Բնություն
Արդյո՞ք բնությունն ունի անկախ գոյություն, թե՞ այն սոսկ հոգու հայտնություն է: Ցանկացած պատասխանի դեպքում, այն հավասարապես օգտակար ու հավասարապես պատվելի է ինձ համար: Ինչ էլ որ այն լինի, ինձ համար այն իդեալ է, քանի դեռ չեմ կարող ստուգել զգացողություններիս հավաստիությունը:
Թեթևամիտ մարդիկ քմծիծաղով են վերաբերվում Իդեալականի տեսությանը` իբր դրանից բխող ամեն բան խեղկատակություն է, իբր այն բացասաբար է անդրադառնում բնության կայունության վրա: Անկասկած, այդպես չէ: Աստված երբեք չի կատակում մեզ հետ և երբեք որևէ անհետևողականություն թույլ չի տա բնության զարգացման մեջ` ի վնաս վերջինիս վերջնական նպատակի: Բնության օրենքների հարատևության նկատմամբ չնչին անվստահությունն իսկ կաթվածահար կանի մարդու կարողությունները:
Այդ հարատևությունը սուրբ է, հետևաբար` կատարյալ է մարդու հավատը: Մարդուն գործունեության մղող ներքին անվակներն ու զսպանակները գործում են միայն բնության հարատևության հիպոթեզն ընդունելու դեպքում: Մենք ստեղծված ենք ոչ թե նավի պես` ալիքների վրա տարուբերվելու համար, այլ տան պես` հողի վրա ամուր կանգնելու համար: Եվ նման կառուցվածքի բնականոն հետևանքներից է այն, որ, քանի դեռ գործելու ունակությունը գերակշռում է խորհրդածելու ունակությանը, մենք վրդովմունքով ընդվզում ենք ցանկացած այնպիսի ակնարկի դեմ, թե բնությունը պակաս հարատև կամ ավելի փոփոխական է, քան ոգին: Նման ակնարկները հարուցում են առևտրականի ու անվագործի, հյուսնի ու հարկահանի խիստ դժգոհությունը:
Բնության օրենքների հարատևության անվերապահ ընդունումը մեր կողմից, այնուամենայնիվ, բաց է թողնում դրա բացարձակ գոյության հարցը: Մշակույթի ազդեցությունը մարդկային մտքի ու հոգու վրա միշտ նույնն է. անսասան է մնում մեր հավատն առանձին երևույթների` ասենք, ջերմության, ջրի, ազոտի և այլնի կայունության նկատմամբ, սակայն բնությանը սկսում ենք վերաբերվել ոչ թե որպես սուբստանցիայի, այլ` որպես երևույթի, անհրաժեշտ գոյություն ենք վերագրում հոգուն, բնությունը դիտում ենք որպես դիպված և որպես հետևանք:
Զգայություններն ու չնորացված հասկացողությունը ինչ-որ բնազդային հավատ են կրում բնության բացարձակ գոյության հանդեպ: Այս տեսանկյունից մարդն ու բնությունն անքակտելիորեն կապված են: Իրերն ինքնին վերջնական են և երբեք չեն ձգտում դուրս գալ սեփական ոլորտից: Բանականության առկայությունը սասանում է այդ հավատը: Մտքի առաջին իսկ ճիգերը հանգեցնում են մեզ` որպես բաղկացուցիչ, բնությանը կապող զգայությունների այդ բռնիշխանության թուլացմանը, և բնությունը տեսնում ենք կողքից ու շարժման մեջ: Մինչև այս գերագույն ունակության միջամտությունը կենդանական աչքը զարմանալի ճշգրտությամբ տեսնում է կտրուկ ուրվագծերն ու գունավոր մակերեսները: Իսկ երբ սկսում է տեսնել Բանականության աչքը, այդ ուրվագծերն ու մակերեսներն անմիջապես ստանում են նրբագեղություն ու արտահայտչականություն: Դա տեղի է ունենում երևակայության ու հուզականության շնորհիվ և մեղմում է առարկաների ցցուն պարզորոշությունը: Եթե Բանականությունը զարգացնում է ավելի խորազնին տեսողություն, իսկ ուրվագծերն ու մակերեսներն առավել թափանցիկ ու այլևս անտեսանելի են դառնում, ապա դրանց միջով երևում են վերջնանպատակն ու ոգին: Կյանքի լավագույն պահերն են այս գերագույն զորության սքանչելի արթնացումները, նաև` բնության պատկառալի խոնարհումն իր Աստծո առջև:
Փորձենք զատորոշել նաև մշակույթի մյուս ազդեցությունները:
- Իդեալականի փիլիսոփայության մեջ հաստատվելու մեր առաջին հանգրվանը հետևանք է բուն Բնությունից ստացած խթանի:
Բնությունը կոչված է միավորվելու ոգու հետ` հանուն մեր ազատագրման: Որոշակի մեխանիկական փոփոխությունները, մեր սեփական դիրքի չնչին իսկ տեղաշարժ ստիպում են գնահատել այդ դուալիզմը: Տարօրինակ մի զգացում է համակում մեզ, երբ ծովափին նայում ենք շարժվող նավից, կամ օդապարիկից, կամ երկնքի անսովոր երանգներով հագեցած օդի միջով: Մեր դիտակետի չնչին իսկ տեղաշարժը գեղատեսլություն է հաղորդում ամբողջ աշխարհին: Սովորաբար ոտքով քայլող մարդուն հարկավոր է ընդամենը նստել կառք ու շրջել սեփական քաղաքում` և փողոցը կվերածվի խամաճիկների թատրոնի: Միմյանց հետ զրուցող, ինչ-որ տեղ շտապող, ինչ-որ ապրանք փոխանակող, վիճող ու կռվող տղամարդիկ ու կանայք` ազնիվ աշխատավորն ու անբանը, մուրացկանն ու երեխաները, շները, բոլոր արարածները միանգամից անիրական են դառնում կամ, առնվազն, բացարձակապես առանձնանում են դիտորդից, կորցնում են նրա հետ ունեցած բոլոր առնչություններն ու ներկայանում են որպես պատիր, ոչ նյութական արարածներ: Քաջածանոթ բնապատկերը բազմաթիվ նոր մտքերի տեղիք է տալիս, երբ երևում է սրընթաց սլացող վագոնի լուսամուտից: Մեծագույն հրճվանքը, սակայն, մեզ պատճառում են ամենասովորական իրերը (հար- կավոր է սոսկ փոխել դիտակետը): Ծիծաղի սենյա- կում զվարճանում ենք մսավաճառի սայլակի կամ սեփական ընտանիքի անդամներից մեկի տեսքով: Ուրախանում ենք` տեսնելով մեր մտերիմներից մեկի դիմանկարը: Կռացեք ու սեփական ոտքերի արանքով նայեք գլխիվայր բնապատկերին. այն զարմանալի ու սքանչելի է, թեև ձեր աչքի առջև է եղել քսան տարի շարունակ:
Նման դեպքերում մեխանիկական միջոցների օգնությամբ տարբերակվում են դիտորդն և դիտվող պատկերը, ասել է թե` մարդն ու բնությունը: Սրան հետևում է ակնածախառն հրճվանքը, ես կասեի, վեհության թեթև զգացողությունը, որի հիմքում ընկած է, հավանաբար, այն փաստը, որ դրանով իսկ մարդը բարձրանում է` գիտակցելով, որ քանի դեռ աշխարհը ներկայանում է որպես հարափոփոխ մի պատկերաշարք, կայունությունն, ուրեմն, իր մեջ է:
- Ավելի վերամբարձ ձևով նույն հրճվանքն արտահայտում է բանաստեղծն իր ստեղծագործություններում: Նա կարողանում է ժլատ արտահայտչամիջոցների օգնությամբ ստեղծել արևի ու լեռան, լեռան ստորոտում տարածված ճամբարի ու քաղաքի պատկերները, հերոսացած ասպետի ու նրա սրտի տիրուհի առաքինի օրիօրդի կերպարները, որոնք ճշգրտորեն համապատասխան են մեր պատկերացումներին, սակայն գետնից կտրված են, օդեղեն: Նա տեղահանում է ցամաքն ու ծովը, ստիպում է դրանց պտտվել իր գերխնդրի շուրջն ու տեղադրում է նորովի: Տրվելով հերոսական կրքին, նա նյութական աշխարհն օգտագործում է որպես այդ կրքի խորհրդանիշ: Զգայական ընկալումներով ապրող մարդն իր մտքերն է համապատասխանեցնում առարկաներին, մինչդեռ բանաստեղծը` առարկաները մտքերին: Առաջինի համար բնությունն արմատացած է ու անսասան, իսկ երկրորդի համար այն հեղհեղուկ է, փոփոխելի, և դա է իր գոյության հիմնական սկզբունքը: Հրահեստ աշխարհը նրա համար կռելի է ու ճկելի. նա մարդկային ոգի է տալիս քար ու փոշուն, որոնք դառնում են խոսք` Բանականության զինանոցում: Երևակայությունը կարելի է բնորոշել որպես Բանականության` նյութական աշխարհից քաղած օգուտը: Շեքսպիրը, առավել, քան մյուս բանաստեղծները, տիրապետում էր բնությունը որպես արտահայտչամիջոց օգտագործելու արվեստին: Նրա աստվածաշնորհ մուսան խաղացկուն հեշտությամբ էր կերտում ստեղծագործությունը` կատարելով իր համար գերխնդիր հանդիսացող մտքի ցանկացած քմահաճություն: Նրա համար մատչելի էին բնության ամենահեռավոր անկյունները, նա կարողանում էր ոգեղեն նրբին թելերով միավորել անհամատեղելի թվացող իրերն ու երևույթները: Ու մենք հասկանում ենք, որ նյութական աշխարհի վեհությունը հարաբերական է, որ այն սեղմվում կամ ընդարձակվում է` բանաստեղծի հույզերի կամոք: Ահավասիկ, նրա սոնետներում թռչունների ճռվողյունը, ծաղիկների բույր ու երանգը սոսկ ստվերներն են իր սիրեցյալի, ժամանակը, որ միմյանցից բաժանում է նրանց, իր կուրծքն է, սիրեցյալի մասին բամբասանքն անգամ որպես զարդ է ծառայում.