Բնություն
«Կարո՞ղ են լինել այսպիսի բաներ
Եվ ամառային մի ամպի նման պոռթկալ մեզ վրա
Եվ մեզ չապշեցնել»:13
Քանզի այդ պահերին տիեզերքը թափանցիկ է դառնում ու լուսավորվում իր օրենքներից ավելի բարձր ու վեհ օրենքներով: Դա մի մշտառկա հիմնախնդիր է, որ աշխարհի ստեղծումից ի վեր հրապուրել ու զբաղեցրել է բոլոր ճշմարիտ հանճարներին` եգիպտացիների ու բրահմանների դարաշրջանից մինչև Պյութագորեսի ու Պլատոնի, Բեյքընի ու Լայբնիցի, Սվեդենբորգի ժամանակները: Ճամփեզ- րին նստած Սֆինքսի կողքով դարեր ի վեր եկող ու անցնող մարգարեներից յուրաքանչյուրը փորձության ենթարկելով իր ճակատագիրը փորձել է հասկանալ նրա առեղծվածը: Ոգին, երևի թե, նյութական կերպավորման անհրաժեշտություն է զգում. օրն ու գիշերը, գետն ու փոթորիկը, գազանն ու թռչունը, թթուն ու ալկալին անհրաժեշտ Գաղափարների տեսքով նախապես գոյություն են ունեցել Աստծո մտքում, և դարձել են այն, ինչ որ կան` շնորհիվ ոգեղեն աշխարհում տեղի ունեցող խմորումների: Ցանկացած իրողություն ոգու իրականացած նպատակն է կամ վերջնական դրսևորումը: Տեսանելի արարումն անտեսանելի աշխարհի վերջնանպատակն է կամ արտաքին հանդերձանքը: Ֆրանսիացի մի փիլիսոփա ասել է. «Նյութական օբյեկտներն անհրաժեշտաբար հանդիսանում են Արարչի էույթային մտքերի յուրատեսակ scoriae-ն14, և պետք է միշտ պահպանեն ճշգրիտ վերաբերմունքն իրենց նախակունքի նկատմամբ. այլ կերպ ասած, տեսանելի բնությունը պետք է հոգևոր ու բարոյական կողմ ունենա»15:
Նման մոտեցումը բավական խրթին է, ու թեև «հանդերձանք», «թափոններ», «հայելի» հասկացությունները կարող են խթանել մեր երևակայությունը, պարզություն մտցնելու համար ստիպված ենք դիմել ավելի նուրբ, ավելի կենսունակ ցուցիչների օգնությանը: «Ամեն մի գրվածք հարկ է մեկնաբանել նույն ոգով, որը ծնել է այն», ասում է քննադատության հիմնական կանոնը: Բնությանը ներդաշնակ կյանքը, ճշմարտասիրությունն ու առաքինասիրությունն են տեսանելի ու հասկանալի դարձնում բնության արարած տեքստը: Հանգրվան առ հանգրվան կարող ենք ճանաչել բնության մշտական երևույթների սկզբնիմաստը, և բնությունը բաց գիրք կդառնա մեզ համար, ու բոլոր կերպերը կիմաստավորվեն իրենց թաքուն կյանքով ու վերջնական նպատակով:
Այս տեսանկյունից բնության երևույթների ահազդու ծավալն ու բազմակերպությունը դիտարկելիս, համակվում ենք նորահայտ հետաքրքրությամբ, քանզի «ճիշտ տեսած ամեն մի երևույթ հոգու մի նոր ունակություն է բացահայտում»: Այն, ինչը սոսկ չգիտակցված ճշմարտություն էր, բնության ստեղծագործության մեջ իր բացատրությունն ու որոշակի դրսևորումը ստանալուց անմիջապես հետո վերածվում է գիտելիքի` համալրելով այդ հզոր զինանոցը:
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ
5
Գիտակցելով բնության նշանակալիությունը, անմիջապես հանգում ենք մի նոր իրողության. բնությունը գիտության առարկա է: Նման մոտեցումը ներառում է բոլոր նախորդ մոտեցումները` որպես բաղկացուցիչներ:
Տարածությունը, ժամանակը, հասարակությունը, աշխատանքը, կլիման, սնունդը, տեղից տեղ շարժվելը, կենդանիները, մեխանիկական ուժերն օր-օրի անգնահատելի դասեր են տալիս մեզ, դասեր, որոնց նշանակությունն անսահման է: Նրանք կրթում են թե՛ Հասկացողությունը և թե՛ Բանականությունը: Հասկացողության իսկական դպրոց է մատերիայի հատկանիշներից յուրաքանչյուրը. խտությունը կամ դիմադրողականությունը, իներցիան, ընդարձակվելու ունակությունը, արտաքին տեսքը, բաժանելիությունը: Հասկացողությունը գումարում, բաժանում, համադրում ու չափում է, ավյուն ու գործունեության ասպարեզ է գտնում այս արժանի ոլորտում: Մինչդեռ, Բանականությունն այդ բոլոր դասերը փոխադրում է մտածողության իր աշխարհը` բացահայտելով ու գիտակցելով այն նմանությունը, որ միապսակ է դարձնում Մատերիան ու Ոգին:
- Բնությունը մի գիտություն է, որ գործ ունի ինտելեկտուալ ճշմարտություններին վերաբերող հարցերի ըմբռնման հետ: Զգայականորեն ճանաչելի առարկաների ու երևույթների հետ գործ ունենալը անհրաժեշտ դասերի մի անվերջ ուսումնառություն է, դասեր, որ մեզ համար տեսանելի են դարձնում տարբերությունը, նմանությունը, կարգուկանոնը, էականն ու թվացյալը, աստիճանական կարգավորումը, մասնավորից դեպի ընդհանուրը տանող վերելքը, բազմազան ուժերի միավորումը` հանուն միասնական նպատակի: Ստեղծվելիք օրգանի հույժ կարևորությամբ է պայմանավորված այն զգուշավորությունն ու խնամքը, որոնցով տարվում է այդ ուսուցումը և որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Ի˜նչ տաղտկալի ու համառ աշխատանք է հարկավոր` օրեցօր, տարեց-տարի, երբեք չդադարող` առողջ բանականություն ձևավորելու համար. անդադար կրկնվող նեղություններ, վրդովմունք, երկընտրանքներ, չնչին մարդկանց շարունակական հրճվանք, սակարկություններ, շահադիտական հաշվարկներ: Եվ այդ ամենը` ձևավորելու համար Մտքի ու Հոգու Աջը, ուսուցանելու համար մեզ, որ «չիրագործված բարի մտադրություններն ավելին չեն, քան քաղցր անուրջներ»:16 Նույն բարեմիտ առաքելությունն են կատարում Սեփականությունն ու վերջինիս որդիական համակարգեր հանդիսացող պարտքն ու վարկը: Պարտքը, հոգեմաշ այն պարտքը, որի երկաթի պես անկիրք դեմքը վախ ու ատելություն է ներշնչում այրիներին ու որբերին, հանճարների զավակներին. այն պարտքը, որի վրա այդքան ժամանակ ենք վատնում, որն իր պարտադրած աննշան ու հասարակ թվացող անհրաժեշտությամբ այլանդակում ու արյունաքամ է անում վեհ ոգին, այդ պարտքն ահա այն ուսուցիչն է, որի տված դասերը երբեք չեն մոռացվելու, և այն առավել անհրաժեշտ է նրանց համար, ում առավելագույնս է տանջում: Ավելին, սեփականությունը, որ հաջողությամբ համեմատվել է ձյան հետ` «այսօր նման է հարթ սավանի, իսկ վաղը քամին այն կվերածի ձնակույտերի», ներքին մեխանիզմի աշխատանքի արտաքին դրսևորումն է, ինչպես սլաքները ժամացույցի թվատախտակի վրա: Եթե ներկայումս այն սոսկ մարմնամարզություն է հասկացողության համար, ապա ոգեղենին վերաբերող հեռանկարում այն փորձառություն է կուտակում` ավելի հիմնավոր օրինաչափությունների ըմբռնման համար:
Հասկացողության կուլտուրայի նվազագույն իսկ պակասը` օրինակ, տարբերություններն ընկալելու առումով, բացասաբար է անդրադառնում անհատի ողջ խառնվածքի, նրա ճակատագրի վրա: Տիեզերքն ու Ժամանակն են կոչված հասկացնելու մարդուն, որ իրերի դրվածքն աշխարհում խառնաշփոթ ու տարերային չէ, այստեղ ամեն բան անջատ է ու անհատական: Տարբեր գործածություններ ունեն զանգն ու խոփը, և մեկը մյուսին փոխարինել չի կարող: Ջուրը խմելու համար է պիտանի, ածուխը` վառելու, բուրդը` մանելու, ուստի` անհնար է խմել բուրդը, մանել ջուրը կամ ուտել ածուխը: Խելամիտ մարդը կարողանում է տարանջատել ու աստիճանակարգել, և իրողությունների ու չափումների նրա սանդղակը նույնքան ընգրկուն է, որքան ինքը` բնությունը: Նեղմիտ մարդու նշված սանդղակը նեղ է. նրա կարծիքով ամեն մի մարդ նման է ցանկացած այլ մարդու: Ըստ նրա, ինչը լավը չէ` վատթարն է, ինչն ատելի չէ` լավագույնն է: