Ռուբիկոն

Գաղափարների մասին ընդհանրապես

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Իմմանուել Կանտ

(«Զուտ բանականության քննադատություն», Տրանսցենդենտալ դիալեկտիկա, բաժին առաջին

Չնայած մեր լեզվի անսպառ հարստությանը՝ խոր­հող մարդը հաճախ դժվարանում է գտնել մի տեր­մին, որը լրիվ կհամապատասխանի իր հասկացու­թյանը, և այդ բացի հետևանքով հիշյալ տերմինը անհասկանալի է մնում թե՛ իր և թե՛ այլոց համար։ Նոր բառեր հորինել նշանակում է լեզվի մեջ հավակնել օրենսդրի պաշտոնին, ինչը հազվադեպ է հաջողվում, և նախքան այդ ծայրահեղ միջոցին դիմելը խոհեմ կլիներ ուսումնասիրել մեռած և գիտական լեզուն՝ տեսնելու համար, չկա արդյոք նրանում այդպիսի հասկացություն, իր համապատասխան տերմինով, և նույնիսկ եթե նշված հաս­կացության գործածությունը իր ստեղծողի անխորաթափանցության մեղքով կասկածելի թվար, այդու­հանդերձ ավելի լավ կլիներ ամրագրել դրա հիմնական նշանակությունը (նույնիսկ եթե անորոշ մնար՝ օգտագործվում է այն հենց այդ իմաստով, թե ոչ), քան վնաս հասցնել գործին՝ անհասկանալի դարձնելով այն։

Ահա ինչու, եթե որևէ հասկացության համար կա միայն մեկ բառ, որը լրիվ համապատասխանում է նշված հասկացության նշանակությանը, որի տարբե­րակումը մյուս մոտ կանգնած հասկացություններից շատ կարևոր է, խոհեմ կլիներ թույլ չտալ շռայլություն և հանուն բազմազանության գործածել այն որպես ուրիշ բառերի հոմանիշ, այլ բա­րեխղճորեն պահպանել վերջինիս յուրահատուկ նշանակությունը, հակառակ դեպքում կարող է պա­տահել այնպես, որ այդ տերմինը դուրս կընկնի հատուկ ուշադրությունից, կկորսվի շատ տարբեր նշանակություն ունեցող արտահայտությունների կույտում և այդպիսով կկորսվի նաև միտքը, որը կարող է պահպանել միայն այդ տերմինը։

Պլատոնը օգտվում էր գաղափար տերմինից այն­պես, որ ըստ երևույթին դրա տակ հասկանում էր մի բան, որը ոչ միայն հնարավոր չէ փոխառել զգա­ցումներից, քանզի փորձում գաղափարներին համընկնող ոչինչ չկա, այլ նաև մի բան, որը գերա­զանցում է դատողության հասկացությունները, որոնց հետ գործ ուներ Արիստոտելը։ Պլատոնի մոտ գաղափարները հենց իրենց՝ իրերի նախատիպերն են և ոչ ընդամենը հնարավոր փորձի բանալի, ինչպես կատեգորիաները։ Նրա կարծիքով գաղափարները արտազեղվում են գերագույն բա­նականությունից և այդտեղից մարդկային բանա­կանության բաժին դառնում, սակայն մարդկային բանականությունն այժմ չի գտնվում իր նախնական վիճակում և պետք է ջանքերի գնով, շնորհիվ հիշողության (որը կոչվում է փիլիսոփայություն) վերակենդանացնի իր հին, արդեն բավական խամրած գաղափարները։ Ես մտադիր չեմ այստեղ գրական հետազոտություն անցկացնել՝ պարզելու համար այն իմաստը, որը գաղափար տերմինին էր հատկացնում այդ մեծ փիլիսոփան։ Նշեմ միայն, որ հաճախ, ինչպես սովորական խոսակցության մեջ, այնպես էլ գրվածքներում, համեմատելով մտքերը, որոնք հեղինակը արտահայտում է իր առարկայի մասին, մենք ավելի լավ ենք հասկանում նրան, քան ինքը, եթե վերջինս անհրաժեշտ չափով չի որո­շարկել իր հասկացությունը և դրա հետևանքով խոսում կամ մտածում է սեփական դիտավորու­թյունների դեմ։

Պլատոնը շատ լավ նկատել էր, որ մեր ճանաչողունակությունը շատ ավելի բարձր պահանջմունք ունի, քան ընդամենը երևույթերն ըստ սինթետիկ միասնության հոդավորել, որպեսզի նրանցից վեր­ծանի փորձը։ Նա նկատել էր, որ մեր բանականու­թյունը բնական կերպով սլանում է դեպի այն իմացությունները, որոնք շատ հեռու են անցնում փորձի սահմաններից, այնպես, որ վերջինիս առաջարկած ոչ մի առարկա չի կարող երբևէ համընկնել այդ իմացությունների հետ, բայց այնուամենայնիվ այդպիսի իմացությունները ամենևին էլ զուրկ չեն ռեալությունից և ցնորքներ չեն։

Իր գաղափարները Պլատոնը գտնում էր գերա­զանցապես այն ամենի մեջ, ինչը պրակտիկ է*, այսինքն՝ հիմնվում է ազատության վրա, որն իր հերթին ենթարկված է իմացություններին, որոնք բանականության յուրահատուկ արգասիքն են։

Փորձից քաղել առաքինության հասկացությունը կամ իմացության աղբյուրի նմուշ համարել (ինչպես դա իրականում արեցին շատերը) այն, ինչը լավագույն դեպքում կարող է ծառայել սոսկ իբրև անկատար օրինակ, նշանակում է առաքինությունը դարձնել ժամանակի և հանգամանքների մեջ փոփոխվող, ոչ մի օրենքի չենթարկվող երկիմաստ անհեթեթություն։ Մինչդեռ յուրաքանչյուր ոք գիտի, որ երբ իրեն ինչ-որ մեկին ներկայացնում են իբրև առաքինության նմուշի, ապա ճշմարիտ բնօրինակը, որի հետ նա համեմատում է այդ կարծեցյալ նմուշը և ըստ որի միայն գնահատում, նա ունի լոկ սեփական գլխում։ Հենց այդ բնօրինակն է առաքինության գա­ղափարը, որի վերաբերությամբ փորձի բոլոր հնա­րավոր առարկաները, թեև ծառայում են իբրև օրինակներ (ապացույցներ այն բանի, որ բանականու­թյան հասկացությունների պահանջները որոշ չա­փով իրագործելի են), բայց ոչ իբրև նախատիպեր։ Այն, որ մարդը երբեք չի գործի առաքինության գա­ղափարի մեջ բովանդակվածին ադեկվատ, դեռ չի նշանակում, որ այդ գաղափարը պատրանք է։ Իսկապես, բարոյական արժանիքի կամ անարժա­նության մասին ամեն դատողություն հնարավոր է միայն այդ գաղափարի շնորհիվ, այսինքն՝ շնորհիվ այն բանի, որ այդ գաղափարը անհրաժեշտաբար ընկած է բարոյական կատարելությանը ամեն մո­տեցման հիմքում, որքան էլ հեռու պահեն մեզ դրանից մարդկային բնության մեջ եղած խոչըն­դոտները, որոնց աստիճանը անհնար է որոշել։ Պլատոնյան պետությունը դարձել է ասացվածք, որպես ակնառու օրինակ այն անրջային կարո­ղության, որը կարող է տեղ գտնել միայն անգործ մտածողի ուղեղում, և Բրուկերը զավեշտական է համարում փիլիսոփայի այն պնդումը, իբր տիրա­կալը երբեք չի կարող կառավարել, եթե հաղորդա­կից չէ գաղափարներին։ Բայց լավ կլիներ, առավել հետամուտ լինել այս մտքին և նոր ջանքերի գնով լույս հանել վերջինս (այնտեղ, որտեղ այդ հրաշալի այրը մեզ թողել է առանց օգնության), փոխարեն մի կողմ նետելու այն որպես անպետք բան՝ դիմելով թշվառ ու վնասաբեր պատճառաբանությանը, թե իբր այն անիրագործելի է։ Սահմանադրությունը, որը հիմնված է մարդկային մեծագույն ազատության վրա համաձայն օրենքների, որոնք այնպես են անում, որ յուրաքանչյուրի ազատությունը կարող է համատեղ լինել մյուսների ազատության հետ (խոսքը մեծագույն երջանկության մասին չէ, որով­հետև վերջինս արդեն ինքը պիտի առաջ գա), ամեն դեպքում անհրաժեշտ գաղափար է, որը պիտի հիմք հանդիսանա ոչ միայն պետական սահմանադրու­թյան, այլև բոլոր օրենքների համար, և այստեղ է, որ հարկ է նախապես վերացարկվել առկա խոչընդոտ­ներից, որոնք կարող են անխուսափելիորեն բխել ոչ այնքան մարդկային բնության, որքան օրենսդրու­թյան ընթացքում իսկական գաղափարների անտես­ման հետևանքով։ Իսկապես, փիլիսոփայի համար չկա ավելի վնասակար և անպատվաբեր մի բան, քան գռեհիկ հղումները կարծեցյալ հակասական փորձին, որն իբր թե բնավ էլ գոյություն չէր ունենա, եթե սահմանադիր հաստատությունները ճիշտ ժամանակին կազմակերպված լինեին ըստ գաղափար­ների և ոչ ըստ կոպիտ հասկացությունների, որոնք քաղված լինելով փորձից՝ ձախողեցին բոլոր բարի մտադրությունները։ Որքան ավելի համաձայնեցվե­ին օրենսդրությունն ու կառավարումը այս գաղա­փարի հետ, այնքան, անշուշտ, ավելի հազվադեպ կլինեին պատիժները, և միանգամայն խոհեմ է (ինչպես պնդում էր Պլատոնը), որ կատարյալ կար­գերի առկայությամբ դրանց կարիքն առհասարակ չէր լինի։ Թեպետ այդ կարգերը երբեք չեն գա, սակայն գաղափարը, որն իբրև նախատիպ առա­ջադրում է այդ maximum-ը, միանգամայն ճշմարիտ է՝ վերջինից օգտվելով մարդկանց օրինական սահ­մանադրությունը հնարավոր ամենաբարձր կատա­րելությանը միշտ ավելի մոտեցնելու համար։ Թե ինչպիսին կարող է լինել այն գերագույն աստիճանը, որին հասնելիս մարդկությունը ստիպված կլինի կանգ առնել և, այսինքն, որքան է մեծ անդունդը, որն անհրաժեշտաբար պահպանվում է գաղափարի և դրա իրագործման միջև, ոչ ոք չգիտի և չի կարող որոշել հենց այն պատճառով, որ միայն ազա­տությունը կարող է անցնել յուրաքանչյուր տրված սահման։

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Գաղափարների պրոբլեմատիկան Լոկի, Լայբնիցի և Կանտի իմացաբանության մեջ (վերլուծական ակնարկ) Սերգեյ Ստեփանյան Ճանաչողության տեսությունը, այն թափով և վեճերի այն բազմազանությամբ, որով ժառանգվել է մեզ այսօր, նոր ժամանակներում, իբրև պրոբլեմ հարուց­վել է այն բանից հետո, երբ դեկարտյան իշխող ուսմունքին Ջոն Լոկը հակադրեց իր «Փորձ մարդ­կային ըմբռնողության… Փիլիսոփայություն Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնից Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում «Նոր փորձեր մարդկային ըմբռնողության մասին», գիրք երկրորդ, Գաղափարների մասին, գլուխ առաջին 1. ՖԻԼԱԼԵՏ. – Քննելուց հետո, թե արդյոք… Փիլիսոփայություն Ընդհանրապես գաղափարների և դրանց ծագման մասին Ջոն Լոկ «Փորձ մարդկային ըմբռնողության մասին», գիրք երկրորդ, բաժին առաջին Գաղափարը մտածողության օբյեկտ է։ Յուրաքանչյուր մարդ գիտակցում է, որ մտածում է և որ այն, ինչով զբաղված է իր միտքը մտածելիս, գաղափարներ են։ Կասկածից վեր է, որ մարդիկ իրենց մտքում մի շարք…