Գաղափարների մասին ընդհանրապես
Սակայն միայն այստեղ, բարոյականության ոլորտում չէ, որ մարդկային բանականությունը իսկական պատճառականություն է ցուցաբերում, իսկ գաղափարները դառնում են գործող պատճառներ (վարմունքների և առարկաների), բայց նույնիսկ բնության վերաբերյալ Պլատոնը իրավացիորեն նկատում է, որ այն ունի գաղափարներից ծագելու ակնհայտ ապացույցներ։ Բույսը, կենդանին, տիեզերքի օրինաչափ համակարգվածությունը (հավանաբար նաև ողջ բնական աշխարհը) պարզ ցույց են տալիս, որ իրենք հնարավոր են միայն գաղափարների շնորհիվ։ Ու թեև ոչ մի արարած իր առանձին գոյության պայմաններով չի համընկնում իր տեսակի կատարելագույն գաղափարին (այնպես, ինչպես մարդը չի համընկնում մարդկության գաղափարի հետ, որը նա այդուհանդերձ կրում է իր հոգում որպես իր արարքների նախատիպ), այնուամենայնիվ այդ գաղափար ները առանձին և անփոփոխ լիովին որոշարկված են գերագույն բանականության մեջ՝ հանդիսանալով իրերի նախնական պատճառները, և միայն այդ իրերի կապի ամբողջությունն է աշխարհում, որ համարժեք է գաղափարին։ Եթե մի կողմ դնենք Պլատոնի շարադրման մեջ եղած չափազանցումները, ապա այդ փիլիսոփայի ոգու թռիչքը, որ աշխարհակարգի մեջ առկա ֆիզիկականից վեր է խոյանում դեպի այդ աշխարհի արխիւոեկւոոնիկ կապն ըստ նպատակների, այսինքն՝ ըստ գաղափարների, մի ճիգ է, որն արժանի է հարգանքի և ընդօրինակման, իսկ ինչ վերաբերում է բարոյականության, սահմանադրության և կրոնի սկզբունքներին, որտեղ միայն գաղափարներն են (բարու) նախ և առաջ հնարավոր դարձնում փորձը, թեպետ երբեք չեն կարող լիովին արտահայտված լինել նրանում, ապա այստեղ Պլատոնն ունի միանգամայն յուրահատուկ մի ծառայություն, որը չի ընդունվում լոկ այն պատճառով, որ դա գնահատում են համաձայն հենց այն կանոնների, որոնց ուժը, իբրև սկզբունքների, պիտի և մերժեր փորձը։ Չէ՞ որ բնության առնչությամբ հենց փորձն է մեզ կանոններ ընձեռում և ճշմարտության աղբյուր հանդիսանում, սակայն ինչ վերաբերում է բարոյական օրենքներին, ապա փորձը (ցավոք) երևություն ծնողն է, և բոլորովին անընդունելի կլիներ ինչ րրետք է անեմ ՜ի համար նախատեսված օրենքը փոխառել ինչ է արվում-ից։
Բոլոր այս կշռադատումների փոխարեն, որոնց պատշաճ զարգացումն է իրականում փիլիսոփայության ճշմարիտ արժանիքը, մենք այժմ կզբաղվենք ոչ այնքան փայլուն, բայց և ոչ այնքան անօգուտ մի գործով, հող կհարթենք ու կամրացնենք բարոյականության այդ փառահեղ շինության համար, որովհետև գանձեր գտնելու հույսով տարված բանականությունը ամենուր թողել է խլուրդի փոսեր և սողանցքեր, որոնք սպառնում են այդ կառույցի ամրությանը։ Մեր պարտքն է այդպիսով լավ գիտենալ զուտ բանականության տրանսցենդենտալ կիրառությունը, դրա սկզբունքներն ու գաղափարները, որպեսզի պատշաճ ձևով որոշենք վերջինիս ազդեցությունն ու արժեքը։ Բայց նախքան սույն ներածությունն ավարտելը ես խնդրում եմ նրանց, ովքեր իրենց սրտերում սեր են տածում փիլիսոփայության հանդեպ (իսկ այդպիսիք ավելի շատ են խոսքով, քան գործով), որ եթե իրենք համոզիչ գտնեն այս և հետագա կշռադատումները, ապա թող պաշտպան կանգնեն գաղափար տերմինի նախնական նշանակությանը, որպեսզի այն չկորչի այլևս ուրիշ տերմինների մեջ, որոնցով սովորաբար առանց կարգ ու կանոն հաշվի առնելու նշանակում են պատկերացման բազմապիսի եղանակները և վնաս հասցնում գիտությանը։ Չէ՞ որ քիչ չեն անվանումները, որոնք լիովին համապատասխանում են պատկերացման յուրաքանչյուր եղանակին, այնպես որ կարիք չկա խուժելու մյուսների տիրույթը։ Ահա դրանց աստիճանավորումը։ Սեռը ընդհանրապես պատկերացում է (representatio)։ Դրան ենթարկվում է գիտակցությամբ ուղղորդված պատկերացումը (perceptio)։ Պերցեպցիան, որը վերաբերում է բացառապես սուբյեկտին, իբրև նրա վիճակի ձևափոխություն, զգայություն է (sensatio). օբյեկտիվ պերցեպցիան ճանաչողությունն է (cognito)։ Այս վերջինը կա՛մ հայեցողություն է, կա՛մ էլ հասկացություն (intuitus vel conceptus)։ Հայեցողությունը առարկային է վերաբերում անմիջականորեն և միշտ եզակի է, իսկ հասկացությունը առարկային վերաբերում է միջնորդավորված, շնորհիվ հատկանիշի, որը կարող է բազում իրերի համար ընդհանուր լինել։ Հասկացությունը լինում է կամ էմպիրիկ, կամ զուտ. զուտ հայեցողությունը, քանի որ այն սկիզբ է առնում բացառապես դատողության (և ոչ զգայականության զուտ պատկերի) մեջ, կոչվում է notio։ Հասկացությունը, որը կազմված է notiones-ից և դուրս է անցնում հնարավոր փորձի սահմաններից, գաղափար է, կամ բանականության հասկացություն։ Նրա համար, ով սովոր է այսպիսի տարբերակմանը, անհանդուրժելի է, երբ կարմիր գույնի պատկերացումը կոչում են գաղափար։ Դա չի կարելի կոչել նույնիսկ notio (դատողականության հասկացություն)։
* Նա, իհարկե, իր հասկացությունները տարածում էր նաև սպեկուլյատիվ իմացությունների վրա, միայն եթե դրանք զուտ էին և տրված էին 3 թհօհ, և նույնիսկ մաթեմատիկայի վրա, թեպետ այս վերջինն իր առարկան ունի ոչ այլ կերպ, քան հնարավոր փորձում։ Այս հարցում ես չեմ կարող լինել նրա հետևորդը, ինչպես նաև չեմ կարող հետևել գաղափարների միստիկական դեդուկցիային և չափազանցություններին, որոնց շնորհիվ նա անձնավորեց գաղափարները, թեև այն վեհ լեզուն, որից նա օգտվում էր, միանգամայն ընդունակ էր ավելի մեղմ և իրերի բնության ավելի պատշաճ շարադրմանը։
Գերմաներենից թարգմանությունը Սերգեյ Ստեփանյանի