Ռուբիկոն

Ընդհանրապես գաղափարների և դրանց ծագման մասին

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021
  1. Ինչպե՞ս կարելի է իմանալ, որ հոգին մշտապես մտածում է։ Չէ՞ որ եթե դա ինէնաակնհայտ դրույթ չէ, ապա ապացույցի կարիք ունի։ Մարդկանց, որոնք այնպիսի համոզվածությամբ են հայտարարում, որ մարդու հոգին, կամ, ինչը միևնույն է, որ մարդը մտածում է միշտ, ես շատ կուզեի նաև հարցնել, թե ինչպես են նրանք իմանում այդ մասին, ավելին, ինչպես են նրանք իմանում, որ իրենք մտածում են, եթե իրենք դա չեն նկատում։ Ես մտավախություն ունեմ, որ սա նշանակում հա­մոզված լինել առանց ապացույց ունենալու և իմա­նալ մի բան, առանց այն ընկալելու։ Ես ենթադրում եմ, որ դա մի խճճված դրույթ է, որը վերցված է նշված հիպոթեզին օժանդակելու համար և չի հանդիսա­նում մեկն այն պարզ ճշմարտություններից, որոնք մեզ ստիպում է ընդունել հենց իրենց ակնհայ­տությունը, կամ էլ սովորական փորձը թույլ չի տալիս մերժել։ Այդ դրույթի մասին ամենաշատը կարելի է ասել այն, որ հոգու անընդհատ մտածելը հնարավոր է, բայց անհնար է, որ հոգին մշտապես հիշողության մեջ պահի մտածածը։ Ես պնդում եմ, սակայն, որ նույնքան հնարավոր է, որ հոգին չի մտածում և այն, որ հոգին երբեմն չի մտածում, ավելի հավանական է, քան այն, որ հոգին հաճախ մտածում է և այն էլ երկար ժամանակ, իսկ հաջորդ պահին չի գիտակ­ցում, որ մտածում է։
  2. Շատ հավանական է, որ մար­դը զբաղված լինելով մտածո­ղությամբ՝ այնուամենայնիվ կհի­շեր դա հաջորդ պահին։ Ենթադրել, թե հոգին մտածում է, իսկ մարդը դա չի գիտակցում, ինչպես ասվեց, կնշանակի մեկ մարդուն բաժանել երկու անձի։ Եվ եթե մեկը լավ խորամուխ լինի այդ մարդկանց ասածին, ապա կկասկածի, թե նրանք հենց այդպես են վարվում։ Չէ՞ որ նրանք, ովքեր ասում են, թե հոգին միշտ մտածում է, որքան ես հիշում եմ, երբեք չեն ասում, որ մարդը միշտ մտածում է։ Բայց կարո՞ղ է արդյոք հոգին մտածել, իսկ մարդը՝ ոչ։ Կամ կարո՞ղ է արդյոք մարդը մտածել և չգիտակցել դա։ Ոմանք գուցե անհեթեթություն համարեին սա։ Եթե ասում են, որ մարդը միշտ մտածում է, բայց միշտ չի դա գիտակցում, ապա նույն համոզվածությամբ կարող են ասել, որ նրա մարմինը տարաձիգ է, բայց չունի մասեր։ Չէ՞ որ պնդումը, ըստ որի մարմինը տարաձիգ է առանց մասերի, հասկանալի է նույնքան, որքան այն, որ մի բան կարող է մտածել առանց դա գիտակցելու կամ նկատելու։ Նրանք, ողքեր այդպես են ասում, կարող են միևնույն հիմքի վրա հենվելով, եթե դա անհրա­ժեշտ լինի իրենց հիպոթեզի համար, ասել, որ մարդը միշտ քաղցած է, բայց միշտ չի դա զգում, մինչդեռ քաղցը հենց այդ զգայությունն է, ինչպես և մտածելը սեփական մտածողությունը գիտակցելու մեջ է։ Եթե նրանք ասեն, որ մարդը մշտապես գիտակցում է իր մտածելը, ապա ես կհարցնեմ, որտեղի՞ց նրանք գիտեն այդ մասին։ Գիտակցությունը մարդկային մտքում տեղի ունեցածի ընկալումն է։ Կարո՞ղ է արդյոք մեկ ուրիշը ընկալել, որ ես ինչ-որ բան գիտակցում եմ, եթե ես ինքս դա չեմ ընկալում։ Ոչ մի մարդու իմացությունը այստեղ չի կարող առաջ անցնել իր փորձից։ Արթնացրեք որևէ մեկին խորը քնից և հարցրեք, թե ինչի մասին էր նա այդ պահին մտածում։ Եթե վերջինս ինքը չիմանա, թե այդժամ ինչ էր մտածում, ապա մտքերի ինչպիսի ականավոր գուշակ պիտի լինի նա, ով կկարողանա համոզել այդ մարդուն, թե նա մտածում էր։ Եվ արդյո՞ք ավելի մեծ հիմնավորվածությամբ չէր համոզի նրան, որ նա բոլորովին չի էլ քնել։ Սա փիլիսոփայությունից վեր ինչ-որ բան է։ Դա կարող է լինել առնվազն հայտ­նություն, որը ուրիշի առաջ բացում է մտքեր, որոնցից և ոչ մեկը ես չեմ կարողանում գտնել իմ մեջ։ Եվ պիտի ներթափանցող տեսողություն ունենան նրանք, ովքեր իսկապես ի վիճակի են տեսնել, որ ես մտածում եմ, այն դեպքում երբ ես դա չեմ նկատում և հայտարարում եմ, որ չեմ մտածում, և նրանք, այնուամենայնիվ, ի վիճակի են տեսնել նաև այն, որ շներն ու փղերը չեն մտածում, թեև վերջիններս պատկերավոր ձևով տալիս են մեզ այդ բանի ամեն ապացույցը, միայն թե չեն ասում, որ մտածում են։ Ոմանց կարող է թվալ, թե այդ մարդիկ մեկ աստիճանով բարձր են ռոզենկրոյցերներից, քանի որ, ճիշտն ասած, ավելի դյուրին է անտեսանելի դառնալ այլոց համար, քան իր համար տեսանելի դարձնել մեկ ուրիշի մտքերը, որոնք նա ինքը չի տեսնում։ Եվ դրա համար բավական է միայն հոգին սահմանել «մշտապես մտածող սուբստանց» և վերջ։ Եթե նման սահմանումը ինչ-որ կերպ համոզիչ է, ապա ես չգիտեմ, թե որն է դրա օգուտը, եթե այն ստիպում է բազում մարդկանց կասկածի առնել այն, որ իրենք ընդհանրապես հոգի ունեն, քանզի նրանք տեսնում են, որ իրենց կյանքի առավելագույն մասը նրանք անց են կացնում առանց մտածելու։ Իսկա­պես, ինձ հայտնի ոչ մի սահմանում կամ որևէ աղան­դի ոչ մի ենթադրություն չունի հաստատուն փորձը խարխլելու բավարար ուժ, և գուցե մեր ընկալման սահմաններից այն կողմ ընկածն իմանալու հավակ­նությունն է, որ այսքան անօգուտ վեճեր ու աղմուկ է բարձրացնում աշխարհում։
  1. Մանուկներին դիտելիս ակնհայտ երևում է, որ զգայու­թյունից կամ ռեֆլեքսիայից ստաց­վող գաղափարներից զատ ուրիշ գաղափարներ չկան։ Այդ իսկ պատճառով ես որևէ հիմք չեմ տեսնում հավատալու, թե հոգին մտածում է, նախքան զգայությունները նրան գաղափարներ կմատակարարեն։ Եվ որքան գաղա­փարները ավելանում և պահպանվում են, այնքան հոգին, շնորհիվ վարժման, տարբեր ուղղություն­ներով ավելի է զարգացնում իր մտածողունակությունը, ճիշտ այնպես, ինչպես հետագայում բա­ղադրելով այդ գաղափարները և խորհելով իր սե­փական գործողությունների մասին՝ հոգին ավելաց­նում է իր պաշարը, ինչպես նաև ուժեղացնում է հիշողության, երևակայության և կշռադատման ու­նակությունները և մտածողության այլ եղանակները։
  2. Մանկան վիճակը մոր արգան­դում։ Նա, ով տեղեկություններ է ստանում դիտարկումից ու փորձից և բնության օրենք չի դարձնում իր ամեն հիպոթեզ, կտեսնի, որ նորածնի մոտ սակավ են շատ մտածելուն սովոր հոգու նշույլները և ավելի սակավ՝ որևէ կշռադատման նշույլներն ընդհանրապես։ Եվ այնուամենայնիվ դժվար է պատկերացնել, որ բանական հոգին ի վի­ճակի լիներ այդքան շատ մտածել և բոլորովին չկշռադատել։ Բայց նա, ով ուշադրություն դարձնի այն բանին, որ նորածինները աշխարհ գալով՝ ժամանակի մեծ մասը անց են կացնում քնած վի­ճակում և հազվադեպ են լինում արթուն, միայն երբ սովն է ստիպում նրանց կուրծք ուզել կամ որևէ այլ սաստիկ մարմնական ներգործություն, որը ստիպում է հոգուն ընկալել դա և բևեռվել դրա վրա, ես կրկնում եմ, նա, ով նկատի այս բոլորը, հավանաբար հիմքեր կունենա մտածելու, որ պտղի վիճակը մոր արգան­դում շատ չի տարբերվում բույսի վիճակից, ժա­մանակի մեծ մասը նա անց է կացնում առանց ըն­կալելու իր մտածողությունը, զբաղված է սոսկ նրանով, որ քնում է մի վայրում, որտեղ սննդի կարիք չունի և առնված է հեղուկի մեջ, որը մշտապես ունի նույն մեղմությունն ու նույն բաղադրությունը, որտեղ աչքերը չունեն լույս, իսկ ականջները այնպես են փակ, որ ընկալունակ չեն ձայների նկատմամբ, որտեղ կամ քիչ է, կամ էլ ընդհանրապես չկա օբյեկտների բազմազանություն կամ փոփոխություն, որը գործի կդներ զգայարանները։
  3. Հոգու մտածողությունը համաչափ է փորձից ստացված նյութին։ Հետևեք մանկանը սկսած նրա ծննդից և դիտեք այն փոփոխությունները, որոնք առաջ է բերում ժամանակը, դուք կտեսնեք, թե ինչպես շնորհիվ զգացումների միտքը ավելի ու ավելի է հարստանում գաղափարներով, ավելի ու ավելի է արթնանում, և որքան ավելի է նրա մտածողության նյութը, այնքան ավելի է նա մտածում։ Որոշ ժամանակ անց երեխան սկսում է ճանաչել օբյեկտները, որոնք ավելի ծանոթ լինելով նրան՝ արդեն մնայուն տպավորություններ են թողել։ Այսպես նա աստիճանաբար սկսում է ճանաչել այն անձանց, որոնց հետ օրական շփվում է և տարբերում է օտարներից։ Սրանք այն բանի օրինակներն ու արդյունքներն են, թե ինչպես երե­խան սկսում է պահպանելով զանազանել զգա­ցումներից ստացած գաղափարները։ Միևնույն ձևով մենք կարող ենք դիտել, թե ինչպես է հոգին աստի­ճանաբար վարժվում այդ գործում և անցնում իր գաղափարները ընդարձակելու, բաղադրելու և վե­րացարկելու կարողությունների վարժմանը՝ խորհե­լով ու մտորելով դրանց մասին, սա ես դեռ առիթ կու­նենամ ներկայացնելու ստորև։
  4. Մարդը սկսում է գաղափար­ներ ունենալ սկսած առաջին զգայությունից։ Ի՞նչ է զգայությունը։ Եթե հարցնեն, ե՞րբ է մարդը սկսում գաղափարներ ունենալ, ապա, կարծում եմ, ճիշտ պատասխանը հետևյալն է. երբ առաջին անգամ զգայություն է ստանում։ Չէ՞ որ պարզվում է, որ մտքում, նախքան զգայությամբ ինչ-որ բան ստանալը ոչ մի գաղափար չկա։ Ես գտնում եմ, որ բանականության մեջ գա­ղափարները հանդես են գալիս զգայության հետ միաժամանակ, որը լինելով կամ տպավորություն, կամ էլ մարմնի որևէ մասի շարժում՝ բանականու­թյան մեջ առաջ է բերում որոշակի ընկալում։ Մեր զգայարանների վրա արտաքին օբյեկտների թողած հենց այս տպավորությունների հետ գործ ունի միտքը, երբ առաջին անգամ կատարում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են ընկալումը, հիշո­ղությունը, մտորումը, կշռադատումը և այլն։

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնից Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում «Նոր փորձեր մարդկային ըմբռնողության մասին», գիրք երկրորդ, Գաղափարների մասին, գլուխ առաջին 1. ՖԻԼԱԼԵՏ. – Քննելուց հետո, թե արդյոք… Փիլիսոփայություն Գաղափարների մասին ընդհանրապես Իմմանուել Կանտ («Զուտ բանականության քննադատություն», Տրանսցենդենտալ դիալեկտիկա, բաժին առաջին Չնայած մեր լեզվի անսպառ հարստությանը՝ խոր­հող մարդը հաճախ դժվարանում է գտնել մի տեր­մին, որը լրիվ կհամապատասխանի իր հասկացու­թյանը, և այդ բացի հետևանքով հիշյալ… Փիլիսոփայություն Գաղափարների պրոբլեմատիկան Լոկի, Լայբնիցի և Կանտի իմացաբանության մեջ (վերլուծական ակնարկ) Սերգեյ Ստեփանյան Ճանաչողության տեսությունը, այն թափով և վեճերի այն բազմազանությամբ, որով ժառանգվել է մեզ այսօր, նոր ժամանակներում, իբրև պրոբլեմ հարուց­վել է այն բանից հետո, երբ դեկարտյան իշխող ուսմունքին Ջոն Լոկը հակադրեց իր «Փորձ մարդ­կային ըմբռնողության…