Ռուբիկոն

Բնություն

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Մարդու մեջ համամասն է ամեն բան`

Համաչափ է ամեն մի ոսկրը:

Նույնն էլ աշխարհն է նրա կողքին`

Նույնարյուն է համայն բնությունը:

Ինչպես լուսինն է բարձրացնում ալիքը մակընթաց,

Այդպես մարդն իր հոգով աշխարհին է կապված:

Ոչինչ է խուսափում

Նրան հնազանդ ավար դառնալուց.

Նրա հայացքն աստղեր է իջեցնում,

Համայն երկինքն է նա իր մեջ առնում:

Բույսերը բուժում են ցավը մեր մարմնի,

Քանզի հարազատ արձագանք են գտնում:

Մեզ համար է փչում քամին,

Մեզ համար է երկիրը պտտվում ու շատրվանը ժայթքում,

Շուրջն ամեն բարիք, ամեն մի հաճույք ու ամեն մի գանձ մեզ է պատկանում.

Առատ սնունդն է մեր

Ու մեր հաճույքի ակունքը անսպառ:

Աստղերը քուն են բերում մեր աչքերին,

Լուսինն իջեցնում է վարագույրը, որ արեգակը պիտի բարձրացնի:

Մեղեդով ու լույսով ենք լցվում,

Այդ ամենից մարմինն է մեր ըմբոշխնում`

Ծագումից ի վեր և փուլ առ փուլ

Սնելով մեր միտքն ու հոգին:

Եվ իր գիտցածից շատ ու շատ են

Հաճոյակատար ծառաները մարդու,

Ում անխնա կոխոտում է նա,

Երբ տկարությունից հյուծված է, գունատ:

Օ, սեր անսահման. մարդն ինքն է մի ամբողջ աշխարհ,

Եվ մեկն էլ կա, որ փայփայում է մարդուն:44

Նման կարգի ճշմարտությունների ըմբռնումը մարդուն մղում է դեպի գիտությունը, նպատակը, սակայն, մնում է միջոցներին հատկացվող ուշադրության ստվերում: Գիտության այս կարճատեսության լույսի ներքո միանգամայն ընդունելի է Պլատոնի այն միտքը, թե «Պոեզիան ավելի մոտ է կենսական ճշմարտությանը, քան պատմությունը»: Ուշադրության է արժանի մտքի ամեն մի ենթադրություն, ամեն մի կանխագուշակություն. և մենք սովորում ենք գերադասել ճշմարտության առկայծումներ պարունակող անկատար տեսությունները որևէ արժեքավոր առաջարկություն չպարունակող, բայց կատարելապես մշակված տեսություններին: Իմաստուն գրողը հասկանում է, որ ուսումնասիրության ու ստեղծագործության նպատակադրումները լավագույնս հատուցվում են մտածողության անհայտ ոլորտների հայտնագործումով` հուսադրելով, որ նոր եռանդով է լցվելու մոռացության մեջ ընկած ոգին:

Ուստի, այս էսսեն ուզում եմ ավարտել մարդուն ու բնությանը հատուկ որոշ ավանդույթներով, որոնք գովերգել է ոմն բանսատեղծ և որոնք, քանզի աշխարհում գոյություն են ունեցել մշտապես ու արժանացել են, հավանաբար, բոլոր բանասացների ուշադրությանը, կարող են վերաբերել ինչպես պատմությանը, այնպես էլ մարգարեությանը:45

«Մարդու հիմքերը ոչ թե նյութական են, այլ ոգեղեն: Ոգու տարրը, սակայն, հավերժությունն է: Իսկ հավերժության համար բոլորովին թարմ ու ժամանակային առումով մոտ են իրադարձությունների ամենատևական շարքերն ու հնագույն ժամանակագրությունները: Հանրահայտ անհատականություններ ծնող ունիվերսալ մարդու շրջապտույտ զարգացման ճանապարհին դարերն ուղենիշներ են, իսկ ողջ պատմությունը` աստիճանական անկման մի դարաշրջան:

Մենք չենք վստահում բնության նկատմամբ ունեցած համակրանքին և ներքուստ հերքում ենք այն: Պարբերաբար ընդունում` ապա հերքում ենք բնության հետ ունեցած մեր կապը: Նման ենք գահն ու բանականությունը կորցրած, արջառների պես արածող Նաբուգոդոնոսորին:46 Սակայն, ո՞վ կարող է սահման դնել ոգու դարմանող զորությանը:

Մարդս ավերակ մի աստված է: Երբ մարդիկ մաքրվեն մեղքից, կյանքի տևողությունը կերկարի ու աննկատ կերպով կանցնի անմահության. նույնքան աննկատ, ինչպես սթափվում ենք անուրջներից: Մինչդեռ աշխարհը կշարունակի մնալ խելագար ու գազազած, եթե ներկայիս կազմալուծվածությունը պահպանվի ևս մի քանի հարյուրամյակ: Դրան խոչընդոտում են մահն ու մանկությունը: Մանկու- թյունը մի հավերժական Մեսիա է, որ ընկնում է բարոյալիք մարդկանց գիրկն ու աղաչում նրանց վերադառնալ դրախտ:

Մարդը ինքն իր գաճաճ տարբերակն է: Ժամանակին նա ամբողջովին ներթափանցված ու ներծծված էր ոգով: Նրանից բխող հոսանքները լցնում էին բնությունը: Նրանից էին ծագում արևն ու լուսինը. արևը` տղամարդուց, լուսինը` կնոջից: Նրա մտքի ու հոգու կանոնները, նրա գործունեության այս կամ այն ժամանակաշրջաններն իրենց դրսևորումներն էին գտնում ցերեկվա ու գիշերվա, տարվա եղանակների հերթափոխի մեջ: Սակայն, երբ մարդն ավարտեց այս հսկայական խեցու կառուցումը, այլևս ուժասպառ էր. նրա երակներն անարյուն էին, իսկ ինքը սեղմվել` կաթիլ էր դարձել: Նա տեսնում է, որ իր կառույցը դեռևս հարմար է գալիս իրեն, սակայն վիթխարիորեն մեծ է իր համար: Ավելի ճիշտ, ժամանակին այն միանգամայն համապատասխանում էր մարդուն, այժմ էլ համապատասխանում է, սակայն` հեռվից ու բարձրից: Նա ամոթխածորեն հիանում է սեփական աշխատանքով: Այժմ արդեն տղամարդն է գնում արևի հետևից, իսկ կինը` լուսնի:

Երբեմն, այնուամենայնիվ, նա թոթափում է իր թմբիրն ու զարմանքով նայում է ինքն իրեն և իր տանը` լցվելով իրենց միջև եղած նմանությանը վերաբերող արտառոց խորհրդածություններով: Նա գիտակցում է, որ եթե իր օրենքները դեռևս գերիշխող են, եթե դեռևս տեր է իր սկզբնական զորության, եթե իր խոսքը դեռևս ծանրակշիռ է բնության մեջ, ապա ոչ թե շնորհիվ գիտակցած զորության. դա վեր է իր կամքից: Դա բնազդ է»: Այսպիսին էր օրփեական բանաստեղծիս երգը:

Ներկայումս մարդն իր զորության կեսն է միայն գործադրում բնության նկատմամբ: Աշխարհը յուրացնում է ղեկավարվելով սոսկ սեփական հասկացողությամբ: Նա աշխարհում ապրում ու այն կառավարում է իր պարզունակ իմաստնությամբ, և նա ով ամենից շատ է աշխատում, լիարժեք մարդ չէ. նրա ձեռքերն ուժեղ են, մարսողությունն` անխափան, մինչդեռ հոգին բիրտ է, իսկ ինքը` եսասեր վայրենի: Նրա վերաբերմունքն ու իշխանությունը բնության նկատմամբ դրսևորվում են հասկացողության միջոցով. բնությունը գոմաղբ է նրա համար: Ի սեփական շահ նա օգտագործում է կրակը, քամին, ջուրն ու ծովային կողմնացույցը, շոգին, քարածուխը և քի- միական պարարտանյութերը, ինչպես նաև` վերանորոգում է իր մարմինը ատամնաբույժի ու վիրաբույժի օգնությամբ: Սա նման է այն բանին, եթե գահընկեց արված թագավորն իր գահին ու իշխանությանը միանգամից վերատիրանալու փոխարեն սկսի կտոր առ կտոր գնել իր նախկին տարածքները: Միաժամանակ, շրջապատի թանձր խավարում հազ- վադեպ չեն պայծառ լույսի առկայծումները` բնության վրա մարդու լիարժեք (ինչպես բանականության, այնպես էլ հասկացողության միջոցով) ներգործության պատահական օրինակները: Դրանցից են. հրաշագործության ավանդույթները բոլոր ժողովուրդների վաղնջական անցյալում, Հիսուս Քրիստոսի պատմությունը, կրոնական ու քաղաքական հեղափոխությունների արդյունքում և ստրկավաճառության վերացման մեջ դրսևորված սկզբունքների հաղթանակները, խանդավառության գործած հրաշքները, որոնց մասին պատմել են Սվեդենբորգը, Հոհենլոհեն47 և շեյկերները, բազմաթիվ անըմբռնելի ու ցօրս վիճաբանությունների առիթ տվող փաստեր, որ ներկայումս միավորված են Կենդանական մագնետիզմ անվանմամբ, ինչպես նաև աղոթքը, պերճախոսությունը, ինքնաբուժությունը, մանկական իմաստնությունը: Այս բոլոր օրինակները ցույց են տալիս, թե ինչպես է Բանականությունը մի ակնթար- թով տիրանում իր գայիսոնին: Դրանք դրսևորումներն են ժամանակից ու տարածությունից դուրս գտնվող, սակայն անմիջականորեն մեր մեջ լցվող ստեղծագործ զորության: Տարբերությունը մարդկային զորության իրական ու իդեալական արժեքների միջև գերազանց կերպով արտահայտել են սխոլաստները` ասելով, որ մարդկային գիտելիքը երեկոյան գիտելիք է` vespertina cognitio, մինչդեռ Աստծոնը` առավոտյան գիտելիք է` matutina cognitio.

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Գյոթե (Ասում են Գյոթե, ինչպես կասեին Օրփեոս) Պոլ Վալերի Ես արդեն խոսել եմ ոգու ինչ-ինչ քաղաքականության մասին: Ես ստեղծեցի բավականաչափ անորոշ և խորհրդավոր այս արտահայտությունը, որն ինձ համար նշանակում է մեզնից յուրաքանչյուրի, ամեն անհատի և մեր մեջ եղած ցանկությունների, հուշերի, կանխատեսումների,… Փիլիսոփայություն Գյոթեի լռության մասին Յոզեֆ Փիփեր Մարդիկ մեր վարդապետներն են խոսքի մեջ, աստվածները` լռության: Պլուտարքոս Կան, ինչպես երևում է, բաներ, որոնք մեզ, ինչ ինտեսիվությամբ էլ դրանք շարունակ ծրագրենք ու նպատակադրենք, այնուամենայնիվ, հաջողվում են միայն այն դեպքում, երբ մեզ, առանց մեր… Փիլիսոփայություն Գյոթեն որպես նոր գեղագիտության հայր Ռուդոլֆ Շտայներ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄՈՐՖՈԼՈԳԻԱՆ Մեծ անհատականությունների կայացման առեղծվածն իր ուրույն տրամաբանությամբ, մշակութային ժամանակի ելևէջներին թողած իր հետագծերով, աստիճանաբար ուրվագծում է պեղումնաբանական այնպիսի քարտեզներ, որոնք ակամայից դառնում են նոր…