Բնություն
Այստեղ է, որ առանձնահատուկ ուժով ենք գիտակցում Բնության միասնությունը` բազմազանությունների այն միասնությունը, որին բախվում ենք ամեն քայլափոխի: Իրերն, իրենց անսահման բազմազանությամբ հանդերձ, նույնական տպավորություն են թողնում: Ծերունազարդ Քսենոփանեսը22 տրտնջում էր, թե շուրջն ամեն բան ձգտում է անհապաղ վերադառնալ Միասնությանը: Նա հոգնել էր կերպերի տաղտկալի բազմազանության մեջ նույն էությունը անընդհատ տեսնելուց: Պրոթեոսի առասպելը խորը ճշմարտություն է պարունակում: Տերևը, կաթիլը, բյուրեղը, ժամանակի ակնթարթը մաս են կազմում ամբողջին ու մասնակիցն են այդ ամբողջի կատարելության: Յուրաքանչյուր մասնիկ մանրակերտ տիեզերք է և արժանահավատորեն վկայում է աշխարհի միակերպության մասին:
Նմանություններն առկա են ոչ միայն այնտեղ, ուր դրանք գրեթե ակնհայտ են, ասենք, երբ բրածո թեփամորթի լողաթևում տեսնում ենք մարդկային ձեռքի կազմվածքը, այլև այնտեղ, ուր արտաքին նմանությունն իսպառ բացակայում է: Այսպես, տիկին դե Ստալը և Գյոթեն ճարտարապետությունն անվանում են «քարացած երաժշտություն»:23 Վիտրուվիոսը24 համարում էր, որ ճարտապետը պետք է երաժիշտ լինի: «Գոթական տաճարը, – ասել է Քոլրիջը,25 – քարակերտ կրոն է»: Միքելանջելոն պնդում էր, որ կազմախոսության (անատոմիայի) իմացությունը ճարտարապետի համար պարտադիր է: Հայդնի օրատորիաներում հնչյունները մեր երևակայությանը ներկայացնում են ոչ միայն շարժումը` ասենք, օձի, եղջերուի կամ փղի, այլև` գույները` ասենք, կանաչ խոտը: Ձայների ներդաշնակության օրենքը դրսևորում է գտնում նաև գույների ներդաշնակության մեջ: Գրանիտն իր օրենքներով իրեն մաշող գետից տարբերվում է սոսկ ավելի կամ պակաս ջերմությամբ: Հոսող գետը նման է իր վրա սավառնող օդին, օդը նման է իր միջով ավելի նուրբ հոսանքով թափանցող լույսին, լույսը նման է իր հետ միասին Տիեզերքում տարածվող ջերմությանը: Յուրաքանչյուր արարած մեկ ուրիշի վերափոխված տեսակն է, դրանց նմանություններն ավելի շատ են, քան տարբերությունները, և բոլորը երթարկվում են նույն հիմնական օրենքին: Արվեստներից մեկում գործող կանոնը, կամ կազմակերպման ձևերից մեկում գործող օրենքը տարածվում է ողջ բնության վրա:
Այդ միասնությունն այնքան սերտ է, որ, ինչը դժվար չէ տեսնել, ընկած է Բնության ամենապարզ երևույթների հիմքում` բացահայտելով, որ սերում է Համընդհանուր Ոգուց: Քանզի ներթափանցում է նաև Մտածողության ոլորտը: Խոսքերով արտահայտված ցանկացած համընդհանուր ճշմարտություն ներա- կայում կամ ենթադրում է ցանկացած այլ ճշմարտու- թյուն: Omne verum vero consonant:26 Այն նման է գնդի վրա գծված մեծ շրջանի, որ ընդգրկում է բոլոր հնարավոր շրջանները, թեև այս վերջիններս նույնպես կարող են գծվել ու ընդգրկել առաջինը: Նման ճշմարտություններից յուրաքանչյուրը բացարձակ նպատակ է` եթե դիտվում է սոսկ մի կողմից: Մինչդեռ ճշմարտությունն ունի անհամար կողմեր:
Բնության վերոհիշյալ առանցքային Միասնությունն է՛լ ավելի ցայտուն է դրսևորվում գործողություններում: Բառերն անվերջ մտքի վերջավոր օրգաններն են: Դրանք չեն կարող հաղորդել ճշմարտության բոլոր չափումները: Բառերը կոտրում, մասնատում ու աղքատացնում են այն: Իսկ գործողությունը մտքի համալրումն ու հրապարակային դրսևորումն է: Ճիշտ գործողությունն ասես հագեցնում է աչքդ, ու այն, կարծես թե, վերաբերում է ամբողջ բնությանը: «Իմաստուն մարդու որևէ գործողություն ընդգրկում է բոլոր գործողությունները, այլ կերպ ասած` ճիշտ կատարելով որևէ գործողություն, նա հասկանում է բոլոր ճիշտ գործողությունների նմանությունը»:27
Բառերն ու գործողությունները վայրի բնությանը չեն պատկանում: Դրանք մեզ են ներկայացնում մարդու տեսակը, որի համեմատությամբ բոլոր մյուս տեսակները շատ ավելի ցածր մակարդակի վրա են: Ու երբ մարդը հայտնվում է այդ բազմաբնույթ միջավայրում, ոգին նրան է գերադասում: Ոգին ասում է. «Այս տեսակից եմ հրճվանք ու իմացություն քաղում, այս տեսակի մեջ եմ գտել ու տեսել ինքս ինձ, սրա հետ կարող եմ խոսել ու պատասխան ստանալ, սա է ունակ ինձ հաղորդելու արդեն ձևավորված ու կենդանի միտք»: Իսկապես, աչքը, ասել է թե` միտքը, միշտ որպես ուղեկից ունի այս տեսակը` արու և էգ, որոնք աներկբայորեն հարստագույն տեղեկություններն են իրերի բուն էության հիմքում ընկած զորության ու կարգի մասին: Դժբախտաբար, նրանցից յուրաքանչյուրը, կարծես թե, ինչ-որ վերքի սպիեր է կրում. վնասված է ու, առաջին հայացքից, արատավոր:
Այդուհանդերձ, խիստ տարբերվելով իրենց շրջապատող խուլ ու համր բնությունից, նրանք ներկայանում են որպես մտածողության ու առաքինության անհատակ ծովից ժայթքող շատրվաններ, այն ծովից, ուր մուտքը միայն նրանց է արտոնված:
Մեր դաստիարակության գործում նրանց խաղացած դերի մեջ խորանալը խիստ ուշագրավ կլիներ, թեև նման քննախուզությունը կարող էր շատ հեռուն գնալ: Ինչպես պատանեկության, այնպես էլ հասուն տարիներին մենք մտերիտ հարաբերությունների մեջ ենք որոշ ընկերների հետ, ովքեր, ինչպես երկինքն ու ջուրը, գոյակցում են մեր մտքերին ու զգացմունքներին, ովքեր, անսալով սեփական հոգու որոշակի մղումներին, բավարարում են մեր համապատասխան ցանկությունները, և ում ուժ չենք գտնում այնքան հեռացնելու մեզանից, որպեսզի կարողանանք գոնե տեսնել նրանց թերությունները (էլ չեմ խոսում դրանք վերացնելու մասին): Այլընտրանք չունենք. պիտի սիրենք նրանց: Երբ տևական շփումը որևէ ընկերոջ հետ ճշմարիտ ազնվության օրինակ է դառնում մեզ համար ու բազմապատկում մեր հավատը ամենաբարձրյալի իմաստնության հանդեպ, որ մեզ ուղարկել է մեր իդեալը գերազանցող իրական անձնավորություն, երբ վերջինս, դեռ ավելին, դառնում է խորհրդածության առարկա, ու, թեև նրա խառնվածքը պահպանում է ենթագիտակցականորեն մեր վրա ներգործելու ունակությունը, մեզ համար նա մարմնավորում է անսասան ու ցանկալի իմաստնությունը. այս ամենը նշանակում է, որ նրա առաքելությունը մոտենում է իր ավարտին և նա շուտով պարզապես անհետանալու է մեր տեսադաշտից:
ԻԴԵԱԼԻԶՄ
6
Այսպես է ահա աշխարհի աննկարագրելի, սակայն դյուրըմբռնելի ու գործնականում կիրառելի իմաստը զգայականորեն ընկալվող ամեն մի առարկայի կամ երևույթի հետ միասին փոխանցվում մարդուն` այդ հավերժ աշակերտին: Գիտության այս միասնական նպատակին են ծառայում բնության բոլոր բաղկացուցիչները:
Անընդհատ գլուխ է բարձրացնում մի ազնիվ կասկած. արդյո՞ք հենց դա չէ Տիեզերքի Վերջնական Կոչումը, արդյո՞ք բնությունն ունի արտաքին, ինքնին գոյություն: Այն, որ Աստված կրթում է մարդկային միտքն ու հոգին, դրանով իսկ մարդուն հասցեատերը դարձնելով այն որոշակի համանշանակ զգացողությունների, որոնց արև ու լուսին, այր ու կին, տուն ու արհեստ ենք անվանում, բավարար է արդարացնելու համար Աշխարհ կոչվող Պատրանքի գոյությունը: Քանի որ բացարձակապես անկարող եմ ստուգել զգացողություններիս իսկությունը, անկարող եմ պարզել այդ զգացողությունների թողած տպավորության համապատասխանությունը արտաքին առարկաներին ու երևույթներին, ապա ի՞նչ տարբերություն, Օրիոնն իրոք գոյություն ունի երկնքում, թե՞ այն սոսկ ամենակարող աստծու ձեռքով հոգուս երկնակամարում ստեղծված պատկեր է: Քանի որ անփոփոխ են բաղկացուցիչների փոխհարաբերությունները և ամբողջի վերջնական նպատակը, ապա ի՞նչ տարբերություն, փոխազդեցության մե՞ջ են թե ոչ ցամաքն ու ծովը, և արդյո՞ք անթիվ-անհամար աշխարհներն անվերջ շրջապտույտի մեջ միախառնվում են իրար` համայն տիեզերքում անդունդին հետևում է մեկ այլ անդունդ, համաս- տեղությունը հավասարակշռվում է մեկ այլ համաստեղությամբ, թե՞ այդ ամենը, ժամանակի ու տարածության փոխհարաբերություններից անկախ, դրոշմված է մարդ արարածի անսասան հավատի մեջ: