Գաղափարների մասին ընդհանրապես
Իմմանուել Կանտ
(«Զուտ բանականության քննադատություն», Տրանսցենդենտալ դիալեկտիկա, բաժին առաջին
Չնայած մեր լեզվի անսպառ հարստությանը՝ խորհող մարդը հաճախ դժվարանում է գտնել մի տերմին, որը լրիվ կհամապատասխանի իր հասկացությանը, և այդ բացի հետևանքով հիշյալ տերմինը անհասկանալի է մնում թե՛ իր և թե՛ այլոց համար։ Նոր բառեր հորինել նշանակում է լեզվի մեջ հավակնել օրենսդրի պաշտոնին, ինչը հազվադեպ է հաջողվում, և նախքան այդ ծայրահեղ միջոցին դիմելը խոհեմ կլիներ ուսումնասիրել մեռած և գիտական լեզուն՝ տեսնելու համար, չկա արդյոք նրանում այդպիսի հասկացություն, իր համապատասխան տերմինով, և նույնիսկ եթե նշված հասկացության գործածությունը իր ստեղծողի անխորաթափանցության մեղքով կասկածելի թվար, այդուհանդերձ ավելի լավ կլիներ ամրագրել դրա հիմնական նշանակությունը (նույնիսկ եթե անորոշ մնար՝ օգտագործվում է այն հենց այդ իմաստով, թե ոչ), քան վնաս հասցնել գործին՝ անհասկանալի դարձնելով այն։
Ահա ինչու, եթե որևէ հասկացության համար կա միայն մեկ բառ, որը լրիվ համապատասխանում է նշված հասկացության նշանակությանը, որի տարբերակումը մյուս մոտ կանգնած հասկացություններից շատ կարևոր է, խոհեմ կլիներ թույլ չտալ շռայլություն և հանուն բազմազանության գործածել այն որպես ուրիշ բառերի հոմանիշ, այլ բարեխղճորեն պահպանել վերջինիս յուրահատուկ նշանակությունը, հակառակ դեպքում կարող է պատահել այնպես, որ այդ տերմինը դուրս կընկնի հատուկ ուշադրությունից, կկորսվի շատ տարբեր նշանակություն ունեցող արտահայտությունների կույտում և այդպիսով կկորսվի նաև միտքը, որը կարող է պահպանել միայն այդ տերմինը։
Պլատոնը օգտվում էր գաղափար տերմինից այնպես, որ ըստ երևույթին դրա տակ հասկանում էր մի բան, որը ոչ միայն հնարավոր չէ փոխառել զգացումներից, քանզի փորձում գաղափարներին համընկնող ոչինչ չկա, այլ նաև մի բան, որը գերազանցում է դատողության հասկացությունները, որոնց հետ գործ ուներ Արիստոտելը։ Պլատոնի մոտ գաղափարները հենց իրենց՝ իրերի նախատիպերն են և ոչ ընդամենը հնարավոր փորձի բանալի, ինչպես կատեգորիաները։ Նրա կարծիքով գաղափարները արտազեղվում են գերագույն բանականությունից և այդտեղից մարդկային բանականության բաժին դառնում, սակայն մարդկային բանականությունն այժմ չի գտնվում իր նախնական վիճակում և պետք է ջանքերի գնով, շնորհիվ հիշողության (որը կոչվում է փիլիսոփայություն) վերակենդանացնի իր հին, արդեն բավական խամրած գաղափարները։ Ես մտադիր չեմ այստեղ գրական հետազոտություն անցկացնել՝ պարզելու համար այն իմաստը, որը գաղափար տերմինին էր հատկացնում այդ մեծ փիլիսոփան։ Նշեմ միայն, որ հաճախ, ինչպես սովորական խոսակցության մեջ, այնպես էլ գրվածքներում, համեմատելով մտքերը, որոնք հեղինակը արտահայտում է իր առարկայի մասին, մենք ավելի լավ ենք հասկանում նրան, քան ինքը, եթե վերջինս անհրաժեշտ չափով չի որոշարկել իր հասկացությունը և դրա հետևանքով խոսում կամ մտածում է սեփական դիտավորությունների դեմ։
Պլատոնը շատ լավ նկատել էր, որ մեր ճանաչողունակությունը շատ ավելի բարձր պահանջմունք ունի, քան ընդամենը երևույթերն ըստ սինթետիկ միասնության հոդավորել, որպեսզի նրանցից վերծանի փորձը։ Նա նկատել էր, որ մեր բանականությունը բնական կերպով սլանում է դեպի այն իմացությունները, որոնք շատ հեռու են անցնում փորձի սահմաններից, այնպես, որ վերջինիս առաջարկած ոչ մի առարկա չի կարող երբևէ համընկնել այդ իմացությունների հետ, բայց այնուամենայնիվ այդպիսի իմացությունները ամենևին էլ զուրկ չեն ռեալությունից և ցնորքներ չեն։
Իր գաղափարները Պլատոնը գտնում էր գերազանցապես այն ամենի մեջ, ինչը պրակտիկ է*, այսինքն՝ հիմնվում է ազատության վրա, որն իր հերթին ենթարկված է իմացություններին, որոնք բանականության յուրահատուկ արգասիքն են։
Փորձից քաղել առաքինության հասկացությունը կամ իմացության աղբյուրի նմուշ համարել (ինչպես դա իրականում արեցին շատերը) այն, ինչը լավագույն դեպքում կարող է ծառայել սոսկ իբրև անկատար օրինակ, նշանակում է առաքինությունը դարձնել ժամանակի և հանգամանքների մեջ փոփոխվող, ոչ մի օրենքի չենթարկվող երկիմաստ անհեթեթություն։ Մինչդեռ յուրաքանչյուր ոք գիտի, որ երբ իրեն ինչ-որ մեկին ներկայացնում են իբրև առաքինության նմուշի, ապա ճշմարիտ բնօրինակը, որի հետ նա համեմատում է այդ կարծեցյալ նմուշը և ըստ որի միայն գնահատում, նա ունի լոկ սեփական գլխում։ Հենց այդ բնօրինակն է առաքինության գաղափարը, որի վերաբերությամբ փորձի բոլոր հնարավոր առարկաները, թեև ծառայում են իբրև օրինակներ (ապացույցներ այն բանի, որ բանականության հասկացությունների պահանջները որոշ չափով իրագործելի են), բայց ոչ իբրև նախատիպեր։ Այն, որ մարդը երբեք չի գործի առաքինության գաղափարի մեջ բովանդակվածին ադեկվատ, դեռ չի նշանակում, որ այդ գաղափարը պատրանք է։ Իսկապես, բարոյական արժանիքի կամ անարժանության մասին ամեն դատողություն հնարավոր է միայն այդ գաղափարի շնորհիվ, այսինքն՝ շնորհիվ այն բանի, որ այդ գաղափարը անհրաժեշտաբար ընկած է բարոյական կատարելությանը ամեն մոտեցման հիմքում, որքան էլ հեռու պահեն մեզ դրանից մարդկային բնության մեջ եղած խոչընդոտները, որոնց աստիճանը անհնար է որոշել։ Պլատոնյան պետությունը դարձել է ասացվածք, որպես ակնառու օրինակ այն անրջային կարողության, որը կարող է տեղ գտնել միայն անգործ մտածողի ուղեղում, և Բրուկերը զավեշտական է համարում փիլիսոփայի այն պնդումը, իբր տիրակալը երբեք չի կարող կառավարել, եթե հաղորդակից չէ գաղափարներին։ Բայց լավ կլիներ, առավել հետամուտ լինել այս մտքին և նոր ջանքերի գնով լույս հանել վերջինս (այնտեղ, որտեղ այդ հրաշալի այրը մեզ թողել է առանց օգնության), փոխարեն մի կողմ նետելու այն որպես անպետք բան՝ դիմելով թշվառ ու վնասաբեր պատճառաբանությանը, թե իբր այն անիրագործելի է։ Սահմանադրությունը, որը հիմնված է մարդկային մեծագույն ազատության վրա համաձայն օրենքների, որոնք այնպես են անում, որ յուրաքանչյուրի ազատությունը կարող է համատեղ լինել մյուսների ազատության հետ (խոսքը մեծագույն երջանկության մասին չէ, որովհետև վերջինս արդեն ինքը պիտի առաջ գա), ամեն դեպքում անհրաժեշտ գաղափար է, որը պիտի հիմք հանդիսանա ոչ միայն պետական սահմանադրության, այլև բոլոր օրենքների համար, և այստեղ է, որ հարկ է նախապես վերացարկվել առկա խոչընդոտներից, որոնք կարող են անխուսափելիորեն բխել ոչ այնքան մարդկային բնության, որքան օրենսդրության ընթացքում իսկական գաղափարների անտեսման հետևանքով։ Իսկապես, փիլիսոփայի համար չկա ավելի վնասակար և անպատվաբեր մի բան, քան գռեհիկ հղումները կարծեցյալ հակասական փորձին, որն իբր թե բնավ էլ գոյություն չէր ունենա, եթե սահմանադիր հաստատությունները ճիշտ ժամանակին կազմակերպված լինեին ըստ գաղափարների և ոչ ըստ կոպիտ հասկացությունների, որոնք քաղված լինելով փորձից՝ ձախողեցին բոլոր բարի մտադրությունները։ Որքան ավելի համաձայնեցվեին օրենսդրությունն ու կառավարումը այս գաղափարի հետ, այնքան, անշուշտ, ավելի հազվադեպ կլինեին պատիժները, և միանգամայն խոհեմ է (ինչպես պնդում էր Պլատոնը), որ կատարյալ կարգերի առկայությամբ դրանց կարիքն առհասարակ չէր լինի։ Թեպետ այդ կարգերը երբեք չեն գա, սակայն գաղափարը, որն իբրև նախատիպ առաջադրում է այդ maximum-ը, միանգամայն ճշմարիտ է՝ վերջինից օգտվելով մարդկանց օրինական սահմանադրությունը հնարավոր ամենաբարձր կատարելությանը միշտ ավելի մոտեցնելու համար։ Թե ինչպիսին կարող է լինել այն գերագույն աստիճանը, որին հասնելիս մարդկությունը ստիպված կլինի կանգ առնել և, այսինքն, որքան է մեծ անդունդը, որն անհրաժեշտաբար պահպանվում է գաղափարի և դրա իրագործման միջև, ոչ ոք չգիտի և չի կարող որոշել հենց այն պատճառով, որ միայն ազատությունը կարող է անցնել յուրաքանչյուր տրված սահման։