Ռուբիկոն

Բնություն

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Սկզբնական ու հավիտենական գեղեցկությունն աշխարհին վերադարձնելու խնդիրը լուծվում է հոգու առողջացման միջոցով: Բնության մեջ մեր տեսած ավերածությունը կամ դատարկությունն իրականում մեր սեփական աչքերում է: Տեսողության առանցքը չի համընկնում իրերի առանցքին, և վերջիններս ոչ թե թափանցիկ, այլ անթափանց են ներկայանում:

Աշխարհում միասնականության բացակայության, ավերածությունների ու կուտակումների առկայության պատճառն այն է, որ մարդը դադարել է միաս- նական լինելուց: Նա բնասեր չի դառնա, քանի դեռ չի բավարարել ոգու բոլոր պահանջմունքները: Միտքը նույնպիսի պահանջմունք է, ինչպես զգայական ընկալումը: Իրոք, դրանցից ոչ մեկը կատարյալ չէ առանց մյուսի: Միտքը բարեպաշտություն է, իսկ բարեպաշտությունը` միտք` այս բառերի բուն իմաստով: Անդունդն անդունդին է կանչում:48 Իրական կյանքում, սակայն, չի տոնվում այդ պսակադրությունը: Պարզասիրտ մարդիկ, հետևելով հայրերի ավանդույթներին, երկրպագում են Աստծուն, սակայն նրանց պարտքի զգացողությունը դեռևս չի հասել բոլոր ունակությունները դրան ի սպաս դնելու աստիճանին: Իսկ նպատակասլաց բնասերները հասկացողության անկիրք լույսով սառեցնում են բնությունը: Մի՞թե աղոթքը ճշմարտության որոնում չէ. հոգու պոռթկում առ անհայտ անսահմանություն: Չի կարող կրքոտ աղոթողը ոչինչ չսովորել: Իսկ երբ հավատանվեր մտածողը, որ մտադրվել է իրերն ու երևույթներն ազատել մասնավոր կապերից ու դրանք տեսնել զուտ մտքի լույսի ներքո, միաժամանակ գիտությունը ջերմացնի սուրբ կրքի կրակով, այդժամ ահա Աստված կրկին տեղ կգրավի իր արարածի մեջ:

Երբ միտքն ու հոգին պատրաստ են ուսումնառության, ուսումնասիրության առարկաներ որոնելու կարիքը վերանում է: Իմաստնության անփոփոխ հատկանիշը սովորականի մեջ հրաշք տեսնելն է: Ի՞նչ ասել է օր: Իսկ տարի՞: Իսկ ամա՞ռ: Ի՞նչ է իրենից ներկայացնում կինը: Իսկ երեխա՞ն: Իսկ քու՞նը: Մեր կուրության բերումով, կարծում ենք, թե դրանք չեն կարող հուզել: Առակներ ենք հորինում` փաստի բացահայտ իմաստը քողարկելու և այն, այսպես ասած, մտքի ու հոգու գերագույն օրենքներին համապատասխանեցնելու նպատակով: Սակայն, երբ փաստը դիտարկում ենք գաղափարի լույսի ներքո, ճոռոմ առակը գունաթափվում ու թոշնում է: Մեր առջև բացվում է իսկապես գերագույն օրենքը: Իմաստուն մարդու համար, հետևաբար, փաստն է ճշմարիտ պոեզիան և ամենասքանչելի առակը: Այս հրաշքները բերվում-հասցվում են մեր շեմին: Ինքդ էլ մարդ ես: Ու գիտես, թե ինչ ասել է տղամարդ ու կին, նրանց կյանքը հասարակության մեջ, քեզ ծանոթ են թշվառությունը, աշխատանքը, քունը, վախը, հաջողությունը: Իմացիր, որ դրանցից ոչ մեկը զուտ արտաքին երևույթ չէ, այլև խորը արմատներ ունի մտքի ու հոգու կարողություններում ու հույզերում: Մինչ դու մտածում ես որևէ վերացական հարցի շուրջ, բնությունը կոնկրետացնում ու քո համար լուծելի է դարձնում այն: Խելամիտ կլիներ մեկուսանալ ու մեր ամենօրյա կյանքը հանգրվան առ հանգրվան (հատկապես նշանակալի ցնցումները) համեմատել մեր մտքում գաղափարների ծագման ու զարգացման հետ:

Կհասնենք նրան, որ աշխարհը կտեսնենք նոր աչքերով: Տրվելով լուսավորյալ Կամքին, կհագեցնենք անհագուրդ ծարավը մտքի (ի՞նչ է ճշմարտությունը) և հույզերի (ո՞րն է բարին): Եվ կգա իմ բանաստեղծին լսելու ժամանակը. «Բնությունը քարացած ու անշարժ չէ, այլ շարժուն ու փոփոխական է: Ոգին է փոփոխում ու կերտում այն: Բնության քարացածությունն ու բրտությունը ոգու բացակայության հե- տևանք են. անարատ ոգու համար այն շարժուն է, փոփոխուն ու հնազանդ: Ամեն ոգի իր տունն է կառուցում, և` իր աշխարհն այդ տան շուրջը, և` իր դրախտն այդ աշխարհի վերևում: Իմացիր, ուրեմն, որ աշխարհը գոյություն ունի քեզ համար: Քեզ համար է, որ կատարյալ են երևույթները: Միայն ինքներս ենք տեսնում, թե ով ենք մենք: Դու ունես այն ամենն, ինչ շնորհվել էր Ադամին, դու կարող ես այն ամենն, ինչ կարող էր Կեսարը: Ադամի համար տունը երկիրն ու երկինքն էր, Կեսարինը` Հռոմը. դու կարող ես տուն անվանել, ասենք, կոշկակարի արհեստանոցը, հարյուր ակր վարած հողը կամ ուսանողի ձեղնահարկը: Այդուհանդերձ, քո տիրույթը, չնայած ոչ ազդու անվանմանը, դույզն իսկ չի զիջում նրանց թագավորություններին: Ուստի` կառուցիր քո սեփական աշխարհը: Մտքումդ ու հոգումդ ծնված անարատ գաղափարին կյանքդ համապատասխանեցնելուն պես, ազատություն կստանան հոգուդ վեհ ծավալումները: Ոգու վեհացումներին կհետևեն համապատասխան հեղափոխական փոփոխություններն իրերի աշխարհում: Արագորեն ի չիք կդառնա ամենայն տհաճը` խոզերն ու սարդերը, օձերն ու ժանտախտը, հոգեբուժարաններն ու բանտերը, ոխն ու ոսոխը. դրանք անցողիկ են ու շուտով կվերանան իսպառ: Արևը կխանձի, իսկ քամին կցրի բնության մեջ եղած աղտն ու տականքը: Ինչպես հարավից եկող ամառն է իր գալուստը նախապատրաստում ձյունը հալեցնելով ու երկիրը կանաչով ծածկելով, այդպես էլ ոգին է զարդարելու իր ուղին` գեղեցկությամբ, որ դիմավորելու է իրեն, ու երգերով, որոնցով դյութվելու է: Այն բերելու է նկարեն դեմքեր, ջերմ սրտեր, իմաստուն խոսքեր ու հերոսական գործեր, և չարիքն այլևս կորչելու է տեսադաշտից: Մարդու արքայությունը բնության նկատմամբ, որ դրսի նշանով չի գալու49(ներկայիս տիրույթը վեր է Աստծո մասին մարդու երազանքներից), նա ընկալելու է տեսողությունն աստիճանաբար վերականգնող կույրից ոչ պակաս զարմանքով»:

Ծանոթագրություններ

1 …չորացած ոսկորների մեջ… – Աստվածաշնչյան պատկեր է (Մարգարեություն Եզեկիելի, ԼԷ):

2 Այդպիսի մարդու համար հանապազօրյա հաց է դառնում երկնքի ու երկրի հետ փոխադարձ շփումը… – Այստեղ և այսուհետ շարադրանքն ինքնակենսագրական բնույթ է կրում և արտացոլում է Էմերսընի կյանքը Կոնկորդում, նրա միայնակ զբոսանքներն անտառում:

3 Ջորջ Հերբերտի «Մարդը» (1633) բանաստեղծությունից: Տողացի թարգմ. Լ. Զիլֆուղարյանի:

4 1834 թ. բացվել է Բոստոն – Վուսթեր երկաթգիծը:

5 Սալլուստիոս, Գայոս Քրիսպոս (մ.թ.ա. 86-35) – հռոմեացի պատմագիր, պետական գործիչ: Մեջբե- րումը «Կատիլինայի դավադրության մասին» աշխատությունից է:

6 Գիբոն, Էդուարդ (1737-1794) – անգլիացի պատմաբան: Մեջբերումը «Հռոմեական կայսրության անկման և կործանման պատմությունը» աշխատությունից է:

7 Լեոնիդաս (մ.թ.ա. 5-րդ դար) – Սպարտայի արքա, հույն-պարսկական պատերազմների ընթացքում մ.թ.ա. 480 թ. իր փոքրաթիվ ջոկատով Թերմոպիլե կիրճում խիզախորեն կռվել ու զոհվել է` փակելով Քսերքսես Առաջինի զորքերի ճանապարհը:

8 Վինքելրիդ, Առնոլդ (14-րդ դար) – շվեյցարական կիսալեգենդար ազգային հերոս, որն իր կյանքի գնով փրկել է ընկերներին ու ապահովել հաղթանակն ավստրիացիների նկատմամբ:

9 Վեյն, Հենրի (1613-1662) – անգլիացի քաղաքական գործիչ: Ռեստավրացիայի ժամանակ (1662թ. հունիսի 14-ն) պետական դավաճանության մեղադրանքով ենթարկվել է մահապատժի:

10 Ռասել, Ուիլյամ (1639-1683) – անգլիացի քաղաքական գործիչ: Պետական դավաճանության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել 1683 թ. հուլիսի 21-ին:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Գյոթե (Ասում են Գյոթե, ինչպես կասեին Օրփեոս) Պոլ Վալերի Ես արդեն խոսել եմ ոգու ինչ-ինչ քաղաքականության մասին: Ես ստեղծեցի բավականաչափ անորոշ և խորհրդավոր այս արտահայտությունը, որն ինձ համար նշանակում է մեզնից յուրաքանչյուրի, ամեն անհատի և մեր մեջ եղած ցանկությունների, հուշերի, կանխատեսումների,… Փիլիսոփայություն Գյոթեի լռության մասին Յոզեֆ Փիփեր Մարդիկ մեր վարդապետներն են խոսքի մեջ, աստվածները` լռության: Պլուտարքոս Կան, ինչպես երևում է, բաներ, որոնք մեզ, ինչ ինտեսիվությամբ էլ դրանք շարունակ ծրագրենք ու նպատակադրենք, այնուամենայնիվ, հաջողվում են միայն այն դեպքում, երբ մեզ, առանց մեր… Փիլիսոփայություն Գյոթեն որպես նոր գեղագիտության հայր Ռուդոլֆ Շտայներ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄՈՐՖՈԼՈԳԻԱՆ Մեծ անհատականությունների կայացման առեղծվածն իր ուրույն տրամաբանությամբ, մշակութային ժամանակի ելևէջներին թողած իր հետագծերով, աստիճանաբար ուրվագծում է պեղումնաբանական այնպիսի քարտեզներ, որոնք ակամայից դառնում են նոր…