Ռուբիկոն

Բնություն

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Բամբասվելուդ մեջ վարքդ մեղք չունի,

Բամբասանքը միշտ լավին է զարկում,

Չարը` պտտվում գլխին սիրունի,

Ինչպես ագռավը` անամպ երկնքում:28

Նրա կիրքը դիպվածի ծնունդ չէ. խոսքին համընթաց այն վարարում է` ողողելով ամբողջ քաղաքը, համայն երկիրը.

Դիպվածից չի˜ ծնվել նա կամ իրերի բերումից,-

Եվ ոչ ստրու՛կն եղել քաղցր-մեղցր պերճանքի,

Ոչ զոհը` խե˜ղճ ու կրակ ստրկացնող ցասումի,

Որոնց նորու˜յթ է կոչում դարն այս փորձ ու փորձանքի:

Քաղաքական այլախոհ աղանդներին անտարբեր,-

Որոնք իր գույնն են փոխում ամեն ժամ ու վայրկյանում,-

Մի կողմ քաշված, ինքնիշխան, իմաստությամբ աներեր,

Նա ոչ փթթում է տաքից, ոչ հեղեղից կործանվում:29

Զգացմունքի ուժգնության ու հարատևության կողքին

Բուրգերն անգամ նորաստեղծ ու անցողիկ են թվում:

Արշալույսի պես լուսավոր պարմանիական

անարատությունն ու սերը կուրացնում են նրան.

Հեռացրեք ինձնից այս շուրթերը,

Որ քաղցրալուր են ու երդմնազանց,

Ու այս աչերը մավի,

Որ ցայգից են գերազանց:30

Մինչ շարունակելն ասեմ, որ գրականության համար դյուրին չի լինելու այս չափազանցության անձեռակերտ գեղեցկությանը հավասարվելը:

Բանաստեղծի կրքի ուժով կատարված նյութական աշխարհի այս փոխակերպումները, մեծը փոքրացնելու ու չնչինը վեհացնելու նրա զորությունը բազմիցս դրսևորվել է նրա թատերագրություններում: Ձեռքիս տակ «Փոթորիկն» է, որից էլ կմեջբերեմ մի քանի տող:

Հաստատակառույց հրվանդանները հիմքից շարժեցի,

Նոճին ու սոճին տակից պոկեցի…31

Պրոսպերոն կանչում է երաժիշտներին, որպեսզի խաղաղեցնի մոլեգնած

Ալոնսոյին ու նրա ուղեկիցներին.

Թող հանդիսավոր երաժշտություն,

Լավագույն սփոփն անհանգիստ մտքի, բուժե˜ ուղեղդ,

Որ այժմ անօգուտ եռում է գանգումդ:32

Կամ.

Ահա լուծվում է իմ կախարդանքը,

Եվ ինչպես այգը գալիս է գաղտուկ գիշերի վրա,

Հալելով մութը, նույնպես էլ նրանց սթափված ուշքը

Այժմ սկսում է ցրել պղտորող գոլորշիները,

Որոնք պատում են նրանց պարզատես դատողությունը:33

Այս մարդկանց ուշքը սկսում է ուռչել.

Եկող ծփանքը շուտով կլցնե մտքի ծովեզրը, Որ այժմ ցեխոտ և գարշահոտ է:34

Իրադարձությունների իրական նմանությունները տեսնելու ունակությունը (ասել է թե` իդեալական նմանությունները, քանզի միայն դրանք են իրական) բանաստեղծին հնարավորություն է տալիս անկաշկանդորեն դիմելու աշխարհի ամենապատկառազդու ձևերին ու երևույթներին` դրանով իսկ հաստատելով հոգու գերակայությունը:

  1. Եթե բանաստեղծն իր մտքերով շունչ է տալիս բնությանը, ուրեմն փիլիսոփայից տարբերվում է սոսկ նրանով, որ Գեղեցկությունն է դիտում որպես վերջնանպատակ, մինչդեռ փիլիսոփայի վերջնանպատակը Ճշմարտությունն է: Իսկ փիլիսոփան, ինչպեսև բանաստեղծը, դավանում է այն համոզմունքը, որ իրերի առկա դրվածքն ու դրանց փոխհարաբերությունները ստորադաս են մտքի կայսրությանը: «Փիլիսոփայության խնդիրը, – ասել է Պլատոնը, – բոլոր պայմանական գոյությունների անպայման ու բացարձակ հիմքը գտնելն է»: Փիլիսոփայությունը ելնում է այն հավատից, որ կա մի օրենք, որին ենթարկվում են բոլոր երևույթները, և ճանաչելով այդ օրենքը, կկարողանանք կանխատեսել երևույթները: Մտքում խմորվելիս այդ օրենքը վերածվում է գաղափարի: Այն անսահմանորեն գեղեցիկ է: Ճշմարիտ փիլիսոփան ու ճշմարիտ բանաստեղծն անբաժանելի են. երկուսի նպատակն էլ նույնն է` գեղեցկությունը, որ նաև ճշմարտություն է, և ճշմարտությունը, որ նաև գեղեցկություն է: Արդյո՞ք Պլատոնի կամ Արիստոտելի որևէ սահմանում նույնքան սքանչելի չէ, որքան Սոփոկլեսի Անտիգոնեն: Երկու դեպքում էլ բնությունը հոգևոր կյանք է ստանում, երկու դեպքում էլ ներթափանցում է կարձր թվացող նյութի մեջ ու լուծվում է նրանում, երկու դեպքում էլ տկար մարդուս բազմահմուտ հոգին ներթափանցում է բնության անծայրածիր ոլորտները, տեսնում է իր տեղն այդ ներդաշնակության մեջ, ասել է թե` ճանաչում է բնության օրենքը: Երբ դա տեղի է ունենում ֆիզիկայի բնագավառում, հիշողությունը ձերբազատվում է առանձին տեղեկությունների ծանրումեծ ցանկերից և դարերի դիտարկումներն ամփոփում է մեկ միասնական բանաձևում:

Այսպիսով, ֆիզիկայի բնագավառում անգամ նյութականը տեղի է տալիս ոգեղենին: Աստղագետը, երկրաչափը հենվում են սեփական անառարկելի վերլուծությունների վրա` արհամարհելով դիտարկումների արդյունքները: Իր իսկ ստեղծած աղեղների օրենքի մասին ասելով, թե «դրան հակադրվելու է եղած ողջ փորձառությունը, և այդուհանդերձ, այն ճիշտ է», Էյլերն35 արդեն իսկ բնությունը փոխադրում է հոգևորի ոլորտը` նյութականը թողնելով անտեր դիակի կարգավիճակում:

  1. Մտահայեցողական գիտությունը նկատելի անփոփոխությամբ կասկածի տակ է առնում նյութականի գոյությունը: Թյուրգոն36 ասել է. «Նա, ով երբեք կասկածի տակ չի առել նյութականի գոյությունը, կարող է վստահ լինել, որ զուրկ է մետաֆիզիկական մտածողությունից»: Մտահայեցողական գիտության ուշադրության կիզակետում բնության այն անմահ ու անձեռակերտ ստեղծագործություններն են, որոնք անհրաժեշտաբար զուրկ են նյութական կերպավորումից, այսինքն` Գաղափարները, որոնց ներկայությամբ արտաքին պարագաներն ընկալում ենք որպես պատիր տեսիլք կամ հպանցիկ ստվեր: Աստվածների այս Օլիմպոսի շեմին սպասելիս, բնությունն ընկալում ենք որպես հոգու հավելված: Իսկ երբ բարձրանում-մտնում ենք գաղափարների տարածքը, հասկանում ենք, որ դրանք Գերագույն Գոյի մտքերն են: «Ես օծուել եմ յաւիտենից հետէ, ի սկզբանէ երկրիս առաջ գալուցն առաջ: Նա երկինքները պատրաստելիս` ես այնտեղ էի, երբոր նա անդունդների վերայ կամար էր գծում: Երբոր նա պնդացնում էր վերի ամպերը, հաստատում էր անդունդների աղբիւրները: Այն ժամանակ ես նորակշտին ճարտարապետ էի, եւ նորա ուրախությիւնն էի ամեն օր` զուարճանալով նորա առաջին ամեն ժամանակ»:37

Գաղափարների ներգործությունը համամասնական է: Որպես գիտության առարկա դրանք քչերի համար են մատչելի: Այդուհանդերձ, այդ բարձունքը հասանելի է բոլոր` բավականաչափ բարեպաշտ ու մոլեռանդ մարդկանց համար: Եվ աստվածաբնույթ այդ արարումներին դիպչող ամեն ոք ինքն էլ, կարծես թե, աստվածանում է: Ինչպես նոր հոգին է նորացնում մարմինը: Վայելչաշարժ ու աշխույժ ենք դառնում, ոչ թե քայլում, այլ սավառնում ենք օդում, կյանքը դադարում է տաղտուկ լինելուց, ու մեզ թվում է, թե հետայդու երբեք այդպիսին չի լինելու: Դրանց խաղաղ ընկերակցությամբ մարդս դադարում է վախենալ ծերությունից, դժբախտությունից կամ մահից, քանզի նա այլևս անհասանելի է փոփոխությունների համար: Ճանաչելով Արդարության ու Ճշմարտության քողազերծ էությունը, մենք սկսում ենք տարբերակել բացարձակը պայմանականից կամ հարաբերականից: Սկսում ենք ընկալել բացարձակը: Առաջին անգամ զգում ենք, որ գոյություն ունենք: Դառնում ենք անմահ, քանզի հասկանում ենք, որ ժամանակն ու տարածությունը նյութականին բնորոշ հարաբերություններ են, և որ ճշմարտության ճանաչումն ու մաքրաբարո կամքը ազատում են մեզ դրանց ազդեցությունից:

  1. Վերջապես, կրոնն ու բարոյականությունը, որ արդարցիորեն կարող են կոչվել գաղափարների գործածում կամ դրանց կենսագործում, նույն ներգործությունն են ունենում բոլոր ավելի ստորին մշակույթների վրա` պակաս վեհ ու ոգուն ստորադաս ներկայացնելով բնությունը: Բարոյականության ու կրոնի տարբերությունն այն է, որ առաջինը մարդու պարտականությունների` իր իսկ կողմից սահմանված ամբողջությունն է, իսկ երկրորդը` Աստծո սահմանածը: Կրոնը ներառում է Աստծո անհատականությունը, Բարոյականությունը` ոչ: Որոշակի մոտեցման դեպքում դրանք միասնական են: Երկուսն էլ իրենց բարձր են դասում բնությունից: Կրոնի առաջին ու հիմնական խրատը հետևյալն է. «Երեւողները ժամանակաւոր են, իսկ չերեւողները յաւիտենական»:38 Կրոնը ոտնահարում է բնությանը: Անկիրթ մարդու համար այն նույնն է, ինչ փիլիսոփայությունը Բերքլիի կամ Վյասայի39 համար: Ամենատգետ աղանդապատկան եկեղեցիներում խոսքը հիմնականում հետևյալի շուրջ է. «Արհամարհի՛ր աշխարհիկ սին գայթակղությունները, նույնն է թե` փառամոլությունը, իղձերը, ստվերներն ու պատրանքը: Ճշմարիտը որոնի՛ր կրոնի մեջ՚: Նվիրված հավատացյալն արհամարհում է բնու- թյունը: Աստվածիմացներից (թեոսոֆներից) ոմանք` մանիքեականները40 , Պլոտինը41 այնքան հեռու էին գնացել, որ որոշակի թշնամանքով ու վրդովմունքով էին վերաբերվում նյութական աշխարհին: Նրանք իրենց ներսում խեղդում էին բարեկեցիկ կյանքին վերադառնալու բոլոր մղումները: Պլոտինն ամաչում էր իր մարմնի համար: Կարճ ասած, նյութական աշխարհի մասին նրանք կարող էին ասել նույնն, ինչ Միքելանջելոն ասել է արտաքին գեղեցկության մասին. «Դա այն անցողիկ ու հոգնամաշ հյուսվածքն է, որին Աստված վերադարձնում է ժամանակին իր մոտ տարած հոգին»:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Գյոթե (Ասում են Գյոթե, ինչպես կասեին Օրփեոս) Պոլ Վալերի Ես արդեն խոսել եմ ոգու ինչ-ինչ քաղաքականության մասին: Ես ստեղծեցի բավականաչափ անորոշ և խորհրդավոր այս արտահայտությունը, որն ինձ համար նշանակում է մեզնից յուրաքանչյուրի, ամեն անհատի և մեր մեջ եղած ցանկությունների, հուշերի, կանխատեսումների,… Փիլիսոփայություն Գյոթեի լռության մասին Յոզեֆ Փիփեր Մարդիկ մեր վարդապետներն են խոսքի մեջ, աստվածները` լռության: Պլուտարքոս Կան, ինչպես երևում է, բաներ, որոնք մեզ, ինչ ինտեսիվությամբ էլ դրանք շարունակ ծրագրենք ու նպատակադրենք, այնուամենայնիվ, հաջողվում են միայն այն դեպքում, երբ մեզ, առանց մեր… Փիլիսոփայություն Գյոթեն որպես նոր գեղագիտության հայր Ռուդոլֆ Շտայներ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄՈՐՖՈԼՈԳԻԱՆ Մեծ անհատականությունների կայացման առեղծվածն իր ուրույն տրամաբանությամբ, մշակութային ժամանակի ելևէջներին թողած իր հետագծերով, աստիճանաբար ուրվագծում է պեղումնաբանական այնպիսի քարտեզներ, որոնք ակամայից դառնում են նոր…