Ռուբիկոն

Ընդհանրապես գաղափարների և դրանց ծագման մասին

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021
  1. Մեր ամբողջ իմացության ծա­գումը։ Ժամանակի ընթացքում հոգին սկսում է խորհել իր սեփական գործողությունների մասին, որոնք նա կատարում է զգայությամբ ձեռք բերած գաղափարների հետ և այդկերպ հարստացնում իրեն մի շարք նոր գաղափարներով, որոնք ես անվանում եմ ռեֆլեքսիայի գաղափարներ։ Այս տպա­վորությունները, որոնք գոյանում են մեր զգացումների վրա արտաքին օբյեկտների ազդե­ցության հետևանքով, և մեր մտքի սեփական գոր­ծողությունները, որոնք առաջ են գալիս ներքին ու նրան հատուկ ուժից և որոնք, երբ հոգին խորհում է դրանց մասին, նույնպես հայեցողության առարկա են դառնում, հանդիսանում են, ինչպես ասացի, ողջ իմացության աղբյուրը։ Այսպիսով, մարդկային ինտելեկտի ամբողջ ընդունակությունը նրանում է, որ միտքը համապատասխանեցված է ստանալու այն տպավորությունները, որոնք նրա վրա են գործում կամ արտաքին օբյեկտները զգայարանների մի­ջոցով, կա՛մ էլ իր սեփական գործողությունները, երբ նա խորհում է դրանց մասին։ Սա է առաջին քայլը ինչ-որ բան հայտնաբերելու ճանապարհին և հիմքը, որի վրա կառուցվում են բոլոր այն հասկացու­թյունները, որոնք մարդը երբևէ ձեռք է բերում այս աշխարհում բնական ճանապարհով։ Բոլոր այն վեհ մտքերը, որոնք ամպերից վեր խոյանալով հասնում են երկինք, իրենց սկիզբն ու հենակետը ստանում են այստեղ։ Այն վիթխարի տարածություններում, որ­տեղ դեգերում է սպեկուլյացիաներով տարված միտ­քը, սպեկուլյացիաներ, որոնք իբրև թե վսեմացնում են իրեն, վերջինս մեկ յոտա իսկ չի անցնում այն գա­ղափարներից, որոնք հայեցողությանն են առաջար­կում զգայությունը կամ ռեֆլեքսիան։
  2. Պարզ գաղափարների ընկալ­ման ժամանակ բանականու­թյունը հիմնականում պասսիվ է։ Այս մասում բանականությունը պարզապես պասսիվ է, և նրա կարողությունից դուրս է ունենալ կամ չունե­նալ իմացության սկզբնավորումները կամ այսպես կոչված նյութեղենը։ Քանի որ անկախ այն բանից՝ ուզում ենք, թե ոչ, մեր զգացման օբյեկտները հիմնականում մեր մտքին պարտադրում են իրենց առանձին գաղափարները, իսկ մեր մտքի գործողու­թյունները մեզ չեն թողնում առնվազն առանց իրենց մասին որոշ մթին պատկերացումների։ Ոչ ոք չի կարող բոլորովին չիմանալ, թե ինչ է անում, երբ մտածում է։ Բանականությունը նույնքան քիչ կարող է ցանկանալ չունենալ այդ պարզ գաղափարները, որոնք առաջարկվում են հոգուն, փոխել դրանք, երբ դրանք արդեն դրոշմվել են, կամ ջնջել և կազմել նորերը, որքան հայելին կարող է մերժել, փոխել կամ ջնջել այն պատկերներն ու գաղափարները, որոնք առաջ են գալիս իր առջև դրված առարկաներից։ Երբ մեզ շրջապատող մարմինները զանազան կերպով ազդում են մեր օրգանների վրա, միտքը ստիպված է լինում տպավորություններ ստանալ և չի կարող խուսափել դրանց հետ կապված գաղափարների ընկալումից։

Անգլերենից թարգմանությունը՝ Սերգեյ Ստեփանյանի

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնից Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում «Նոր փորձեր մարդկային ըմբռնողության մասին», գիրք երկրորդ, Գաղափարների մասին, գլուխ առաջին 1. ՖԻԼԱԼԵՏ. – Քննելուց հետո, թե արդյոք… Փիլիսոփայություն Գաղափարների մասին ընդհանրապես Իմմանուել Կանտ («Զուտ բանականության քննադատություն», Տրանսցենդենտալ դիալեկտիկա, բաժին առաջին Չնայած մեր լեզվի անսպառ հարստությանը՝ խոր­հող մարդը հաճախ դժվարանում է գտնել մի տեր­մին, որը լրիվ կհամապատասխանի իր հասկացու­թյանը, և այդ բացի հետևանքով հիշյալ… Փիլիսոփայություն Գաղափարների պրոբլեմատիկան Լոկի, Լայբնիցի և Կանտի իմացաբանության մեջ (վերլուծական ակնարկ) Սերգեյ Ստեփանյան Ճանաչողության տեսությունը, այն թափով և վեճերի այն բազմազանությամբ, որով ժառանգվել է մեզ այսօր, նոր ժամանակներում, իբրև պրոբլեմ հարուց­վել է այն բանից հետո, երբ դեկարտյան իշխող ուսմունքին Ջոն Լոկը հակադրեց իր «Փորձ մարդ­կային ըմբռնողության…