Ռուբիկոն

Ընդհանրապես գաղափարների և դրանց ծագման մասին

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ջոն Լոկ

«Փորձ մարդկային ըմբռնողության մասին», գիրք երկրորդ, բաժին առաջին 

  1. Գաղափարը մտածողության օբյեկտ է։ Յուրաքանչյուր մարդ գիտակցում է, որ մտածում է և որ այն, ինչով զբաղված է իր միտքը մտածելիս, գաղափարներ են։ Կասկածից վեր է, որ մարդիկ իրենց մտքում մի շարք գաղափարներ ու­նեն, ինչպես օրինակ, հետևյալ բառերով արտա­հայտվածները՝ ճերմակություն, կարծրություն, քաղցրություն, մտածողություն, շարժում, մարդ, փիղ, զորք, հարբեցում և այլն, հետևապես նախ և առաջ հարկ է պարզել, թե ինչպես է մարդը գալիս այղ գաղափարներին։ Ես գիտեմ, որ կա մի ընդունված ուսմունք, համաձայն որի մարդիկ ունեն բնածին գաղափարներ և նախնական նշաններ, որոնք վերջիններիս գոյության ամենասկզբից դրոշմված են նրանց մտքում։ Ես արդեն ծավալուն կերպով քննության առա այդ կարծիքը և ինձ թվում է, որ նախորդ գլխում ասածիս հետ ավելի հեշտ կլինի համաձայնել, երբ ես ցույց կտամ, թե որտեղից կա­րող է բանականությունը ձեռք բերել իր ունեցած բո­լոր գաղափարները և ինչ ճանապարհներով ու աս­տիճաններով են դրանք մուտք գործում մեր հոգի։ Այս առիթով ես դիմում եմ յուրաքանչյուրի դիտարկ­մանն ու փորձին։
  2. Բոլոր գաղափարները առաջ են գալիս կա՛մ զգայությունից, կա՛մ էլ ռեֆլեքսիայից։ Ենթադրենք, որ խելքը, այսպես ասած, սպիտակ թուղթ է՝ առանց նշանների ու որևէ գաղափարների։ Բայց ինչպե՞ս է այն լցվում։ Ինչպե՞ս է առաջանում այն ստվար պաշարը, որը մարդու գործուն և անսպառ երևակայությունը նկա­րել է գրեթե անսահման բազմազանությամբ։ Որ­տեղի՞ց ունի նա կշռադատության և իմացության ամբողջ այդ նյութը։ Ես կպատասխանեմ սրան մեկ բառով՝ փորձից: Փորձի վրա է հիմնված մեր ամբողջ իմացությունը, և ի վերջո դրանից է այն ծագում։ Մեր մտածողության ամբողջ նյութը բանականությանն է հասցնում մեր դիտարկումը՝ ուղղված կամ արտա­քին զգայական օբյեկտներին, կամ մեր մտքի ներ­քին գործողություններին, որոնք մենք ինքներս ենք ընկալում և որոնց մասին ինքներս ենք խորհում։ Սրանք են իմացության երկու աղբյուրները, որոնցից կարող են ծագել այն գաղափարները, որ մենք ունենք կամ կարող ենք ունենալ բնականորեն։
  3. Զգայական օբյեկտները գաղա­փարների մեկ աղբյուրն են։ Նախ, մեր զգայարանները առնչվելով առանձին զգայահասու առարկաներին՝ միտք են հասցնում իրերի տարբեր ընկալումներ, համաձայն այն եղանակների, որոն­ցով այդ առարկաները ներգործում են դրանց վրա։ Այդկերպ ենք մենք գալիս գաղափարներին, որոնք ունենք դեղինի, սպիտակի, տաքի, պաղի, փափուկի, կարծրի, դառի, քաղցրի և այն ամենի մասին, ինչը կոչում են զգայական որակներ, որոնց վերաբերյալ, երբ ես ասում եմ, որ զգայարանները դրանցով մատակարարում են միտքը, նկատի ունեմ, որ վերջիններս արտաքին օբյեկտներից մտքին են հասցնում այն, ինչը նրանում առաջ է բերում հիշյալ ընկալումները։ Մեր գաղափարների մեծ մասի այս հարուստ աղբյուրը, որն ամբողջապես կախված է մեր զգայարաններից և որը նրանցով ուղղորդվում է բանականություն, ես անվանում եմ զգայություն։
  4. Մեր մտքի գործողությունները գաղափարների մյուս աղբյուրն են։ Այնուհետև մյուս աղբյուրը, որից փորձը գաղափարներ է հասցնում բանականությանը, մեր մտքի գործողությունների ընկալումն է մեր ներսում, երբ միտքը գործ ունի ձեռք բերած գաղափարների հետ։ Հենց որ հոգին սկսում է խորհել և դիտարկել նշված գործողությունները, վերջիններս մեր բանա­կանությանն են ընձեռում գաղափարների մեկ այլ բազմություն, որոնք անհնար էր ստանալ արտաքին իրերից։ Այդպիսիք են ընկալումը, մտածողությունը, կասկածելը, հավատալը, կշռադատումը, իմանալը, ցանկանալը և մեր մտքի բոլոր զանազան գոր­ծողությունները։ Գիտակցելով և նկատելով մեր մեջ այդ գործողությունները՝ մենք մեր բանականության մեջ նրանցից ստանում ենք նույնպիսի զանազան գաղափարներ, ինչպիսիք ստանում ենք մեր զգա­յարանների վրա ներգործող մարմիններից։ Գաղա­փարների այս աղբյուրը մարդն ամբողջովին ունի իր մեջ, այդ աղբյուրը զգացում չէ, քանի որ արտաքին առարկաների հետ որևէ ընդհանուր բան չունի, բայց այնուամենայնիվ շատ նման է զգացմանը և միան­գամայն իրավացիորեն կարող է ներքին զգացում կոչվել։ Սակայն առաջին աղբյուրն անվանելով զգայություն, երկրորդը ես անվանում եմ ռեֆլեքսիա, որովհետև սրա առաջարկած գա­ղափարները միտքը ձեռք է բերում խորհելով իր ներսում կատարած սեփական գործողությունների մասին։ Այսպես, հետագա շարադրության ընթաց­քում ասելով ռեֆլեքսիա, ես նկատի կունենամ մտքի կողմից իր գործողությունների զննումը և դրանց վարքը, որի հետևանքով բանականության մեջ առաջ են գալիս այդ գործողությունների գաղափարները։ Այս երկու աղբյուրները, կրկնում եմ, այսինքն՝ արտաքին նյութական Իրերը, որպես զգայության օբյեկտներ, և մեր մտքի ներքին գործողությունները, որպես ռեֆլեքսիայի օբյեկտներ, ըստ իս միակ օրրանն են, որից սկիզբ են առնում մեր բոլոր գաղափարները։ Գործողու­թյուններ տերմինը ես կիրառում եմ այստեղ լայն իմաստով՝ նկատի ունենալով ոչ միայն մտքի ակ­տերն իր գաղափարների նկատմամբ, այլև այդ գոր­ծողություններից սկիզբ առնող յուրահատուկ կրքերը, ինչպիսիք են բավարարվածությունը կամ անբավարարվածությունը, որոնք առաջ են գալիս որևէ մտքից։
  5. Մեր բոլոր գաղափարները կամ առաջին աղբյուրից են, կամ երկրորդից։ Կարծում եմ, որ բացի նշված զույգ աղբյուրներից բանականությունը ոչ մի տեղից գա­ղափարների նշույլ անգամ չի ստանում։ Արտաքին օբյեկտները մատակարարում են միտքը զգայական որակների գաղափարներով, որոնք բոլորն էլ մեզանում օբյեկտների առաջ բերած զանազան ընկալումներ են, իսկ միտքը բանականությանը մա­տակարարում է իր սեփական գործողությունների գաղափարները։

Եթե մենք ամբողջությամբ հետազոտենք այդ աղ­բյուրները և դրանց տարբեր մոդուսները, բաղադրիչ­ներն ու հարաբերությունները, ապա կպարզենք, որ վերջիններս ընդգրկում են մեր գաղափարների ամ­բողջ պաշարը և որ մեր մտքում չկա մի բան, որը չգար ոչ այդ երկու աղբյուրներից որևէ մեկից։ Թող յուրաքանչյուր ոք ստուգի սեփական մտքերը ու հիմ­նավորապես ուսումնասիրի իր բանականությունը և այնուհետև ասի ինձ, որ իր ունեցած բոլոր սկզբնա­կան գաղափարները տարբեր են զգայական օբյեկտ­ների կամ որպես ռեֆլեքսիայի օբյեկտ դիտվող նրա մտքի գործողությունների գաղափարներից։ Որքան էլ նրա կարծիքով մեծ լինի բանականության մեջ տեղ գտած իմացության ծավալը, հետևողական ուսումնասիրությունից հետո նա կտեսնի, որ իր մտքում չկան ուրիշ գաղափարներ, բացի նրանցից, որոնք դրոշմել են այդ երկու աղբյուրները, թեպետ գուցե, ինչպես մենք կտեսնենք ստորև, դրանք գու­մարված կլինեն անսպառ բազմազանությամբ և ընդ­լայնված կլինեն բանականությամբ։

  1. Դա նկատվում է երեխաների մոտ։ Նա, ով ուշադիր ուսումնասիրի երեխայի վիճակը լույս աշխարհ գալու պահին, դժվար թե մտածի, որ վերջինս առատորեն մատակարարված է գաղափարներով, որոնք պիտի նրա գալիք իմա­ցության առարկան հանդիսանան։ Նա աստիճա­նաբար է հասնում դրանց։ Ու չնայած այն բանին, որ ակնհայտ ու սովորական որակների գաղափարները դրոշմվում են նախքան հիշողությունը կսկսի ժամանակի ու կարգի գրանցում պահել, այնու­ամենայնիվ դա հաճախ տեղի է ունենում ավելի ուշ, քան երեխան կհանդիպի ոչ սովորական որակների, այնպես որ շատ չէ այն մարդկանց թիվը, որոնք ի վիճակի կլինեին մտաբերել իրենց առաջին ծա­նոթությունը այդ որակներին։ Եվ հարկ եղած դեպ­քում, իհարկե, կարելի էր անել այնպես, որ մանուկը նախքան հասակ առնելը նույնիսկ սովորական գաղափարների շատ փոքր պաշար ունենար։ Բայց քանի որ բոլոր լույս աշխարհ եկողները շրջա­պատված են առարկաներով, որոնք մշտապես և տարբեր ձևով ներգործում են նրանց վրա, այնպես է լինում, որ բազում գաղափարներ դրոշմվում են երեխաների մտքում, անկախ այն բանից՝ դրա մասին հոգ տարվում է, թե՝ ոչ։ Լույսը և գույները առկա են ամենուր, որտեղ բաց են աչքերը, ձայներն ու որոշ հոտառական որակներ անպակաս են գրգռելու համար մանուկների համապատասխան զգայա­րանները և մուտք գործելու միտք։ Բայց այնուա­մենայնիվ, կարծում եմ, հեշտությամբ կհամաձայնեն, որ եթե երեխան պահվեր մի վայրում, որտեղ մինչև հասակ առնելը նա չտեսներ ոչ մի ուրիշ գույն բացի սևից և սպիտակից, ապա ալ կարմրի կամ կանաչի գաղափարները ձեռք կբերեր նույն հաջողությամբ, ինչպես նա, ով ձեռք է բերում ոստրեի կամ արքայախնձորի համը՝ մանկուց համտեսած չլի­նելով դրանք։
  2. Կախված հանդիպող օբյեկտ­ների զանազանությունից՝ մար­դիկ տարբեր կերպ են մատակա­րարվում գաղափարներով։ Մարդիկ դրսից մատակարարվում են գաղափարների ավելի մեծ կամ ավելի փոքր թվով, կախված այն բանից, թե ինչպիսի բազմազանություն են առաջարկում իրենց հանդիպող օբյեկտները՝ մեծ, թե փոքր։ Եվ սեփական մտքի գործողություններով՝ կախված այն բանից, թե որքան են մտածում վերջիններիս մասին՝ շատ, թե քիչ։ Այդպես, թեև նա, ով հայում է իր մտքի գոր­ծողությունները, չի կարող չունենալ այդ գործողու­թյունների պարզ ու հստակ գաղափարները, ով նշված գործողություններին չի ուղղի իր մտքերը և ուշադրությամբ չի դիտի դրանք, չի ունենա իր մտքի գործողությունների և մտքում գտնվող ամենի հստակ, միմյանցից տարբեր գաղափարներ։ Չէ՞ որ բնանկարի կամ ժամացույցի մասերի ու շարժում­ների առանձին գաղափարներ կունենա նա, ով կդիտի դրանք և ուշադրությամբ կուսումնասիրի բոլոր մասերը։ Նկարը կամ ժամացույցը կարող են դրված լինել այնպես, որ ամեն օր հանդիպեն նրա ճանապարհին, բայց այնուամենայնիվ դրանց բոլոր մասերի մասին նա շփոթ գաղափարներ կունենա այնքան ժամանակ, քանի դեռ չի ուսումնասիրել դրանցից յուրաքանչյուրն առանձին։
  3. Ռեֆլեէսիայի գաղափարները (առաջ են գալիս) ավելի ուշ, որովհետև ուշադրության կարիք ունեն։ Սա է պատճառը, որով երեխաների մեծ մասը իրենց մտքի գործողությունների գաղափար­ները ձեռք է բերում բավականին ուշ, իսկ ոմանք նույնիսկ ամբողջ կյանքի ընթացքում զուրկ են այդ գործողությունների հստակ ու կատարյալ գաղա­փարներից։ Այսպես, թեև այդ գործողություններն անընդհատ տեղի են ունենում, սակայն քանի դեռ բանականությունը չի անդրադարձել ինքն իրեն և չի խորհել սեփական գործողությունների մասին՝ դարձնելով դրանք հայեցողության օբյեկտներ, դրանք շրջող տեսիլքների նման բավականաչափ խորը տպավորություններ չեն թողնում, որպեսզի մտքի մեջ դրոշմեն հստակ, միմյանցից տարբեր, ամուր գաղափարներ։ Մանուկները, երբ ծնվում են, շրջապատված են նոր իրերի աշխարհով, իրեր, որոնք մշտապես գրգռում են նրանց զգայարանները, դեպի իրենց գրավում միտքը, որը պատրաստ է ուշադրության արժանացնել նորը և հակված է վայելել փոփոխվող օբյեկտների բազմազա­նությունը։ Այսպես, առաջին տարիներին մանուկ­ները զբաղված և հետաքրքրված են շրջապատի զննությամբ։ Նրանց դեպքում մարդու գործը արտաքին աշխարհին ծանոթանալն է։ Մեծանալով արտաքին զգայությունների հանդեպ ունեցած ուշադրության ներքո՝ մարդիկ նախքան հասուն տարիքի հասնելը հազվադեպ են լուրջ խորհում իրենց ներսում տեղի ունեցածի մասին, իսկ ոմանք գրեթե չեն խորհում ընդհանրապես։

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնից Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում «Նոր փորձեր մարդկային ըմբռնողության մասին», գիրք երկրորդ, Գաղափարների մասին, գլուխ առաջին 1. ՖԻԼԱԼԵՏ. – Քննելուց հետո, թե արդյոք… Փիլիսոփայություն Գաղափարների մասին ընդհանրապես Իմմանուել Կանտ («Զուտ բանականության քննադատություն», Տրանսցենդենտալ դիալեկտիկա, բաժին առաջին Չնայած մեր լեզվի անսպառ հարստությանը՝ խոր­հող մարդը հաճախ դժվարանում է գտնել մի տեր­մին, որը լրիվ կհամապատասխանի իր հասկացու­թյանը, և այդ բացի հետևանքով հիշյալ… Փիլիսոփայություն Գաղափարների պրոբլեմատիկան Լոկի, Լայբնիցի և Կանտի իմացաբանության մեջ (վերլուծական ակնարկ) Սերգեյ Ստեփանյան Ճանաչողության տեսությունը, այն թափով և վեճերի այն բազմազանությամբ, որով ժառանգվել է մեզ այսօր, նոր ժամանակներում, իբրև պրոբլեմ հարուց­վել է այն բանից հետո, երբ դեկարտյան իշխող ուսմունքին Ջոն Լոկը հակադրեց իր «Փորձ մարդ­կային ըմբռնողության…