Բնություն
Սեփական միտքը պատշաճ խորհրդանշին համապատասխանեցնելու և այդպիսով` արտաբերելու մարդու ունակությունը կախված է նրա բնավորության անարատությունից, ասել է, թե` ճշմարտության նկատմամբ նրա տածած սիրուց և այդ ճշմարտությունն անկորուստ հասցեատիրոջը հասցնելու նրա ցանկությունից: Մարդու ապականմանը անխուսափելիորեն հետևում է լեզվի ապականումը: Երբ երկրորդական մղումները` հարստություն բազմապատկելու, հաճույք ստանալու, իշխանություն ունենալու, գովք ու փառքի արժանանալու տենչն ու ծարավը, խաթարում են բնավորության անարատությունն ու գաղափարների անկախությունը, և անկեղծությանն ու ճշմարտությանը փոխարինելու են գալիս երկերեսանիությունն ու կեղծիքը, մի աստիճանով ընկնում է բնության` որպես կամքի արտահայտչի նկատմամբ ունեցած իշխանությունը. չեն ստեղծվում այլևս նոր կերպարներ, խեղվում են հին բառերի իմաստները` արտահայտելով գոյություն չունեցող առարկաներ ու երևույթներ: Այդպես է. երբ գանձապետարանում վերջանում է ոսկին, շրջանառության մեջ են դրվում թղթադրամները: Պատեհ պահին, սակայն, նենգափոխությունը բացահայտ է դառնում, և բառերը կորցնում են հասկանալուն նպաստելու ու ներգործությունն ուժեղացնելու իրենց կարողությունը: Քաղաքակրթության երկար ճանապարհ անցած ժողովուրդների մեջ կարելի է գտնել հարյուրավոր գրողների, որ մի կարճ ժամանակահատված հավատացել են անձամբ ու հավատացրել են մյուսներին, թե տեսնում ու արտաբերում են ճշմարտությունը, մինչդեռ իրենք բնական հանդերձանք չեն տվել նույնիսկ մեկ մտքի, այլ ակամա սնվել են իրենց ժողովուրդների առաջնակարգ գրողների ստեղծած լեզվից, մասնավորապես, այն գրողների, ոքվեր ի սկզբանե մոտ են եղել բնությանը: Իմաստուն մարդիկ, սակայն, տեսնում են նման արտահայտչաձևի արատավորությունը և շտապում են բառերը կրկին կապակցել տեսանելի առարկաների. ուստի պատկերավոր լեզուն նաև անհերքելի վկայագիր է առ այն, որ գործածողը միաբան է ճշմարտության ու Աստծո հետ: Այն պահից, երբ մեր խորհրդածությունը կտրվում է հանրածանոթ փաստերի հողից ու ոգեշնչված սավառնում կրքերի կամ երևակայության թևերով, այն պատկերի հանդերձանք է ստանում: Լրջախոհ զրուցակիցը, հետևելով իր մտածողությանը, կզգա, որ ցանկացած մտքին զուգահեռ իր գիտակցության մեջ հառնում է ավելի կամ պակաս լուսավոր մի կերպար, որ զարդարում է տվյալ մտքի հանդերձանքը: Ահա թե ինչու լավ գրականությունը և փայլուն քննախոսությունը միշտ այլաբանական են: Այս պատկերայնությունն ինքնաբուխ է: Այն միաձուլումն է կենսափորձի ու տվյալ պահին ընթացող ուղեղի աշխատանքի: Հենց դա է ճշմարիտ արարումը: Դա Սկզբնապատճառի գործունեությունն է` իր իսկ ստեղծած միջոցներով: Վերոնշյալը հուշում է, որ հզոր մտքի տեր մարդու համար գյուղական կյանքն առավելություններ ունի արհեստական ու խղճուկ քաղաքային կյանքի նկատմամբ: Բնությունից սովորում ենք ավելին, քան կարող ենք արտահայտել: Նրա լույսը մեզ հետ է ընդմիշտ, ու մենք դադարում ենք դրա ներկայությունը նկատելուց: Անտառներում իրենց կոչումը գտած բանաստեղծը, հռետորը, ում զգացմունքները սնվել են սքանչելի ու ամոքիչ փոփոխություններով, սնվել են տարեցտարի` անմիտում ու աննկատ, քաղաքների ժխորի ու քաղաքական վայրիվերումների մեջ անգամ երբեք չեն մոռանալու անտառում քաղած դասերը: Շատ տարիներ հետո անգամ, ազգային խորհուրդների քարոզչության ու ահաբեկչության մթնոլորտում` հեղափախությունների ընթացքում, այս սքանչելի պատկերները կրկին վերադառնալու են իրենց վաղօրդյան լուսավոր առաքինությամբ` որպես ընթացիկ իրադարձությունների ծնած մտքերին պատեհ խորհրդանիշներ ու խոսքեր: Իսկ երբ նրանց համակեն ազնիվ զգացմունքները, կրկին ալիքվելու են անտառները, շշնջալու են եղևնիները, խայտանքով վազելու են գետակները, լանջերն ի վար իջնելու են նախիրները. նրանք տեսնելու ու լսելու են իրենց մանկության պատկերներն ու ձայները: Եվ այս ամենն ավելի համոզիչ է դարձնելու նրանց խոսքը, նրանց ձեռքում դառնալու է ան- հատնում զորության բանալի:
- Այսպիսով, բնությունն օգնում է մեզ արտահայտելու այս կամ այն իմաստը: Մի՞թե հզոր լեզուն սոսկ նման չնչին տեղեկություններ հաղորդելու համար է: Արդյո՞ք ազնիվ արարածների բազում ռասաները, ձևերի շռայլ առատությունը, երկնային լուսատուների անհամար բազմությունը լոկ քաղաքապետարանում արտասանվելիք ճառի բառապաշարն ու քերականությունն ապահովելու համար են: Քանի դեռ այդ մեծագույն ծածկագիրը վատնում ենք կյանքի մանրուքների վրա, զգում ենք, որ ոչ միայն ըստ նշանակության չենք օգտագործում այն, այլև` ունակ չենք օգտագործելու: Նման ենք այն ճանապարհորդին, ում համար հրաբխի ածուխը ձու խաշելու միջոց է: Գիտակցելով, որ լեզուն միշտ պատրաստ է հանդերձելու մեր ասելիքը, անդադար հարցնում ենք ինքներս մեզ, թե այդյո՞ք լեզվի պատկերներն ինքնին նշանակալի չեն: Արդյո՞ք լեռները, ալիքները, երկինքը չունեն այլ նշանակություն, բացի նրանից, որ մենք գիտակցաբար տալիս ենք դրանց` իբրև մեր մտքերի խորհրդանիշներ: Աշխարհը խորհրդանշական է: Խոսքի մասերը փոխաբերություններ են, քանզի ողջ բնությունն է մարդկային մտքի փոխաբերություն: Բարոյական օրենքները համապատասխանում են նյութական օրենքներին ճիշտ այնպես, ինչպես դեմքն` իր հայելապատկերին: «Տեսանելի աշխարհն ու նրա բաղկացուցիչների փոխհարաբերությունները անտեսանելի աշխարհի ստեղնաշարն են»: Ֆիզիկայի աքսիոմաները բարոյական օրենքների թարգմանութունն են: Ասենք, «ամբողջը մեծ է իր բաղկացուցչից», «ազդեցությունը հավասար է հակազդեցությանը», «չնչին զանգվածով կարելի է բարձրացնել ահռելի զանգված, եթե զանգվածների տարբերությունը կոմպենսացվի ժամանակով», և ֆիզիկային վերաբերող բազմաթիվ նման պնդումներն ունեն նաև բարոյական իմաստ: Դրանք շատ ավելի լայն, համընդգրկուն իմաստ են ստանում մարդկային կյանքի նկատմամբ կիրառվելիս, քան երբ վերաբերում են սոսկ տեխնիկային:
Նմանապես, տարբեր ժողովուրդների պատմական ասույթներն ու ասացվածքներն իրենցից սովորաբար ներկայացնում են որպես բարոյական ճշմարտությանների մեկնություններ կամ այլաբանություններ ընտրված բնական փաստեր: Օրինակ. «Գլորվող քարը չի մամռակալի», «Ճիշտ ճանապարհն ընտրած հաշմանդամն ավելի շուտ տեղ կհասնի, քան սխալ ճանապարհով վազողը», «Երկաթը տաք-տաք են ծեծում», «Լիքը թասը դժվար է տեղ հասցնել», «Քացախը գինու զավակն է», «Ուղտի մեջքը վերջի ծեղն ա կոտրում», «Հին ծառը խորն արմատներ է գցում» և բազմաթիվ այլ առածների սկզբնական իմաստն առօրեական է ու աննշան, սակայն մենք հիշում ու կրկնում ենք դրանք` շնորհիվ դրանց համաբանական (անալոգիական) բնույթի: Եթե ասվածը ճշմարիտ է առածների վերաբերյալ, ապա` հավասարապես ճշմարիտ է նաև առակների, փոխաբերությունների ու այլաբանությունների վերաբերյալ:
Հոգևորի ու նյութականի փոխկապակցվածությունը բանաստեղծի երևակայության արդյունք չէ. դա այդպես է Աստծո կամոք, ուստի պետք է մատչելի լինի բոլոր մարդկանց հասկացողությանը: Այն կարող է երևալ մարդկանց, կարող է նաև չերևալ: Երջանիկ պահերին այս հրաշքի շուրջ խորհրդածելիս, խորաթափանց մարդն սկսում է կասկածել, թե մինչ այդ կույր ու խուլ է եղել.