Ռուբիկոն

Գաղափարների պրոբլեմատիկան Լոկի, Լայբնիցի և Կանտի իմացաբանության մեջ (վերլուծական ակնարկ)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Համաձայն Կանտի, մտածողությունը բաժանվում է երկու ունակությունների՝ դատողականության և բանականության։ Առաջինի մասին արդեն խոսվեց։ Դրա հասկացությունն էր զգայականի շրջանակ­ներում նշանակություն ունեցող կատեգորիան։ Բա­նականության դեպքում մենք գործ ունենք մտա­ծողության հետ, որը փորձում է դուրս գալ զգա­յականի սահմաններից։ Այլ կերպ ասած, բանակա­նությունը տենչում է ըմբռնել ոչ թե հարաբերականը, այլ բացարձակը։ Ինչպես նշում է Հեգելը. «Կանտը առաջինը ցույց տվեց, որ դատողականության առարկան է վերջավորը և պայմանականը, իսկ բանականությունը հետամուտ է անվերջին և անպայմանականին»։

Այս անպայմանականի մասին պատկերացումները Կանտն անվանում է գաղափարներ։ Տեսական ոլոր­տում բանականությունն ունի ընդամենը երեք գա­ղափար՝ հոգի, աշխարհի հոգի, իբրև մետաֆի­զիկական միասնություն, և Աստված։ Ինչո՞ւ հենց այս երեքը։ Սրանց դեդուկցիան Կանտն իրականաց­նում է կատեգորիաների համաբանությամբ։ Դրանք դուրս են բերված այն երեք հարաբերություններից, որոնք դատողականությունը պատկերացնում է կա­տեգորիաների շնորհիվ, միայն թե չհենվելով կոն­կրետի, այսինքն՝ փորձի վրա և որպես հիմք ընդու­նելով անպայմանականը։ Բացի այդ, հիշյալ հար­ցում իրենց դերը խաղացին մետաֆիզիկայի ավան­դական բաժանումները՝ հոգեբանություն, տիեզերա­բանություն և աստվածաբանություն։ Ինչ վերաբե­րում է գաղափարների ծագումնաբանությանը, ապա տեղին կլիներ բերել իր իսկ Կանտի խոսքերը, «դրանք կամայականորեն հորինված չեն, այլ տրված են հենց իր՝ բանականության բնույթով»։ Վիլհելմ Վինդելբանդի դիպուկ բնութագրմամբ այս երեք գաղափարները անհրաժեշտ պատկերացում­ներ են մարդկային խնդիրների մասին։ Սա նշա­նակում է, որ բանականության մեջ ներպարփակված են դեպի անվերջն ու բացարձակը ձգտող և գաղա­փարների բովանդակություն դարձած երեք նպատակներ։

Թվում է, թե Կանտը խոսում է բոլորովին այլ բանի մասին, որն ընդհանուր ոչինչ չունի Լոկի գաղափարի հետ։ Այդ դեպքում շատ չէ՞ր արդյոք հեռացել Լոկի գաղափարը Պլատոնի գաղափարից։ Պլատոն – Լոկ – Լայբնից – Կանտ գծով գաղափարների կար­գավիճակները դիտարկելիս տեսնում ենք, որ առաջինի մոտ դրանք ճշմարտության տիպարներ էին (բառիս բուն իմաստով), Լոկի և Լայբնիցի մոտ՝ մտածողության օբյեկտ, Կանտի մոտ՝ մարդկային բնույթի ռեֆլեկտված պատկերացումներ։ Անրի Բերգսոնը իր «Մետաֆիզիկայի ներածության» մեջ գրում է. «Ամբողջ «Զուտ բանականության քննադատությունը» ի վերջո հաստատում է, որ պլատոնիզմը, որն անօրինական է, եթե գաղափարներն իրեր են, օրինական է դառնում, եթե գաղափարները հարաբերություններ են, և որ պատրաստի գաղա­փարը այդկերպ երկնքից իջեցված լինելով երկիր՝ ընդհանուր հիմք է դառնում մտքի և բնության համար, ինչպես և դա ցանկանում էր Պլատոնը»։ Նախորդների հետ Կանտի անհամաձայնությունը նաև այն էր, որ Լոկը և մյուսները գաղափարը դիտում էին իբրև կոնստիտուտիվ փաստ, մինչդեռ Կանտի մոտ, ասենք աշխարհի հոգու դեպքում, գաղափարը ռեգուլյատիվ ծրագիր է։ Իդեան, այսպիսով, մարդու կողմից իր բնությամբ իր իսկ համար առաջ քաշված ձգտումն է դեպի իդեալը։ Աստծո գաղափարի մեջ առկա է մի ձգտում՝ անցնել բոլոր վերջավոր երևույթների սահմանը և գտնել բացարձակ, կատարյալ էակին։ Կանտը պարզում է, որ այդպիսի ձգտման հիմքում ընկած է բարոյական կարիք, այն է՝ դուրս գալ եղածի սահմաններից և բավարարության գալ անդրզգայական իդեալի մեջ։ Այսինքն՝ Աստծո գաղափարի մեջ համակենտրո­նացած էներգիան ընդամենը բարոյական կարիքի արտահայտություն է։ Այստեղ հարկ է նշել, որ թեև Պլատոնը գաղափարները տարածում էր ամեն բանի վրա՝ և՛ տեսական և՛ պրակտիկ ոլորտներում, սակայն դրանց հիերարխիայում գերագույն տեղը հատկացնում էր Բարիքի գաղափարին։ Իզուր չէր Արթուր Շոպենհաուերը իր «Աշխարհն իբրև կամք և պատկերացում» աշխատության մեջ ասում. «Եթե Կանտի ուսմունքն իսկապես ըմբռնված և յուրաց­ված լիներ և եթե այնուհետև ըմբռնված և յուրաց­ված լիներ նաև Պլատոնը … ապա արդեն վաղուց հայտնաբերած կլինեին, թե որքան միանման են երկու ուսմունքների բուն նշանակությունն ու նպատակը»։

Թեև Կանտը ժխտում էր Աստծո և մյուս գաղափար­ների գոյությանը ռացիոնալ ապացույց տալու ամեն հնարավորություն, սակայն նա գտավ դրանց մեջ բոլորովին նոր բովանդակություն՝ վերաբերող ար­դեն բացառապես բանականության բնույթին։ Այդ նոր բովանդակությունը ստիպեց հետազոտողների հաջորդ սերունդներին վերանայել ունեցած պատ­կերացումները անսահմանի և անպայմանականի մասին։

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Գաղափարների մասին ընդհանրապես Իմմանուել Կանտ («Զուտ բանականության քննադատություն», Տրանսցենդենտալ դիալեկտիկա, բաժին առաջին Չնայած մեր լեզվի անսպառ հարստությանը՝ խոր­հող մարդը հաճախ դժվարանում է գտնել մի տեր­մին, որը լրիվ կհամապատասխանի իր հասկացու­թյանը, և այդ բացի հետևանքով հիշյալ… Փիլիսոփայություն Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնից Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում «Նոր փորձեր մարդկային ըմբռնողության մասին», գիրք երկրորդ, Գաղափարների մասին, գլուխ առաջին 1. ՖԻԼԱԼԵՏ. – Քննելուց հետո, թե արդյոք… Փիլիսոփայություն Ընդհանրապես գաղափարների և դրանց ծագման մասին Ջոն Լոկ «Փորձ մարդկային ըմբռնողության մասին», գիրք երկրորդ, բաժին առաջին Գաղափարը մտածողության օբյեկտ է։ Յուրաքանչյուր մարդ գիտակցում է, որ մտածում է և որ այն, ինչով զբաղված է իր միտքը մտածելիս, գաղափարներ են։ Կասկածից վեր է, որ մարդիկ իրենց մտքում մի շարք…