Բնություն
Բնությունը նաև առավել ուշադիր է դարձնում մեզ: Եվ չի ներում մեր սխալները: Նրա այոն այո է, իսկ ոչը` ոչ:17
Հողագործության, աստղագիտության, կենդանաբանության բնագավառներում ձեռնարկված առաջին քայլերը (որ ձեռնարկել էին հողագործը, որսորդը, ծովագնացը) ուսուցանում են, որ բնությունը երբեք զառ չի խաղում` տրվելով բախտի քմահաճույքին,18 որ նրա աղբակույտերում անգամ պարփակված են հավաստի ու օգտակար արդյունքներ:
Ինչպիսի˜ հանգստությամբ ու խաղաղությամբ է մարդկային միտքը մեկը մյուսի հետևից յուրացնում ֆիզիկայի օրենքները: Ինչպիսի˜ ազնիվ զգացմունքներ են համակում մահկանացուին, երբ նա մասնակից է դառնում արարման խորհրդին, երբ իմացության միջոցով հասնում է ԼԻՆԵԼՈՒ հրճվանքի զգացողությանը: Այդ հայտնության ներզգացողությունն ազնվացնում է նրան: Բնությունն իր ողջ գեղեցկությամբ տեղ է գտնում նրա կրծքում: Այս ըմբռնումն ավելի մեծ է դարձնում մարդուն` որոշ չափով պակասեցնելով տիեզերքի մեծությունը` քանզի օրենքների իմացությանը զուգահեռ չքանում են Ժամանակի ու Տարածության կապերը:
Այստեղ, սակայն, կրկին ապշում ու անգամ սարսռում ենք հետազոտվելիք Տիեզերքի անսահմանությունից: «Մեր իմացածը միայն ընդգծում է մեր չիմացածը»: Թերթեք ցանկացած գիտական հանդեսի թարմ համարներից մեկը, մտածեք այնտեղ շոշափված Լույսին, Ջերմությանը, Էլեկտրականությանը, Մագնիսականությանը, Բնախոսությանը, Երկրաբանությանը վերաբերող հիմնահարցերի մասին և ինքներդ դատեք, հնարավո՞ր է արդյոք, որ բնագիտության նկատմամբ հետաքրքրությունը երբևէ սպառվի:
Բաց թողնելով բնությանը` որպես ուսումնասիրության առարկայի, վերաբերող բազմաթիվ մասնավոր հարցերը, դրանցից երկուսին պարտավոր ենք արդրադառնալ:
Կամքի կոփումը կամ ուժի դասերն ուսուցանվում են ցանկացած իրադարձության մեջ: Սեփական զգացողություններին տիրապետելու երեխայի առաջին իսկ քայլերից մինչև այն պահը, երբ նա ասում է. «Եղիցի կամք քո»19, նա ճանաչում է այն խորհուրդը, որին տիրապետելով կարող է իր կամքին ենթարկել ոչ միայն առանձին իրադարձություններ, այլև դրանց մեծ խմբեր, ո՛չ` ամբողջական շարքեր` դրանով իսկ ամեն բան հարմարեցնելով սեփական խառնվածքին: Բնությունը համապիտանի միջնորդ է, ամենայն բան միմյանց կապակցող օղակը: Նրա կոչումը ծառայելն է: Մարդու գերիշխանությունն այն ընդունում է նույն հեզությամբ, ինչպես Փրկչին տանող ավանակը:20 Իր բոլոր արքայությունները` որպես բարեբեր հումք, այն ի սպաս է դնում մարդուն: Իսկ մարդը երբեք չի դադարում այն մշակելուց: Նրա ջանքերի շնորհիվ իմաստալից ու երգեցիկ խոսքերը պարուրվում են նրբենի ու փաղաքուշ ոգով, ստանում են համոզող ու հրամայող հրեշտակների թևեր: Նրա հաղթական մտքերը մեկը մուսի հետևից նվաճում են շրջապատը` վերածելով, իվերջո, աշխարհն իրակա- նացված կամքի, ասել է թե` մարդու կրկնօրինակի:
- Զգայականորեն ընկալելի առարկաները հարմարվում են Բանականության նախազգացումներին և արտացոլում են գիտակցությունը: Ամենայն գոյ օժտված է բարոյականությամբ և իր անդադար փոփոխություններով անդառնալիորեն ավելի ու ավելի է մերձենում ոգեղենին: Սրանով է պայմանավորված այն, որ բնությունը սքանչելի է իր ձևերի, գույների ու շարժման մեջ. տիեզերքի ամենահեռավոր մոլորակներից ցանկացածը, ցանկացած քիմիական փոփոխություն` ամենակարծր բյուրեղից մինչև կյանքի օրենքները, բուսական կյանքի ցանկացած զարգա- ցում` աճի հիմնական սկզբունքն իր մեջ կրող տերևի աչքից (բողբոջից)21 մինչև արևադարձային անտառն ու նախաջրհեղեղային ժամանակների ածխահանքը, կենդանական ցանկացած գործառություն` սպունգից մինչև Հերակլես, նուրբ ակնարկով կամ ամպրոպի պես բացելու են մարդու առջև ճշմարիտի ու կեղծի օրենքները, արձագանքելու են Տասը պատ- վիրաններին: Սրանով էլ պայմանավորված է այն, որ Բնությունը հավերժ դաշնակից է Կրոնին` կրոնական զգացմունքին փոխանցելով իր ողջ շուքն ու հարստությունը: Այս անհատակ ակունքից սնվել են մարգարեն ու քահանան, Դավիթը, Եսայան, Հիսու- սը: Բնությունն իր ուղն ու ծուծով ներթափանցված է այս բարոյականությամբ, այն աստիճան, որ թվում է, թե հենց դա է նրա վերջնական կոչումը: Բնության առանձին արարածներ կամ բաղկացուցիչներ կարող են ծառայել առանձին նպատակների, բնության հասարակական ու համընդհանուր գործառույթը, սակայն, սա է, և դա երբեք չի մոռացվում: Բնության մեջ ոչինչ չի սպառվում: Որևէ նպատակի լավագույնս ու մինչև վերջ ծառայելուց հետո էլ բնության մեջ ամեն բան նորանում է ու կրկին պատրաստ է ծառայելու այլևայլ նպատակների: Իրագործված ցանկացած նպատակ, Աստծո կամոք, վերածվում է մի նոր միջոցի: Այսպես, հարմարությունների օգտավետությունն, առանձին վերցրած, աննշան է ու խղճուկ: Սակայն, մտքի ու հոգու համար դա Օգտավետության ուսմունքի դաս է, մասնավորապես` որ իրը գնահատելի է սոսկ իր մատուցած ծառայությամբ, որ ցանկացած արարած որևէ նպատակի հասնելու համար պարտադրաբար պետք է համաձայնեցնի իր բոլոր գործողություններն ու ջանքերը: Այս ճշմարտության առաջին ու մեծ դրսևորումը մեր անխուսափելի ու նույնքան ատելի դաստիարակությունն է` արժեքների ու պահանջմունք- ների, հանապազօրյա հացի ու հոգևոր սննդի ճանաչման առումով:
Արդեն ցույց ենք տվել, որ ցանկացած բնական գործընթաց որևէ բարոյական դատողության տարբերակն է: Բնության կենտրոնում բարոյական օրենքն է, որի ճառագայթները ձգվում են բոլոր ուղղություններով: Դա է ամենայն նյութի, ամենայն հարաբերության, ամենայն գործընթացի ուղն ու ծուծը: Ամեն բան, ինչի հետ գործ ենք ունենում, խրատներ է տալիս մեզ: Ի՞նչ է կալվածքը, եթե ոչ համր Ավետարան: Հարդն ու հացահատիկը, որոմն ու բույսը, ուտիճը, անձրևը, միջատները, արևը, այս ամենը սուրբ խորհրդանիշեր են` գարնանային առաջին ակոսից մինչև ձմեռնամուտին արտում մնացած ձյունապարար դեզը: Նավազն ու խաշնարածը, հանքափորն ու առևտրականը, յուրաքանչյուրն իր ոլորտում, շարժվում են փորձառության զուգահեռ ճանապարհներով, որոնք հանգեցնում են միևնույն եզրակացությանը, քանի որ գործունեության բոլոր տեսակներն էությամբ միանգամայն նման են: Կասկածից վեր է նաև, որ բարոյականի այդ զգացողությունը, որ սավառնում է օդում, աճում է ցորենի հետ միասին ու ներկա է աշխարհի բոլոր ջրերում, ընկալվում է մարդու կողմից ու տեղ գրավում նրա հոգու ծալքերում: Մարդու վրա բնության բարոյական ներգործությունը չափվում է այդ ներգործությամբ բացված ճշմարտությամբ: Ո՞վ կարող է գնահատել այն: Ո՞վ կարող է ասել, թե ձկնորսի խառնվածքի կարծրության որ մասն է ալեծեծ ժայռի ուսուցանածը, որքանո՞վ է մարդու հոգևոր խաղաղությունն արտացոլում մավի երկինքը, որի անբիծ խորքերը միշտ անարատ է պահում ամպրոպածին ամպերը քշող քամին: Որքա՞նով ենք մեր աշխատունակության, խնայողականության և կրքոտության համար պարտական անասունների մնջախաղին: Ինքնատիրապետման ինչպիսի˜ խորաթափանց քարոզիչ է այդ Առողջություն կոչվող բազմադեմ երևույթը: