Բնություն
Ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե շարժումը, պոեզիան, ֆիզիկան, մտահայեցողական գիտությունը, կրոնը միահամուռ կերպով փորձում են ստիպել մեզ, որ կասկածի տակ առնենք արտաքին աշխարհի իրական լինելը: Ընդունում եմ, սակայն, որ մեր կողմից երախտամոռություն կլիներ մանրամասնելն այն ընդհանուր դրույթը, համաձայն որի մշակույթն իդեալիզմով է տոգորում մեզ: Բնության նկատմամբ տածածս զգացմունքը ոչ թե թշնամանք է, այլ ջերմ, մանկական սեր: Կենսատու արևի տակ ապրում, աճում-հասունանում եմ, ինչպես հացահատիկն ու սեխը: Եկեք արժանին հատուցենք բնությանը: Չեմ պատրաստվում ո՛չ քարկոծել չքնաղ մորս, ո՛չ էլ աղտոտել սքանչելի բույնս: Ուզում եմ սոսկ ճշտել բնության տեղը մարդու կյանքում, ինչին ձգտում է նաև ճշմարիտ կրթությունը, քանզի մարդկային կյանքի հիմքն ու նպատակը բնության հետ կապ հաստատելն է: Մշակույթը հերքում է բնության նկատմամբ գռեհիկ տեսակետները և միտքը մղում է տեսանելի կոչելու այն, ինչը համարում է իրական և իրական` այն, ինչը համարում է տեսլական: Երեխաները, և դա ճիշտ է, հավատում են արտաքին աշխարհի գոյությանը: Հետագայում է միայն գալիս այն համոզմունքը, որ արտաքին աշխարհը սոսկ տեսլական է, սակայն, այն գլուխ է բարձրացնում, անշուշտ, մշակույթի հետ միասին:
Իդեալականի տեսության առավելությունը տարածված համոզմունքների նկատմամբ այն է, որ աշխարհը ներկայացվում է ճիշտ այնպես, ինչպես միտքն է տենչում տեսնել այն: Ըստ էության, ճիշտ այդպիսին է նաև ինչպես մտազննական, այնպես էլ գործնական Բանականության, ասել է թե` փիլիսոփայության և առաքինության տեսակետը: Քանզի մտածողության լույսի ներքո աշխարհը միշտ երևութական է, մինչդեռ առաքինությունն այն ստորադասում է մտքին ու հոգուն: Իդեալիզմն Աստծո մեջ է տեսնում աշխարհը:
Անհատների ու առարկաների, գործողությունների ու իրադարձությունների, երկրների ու կրոնական ուղղությունների ողջ շրջանակն այն դիտում է ոչ թե որպես ալեհեր հնադարից ի վեր մեր հետևից սողացող Անցյալում հյուլե առ հյուլե, նվաճում առ նվաճում տանջալի ջանքերով կուտակված ամբողջություն, այլ որպես հոգու հայեցողության համար Աստծո կողմից մեկընդմիշտ ստեղծված հսկայական մի պատկեր: Ուստի, հոգին հեռու է մնում տիեզերքի պատկերի անկարևոր ու մանրախնդիր ուսումնասիրությունից: Նպատակը հոգու համար այնքան կարևոր է, որ այն չի խորանում միջոցների մեջ: Քրիստոնեության մեջ այն ավելին է տեսնում, քան կագուկռիվներով հարուստ եկեղեցական պատմությունն է կամ աստվածաբանական տարաձայնությունների նրբությունները, և, ուշադրության չառնելով ո՛չ անհատներին, ո՛չ էլ նրանց գործած հրաշքները, ամենևին հաշվի չնստելով պատմական վկայությունների հակասականության հետ, Աստծո տված երևույթներն ընդունում է այն տեսքով, ինչպես տեսնում է` աշխարհում տարածված կրոնական ուղղությունների անարատ ու սոսկալի տեսքով: Այն ջերմ ու կրքոտ չի դառնում, երբ բախվում է իր բարի կամ չար բախտին, մարդկային աջակցությանը կամ ընդդիմությանը: Ոչ մի մարդ նրան թշնամի չէ: Ընդունում է իրեն բաժին հասնող ամեն բան` որպես ևս մեկ դաս: Ավելի դիտող է, քան գործող, եթե անգամ գործում է, ապա` ավելի լավ դիտելու նպատակով:
ՈԳԻ
7
Բնության և մարդու ճշմարիտ տեսության համար կարևոր է առաջադիմական տարրեր պարունակելը: Հարմարությունները, որ սպառվել են կամ կարող են սպառվել, և փաստերը, որ վերաճում են դրույթների, չեն լրացնում այն ճշմարիտը, որ վերաբերում է մարդուս կեցության բարերար միջավայրին, ուր լիարժեք ու անսահմանափակ գործածություն են գտնում նրա բոլոր հնարավորությունները: Մինչդեռ բնության բոլոր հարմարությունները կարող են միավորվել, ինչն անսահման թափ է հաղորդում մարդու գործունեությանը: Բնության այդ միավորված հարմարությունը բոլոր տիրույթներում հավատարիմ է մնում իր սկզբնապատճառին` ամեն բանում և ամենահեռավոր անկյուններում: Եվ միշտ խոսում է Ոգու մասին: Հարուցում է խորհրդածություններ բացարձակի մասին: Եվ մշտապես արդյունավետ է: Նման հսկայական այն ստվերին, որ մշտական վկայությունն է մեր թիկունքում գտնվող արևի:
Բնությունը ներկայանում է նվիրված բարեպաշտու- թյան տեսքով: Ինչպես գլուխն ուսին թեքած ու ձեռքերը կրծքին խաչած Հիսուսը: Երջանիկ է նա, ով երկրպագության դասեր է առնում բնությունից:
Ով շատ է մտածում այս Ոգի կոչվող աննկարագրելի էության մասին, նա քիչ է խոսում: Կարող ենք կանխատեսել Աստծուն նյութական աշխարհի անտաշ, այսպես ասած, հեռավոր երևույթների մեջ, սակայն երբ փորձում ենք տալ նրա սահմանումն ու նկարագրությունը, լեզուն ու միտքը լքում են մեզ` դարձնելով նույնքան անօգնական, որքան անօգնական են հիմար ու վայրենի մարդիկ: Այդ էությունը չի տրվում ձևակերպումների, սակայն երբ մարդն այն երկրպագում է հոգեպես, որպես Աստծո տեսիլք ներկայանալը դառնում է բնության ազնվագույն առաքելությունը: Բնությունն է այն օրգանը, որի միջոցով համընդհանուր ոգին խոսում է անհատի հետ ու ջանում իր գիրկը վերադարձնել նրան:
Եթե հաշվի առնենք Ոգին, ապա կտեսնենք, որ մարդու ընդգրկած շրջանակը չի սահմանափակվում վերոշարադրյալ հայացքներով: Հավելենք դրանց ևս մի քանի պատեհ մտքեր:
Բնությունը մտքի առջև դնում է երեք հիմնախնդիր: Ի՞նչ է մատերիան: Որտեղի՞ց է ծագում: Եվ ինչի՞ է կոչված: Առաջին հարցի պատասխանը տալիս է միայն իդեալականի տեսությունը: Մատերիան, իդեալիզմի պնդմամբ, ոչ թե նյութ է, այլ երևույթ: Իդեալիզմի միջոցով հասու ենք դառնում այն համընդգրկուն անհամապատասխանությանը, որ առկա է մեր սեփական գոյի վկայությունների և համաշխարհային գոյի վկայությունների միջև: Առաջինը կատարյալ է, երկրորդը որևէ վստահություն չի ներշնչում. միտքն ու հոգին իրերի բնության (բնույթի) բաղկացուցիչներն են, աշխարհն աստվածային մի անուրջ է, որից միշտ կարող ենք սթափվել` ընկնելով օրվա պերճանքի ու որոշակիության գիրկը: Իդեալիզմը մի հիպոթեզ է, որ բնության մեկնությունը կառուցում է այլ սկզբունքների հիման վրա, քան այն սկզբունքները, որոնց վրա հիմնվում են հյուսնի արհեստն ու քիմիան: Այդուհանդերձ, եթե այն սոսկ հերքի մատերիայի գոյությունն, ապա չի կարող բավարարել ոգու պահանջմունքները: Ինձնից դուրս կթողնի Աստծուն: Ինձ կթողնի հավերժորեն խարխափելու զգայական ընկալումներիս լաբիրինթոսում: Եվ հոգիս կընդդիմանա, քանզի այդ դեպքում իդելազմը կխոչընդոտի կրքին` մերժելով տղամարդկանց ու կանանց լիարժեք գոյությունը: Մարդկային կյանքն այնքան խորն է ներթափանցել բնության մեջ, որ մարդկայինի տարրերն առկա են ինչպես ամբողջի, այնպես էլ դրա մասնավոր դրսևորումներից յուրաքանչյուրի մեջ: Մինչդեռ նման տեսությունը բնությունն օտարում է ինձնից` հաշվի չառնելով մեր արյունակցական անհերքելի կապը: Ուստի, նկատի առնելով մեր գիտելիքի ներկա մակարդակը, թող այս տեսությունը մնա որպես օգտակար ներածական հիպոթեզ, որ կօգնի մեզ գիտակցելու ու գնահատելու հավերժ տարբերակումը աշխարհի ու հոգու միջև: