Ռուբիկոն

Գաղափարների պրոբլեմատիկան Լոկի, Լայբնիցի և Կանտի իմացաբանության մեջ (վերլուծական ակնարկ)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Սերգեյ Ստեփանյան

Ճանաչողության տեսությունը, այն թափով և վեճերի այն բազմազանությամբ, որով ժառանգվել է մեզ այսօր, նոր ժամանակներում, իբրև պրոբլեմ հարուց­վել է այն բանից հետո, երբ դեկարտյան իշխող ուսմունքին Ջոն Լոկը հակադրեց իր «Փորձ մարդ­կային ըմբռնողության մասին» աշխատությունը։ Այս վերջինը ոչ թե ուսմունք էր, այլ ավելի շուտ հետևյալ հարցի մանրակրկիտ քննություն, ի՞նչ և որտեղի՞ց կարող է ճանաչել մարդկային բանականությունը։ Եթե Դեկարտի համար, իբրև մետաֆիզիկոսի, կարևորը սկեպտիցիզմի ոտնձգություններից փիլի­սոփայական հավաստիության ազատագրումն էր, ապա Լոկի համար, իբրև իմացաբանի՝ կարևորը իմացության տեսակն է և ծագումը։ Դեկարտը սկսեց իր փիլիսոփայությունը Ես-ից և եկավ բնածին գաղափարների վարկածին, Լոկը սկսեց բանակա­նությունից, իբրև tabula rasa-ից, և հետևաբար գա­ղափարի ծագումնաբանությունը որոշելու խնդիրը նրա մոտ համընկավ դեկարտյան «բնածինությունը» ժխտելու խնդրի հետ։ Ի վերջո պաշտպանելով խիստ սենսուալիզմի դիրքերը, Լոկը գաղափարների միակ աղբյուր հայտարարեց փորձը։

Հարկ է մանրամասն զննել այս անհամաձայնության էությունը։ Դեկարտը կասկածի տակ առնելով ար­տաքին օբյեկտների գոյության հավաստիությունը և ելակետային ճշմարտություն համարելով ինքնա­գիտակցության բանական փաստը՝ իմացության ճշմարիտ և ապոդիկտիկ իրականության աղբյուր լինելու նախապատվությունը տվեց բանականու­թյանը։ Արտաքին աշխարհի տված իմացությունները ենթական են կասկածի, որովհետև դրանք չեն ենթարկվում ճանաչելիության այն հստակ մեթոդին, որը առաջ է քաշում Դեկարտը, մինչդեռ մտածո­ղության մեջ առկա գաղափարները լիովին բավարարում են այդ պայմանին։ Գաղափարները շարժում են մտածողությունը, չէ՞ որ մտածողու­թյունը հենց ինքը գոյությունն է (cogito ergo sum), հետևաբար գաղափարը չի կարող լինել օտարածին, այն պետք է բնածին լինի, հոգին այն ոչ թե ստանում է, այլ կրում։ Այլաբանելով կարելի է ասել, որ ըստ Դեկարտի մարդը գտնում է իրեն աշխարհում ոչ թե արտաքին առարկաների հետ բախվելու հետևան­քով, այլ շնորհիվ իր մտածողության ու գոյության համասեռության։ Այստեղից՝ աշխարհի բաժանումը մտածող և տարաձիգ սուբստանցների։ Լոկը նույն­պես փնտրում էր մարդկային գիտելիքի հավաստի­ության փորձաքարը, բայց ի տարբերություն Դե­կարտի՝ մի կողմ դնելով անհերքելիության և հստակության պահանջը արտաքին աշխարհի նկատ­մամբ, նա առաջ է քաշում փորձի կոնցեպցիան։ Ինչո՞ւ Լոկը չի կասկածում փորձի հավաստիու­թյանը։ Որովհետև նրա համար ճշմարտությունը ոչ թե ինքնին անհակասականն է, այլ առկան։ Մարդկային հոգին, ըստ նրա, նման է հայելու, որում արտացոլվում են ֆիզիկական աշխարհի երևույթ­ները։ ժխտելով բնածին գաղափարների, իբրև տրամաբանական սկզբունքների, հնարավորությու­նը, Լոկը հերքում է ընդհանուր համաձայնության փաստարկը՝ նշելով, որ մանուկը չէր կարող ծանոթ լինել նույնության սկզբունքին, եթե չսովորեր այն։ Ըստ էության, սա փորձ է տրամաբանությունը փո­խադրել առարկաների ոլորտ, բայց այդ դեպքում հարց է ծագում, թե ի՞նչ ընդունակություններ է ցուցաբերում մարդը, յուրացնելով փորձը, այլ կերպ ասած, ինչպես է կատարվում առարկայական և մենտալ սուբստանցների սիմպատիան։ Դեկարտը մեր­ժում էր նման հաղորդակցության գոյությունը, Լոկը պարզապես շրջանցում է այդ հարցը։ Իրականում երկու մտածողների միջև տարբերությունը այնքան էլ մեծ չէ։ Կարելի է նույնիսկ ասել, որ Լոկը պար­զապես հետևողականորեն իրագործեց այն, ինչ Դեկարտն ընդամենը նախագծել էր։ Դեկարտը պնդում էր, որ մենք կարող ենք անջատել միտքը տարաձիգ սուբստանցից, հաշվի առնելով, որ այն զուրկ է տարաձգության հատկանիշից և կրում է միայն մենտալության հատկանիշը։ Սա արդեն իսկ իրավունք է տալիս Լոկին ասելու, որ կարելի է, ինչու չէ, առան­ձին ուսումնասիրության առարկա դարձնել մարդկա­յին բանականությունը։ Ճիշտ է, ի վերջո նա այնքան մեկուսացրեց այդ առարկան, որ սա կորցրեց ամեն բովանդակություն և դարձավ մաքուր տախտակ։ Լոկը դուրս մղեց բանականությունից գաղափար­ներն իբրև բնածին, քանի որ այն նոր սահմանումով, որը դրանց էր հաղորդել Դեկարտը, վերջիններս բնածին լինելու կարիք չունեին։

Հույների մոտ մտածողականի և մարմնականի միջև տարբերությունն այն էր, որ զգայական պրոցեսները (զգայություն, ընկալում) պատկանում էին մարմնա­կան կողմին։ Մտածողականի մասին որևէ հարց այդքան սեպարատիվ բնույթ չէր կրում։

Գաղափարը հայտարարելով մտածողության օբ­յեկտ՝ Լոկը միաժամանակ բացառում է, որ այն որևէ ձևով մտածողության արդյունք համարվի։ Նույնիսկ ռեֆլեքսիայի դեպքում միտքը ոչ թե սերում է գաղափարները, այլ ստանում դրսից, որպես օբյեկտիվ փաստերի պատկերացումներ։ Ներքին փորձ ասածն այս դեպքում շատ պայմանական անվանում է, որովհետև իր իսկ մտածողության գործողությո­ները դիտվում են իբրև մտածողության մեջ մուտք գործող մտածողություն, կամ այլ կերպ ասած՝ հայելու հայելի։ Ինչ վերաբերում է ֆիզիկական աշխարհի փաստերին, ապա գաղափարի և առար­կայի միջև անցումային օղակի դերը Լոկը վերա­պահում է զգայությանը։ Կարելի է պատկերացնել սա հետևյալ սխեմայի տեսքով՝ զգայություն – արտաքին աշխարհ, գիտակցություն – գաղափարներ։ Ստաց­վում է, որ զգայության գաղափարները միջնորդներ են գիտակցության և ֆիզիկական աշխարհի միջև։ Սակայն դժվարություն է հարուցում զգայություն – գաղափար անցումը, որը Լոկը չի բացատրում և չէր էլ կարող բացատրել զուտ էմպիրիկ դիտարկմամբ։ Լոկից առաջ ոչ ոք չէր փորձել ճանաչողության բոլոր հիմքերը փնտրել փորձում։ ճիշտ է, հույները (բա­ցառությամբ Հերակլիտի և Պլատոնի) այն կարծիքին էին, որ մենք չենք կարող սխալվել այն բանում, թե ինչպես են մեզ ներկայանում արտաքին առար­կաները, սակայն ճանաչողության հիմքը փնտրել արտաքին ֆենոմեններում նրանց մտքով չէր անցնում։

Այն, որ Լոկի «Փորձին» Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցը հակադրեց իր «Նոր փորձերը մարդկային ըմբռնո­ղության մասին», պատճառ էր հիմնականում այն անբավարարության, որ ստացել էր գերմանացի մտածողը հետևյալ հարցի լոկյան անտեսում-լուծումից. ինչպե՞ս կարող ենք մենք ճանաչել մեզանից էապես տարբերվող իրերը, և ինչպիսի՞ն են մեր բանականության գործողությունները։

Նախ նշենք, որ Լայբնիցը բնավ չէր համարում, թե մարմնական առարկաների տարբերակիչ հատկա­նիշը տարաձգությունն է։ Ավելին, ի դեմս բանակա­նության Լայբնիցը տեսնում էր ոչ թե պասսիվ tabula rasa, այլ ճանաչողությանը հակված սուբյեկտ, որն ունի ներքին բնածին գաղափարներ, նույնիսկ սկզբունքներ, սակայն վիրտուալ վիճակում։ Լայբնիցի համար, իբրև մաթեմատիկոսի, շատ կարևոր էր արտաքին երևույթների միջև գործող օրինաչափությունների հիմքը գտնել մտածողության ներսում։ «Այն, ինչը մենք կոչում ենք իրերի բնություն, նախ և առաջ ոգու բնություն է»։

Արդ, Լոկի «Փորձում» մարդկային ճանաչողական պոտենցիալ ունակություններին և տրամաբանա­կան օրենքներին վերաբերող ամենամութ տեղերը ելակետային դարձան Լայբնիցի ծավալած բանա­վեճի համար։

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Գաղափարների մասին ընդհանրապես Իմմանուել Կանտ («Զուտ բանականության քննադատություն», Տրանսցենդենտալ դիալեկտիկա, բաժին առաջին Չնայած մեր լեզվի անսպառ հարստությանը՝ խոր­հող մարդը հաճախ դժվարանում է գտնել մի տեր­մին, որը լրիվ կհամապատասխանի իր հասկացու­թյանը, և այդ բացի հետևանքով հիշյալ… Փիլիսոփայություն Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնից Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում «Նոր փորձեր մարդկային ըմբռնողության մասին», գիրք երկրորդ, Գաղափարների մասին, գլուխ առաջին 1. ՖԻԼԱԼԵՏ. – Քննելուց հետո, թե արդյոք… Փիլիսոփայություն Ընդհանրապես գաղափարների և դրանց ծագման մասին Ջոն Լոկ «Փորձ մարդկային ըմբռնողության մասին», գիրք երկրորդ, բաժին առաջին Գաղափարը մտածողության օբյեկտ է։ Յուրաքանչյուր մարդ գիտակցում է, որ մտածում է և որ այն, ինչով զբաղված է իր միտքը մտածելիս, գաղափարներ են։ Կասկածից վեր է, որ մարդիկ իրենց մտքում մի շարք…