Բնություն
Այսպիսով, բնությունը հոգու համար է` գեղեցիկի ծարավը բավարարելու համար: Սա եմ ես համարում բնության գերագույն նպատակը: Չի կարելի որևէ պատճառ կամ նախապայման որոնել գեղեցիկի նկատմամբ հոգու ծարավի համար: Ամենալայն ու համընդգրկուն առումով, գեղեցիկը տիեզերքի մի դրսևորումն է: Աստված ամենագութն է: Ճշմարիտը, բարին ու գեղեցիկը միևնույն Ամբողջի տարբեր դեմքերն են սոսկ: Գեղեցիկը, սակայն, միայն բնության մեջ դրսևորվելով չի սահմանափակվում: Բնության գեղեցկությունը մունետիկն է ներքին, հավերժական գեղեցկության և առանձին վերցրած կայուն ու բավարարում բերող բարիք չէ: Այն պետք է ընկալվի որպես ամբողջի մի մաս, և ոչ թե Բնության վերջնական նպատակի ավարտուն կամ բարձրագույն դրսևորում:
ԼԵԶՈՒ
4
Բնության կողմից մարդուն ի սպաս տրված երրորդ օգտակար հավելվածը լեզուն է: Բնությունը մտքի շարժիչն է` պարզ, երկաստիճան և եռաստիճան շարժիչը:
- Բառերը բնության փաստերի նշաններն են:
- Առանձին բնական փաստերը առանձին հոգևոր փաստերի խորհրդանիշներն են:
- Բնությունը ոգու խորհրդանիշն է:
- Բառերը բնության փաստերի նշաններն են: Բնական պատմությունն օգնում է մեզ գերբնական պատմության ոլորտներում, իսկ արտաքին արարումը մեզ տալիս է լեզու` ներքին արարման իրողություններն ու փոփոխություններն արտահայտելու համար: Բարոյական կամ մտավոր փաստերը արտահայտող բոլոր բառերը, եթե վերադառնանք դրանց արմատներին, փոխառված են նյութական դրսևորում ունեցող երևույթներից: Ճիշտ` ասել է թե ուղիղ, սխալ` ծուռումուռ: Ոգին նախևառաջ նշանակում է քամի, ոտնահարել` հատել սահմանագիծը, մեծամտանալ` ունքերը վեր բարձրացնել: Զգացմունքն արտահայտելու համար ասում ենք սիրտ, միտքը նշելու համար` գլուխ: իսկ միտքն ու զգացմունքն էլ զգայական աշխարհից փոխառված բառեր են, որ ներկայումս համապատասխանում են ոգեղեն բնույթի իրողություններին: Այս փոխակերպումներին հանգեցրած գործընթացները հիմնականում մնացել են մշուշապատ անցյալում, այն հեռավոր ժամանակներում, երբ ձևավորվում էր լեզուն. նույն միտումը, սակայն, այսօր էլ դիտվում է երեխաների մտածողության մեջ: Երեխաները, նաև վայրենիները գործածում են միայն գոյականներ կամ իրերի անվանումներ, դրանք են վերածում բայերի` բնորոշելու համար համապատասխան մտավոր գործողությունները:
- Սակայն ոգեղեն աշխարհը ներկայացնող բոլոր բառերի նման ծագումը, որ ինքնին նշանակալի փաստ է լեզվի պատմության մեջ, նվազագույնն է այն ամենից, ինչի համար պարտական ենք բնությանը: Խորհրդանշակիր են ոչ միայն բառերը. բուն իրերն են խորհրդանշակիր: Յուրաքանչյուր բնական փաստ որևէ ոգեղեն փաստի խորհրդանիշն է: Բնության ցանկացած երևույթ համապատասխանում է որոշակի հոգեվիճակի, և այդ հոգեվիճակը նկարագրելի է միմիայն բնության այդ երևույթը` որպես հոգեվիճակի պատկեր, ներկայացնելով: Կատաղած մարդն առյուծ է, խորամանկ մարդը` աղվես, անսասան մարդը ժայռ է, կրթվածը` ջահ: Գառն անմեղություն է, օձն` աննկատ քեն, ծաղիկները` նուրբ սիրո արտահայտություն: Լույսն ու խավարը գիտելիքի ու տգիտության արդեն լայնորեն ընդունված խորհրդանիշներն են, ջերմությունը` սիրո: Մեր առջև և ետևում ընկած տեսանելի հեռավորությունը համապատասխանաբար հիշողության և հույսի մեր պատկերացումն է:
Կարո՞ղ է արդյոք մարդ իր խորհրդածության ժամին նայել գետին ու չհիշել, որ ամեն բան հարափոփոխ է: Մի քար նետեք հոսանքի մեջ, և տարածվող օղակ- ները սքանչելիորեն կցուցադրեն ազդեցության բոլոր կերպերը: Մարդը գիտակցում է համընդհանուր հոգու ներկայությունը սեփական կյանքում կամ դրա ետևում, ուր, ինչպես աստղերը երկնակամարում, երևում ու փայլում են Արդարության, Ճշմարտության, Սիրո և Ազատության էությունները: Համընդհանուր այդ ոգին նա անվանում է Բանականություն, որ ոչ իմն է, ոչ քոնը կամ նրանը. մենք ենք դրանը` դրա սեփականությունն ու դրա մարդիկ: Եվ կապույտ երկինքը, որ իր մեջ պարուրում-թաղում է մեկուսի այս հողը, այդ երկինքն իր անհատնում հանգստությամբ, իր անհամար ու հավերժ լուսատուներով Բանականության մի կերպ է: Այն, ինչը մտավոր իմաստավորման դեպքում անվանում ենք Բանականություն, բնության հետ հարաբերակցության պարագայում` կոչում ենք Ոգի: Ոգին Արարիչն է: Ոգին կյանք է կրում իր մեջ: Բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում մարդն իր լեզվում այն մարմնավորում է որպես ՀԱՅՐ:
Հեշտ է տեսնել, որ ոչինչ պատահական կամ քմայական չէ այս զուգահեռներում, հակառակը` դրանք մշտական են և դրանցով ներթափանցված է ողջ բնությունը: Դրանք աշխարհի տարբեր մասերում ապրող սակավաթիվ բանաստեղծների անուրջներ չեն. պարզապես մարդն իր բնույթով զուգահեռներ է որոնում և ամենուր հարազատություն է հայտնաբերում: Նա գտնվում է ամենայն գոյի կենտրոնում, և բոլոր մնացած գոյերը հարազատության թելերով կապված են նրա հետ: Եվ ոչ մարդուն է հնարավոր հասկանալ առանց այդ գոյերի, ոչ էլ այդ գոյերն` առանց մարդու: Բնական պատմության ցանկացած փաստ ինքնին անարժեք է, անպտուղ` ինչպես առանձին սեռը: Մինչդեռ, «ամուսնանալով» մարդկային պատմության հետ, այն լցվում է կյանքով:
Բուսականության ամբողջական նկարագրությունները, Լիննեյի ու Բյուֆոնի բազմահատոր աշխատությունները սոսկ փաստերի ժողովածուներ են. մինչդեռ, այդ փաստերից ամենասովորականն անգամ, որևէ բույսի առանձին հատկանիշը, նրա մեկ հատիկ օրգանը, կամ դրա գործունեությունը, կամ միջատի հարուցած աղմուկը` որպես ինտելեկտուալ փիլիսոփայության փաստի պարզաբանում կամ մարդկային բնույթին որևէ ձևով առնչվող անդրադարձ, կենսառատ ու ցանկալի նշանակություն է ձեռք բերում մեզ համար: Բույսի սերմն, օրինակ. աննշան այդ պտուղը կարող է մարդկային բնույթի հետ ազդեցիկ զուգահեռների հանգեցնել ցանկացած բնույթի խորհրդածություններում` ընդհուպ մինչև Պողոս Առաքյալի քարոզը, որ սերմ է կոչում մարդկային մարմինը. «Սերմվում է շնչավոր մարմին, և հարություն է առնում հոգևոր մարմին»12: Երկրի պտույտն իր առանցքի ու արեգակի շուրջը ծնում է օրն ու տարին: Սրանք, կոպիտ ասած, սոսկ լույսի ու ջերմության որոշակի քանակությունների արդյունք են: Այդուհանդերձ, արդյո՞ք նմանության միտում չկա մարդկային կյանքի ու տարվա եղանակների միջև: Եվ արդյո՞ք այդ նմանությունը վեհություն ու պաթոս չի հաղորդում տարվա եղանակներին: Մրջյունի բնազդներն աննշան մանրուք են, քանի դեռ խոսքը սոսկ մրջյունի մասին է. բավական է, սակայն, որ տեսանելի դառնա մրջյունից մարդուն հասնող հարաբերակցության ճառագայթը, և օրնիբուն բանող այդ ստրուկը վերածվի ուսուցչի, զորեղ սիրտ կրող պստիկ մարմնի, որպեսզի նրա ողջ վարքագիծը, անգամ այն, որ նա երբեք չի քնում (ասում են, թե վերջերս են հայտնաբերել), վսեմ ու վեհ երանգ ստանա:
Տեսանելի առարկաների ու մարդկային մտքերի այս արմատական համապատասխանության բերումով, վայրենիները, որ ունեն միայն ամենաանհրաժեշտը, հաղորդակցվում են պատկերների միջոցով: Որքան ավելի ենք խորանում պատմության մեջ, այնքան ավելի պատկերավոր է դառնում լեզուն, իսկ երբ հասնում ենք լեզվի «մանկության» ժամանակաշրջանին, այն ամբողջովին պոեզիա է. այլ կերպ ասած, ոգեղեն բոլոր փաստերը ներկայացված էին բնական խորհրդանիշներով: Պարզվում է, որ բոլոր լեզուների հիմքում ընկած են միևնույն խորհրդանիշները: Ավելին, ակնհայտ է դառնում, որ բոլոր լեզուներում դարձվածքային (իդիոմատիկ) արտահայտությունները խիստ նման են, երբ խոսքն առավել պերճ է ու ազդեցիկ: Եվ քանի որ նախնական լեզուն է դա, ուստի նաև վերջնականն է: Լեզվի այս անմիջական պայմանավորվածությունը բնությամբ, արտաքին երևույթի այսօրինակ փոխակերպումը մարդկային կյանքում տեղ զբաղեցնող կերպի, երբեք չի կորցնելու ներգործության իր ուժը: Սա է, որ առանձնահատուկ հրապույր է տալիս ու հաճույք է պատճառում հողին կապված գյուղացու կամ անտառաբնակ մարդու խոսքում: