Ռուբիկոն

Ընդհանրապես գաղափարների և դրանց ծագման մասին

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021
  1. Հոգին գաղափարներ է ստա­նում, երբ սկսում է ընկալել։ Հարցնել, թե երբ է մարդը առաջին անգամ գաղափարներ ունենում, նշանակում է հարցնել, թե երբ է նա ընկալում, քանի որ գաղափարներ ունենալն ու ընկալելը նույն բանն է։ Ինձ հայտնի է, որ կա կարծիք, ըստ որի հոգին միշտ մտածում է և որ իր ներսում գաղափարների ակտուալ ընկալում ունի այնքան ժամանակ, քանի դեռ մտածում է, և իբր ակտուալ մտածողությունը անբաժանելի է հոգուց, ինչպես ակտուալ տարաձգությունը՝ մարմնից։ Եթե սա ճշմարիտ է, ապա հարց բարձրացնել մարդու գաղափարների ծագման մասին նույնն է, ինչ հարց բարձրացնել հոգու ծագման մասին։ Չէ՞ որ համա­ձայն նշված կարծիքի, հոգին և իր գաղափարները, ինչպես մարմինը և իր տարաձգությունը, սկսում են գոյություն ունենալ միաժամանակ։
  2. Հոգին միշտ չէ, որ մտածում է, որովհետև հակառակն անապացույց է։ Համարել արդյոք, որ հոգին գոյություն ուներ մարմնի մեջ կյանքի կազմակերպման նախնական ռուդիմենտներից կամ սկզբունքներից առաջ կամ որոշ ժամանակ հետո, թե ոչ, ես թողնում եմ այն մարդկանց դատին, ովքեր ավելի լավ են մտածել սույն թեմայի շուրջ։ Ես խոստովանում եմ, որ իմ հոգին մեկն է այն բութ հոգիներից, որոնք չէին ասի, թե անվերջ գաղափարներ են հայեցում և չեն հասկանում, թե ինչու է հոգու համար անընդհատ մտածելն ավելի անհրաժեշտ, քան մարմնի համար անընդհատ շարժվելը։ Չէ՞ որ գաղափարների ընկա­լումը (ինչպես ես եմ հասկանում) հոգու համար լինելով այն, ինչ շարժումն է մարմնի համար, ոչ թե նրա էությունն է, այլ գործողություններից մեկը։ Ուստի, որքան էլ մտածողությունը գործողություն համարեն, որը հատուկ է հոգուն, այնուհանդերձ անհրաժեշտություն չկա համարել, թե այն միշտ մտածում և միշտ գործում է։ Գուցե սա բոլոր իրերի անվերջ հեղինակի և պահապանի մենաշնորհն է, որը «երբեք ոչ ննջում է, ոչ քնում», բայց այն չի վերաբերում և ոչ մի վերջավոր էակի, և ամեն դեպքում ոչ մարդկային հոգուն։ Փորձից մենք հավաստիորեն գիտենք, որ երբեմն մտածում ենք, և այստեղից գալիս ենք այն ճշմարիտ հետևությանը, որ մեզանում կա մի բան, որը մտածելու ունա­կություն ունի։ Բայց թե միշտ է մտածում այդ սուբստանցը, թե ոչ, մենք կարող ենք պնդել ելնելով այն բանից, թե որքան է մեզ տեղեկացնում փորձը։ Չէ՞ որ ասել, իբր ակտուալ մտածողությունը էական է հոգու համար և անբաժան է նրանից, նշանակում է պնդել հենց այն, ինչը խնդրո առարկա է, բայց ոչ ապացուցել բանական ճանապարհով, մինչդեռ, եթե մենք գործ ունենք ոչ ինքնաակնհայտ դրույթի հետ, ապա դա պարզապես անհրաժեշտ է անել։ Ես հարցնում եմ ողջ մարդկությանը, արդյո՞ք «հոգին միշտ մտածում է» դրույթը ինքնաակնհայտ է այնպես, որ յուրաքանչյուր ոք այն լսելուն պես համաձայներ դրան։ Ինձ համար կասկածելի է, մտածել եմ ես արդյոք ամբողջ անցած գիշեր, թե ոչ։ Քանի որ հարցը փաստի մասին է, ապա որպես ապացույց բերել մի հիպոթեզ, որը վիճաբանության առարկա է, կնշանակեր խուսափել ապացույցից, այդպես կարելի է ապացուցել ամեն ինչ։ Են­թադրենք, որ բոլոր ժամացույցները մտածում են, քանի դեռ շարժվում է ճոճանիվը, և դա բավական կլինի ապացուցված համարելու համար այն, որ իմ ժամացույցը մտածել է ամբողջ անցած գիշեր։ Բայց նա, ով չի պատրաստվում խաբել ինքն իրեն, պար­տավոր է իր ապացույցը կառուցել փաստերի վրա և այդ փաստերը ապացուցել փորձով, այլ ոչ կառուցել դրանք հիպոթեզների վրա, այսինքն՝ մի բանի, որը նա ենթադրում է։ Ենթադրությունների վրա կառուց­ված ապացույցի դեպքում ես անհրաժեշտաբար պիտի մտածած լինեի ամբողջ անցած գիշեր, որով­հետև ինչ-որ մեկը ենթադրել է, որ ես միշտ մտածում եմ, թեպետ ես ինքս դա չեմ նկատում։

Սակայն սիրահարված լինելով իրենց կարծիքներին՝ մարդիկ կարող են վկայակոչել ոչ միայն խնդրո առարկան, այլև սխալ փաստերը։ Այլկերպ ինչպե՞ս կարելի էր իմ խոսքերից եզրակացնել, որ իրը չկա, որովհետև քնած ժամանակ մարդն այն չի զգում։ Ես չեմ ասում, որ մարդու մեջ հոգի չկա, ոչ, ես ասում եմ, որ հոգին, թե արթմնի, թե քնած վիճակում չի կարող մտածել ամբողջ ժամանակ՝ չզգալով դա։ Մենք զգում ենք մեր մտածելը շնորհիվ միայն մեր մտքերի, և դա անհրաժեշտաբար կլինի այդպես այնքան ժամանակ, մինչև մենք չսկսենք մտածել՝ չգիտակ­ցելով այդ։

  1. Հոգին միշտ չէ, որ գիտակցում է իր մտածելը։ Ես համաձայն եմ, որ արթուն մարդու մեջ հոգին չի կարող լինել առանց մտքերի, քանի որ դա է արթուն լինելու պայմանը։ Բայց մի՞թե աներազ քունը ամբողջ մարդու վիճակը չէ՝ ինչպես մտքի, այնպես էլ մարմնի, սա արժանի է արթուն մարդու խորհրդածությանը, քանի որ դժվար է պատ­կերացնել, թե ինչպես կարող է մի բան մտածել և չգի­տակցել դա։ Եթե հոգին մտածում է քնած մարդու մեջ, առանց դա գիտակցելու, ապա ես հարցնում եմ՝ կարո՞ղ է արդյոք հոգին նման մտածողության ընթացքում ունենալ հաճույքի կամ ցավի, երջան­կության կամ դժբախտության զգացումներ։ Ես համոզված եմ, որ չի կարող, ճիշտ այնպես, ինչպես չի կարող անկողինը կամ հողը, որոնց վրա պառկում է մարդը, որովհետև ինձ անհարիր ու անհնար է թվում, որ կարելի է երջանիկ կամ դժբախտ լինել, առանց դրա գիտակցության։ Իսկ եթե հնարավոր է, որ հոգին, այն ժամանակ երբ մարմինը քնած է, ունենա մտքեր, ուրախություններ ու հետաքրքրու­թյուններ կամ հաճույքներ ու տառապանքներ, որոնք մարդը չի գիտակցում և որոնց հաղորդակից չէ, ապա, իհարկե, քնած Սոկրատեսը և արթուն Սոկրատեսը միևնույն անձը չեն։ Սոկրատեսի հոգին, երբ նա քնած է, և մարդ Սոկրատեսը, որը կազմված է մարմնից և հոգուց, երբ նա արթուն է, այդ դեպքում երկու անձինք են։ Չէ՞ որ արթուն Սոկրատեսը տեղյակ և մտահոգ չէ իր հոգու երջանկությամբ կամ դժբախտությամբ, որոնք հոգին վերապրում է իր համար Սոկրատեսի քնած ժամանակ, և նա չի ընկալում դրանք ճիշտ այնպես, ինչպես բոլորովին չի ընկալում Հնդկաստանում ապրող իրեն անծանոթ մի մարդու երջանկությունը կամ դժբախտությունը։ Իսկապես, եթե մենք կատարելապես հեռացնենք մեր գործողությունների և զգացողությունների ամեն գիտակցություն, հատկապես հաճույքի և դժբախ­տության զգացումները և դրանց ուղղորդող հե­տաքրքրությունը, ապա դժվար կլինի իմանալ, թե որն է անձի նույնությունը։
  2. Եթե քնած մարդը մտածում է առանց դա իմանալու, արըա քնած և արթուն մարդը տարբեր անձ են։ «Հոգին մտածում է խորը քնի ըն­թացքում», – ասում են այդ մարդիկ։ Քանի դեռ հոգին մտածում և ընկալում է, այն, իհարկե, ընդունակ է մտածել կամ ընկալել հաճույքն ու ցավը, ինչպես նաև ցանկացած ուրիշ ընկալումներ, և անհրաժեշ­տաբար պիտի իմանա իր սեփական ընկալումները։ Բայց այդ բոլորը նա ունի առանձին, քնած մարդն ակնհայտաբար չի գիտակցում դա։ Ենթադրենք, որ Կաստորի հոգին քնած ժամանակ հեռանում է նրա մարմնից։ Սա անհնար չէ այն մարդկանց համար, որոնց հետ ես այստեղ գործ ունեմ և որոնք մեծահոգաբար կյանք են շնորհում բոլոր մյուս կենդանիներին, առանց մտածող հոգու։ Դուրս է գալիս, որ այդ մարդիկ չեն կարող անհնար կամ հակասական համարել այն, որ մարմինը կարող է ապրել առանց հոգու, և որ հոգին կարող է գոյել, մտածել, ընկալումներ ունենալ, նույնիսկ երջան­կության ու դժբախտության ընկալումներ, առանց մարմնի։ Այսպես, կրկնում եմ, ենթադրենք, որ Կաս­տորի հոգին նրա քնած ժամանակ բաժանվում է մարմնից և մտածում առանձին։ Ենթադրենք նաև, որ մտածելու համար այդ հոգին հանգրվան է ընտրում մեկ այլ մարդու մարմին, ասենք՝ Պոլլուքսուսի մար­մինը, որը քնած է առանց հոգու, չէ՞ որ եթե Կաստորի հոգին կարող է մտածել վերջինիս քնած ժամանակ, ինչը Կաստորը չի գիտակցում, ապա կարևոր չէ, թե հոգին ինչ վայր է փնտրում մտածելու համար։ Եվ այսպես, մենք ունենք երկու մարդկանց մարմիններ՝ միևնույն հոգով երկուսի համար, մարմիններ, որոնց քնած և արթուն ենք համարում հերթափոխով, հոգին միշտ մտածում է արթուն մարդու մեջ, ինչը քնած մարդը երբեք չի գիտակցում և բոլորովին չի ընկալում։ Այժմ ես հարցնում եմ. արդյո՞ք այս դեպ­քում Կաստորն ու Պոլլուքսուսը՝ միևնույն հոգով երկուսի համար, որը մեկի մեջ մտածում և ընկալում է այն, ինչ մյուսը երբեք չի գիտակցում և ինչին բնավ չի առնչվում, երկու տարբեր անձինք են, ինչպես Կաստորն ու Հերկուլեսն էին կամ ինչպես Սոկրատեսն ու Պլատոնը։ Կամ կարո՞ղ է արդյոք նրանցից մեկը շատ երջանիկ լինել, իսկ մյուսը՝ դժբախտ։ Այս նույնը իբրև հիմք ընդունելով՝ հոգին և մարդուն տարբեր անձանց բաժանողները ստիպում են, որպեսզի հոգին առանձին մտածի այն, ինչը մարդը չի գիտակցում։ Քանզի ես կարծում եմ, ոչ ոք չի ընդունի, որ անձի նույնությունը հոգու և միևնույն նյու­թական մասնիկների թվային միացման մեջ է։ Չէ՞ որ եթե դա անհրաժեշտ լիներ նույնության համար, ապա հաշվի առնելով մեր մարմնի մասնիկների անընդհատ շարժումը՝ անհնար կլիներ, որպեսզի ինչ որ մեկը նույն անձը մնար երկու օր կամ նույնիսկ երկու ակնթարթ շարունակ։

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնից Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում «Նոր փորձեր մարդկային ըմբռնողության մասին», գիրք երկրորդ, Գաղափարների մասին, գլուխ առաջին 1. ՖԻԼԱԼԵՏ. – Քննելուց հետո, թե արդյոք… Փիլիսոփայություն Գաղափարների մասին ընդհանրապես Իմմանուել Կանտ («Զուտ բանականության քննադատություն», Տրանսցենդենտալ դիալեկտիկա, բաժին առաջին Չնայած մեր լեզվի անսպառ հարստությանը՝ խոր­հող մարդը հաճախ դժվարանում է գտնել մի տեր­մին, որը լրիվ կհամապատասխանի իր հասկացու­թյանը, և այդ բացի հետևանքով հիշյալ… Փիլիսոփայություն Գաղափարների պրոբլեմատիկան Լոկի, Լայբնիցի և Կանտի իմացաբանության մեջ (վերլուծական ակնարկ) Սերգեյ Ստեփանյան Ճանաչողության տեսությունը, այն թափով և վեճերի այն բազմազանությամբ, որով ժառանգվել է մեզ այսօր, նոր ժամանակներում, իբրև պրոբլեմ հարուց­վել է այն բանից հետո, երբ դեկարտյան իշխող ուսմունքին Ջոն Լոկը հակադրեց իր «Փորձ մարդ­կային ըմբռնողության…