Գաղափարների պրոբլեմատիկան Լոկի, Լայբնիցի և Կանտի իմացաբանության մեջ (վերլուծական ակնարկ)
Սերգեյ Ստեփանյան
Ճանաչողության տեսությունը, այն թափով և վեճերի այն բազմազանությամբ, որով ժառանգվել է մեզ այսօր, նոր ժամանակներում, իբրև պրոբլեմ հարուցվել է այն բանից հետո, երբ դեկարտյան իշխող ուսմունքին Ջոն Լոկը հակադրեց իր «Փորձ մարդկային ըմբռնողության մասին» աշխատությունը։ Այս վերջինը ոչ թե ուսմունք էր, այլ ավելի շուտ հետևյալ հարցի մանրակրկիտ քննություն, ի՞նչ և որտեղի՞ց կարող է ճանաչել մարդկային բանականությունը։ Եթե Դեկարտի համար, իբրև մետաֆիզիկոսի, կարևորը սկեպտիցիզմի ոտնձգություններից փիլիսոփայական հավաստիության ազատագրումն էր, ապա Լոկի համար, իբրև իմացաբանի՝ կարևորը իմացության տեսակն է և ծագումը։ Դեկարտը սկսեց իր փիլիսոփայությունը Ես-ից և եկավ բնածին գաղափարների վարկածին, Լոկը սկսեց բանականությունից, իբրև tabula rasa-ից, և հետևաբար գաղափարի ծագումնաբանությունը որոշելու խնդիրը նրա մոտ համընկավ դեկարտյան «բնածինությունը» ժխտելու խնդրի հետ։ Ի վերջո պաշտպանելով խիստ սենսուալիզմի դիրքերը, Լոկը գաղափարների միակ աղբյուր հայտարարեց փորձը։
Հարկ է մանրամասն զննել այս անհամաձայնության էությունը։ Դեկարտը կասկածի տակ առնելով արտաքին օբյեկտների գոյության հավաստիությունը և ելակետային ճշմարտություն համարելով ինքնագիտակցության բանական փաստը՝ իմացության ճշմարիտ և ապոդիկտիկ իրականության աղբյուր լինելու նախապատվությունը տվեց բանականությանը։ Արտաքին աշխարհի տված իմացությունները ենթական են կասկածի, որովհետև դրանք չեն ենթարկվում ճանաչելիության այն հստակ մեթոդին, որը առաջ է քաշում Դեկարտը, մինչդեռ մտածողության մեջ առկա գաղափարները լիովին բավարարում են այդ պայմանին։ Գաղափարները շարժում են մտածողությունը, չէ՞ որ մտածողությունը հենց ինքը գոյությունն է (cogito ergo sum), հետևաբար գաղափարը չի կարող լինել օտարածին, այն պետք է բնածին լինի, հոգին այն ոչ թե ստանում է, այլ կրում։ Այլաբանելով կարելի է ասել, որ ըստ Դեկարտի մարդը գտնում է իրեն աշխարհում ոչ թե արտաքին առարկաների հետ բախվելու հետևանքով, այլ շնորհիվ իր մտածողության ու գոյության համասեռության։ Այստեղից՝ աշխարհի բաժանումը մտածող և տարաձիգ սուբստանցների։ Լոկը նույնպես փնտրում էր մարդկային գիտելիքի հավաստիության փորձաքարը, բայց ի տարբերություն Դեկարտի՝ մի կողմ դնելով անհերքելիության և հստակության պահանջը արտաքին աշխարհի նկատմամբ, նա առաջ է քաշում փորձի կոնցեպցիան։ Ինչո՞ւ Լոկը չի կասկածում փորձի հավաստիությանը։ Որովհետև նրա համար ճշմարտությունը ոչ թե ինքնին անհակասականն է, այլ առկան։ Մարդկային հոգին, ըստ նրա, նման է հայելու, որում արտացոլվում են ֆիզիկական աշխարհի երևույթները։ ժխտելով բնածին գաղափարների, իբրև տրամաբանական սկզբունքների, հնարավորությունը, Լոկը հերքում է ընդհանուր համաձայնության փաստարկը՝ նշելով, որ մանուկը չէր կարող ծանոթ լինել նույնության սկզբունքին, եթե չսովորեր այն։ Ըստ էության, սա փորձ է տրամաբանությունը փոխադրել առարկաների ոլորտ, բայց այդ դեպքում հարց է ծագում, թե ի՞նչ ընդունակություններ է ցուցաբերում մարդը, յուրացնելով փորձը, այլ կերպ ասած, ինչպես է կատարվում առարկայական և մենտալ սուբստանցների սիմպատիան։ Դեկարտը մերժում էր նման հաղորդակցության գոյությունը, Լոկը պարզապես շրջանցում է այդ հարցը։ Իրականում երկու մտածողների միջև տարբերությունը այնքան էլ մեծ չէ։ Կարելի է նույնիսկ ասել, որ Լոկը պարզապես հետևողականորեն իրագործեց այն, ինչ Դեկարտն ընդամենը նախագծել էր։ Դեկարտը պնդում էր, որ մենք կարող ենք անջատել միտքը տարաձիգ սուբստանցից, հաշվի առնելով, որ այն զուրկ է տարաձգության հատկանիշից և կրում է միայն մենտալության հատկանիշը։ Սա արդեն իսկ իրավունք է տալիս Լոկին ասելու, որ կարելի է, ինչու չէ, առանձին ուսումնասիրության առարկա դարձնել մարդկային բանականությունը։ Ճիշտ է, ի վերջո նա այնքան մեկուսացրեց այդ առարկան, որ սա կորցրեց ամեն բովանդակություն և դարձավ մաքուր տախտակ։ Լոկը դուրս մղեց բանականությունից գաղափարներն իբրև բնածին, քանի որ այն նոր սահմանումով, որը դրանց էր հաղորդել Դեկարտը, վերջիններս բնածին լինելու կարիք չունեին։
Հույների մոտ մտածողականի և մարմնականի միջև տարբերությունն այն էր, որ զգայական պրոցեսները (զգայություն, ընկալում) պատկանում էին մարմնական կողմին։ Մտածողականի մասին որևէ հարց այդքան սեպարատիվ բնույթ չէր կրում։
Գաղափարը հայտարարելով մտածողության օբյեկտ՝ Լոկը միաժամանակ բացառում է, որ այն որևէ ձևով մտածողության արդյունք համարվի։ Նույնիսկ ռեֆլեքսիայի դեպքում միտքը ոչ թե սերում է գաղափարները, այլ ստանում դրսից, որպես օբյեկտիվ փաստերի պատկերացումներ։ Ներքին փորձ ասածն այս դեպքում շատ պայմանական անվանում է, որովհետև իր իսկ մտածողության գործողությոները դիտվում են իբրև մտածողության մեջ մուտք գործող մտածողություն, կամ այլ կերպ ասած՝ հայելու հայելի։ Ինչ վերաբերում է ֆիզիկական աշխարհի փաստերին, ապա գաղափարի և առարկայի միջև անցումային օղակի դերը Լոկը վերապահում է զգայությանը։ Կարելի է պատկերացնել սա հետևյալ սխեմայի տեսքով՝ զգայություն – արտաքին աշխարհ, գիտակցություն – գաղափարներ։ Ստացվում է, որ զգայության գաղափարները միջնորդներ են գիտակցության և ֆիզիկական աշխարհի միջև։ Սակայն դժվարություն է հարուցում զգայություն – գաղափար անցումը, որը Լոկը չի բացատրում և չէր էլ կարող բացատրել զուտ էմպիրիկ դիտարկմամբ։ Լոկից առաջ ոչ ոք չէր փորձել ճանաչողության բոլոր հիմքերը փնտրել փորձում։ ճիշտ է, հույները (բացառությամբ Հերակլիտի և Պլատոնի) այն կարծիքին էին, որ մենք չենք կարող սխալվել այն բանում, թե ինչպես են մեզ ներկայանում արտաքին առարկաները, սակայն ճանաչողության հիմքը փնտրել արտաքին ֆենոմեններում նրանց մտքով չէր անցնում։
Այն, որ Լոկի «Փորձին» Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցը հակադրեց իր «Նոր փորձերը մարդկային ըմբռնողության մասին», պատճառ էր հիմնականում այն անբավարարության, որ ստացել էր գերմանացի մտածողը հետևյալ հարցի լոկյան անտեսում-լուծումից. ինչպե՞ս կարող ենք մենք ճանաչել մեզանից էապես տարբերվող իրերը, և ինչպիսի՞ն են մեր բանականության գործողությունները։
Նախ նշենք, որ Լայբնիցը բնավ չէր համարում, թե մարմնական առարկաների տարբերակիչ հատկանիշը տարաձգությունն է։ Ավելին, ի դեմս բանականության Լայբնիցը տեսնում էր ոչ թե պասսիվ tabula rasa, այլ ճանաչողությանը հակված սուբյեկտ, որն ունի ներքին բնածին գաղափարներ, նույնիսկ սկզբունքներ, սակայն վիրտուալ վիճակում։ Լայբնիցի համար, իբրև մաթեմատիկոսի, շատ կարևոր էր արտաքին երևույթների միջև գործող օրինաչափությունների հիմքը գտնել մտածողության ներսում։ «Այն, ինչը մենք կոչում ենք իրերի բնություն, նախ և առաջ ոգու բնություն է»։
Արդ, Լոկի «Փորձում» մարդկային ճանաչողական պոտենցիալ ունակություններին և տրամաբանական օրենքներին վերաբերող ամենամութ տեղերը ելակետային դարձան Լայբնիցի ծավալած բանավեճի համար։