Բնություն
Ինչևէ, հարկ չկա, թերևս, մանրամասնել այս կարգի օգտակար հավելվածները: Թվարկումն անվերջ կլիներ, իսկ օրինակներն այնքան ակնհայտ են, որ կարող եմ ընթերցողին թողնել դրանց իմաստավորումը: Ինձ վերապահեմ սոսկ հետևյալ ընդհանուր դիտարկման իրավունքը. շահամետ առավելություն- ների այս ամբողջությունը ծառայում է գերագույն բարիքին: Մարդուն սնում են ոչ թե սնած լինելու, այլ աշխատունակ պահելու համար:
ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ
3
Բնությունը բավարարում է մարդու ավելի վեհ մի պահանջմունք` սերը առ Գեղեցիկը:
Հին հույներն աշխարհն անվանում էին κοσμοσ ասել է թե` գեղեցկություն: Բոլոր իրերի կառուցվածքը, մարդկային աչքի պլաստիկ զորությունն այնպիսին են, որ նախնական ձևերը` ինչպես երկինքը, լեռը, ծառը, կենդանին, արդեն իսկ պարունակում և ինքնին հաճույք են պատճառում մեզ, հաճույք, որ ծնվում է դրանց ուրվագծերից, երանգներից, շարժումներից ու շրջապատին ներդաշնակելուց: Դրա համար մենք մասամբ պարտական ենք, թերևս, հենց մեր աչքերին: Աչքն է լավագույն գեղագետը: Աչքի կառուցվածքի ու լույսի օրենքների փոխգործողությունից ծնվում է այն հեռանկարը, որ իրերի ցանկացած զանգված` անկախ դրանց բնույթից, միահյուսում-դարձնում է լույս ու ստվերով ներդաշնակորեն երանգավորված մի գունդ, որն ամբողջությամբ վերցրած կատարյալ է ու համաչափ` չնայած առանձին բաղկացուցիչների խղճուկ ու անարտահայտիչ տեսքին: Եվ որքանով աչքը գեղանկարչական հորինվածքի վարպետն է, այնքանով էլ լույսը լավագույն գեղանկարիչն է: Չկա այնպիսի մի գարշելի իր, որ պայծառ լույսը չգեղեցկացնի այն: Եվ վերջինիս` զգացողությունը խթանելու ունակությունը, և այն յուրօրինակ անվերջությունը, որ տարածության ու ժամանակի պես իր մեջ կրում է լույսը, հրճվանք է հաղորդում ողջ նյութական աշխարհին: Յուրովի գեղեցիկ է նույնիսկ դիակը: Սակայն, բնության մեջ տարրալուծված ընդհանուր նրբագեղությունից զատ, աչքին հաճո են գրեթե բոլոր առանձին ձևերը, ինչի մասին վկայում է այն, որ մենք անվերջ նմանակում ենք դրանցից մի քանիսին` խոզակաղնին, խաղողի վազին, սոճու կոնին, ցորենի հասկին, ձվին, թռչունների մեծամասնության թևերին ու տեսքին, առյուծի մագիլներին, օձին, թիթեռին, ծովախեցիներին, կրակի լեզուներին, ամպերին, բողբոջին ու տերևին, ծառների` ասենք, արմավենու ուրվագծերին:
Ավելի հանգամանորեն դիտարկելու նպատակով, կարող ենք Գեղեցկության դրսևորումները բաժանել երեք խմբի:
- Նախ, բնական ձևերի պարզ ընկալումն արդեն իսկ հաճույք է: Բնական ձևերի ու բնական իրադարձությունների ներգործության կարիքը մարդու համար այն աստիճան կենսական է, որ այդ ներգործության ամենատարրական դրսևորումները գտնվում են օգտակարության ու գեղեցկության սահմանագծում: Բնությունն ապաքինում է վնասակար աշխատանքի կամ տհաճ մարդկանց հետ շփվելու հետևանքով թոշնած մարմինն ու միտքը, վերականգնում է կորցրած ավյունը: Երբ առևտրականը, փաստաբանը թոթափում է փողոցային ժխորն ու եղծը ու տեսնում երկինքն ու անտառները, նորից մարդու է վերածվում: Դրանց անանց խաղաղության մեջ է նա վերագտնում իրեն: Երևի թե, առողջ տեսողությունը բաց հորիզոն է պահանջում: Մենք երբեք չենք հոգնում, քանի դեռ բաց է մեր տեսադաշտը:
Լինում են, սակայն, ժամեր, երբ Բնությունը բավա- կանություն է պատճառում զուտ իր գրավչությամբ` առանց որևէ մարմնական օգուտ տալու: Տանս դիմացի բլրի գագաթից դիտում եմ օրվա երկունքը` արշալույսից մինչև արևածագ, ապրելով այնպիսի հույզեր, որոնցից հրեշտակն էլ չէր հրաժարվի:
Գեղիրան ամպերի շարանը ձկների պես լողում է բոսոր լույսի ծովում: Կանգնածս տեղից, ինչպես ծովեզրից, նայում եմ այդ լուռ ծովին: Թվում է, թե ինքս էլ մասնակից եմ այդ սրընթաց փոխակերպումներին. ամենակուլ հմայքը համակում է նաև իմ հողեղեն մարմինը, և ես զրույց եմ ծավալում ցայգի հովի հետ ու դառնում նրա գաղտնի դաշնակիցը: Ինչպե~ս է կարողանում բնությունն իր ընդամենը մեկ-երկու պարզագույն տարրերով հմայել մեզ: Տվեք ինձ առողջություն և ընդամենը մեկ օր, և ես ցույց կտամ, թե որքան սին ու չնչին է կայսերական ողջ փառքն ու շուքը: Արշալույսն իմ Ասորեստանն է, վերջալույսն ու լուսնի ցոլքն` իմ Պաթոսը. անսանձ երևակայությանս աներևակայելի թագավորությունները: Պայծառ կեսօրը կլինի զգացմունքներիս ու գիտակցությանս Անգլիան, իսկ գիշերը` միստիկ փիլիսոփայությանս, անուրջներիս Գերմանիան: Սքանչելի էր նաև երեկվա հունվարյան մայրամուտը, հաշվի առնելով, իհարկե, որ կեսօրից հետո մենք պակաս դյուրընկալ ենք լինում: Արևմունքից եկող ամպերը քուլա-քուլա տարածվում էին երկնքում, ստանալով աննկարագրելի նուրբ վարդագույն երանգներ, իսկ օդում այնքան կյանք կար ու այնքան բերկրանք, որ տուն վերադառնալը մեղք էր: Այդ ի՞նչ խորհուրդ էր, որ ուզում էր մեզ հետ կիսել բնությունը: Արդյո՞ք բովանդակությունից զուրկ էր ջրաղացից այն կողմ տարածված դաշտավայրի կենդանի լռությունը, բովանդակություն, որ անմեկին է անգամ Հոմերոսի կամ Շեքսպիրի լեզվի համար: Արևելքում մգացող երկնքի ֆոնի վրա տերևաթափ ծառերը վերածվում են բոցեղեն սրաձող աշտարակների, և ծաղիկերի ցրտահար կոկոն-աստղիկներից, եղյամապատ, թոշնած ցողուններից ու ծիղերից յուրաքանչյուրն իր ներդրումն ուներ այդ համր երաժշտության մեջ:
Քաղաքաբնակները կարծում են, թե գյուղական բնաշխարհը դուրեկան է միայն տարվա մեկ կեսի ընթացքում: Մինչդեռ ես կարողանում եմ սքանչանալ նաև ձմեռային բնապատկերով և համոզված եմ, որ այն գերում է մեզ ոչ պակաս, քան ամառվա մեղմաբուխ հմայքը: Ուշակալ աչքի համար յուրովի գեղեցիկ են տարվա բոլոր օրերը. նայելով նույն դաշտին, աչքն ամեն պահի գտնում է մի տեսարան, որ երբեք չի տեսել ու չի տեսնելու այլևս: Երկինքն անդադար փոփոխվում է` իր խաղաղ լույսը կամ խոժոռ մութը սփռելով հարթավայրերին: Շրջակա արտերում հասունացող բերքը շաբթեշաբաթ փոփոխում է երկրի դեմքը: Արոտավայրերի ու ճամփեզրի վայրի բուսականության հերթափոխը մի համր ժամացույց է, որ հաշվում է ամառվա անցնող օրերը և խորաթափանց դիտորդի համար շոշափելի է դարձնում անգամ օրվա ընթացքը: Բույսերի պես իրենց ժամկետի մեջ ճշտապահ` իրար են հաջորդում տարբեր թռչուններն ու միջատները, և բոլորն իրենց տեղ ունեն տարվա մեջ: Շատ ավելի բազմազան են ջրամերձ վայրերը: Հուլիսին մեր գեղատեսիլ գետի ծանծաղուտների ընդարձակ մարգագետիններում ծաղկում են երկնագույն հակինթն ու եղջերատերևը, որոնց վրա անդադար թևածում է դեղին թիթեռների պարսը: Արվեստը մրցակից չէ մանուշակագույնի ու ոսկեգույնի այս շքահանդեսին: Գետն, իրոք, հարատև մի տոնահանդես է, որ ամեն ամիս հպարտանում է իր նոր հանդերձանքով:
Որպես գեղեցկություն տեսանելին ու ընկալելին Բնության գեղեցկության փոքրագույն մասն է միայն: Ցողաթաթախ առավոտը, ծիածանը, լեռները, ծաղկափթիթ այգիները, աստղերը, լուսնի փայլը, խաղաղ ջրի հայելում խայտող ստվերները, օրվա բոլոր սքանչելի տեսարանները դրանցով չափից ավելի հրապուրվելու դեպքում վերածվում են սոսկ տեսարանների, որ ծաղրում են մեզ իրենց անիրականությամբ: Դուրս եկեք տնից սոսկ լուսնին նայելու համար, և այն ընդամենը պսպղուն մի ափսե է. որքան ավելի խորն է գոհացումը, երբ այն լուսավորում է ձեր անհետաձգելի գիշերային ուղևորությունը: Կա՞ մեկը, որ կարողացել է որսալ-վանդակել հոկտեմբերյան կեսօրի դեղնացոլ գեղանքը: Հենց որ սկսում ես որոնել, այն անէանում է. մնում է լոկ կառքի պատուհանից քեզ երևացած տեսիլքը: