Ընդհանրապես գաղափարների և դրանց ծագման մասին
- Անհնար է աներազ քուն ունեցողներին համոզել, թե նրանք մտածում են քնելիս։ Այնպես որ, յուրաքանչյուր խորը քուն, կարծում եմ, խարխլում է այն մարդկանց ուսմունքը, որոնք ասում են՝ իբր հոգին մտածում է միշտ։ Առնվազն նրանց, ովքեր քնում են առանց երազներ տեսնելու, երբեք հնարավոր չէ համոզել, որ իրենց մտքերը երբեմն չորս ժամ շարունակ գործում են, առանց իրենց գիտության։
- Զուր են պնդում, որ մարդիկ չեն հիշում տեսած երազները։ Գուցե ասեն. որ հոգին մտածում է նույնիսկ ամենախորը քնի մեջ, բայց նրա մտքերը չեն պահպանվում հիշողության մեջ։ Այն, որ մարդու հոգին տվյալ պահին զբաղված է մտածողությամբ, իսկ մյուս պահին՝ արթուն ժամանակ, չի հիշում այդ և գեթ յոտա իսկ չի կարող վերհիշել բոլոր այդ մտքերից, շատ դժվար է պատկերացնել, և որպեսզի դրան հավատան, պահանջվում է ավելի լուրջ ապացույց, քան միայն մերկ պնդումը։ Իսկապես, ո՞վ կարող է հեշտությամբ, սոսկ այն պատճառով, որ իրեն այդպես են ասել, պատկերացնել, իբր մարդկանց մեծ մասը իրենց ողջ կյանքի ընթացքում ամեն օր մի քանի ժամ շարունակ մտածում է ինչ-որ բանի մասին, բայց կատարելապես ոչինչ չի կարողանում հիշել, նույնիսկ եթե նրանց հարցնեն այդ մտքերի կեսից։ Ես կարծում եմ, որ մարդկանց մեծամասնությունը իրենց քնի առյուծի բաժինը անցկացնում է առանց երազների։ Ես ճանաչում էի մի կիրթ և լավ հիշողության տեր մարդու, որն ասում էր ինձ, ամբողջ կյանքում երազ չի տեսել, մինչև մեկ օր տենդով հիվանդանալը։ Տենդից նա վերջերս ապաքինվեց, իսկ հիվանդացել էր քսանհինգ կամ քսանվեց տարեկան հասակում։ Կարծում եմ, որ աշխարհում կարելի է բազում նման դեպքեր գտնել, առնվազն ամեն ոք իր կյանքում հանդիպած կլինի բավականաչափ օրինակների, երբ մարդիկ գիշերները երազներ չեն տեսնում։
- Համաձայն վերոհիշյալ հիպոթեզի, քնած մարդու մտքերը պիտի ավելի բանական լինեին։ Մտածել հաճախ, բայց ոչ մի վայրկյան չպահպանել մտքերը, նշանակում է զբաղվել շատ անօգուտ մի մտածողությամբ։ Եվ նման մտածողության դեպքում հոգին շատ քիչ է տարբերվում (եթե իհարկե տարբերվում է) հայելուց, որն անընդհատ պատկերացումների կամ գաղափարների բազմազանություն է ստանում, սակայն և ոչ մեկը չի պահպանում, դրանք չքանում են և անհետ կորչում։ Ոչ հայելին է ավելի լավը դառնում նման գաղափարներից, ոչ էլ հոգին՝ նման մտքերից։ Գուցե ասեն, որ արթուն մարդու մտածողության մեջ օգտագործվում ու կիրառվում է մարմնի նյութը և որ մտքերի հիշողությունը պահպանվում է ուղեղի մեջ եղած տպավորություններով ու մտքերով, որոնք մնում են այդպիսի մտածողությունից հետո, սակայն հոգու մտածողության դեպքում, որը չի ընկալվում քնած մարդու կողմից, հոգին մտածում է մեկուսի և, չօգտվելով մարմնի օրգաններից, դրանց վրա որևէ տպավորություն չի թողնում, հետևապես նաև չի թողնում մտքերի հիշողություն։ Այս թյուրիմացությունից բխող երկու անձանց հետ կապված թյուրիմացությունը կրկին չհիշատակելու համար ավելացնեմ, որ ինչպիսին էլ լինեն գաղափարները, որոնք միտքը կարող է ստանալ կամ հայել առանց մարմնի օգնության, խոհեմ կլիներ եզրակացնել, որ պահպանել դրանք հոգին կարող է վերստին առանց մարմնի օգնության։ Հակառակ դեպքում հոգին կամ ամեն անջատված ոգի, քիչ օգուտ կքաղեն մտածողությունից։ Եթե հոգին չի հիշում իր սեփական մտքերը, եթե չի կարող մի կողմ դնել դրանք հետագա օգտագործման համար և առիթ եղած ժամանակ չի կարող մտաբերել, եթե չի կարող խորհել անցյալի մասին և օգտվել իր նախորդ փորձառություններից, մտորումներից և հայեցողություններից, ապա ո՞րն է նրա մտածելու նպատակը։ Նրանք, ովքեր մտածող իր են դարձնում հոգին, այդպիսով ավելի վեհ մի էակ չեն դարձնում այն, քան նրանք, որոնց վերջիններս դատապարտում են՝ հոգին ընդամենը մատերիայի ամենանուրբ մասը ճանաչելու համար։ Փոշու վրա գծված նշանները, որ ջնջվում են քամու առաջին իսկ շնչից, ատոմների կույտի կամ կենդանի ոգիների վրա արված դրոշմվածքներն ընդհանրապես նույնքան օգտակար և նույնքան վեհ են դարձնում առարկան, որքան հոգու մտքերը, որոնք կորչում են մտածելու ընթացքում, և մեկ անգամ չքանալով՝ ընդմիշտ կորչում են և իրենց մասին ոչ մի հուշ չեն թողնում։ Բնությունը երբեք չի ստեղծում կատարյալ իրեր նվազ օգուտով կամ էլ անօգուտ։ Եվ դժվարությամբ կարելի է պատկերացնել, որ մեր անվերջ իմաստուն Արարիչը ստեղծած լիներ այնպիսի զարմանալի ունակություն, որն ամենից մոտ կանգնած լինելով իր սեփական անհասու էության կատարելությանը՝ նման զուր ու անօգուտ կիրառություն ունենա, առնվազն այստեղ անցնող նրա ժամանակի քառորդ մասի համար, այնպիսի ունակություն, ինչպիսին է անընդհատ մտածելը, առանց հիշելու ունեցած մտքերը, առանց բարին անելու ոչ իրեն, ոչ էլ ուրիշներին կամ առանց օգտակար լինելու արարված իրականության որևէ այլ մասի համար։ Եթե մենք քննենք աշխարհը, ապա կարծում եմ՝ չենք գտնի, որ տիեզերքում ինչ-որ տեղ, նույնիսկ կոպիտ և անզգա մատերիայի շարժումը նույնքան քիչ օգտագործվեր ու նման ձևով անօգուտ վատնվեր։
- Համաձայն այս հիպոթեզի՝ հոգին պիտի ունենա գաղափարներ, որոնք առաջ են գալիս ոչ զգայությունից կամ ռեֆլեքսիայից, բայց այդպիսի գաղափարներ չեն երևում։ ճիշտ է, որ քնած ժամանակ մենք ունենում ենք ընկալման օրինակներ և որ այդ մտքերը պահպանվում են հիշողության մեջ։ Սակայն հարկ չկա երազներին ծանոթ մարդկանց պատմել, թե հիմնականում որքան տարօրինակ ու անկապ են դրանք և որքան քիչ են համապատասխանում բանական էակի կատարելությանն ու նորմալ վիճակին։ Ինձ անչափ հետաքրքրում է հետևյալը, երբ հոգին մտածում է առանձին և երբ այն կարծես անջատված է մարմնից, ապա այն պակա՞ս բանական է գործում, քան երբ կապված է մարմնի հետ, թե՞ ոչ։ Եթե հոգու առանձին մտքերը պակաս բանական են, ապա այդ մարդիկ պիտի ասեն, որ բանական մտածողության կատարելությամբ հոգին պարտական է մարմնին, իսկ եթե դա այդպես չէ, ապա զարմանալի է, որ մեր երազները մեծ մասամբ այդքան մակերեսային ու անմիտ են և հոգին չի պահպանում իր համեմատաբար ավելի խոհեմ մենախոսություններն ու խորհրադածությունները։
- Եթե ես մտածում եմ, բայց չգիտեմ այդ մասին, ապա ուրիշ որևէ մեկը չի կարող դա իմանալ։ Ես կցանկանայի որպեսզի նրանք, ովքեր այդպես համոզվածությամբ ասում են մեզ, թե հոգին փաստորեն միշտ մտածում է, ասեին նաև, թե այդ ի՞նչ գաղափարներ են, որ ունի մանկան հոգին նախքան մարմնի հետ միանալը կամ հենց միանալու պահին, երբ նա դեռ գաղափարներ չի ստացել զգայության միջոցով։ Քնած մարդու երազները, ինչպես ես եմ կարծում, բոլորն էլ կազմված են արթուն մարդու գաղափարներից, չնայած որ դրանք հիմնականում կազմված են անսովոր կերպով։ Տարօրինակ է, եթե հոգին ունենար սեփական գաղափարներ, որոնք ստացած լիներ ոչ զգայությունից, ոչ էլ ռեֆլեքսիայից (ինչը անհրաժեշտ է, եթե հոգին մտածած լիներ նախքան մարմնից տպավորություններ ստանալը), մինչդեռ իր մեկուսացած մտածողության ժամանակ (մեկուսացած այնպես, որ մարդը դա չի ընկալում) հոգին չի պահպանում դրանցից և ոչ մեկը արդեն իսկ այն պահին, երբ զարթնում ու սթափվում է դրանցից և այլևս չի ուրախացնում մարդուն նորանոր հայտնագործություններով։ Ո՞վ խելքին մոտ կհամարի այն, որ հոգին քնած ժամանակ իր մեկուսացման մեջ մտածում է այսքան-այսքան ժամեր շարունակ և այդուհանդերձ երբեք չի հանդիպում այն գաղափարներից որևէ մեկին, որոնք նա վերցնում է ո՛չ զգայությունից, ո՛չ ռեֆլեքսիայից, կամ առնվազն այն, ինչն ավելի պակաս բնական է ոգու համար, որ հիշողության մեջ չի պահպանվում և ոչ մի գաղափար, բացի նրանցից, որոնց համար պատճառ է հանդիսանում մարմինը։ Տարօրինակ է, որ մարդու ողջ կյանքի ընթացքում հոգին չի վերհիշում իր զուտ, բնածին մտքերից ոչ մեկը և ոչ էլ այն գաղափարներից, որոնք վերջինս ուներ նախքան մարմնից ինչ որ բան փոխառելը, տարօրինակ է, որ հոգին երբեք արթուն մարդու ուշադրությանը չի տրամադրում որևէ այլ գաղափար, բացի նրանցից, որոնք ունեն այն տակառի համը, որի մեջ զետեղված է հոգին և որոնք պարզորոշ նշում են իրենց ծագումը մարմնի և հոգու այդ միացությունից։ Եթե հոգին միշտ մտածում է և այդպիսով գաղափարներ ունի նախքան մարմնի հետ միանալը կամ նախքան մարմնից որևէ գաղափար ստանալը, ապա մնում է միայն ենթադրել, որ քնած ժամանակ հոգին վերհիշում է իր բնածին գաղափարները և որ մարմնի հետ հաղորդակցությունից դուրս գալու ժամանակ, երբ այն մտածում է ինքնուրույն, գաղափարները, որոնցով նա զբաղված է, առնվազն երբեմն այն բնական ու բնածին (congenial) գաղափարներն են, որոնք այն ուներ իր մեջ և որոնք չեն գոյանում մարմնից կամ գաղափարների նկատմամբ հենց իր կատարած գործողություններից։ Քանի որ արթուն մարդը երբեք չի հիշում այդ գաղափարները, մենք պիտի այդ հիպոթեզի հիման վրա եզրակացնենք, որ կամ հոգին է հիշում այն, ինչը մարդը չի հիշում, կամ էլ հիշողությունը վերաբերում է միայն այնպիսի գաղափարներին, որոնք առաջ են գալիս մարմնից կամ այդ գաղափարների նկատմամբ մտքի կատարած գործողություններից։