Ռուբիկոն

Բնություն

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Իսկ երբ, հետևելով մտքի անտեսանելի ոտնահետքերին, ուզում ենք պարզել, թե որտեղից է ծագել և որն է մատերիայի կոչումը, գիտակցության գաղտնարաններից մեր առջև հառնում են բազում ճշմարտություններ: Մենք հասկանում ենք, որ բարձրագույնն առկա է մարդու հոգում, որ սահմռկեցուցիչ համընդհանուր էությունը, որ ո՛չ իմաստնություն է, ո՛չ սեր, ո՛չ գեղեցկություն է, ո՛չ զորություն, այլ` բոլորը միասին և յուրաքանչյուրն ամբողջությամբ, այն է, հանուն ինչի գոյություն ունի և ինչի շնորհիվ առկա է ամեն բան: Հասկանում ենք, որ ոգին արարում է, որ այն բնությունից այն կողմ է և համայն բնության մեջ, որ, լինելով միասնական, և ոչ բաղադրյալ, ոգին մեր վրա ներգործում է ոչ թե արտաքինից, այն է` տարածության և ժամանակի մեջ, այլ հոգու ներսից կամ` մեր իսկ միջոցով: Հետևաբար, այդ ոգին, նույն ինքը` Գերագույն Գոյը ոչ թե մեր շուրջն է կառուցում բնությունը, այլ մեր միջոցով երևան է բերում այն, ինչպես ծառն է իր կյանքը երևան բերում հներին փոխարինող նորածիլ ճյուղերով ու նորաբողբոջ սաղարթով: Ինչպես բույսն արմատներ է գցում հողի մեջ, այնպես էլ մարդն ապրում է Աստծո ծոցում. սնվում է անհատնում շատրվաններից, որտեղից, անհրաժեշտության դեպքում ստանում է անսպառ զորություն: Ո՞վ կարող է սահմանափակել մարդու հնարավորությունները: Բավական է գեթ մեկ անգամ շնչել վեհ ոլորտների օդը, հաղորդակցվել արդարության և ճշմարտության բացարձակ դրսևորումներին հասկանալու համար, որ մարդու առջև բաց է Արարչի ողջ հոգին, որ մարդն ինքն էլ, իվերջո, արարիչ է: Այս տեսակետը, որ ցուցանում է ինձ իմաստնության ու զորության ակունքները և ընդգծում է առաքինությունը որպես «հավերժության պալատի դուռը բացող ոսկե բանալի»42 , ներկայանում է որպես ճշմարտության գերագույն վկայություն, քանզի մղում է ինձ հոգուս մաքրագործման միջոցով սեփական աշխարհս ստեղծելուն: Աշխարհ գոյատևումը սնվում է նույն ոգուց, որից սնվում է մարդու մարմինը: Այդ ոգին իրենից ներկայացնում է Աստծո ավելի հեռավոր ու աղոտ մարմնավորումը, Աստծո պրոեկցիան անգիտակցականի ոլորտում: Սակայն այն տարբերվում է մարմնից կարևոր մի առումով: Ի տարբերություն մարմնի, այն ենթակա չէ մարդկային կամքին: Մենք հասու չենք խախտելու նրա խաղաղ ներդաշնակությունը: Ուստի` մեզ համար այն աստվածայինի ներկայության վկայությունն է: Դա ամրագրված այն կետն է, որի միջոցով մենք կարող ենք չափել մեր շեղումները: Մեր այլասերմանը համընթաց առավել ցայտուն է դառնում հակադրությունը մեր և մեր տան միջև: Նույնքան օտար ենք զգում մեզ բնության մեջ, որքան խորթ` Աստծուց: Չենք հասկանում թռչունների երգը: Աղվեսն ու եղնիկը վախվորած փախչում են մեզանից, արջն ու վագրը պատրաստ են ծվատելու մեզ: Օգտվում ենք ընդամենը մի քանի բույսերի` հացահատիկի ու խնձորենու, կարտոֆիլի թփի ու խաղողի վազի բարիքներից. բույսերի մեծամասնության բարիքներն անհայտ են մեզ: Մի՞թե բնապատկերը, որի ամեն ծեղը վեհությամբ է տոգորված, չի կրում աստվածայինի վկայության կնիքը: Բնապատկերն անգամ ընդգծում է անհամաձայնությունը մարդու և բնության միջև, քանզի չես կարող ըմբոշխնել բնապատկերի գեղեցկությունը, եթե մոտակայքում տքնաջան աշխատում է հողագործը: Բանաստեղծի հրճվանքն անգամ ծաղրական երանգներ է կրում, քանի դեռ մարդիկ նրա տեսադաշտում են:

ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

8

Աշխարհի օրենքներին ու իրերի կերպին վերաբերող որոնումներում գերագույն դրդապատճառն ամենաճշմարիտն է: Այն, ինչը գրեթե անհնարին է թվում, չափազանց նուրբ է, հաճախ` աղոտ ու հազիվ նշմարելի, որովհետև գտնվում է հոգու խորքում` հավիտենական ճշմարտությունների շարքում: Էմպիրիկ գիտությունը ջանում է փակել հետազոտողի տեսադաշտը, փորձում է գործառույթների ու գործընթացների բուն իմացությամբ նրան զրկել աշխարհն ամբողջության մեջ դիտարկելու հանդուգն կարողությունից: Գիտության այրը զրկվում է բանաստեղծականությունից: Ամենակարդացած, ճշմարտության համակ ու ջերմեռանդ նվիրյալ բնագետը, սակայն, կտեսնի, որ դեռևս շատ բան ունի սովորելու աշխարհի հետ իր ունեցած կապերի վերաբերյալ, և որ դա անհնար է սովորել հայտնի մեծությունների գումարման, հան- ման կամ այլ համադրությունների ճանապարհով. այն ձեռք է բերվում ոգու անուսուցանելի խիզախումներով, շարունակական ինքնավերականգնմամբ և լիակատար հնազանդությամբ: Կհասկանա, որ հետազոտողն ունի շատ ավելի սքանչելի որակներ, քան ճշգրտությունն ու անսխալականությունը, որ կռահումը հաճախ ավելի արդյունավետ է լինում, քան անվիճարկելի հաստատումը, և որ երազանքը կարող է օգնել մեզ ավելի խորը ներթափանցելու բնության գաղտնիքների մեջ, քան հարյուրավոր գիտարփորձերը` միասին վերցրած:

Քանզի լուծման կարոտ են հենց այն հիմնախնդիրները, որոնցից ֆիզիոլոգն ու բնագետը խուսափում են: Մարդու համար այնքան էական չէ կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչներին ուսումնասիրելը, որքան այն, թե որտեղից է ծագել և ինչ նպատակների է ծառայում բռնացող միասնությունը, որ ընդմիշտ բաժանում ու դասակարգում է ամեն բան` ձգտելով մեկ տեսակի մեջ ընդգրկել իրարից խիստ տարբերվող ներկայացուցիչներին: Երբ հիանում եմ որևէ հարուստ բնապատկերով, նպատակս ոչ թե դրա բոլոր տարրերն ու դրանց դասավորությունը ճշգրտորեն թվարկելն է, այլ հասկանալը, թե ինչու այդ խաղաղ միասնության ներկայությամբ ամենևին չեմ մտածում բազմազանության մասին: Ես չեմ կարող արժանին հատուցել մանրամասներին, քանի դեռ խոսք անգամ չկա իրերի ու մտքերի փոխհարաբերությունները բացատրելու մասին, քանի դեռ լույսի ճառագայթ իսկ չի սփռվել խխունջաբանության, բուսաբանության, արվեստների մետաֆիզիկայի վրա` վերհանելու համար ծաղիկների, խխունջների, կենդանիների տեսակների, ինչպես նաև ճարտարապետական ձևերի կապը մտքի հետ, և կառուցելու գաղափարների վրա հիմնված գիտություն: Բնագիտության պատմության հարկաբաժնում43 ծիսախորհուրդ հանդուրժողականությամբ ու համակրանքով ենք լցվում գազանների, ձկների ու միջատների ամենաանճոռնի ու արտառոց տեսակների նկատմամբ: Սեփական երկրում սոսկ օտարերկրյա ճարտարապետական հուշարձանների նմանությամբ կառուցված շինություններ տեսած ամերիկացին, մտնելով Յորքի Մայր եկեղեցին կամ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարը, խիստ զարմանում է. նրան թվում է, թե դրանք նույնպես ինչ-որ անտեսանելի բնօրինակի հեռավոր տարբերակներն են:

Այդպես էլ գիտությունը բավականաչափ մարդկային նշանակություն չի ստանա, քանի դեռ բնասերը չի տեսնում հիասքանչ ներդաշնակությունը մարդու և այն աշխարհի միջև, որի տերն է ինքը: Տերն է ոչ թե այդտեղ ապրող արարածներից բարձրագույնը լինելու շնորհիվ, այլ` քանի որ այդ աշխարհն իր մտքում ու սրտում է, քանի որ իր մասնիկն է տեսնում բոլոր մեծ ու փոքր առարկաներում ու երևույթներում` յուրաքանչյուր լեռնաշերտում, գույնի յուրաքանչյուր նորահայտ օրենքում, աստղագիտական փաստում կամ մթնոլորտային երևույթում, որոնք արդյունք են դիտարկումների կամ վերլուծությունների: Այս խորհրդին հաղորդակցվելն է ոգեշնչել 17-րդ դարի սքանչելի սաղմոսագիր-բանաստեղծ Ջորջ Հերբերտի մուսային: Մեջբերվող տողերը նրա «Մարդը» բանաստեղծությունից են.

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Գյոթե (Ասում են Գյոթե, ինչպես կասեին Օրփեոս) Պոլ Վալերի Ես արդեն խոսել եմ ոգու ինչ-ինչ քաղաքականության մասին: Ես ստեղծեցի բավականաչափ անորոշ և խորհրդավոր այս արտահայտությունը, որն ինձ համար նշանակում է մեզնից յուրաքանչյուրի, ամեն անհատի և մեր մեջ եղած ցանկությունների, հուշերի, կանխատեսումների,… Փիլիսոփայություն Գյոթեի լռության մասին Յոզեֆ Փիփեր Մարդիկ մեր վարդապետներն են խոսքի մեջ, աստվածները` լռության: Պլուտարքոս Կան, ինչպես երևում է, բաներ, որոնք մեզ, ինչ ինտեսիվությամբ էլ դրանք շարունակ ծրագրենք ու նպատակադրենք, այնուամենայնիվ, հաջողվում են միայն այն դեպքում, երբ մեզ, առանց մեր… Փիլիսոփայություն Գյոթեն որպես նոր գեղագիտության հայր Ռուդոլֆ Շտայներ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄՈՐՖՈԼՈԳԻԱՆ Մեծ անհատականությունների կայացման առեղծվածն իր ուրույն տրամաբանությամբ, մշակութային ժամանակի ելևէջներին թողած իր հետագծերով, աստիճանաբար ուրվագծում է պեղումնաբանական այնպիսի քարտեզներ, որոնք ակամայից դառնում են նոր…