվելով հիացական հայեցողությամբ, նրանք փորձում են նոր մարմնավորումներ տալ դրան: Գեղեցիկի արարումը կոչվում է Արվեստ:
Արվեստի գործի ստեղծումը լույս է սփռում մարդկության խորհրդի վրա: Արվեստի ցանկացած ստեղծագործություն աշխարհի համառոտ ամփոփումն է կամ սեղմագիրը: Բնության մանրակերտ արդյունքը կամ դրսևորումը: Քանզի, թեև բնության ստեղծագործություններն անհամար են ու տարբեր, դրանց բոլորի արդյունքը կամ դրսևորումը նույնական է ու միասնական: Բնությունը նույնարմատ և անգամ միակերպ ձևերի օվկիանոս է: Տերևն ու արևի շողը, բնապատկերն ու օվկիանոսը նույնանման տպավորություն են թողնում մտքի վրա: Գեղեցկությունն այն է, ինչ ընդհանուր է բոլորի համար, այսինքն` կատարելությունն ու ներդաշնակությունը: Գեղեցիկի չափանիշը բնական ձևերի ողջ շրջապտույտն է, բնության համընդհանրությունը, այն, ինչը նկատի են ունեցել իտալացիք, բնությունը բնորոշելով որպես «il piu` nell’ uno» («բազումքը` մեկում»): Ոչինչ իսկապես գեղեցիկ չէ առանձին վերցրած, ամեն բան գեղեցիկ է միայն ամբողջության մեջ: Առանձին առարկան գեղեցիկ է սոսկ այնքանով, որքանով իր մեջ կրում է այդ համընդհանուր գեղեցկությունը:
Բանաստեղծը, նկարիչն ու քանդակագործը, երաժիշտն ու ճարտարապետը ջանում են ի մի բերել այս լուսաճառագ աշխարհը, և նրանցից յուրաքանչյուրն իր ստեղծագործություններով փափագում է բավա- րարել սերն առ գեղեցիկը, այն սերը, որ ստեղծագործելու է մղել իրեն: Արվեստն, ահավասիկ, մարդու երևակայության միջով անցած բնությունն է: Արվեստում, ահավասիկ, Բնությունը արարում է նախկինում իր իսկ արարածի գեղեցկությամբ լի մարդու կամքի միջոցով: