Ռուբիկոն

Երևակայություն, ստեղծագործություն, ազատություն

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Արա Գուրզադյան

Ազատության ճակատագիրն ու կուրության գեղագիտության ֆենոմենոլոգիան

Մենք ճզմված ենք դարավերջի ծանրությունից: Մահվան և ծնունդի ուժերը մեզ փորձադաշտ դարձրած իրենց ուղին են հարթում «լինել, թե չլինել»-ու անդունդի եզրին: Դարը վիթխարի էր ներսի, խորքային ունկնդրի համար, չնչին` մակերեսից, «պատանի հանդիսատեսների» հայացքին: Հսկայական հակասությունների և աննախադեպ խմորումների մի դարաշրջան, որը մեծ արագությամբ սլացավ մեր կարճատես հայացքի միջով տարբեր խորությունների հետքեր, վերքեր ու մեղքեր թողնելով մեր իներտ ընդերքում: Ամենադժվար բանը ապրածդ ժամանակաշրջանի համաժամանակյա գնահատականն է, խորությունների ընկալումը: Տեսնելու տենչը, լույսի կարոտից խելագարվող կույրի կենսագրության առանցքն է, եթե, իհարկե, նա անդառնալիորեն չի սիրահարվել խավարին:

Այս գրքում փորձ է արվում վերաիմաստավորել, վերընթերցել ու վերծանել ահռելի այս դարաշրջանի հոգևոր-մշակութային խմորումների մարմինը, հին կուրության և նոր տեսողության դաժան պայքարում ծնվող նոր երևակայության, ստեղծագործության և ազատության տեսանկյունից: Մտնել այդ մարմնի հյուսվածքների մեջ ոչ թե վիրահատողի կամ քննադատողի կեցվածքով, այլ ստեղծագործողի ազատ երևակայությամբ փորձել ընկղմվել այդ հյուսվածքների տրամաբանության, էության, օրգանական կյանքի օրինաչափությունների ու տենդենցների մեջ, օրգանիզմի ներքին անատոմիան յուրացնելու և այդ կյանքին հաղորդակից դառնալու համար: Բնականաբար չվախենալով սխալվելու իրավունք վերապահել իրեն, քանզի կուրության մեջ տեսողության փնտրումները միշտ էլ հղի են սխալներով: Բայց գոյություն ունի սխալվելու տեխնիկա և սխալների վրա ազատություն աճեցնելու արվեստ, եթե սխալներն արվում են սիրուց: Ով սիրում է իր դարը և գիտի իր ժամանակաշրջանի ու աշխարհագրության իմաստը, նա չի լողա առանց ջուրը մտնելու, հաջորդ դարի ափերին նոր մայրցամաքներ հայտնաբերելու համար:

Փորձ է արվում ըմբռնել կատարվածը: Մտնել ընդերքի ճանաչողության մեջ, որ հղիությունից ծնվող ստեղծագործությունը պարարտացնի մեզ իր ազատությամբ ու բեղմնավորի նոր երևակայություններ` XXI դարում տեսնել կարողանալու համար: Մշակույթի մարմինը պեղելիս մենք գործ ունենք ունենալու հիմնականում ոչ նոմենկլատուրային, ոչ դպրոցական, հաճախ չհասկացված, չընդունված ստեղծագործողների հետ, մենագնաց անհատների, ժամանակակից հերետիկոսների հետ, որոնց գործերում տարբեր կտրվածքներով տեսանելի են դարի սիմպտոմներն ու նշաններն ապագայի, ծնված նոր ազատությունը կերտելու ջանքերից: Պատմականորեն նրանք ինձ երևութանում են, որպես միջնադարյան հերետիկոսների ժառանգներ, որոնք չնայած ամեն ինչի խոչնդոտում են իրական ճշմարտությունների փրփրացմանը` մի կողմից, կարծրացմանը` մյուս, ճշմարիտ փահլևանի նման շարունակելով լարախաղացի ընթացքը, անգամ անապատներում:

Պատմության մեջ դերերը պարբերաբար փոխվում են` բեմադրության տրամաբանությունից ելնելով:

Բայց կան հավերժական դերեր և առանցքային գործողություններ, որոնք ապահովում են այս աշխարհի կայունությունը և բեմադրության շարունակությունը: Կան տեսանելի դերեր, կան անտեսանելի, աննկատ դերեր: Կան տեսանելի գործողություններ, կան անտեսանելի, աննկատ գործողություններ: Բեմադրությունը միշտ կատարվում է տեսանելիի և անտեսանելիի միջև ու կայանում անտեսանելին տեսանելի դարձնելու մեջ: Այսօր արդեն փորձեր են արվում տեսանելին անտեսանելի դարձնելու ուղղությամբ, որովհետև տեսանելին հոգեվարք է ապրում: Այս ճչացող, տեսանելիությունից հոգնած աշխարհի ընդերքում ավելի ու ավելի է հասունանում այն համոզմունքը, որ լռությունն է ի վերջո ծննդաբերում իրականն ու ճշմարիտը, և ոչ թե աղմուկը: Որ կուրությունն է հղի նոր տեսողությամբ, և ոչ թե խայտաբղետ այս տեսանելիությունը: Ավելի ու ավելի խայտաբղետ դարձնող, խելակորույս արագացման մեջ գտնվող այս աշխարհում, տեսողության թակարդն ընկածի հոգում հասունանում է իր կուրության փաստը և նոր տեսողության արարումով այդ բանտարկությունից ազատվելու կանխազգացումը: Մենք աստիճանաբար գիտակցում ենք, որ մեր առօրյա տեսողության վրա սփռված է որոշակի մի կուրություն: Այդ կուրությունը նման է լռության: Այն միշտ աննկատ ուղեկցում է մեզ: Մենք պարուրված ենք դրանով: Բայց այն ավելին է քան սոսկ տեսողության բացակայությունը: Կուրությունը այն հանքն է, որի հումքը երևակայությունը վերամշակում է նոր տեսողության, ազատության մեջ տեսնել կարողանալու համար:

Այս գիրքը այդ վերամշակման մասին է:

Արդի աշխարհը, հատկապես իր արևմտյան մրցավազքի թելադրանքով, դարձել է ինֆորմացիայի, տեղեկատվության աշխարհ: Ինֆորմացիան եկել է

փոխարինելու մշակույթին: Ինֆորմացիայի քանակը` փոխարինելու մշակույթի որակին: Ինֆորմացիա ունենալ, նշանակում է ունենալ իշխանություն: Իշխանություն ունենալ, նշանակում է հաստատված լինել սեփական գոյության մեջ, նշանակում է տնօրինել որոշակի արժեքների, այսինքն` լինել հաղթողի դերում: Հաղթողի դերը, հաղթանակողի իդեալը չափազանց էական է դարվինյան այս գոյապայքարում, որը հաստատվել է իբրև ապրելակերպ հատկապես վերջին հարյուրամյակի գիտական մատերիալիզմի զարգացման կուռ տրամաբանությունից: «Հաղթում են ուժեղները» նշանաբանով գոյացան քաղաքակրթություններ, որոնք իշխող են այսօրվա ապրանքափոխանակության և տեղեկատվության ոլորտում և թելադրող քաղաքականության ու ապրելակերպի առումով: Մոլորակային հոգևոր կյանքում ներարկվեցին և շարունակում են ներարկվել նորանոր գաղափարներ, իդեալներ ու նպատակներ, որոնցում կողմնորոշվելը կենսական խնդիր է դարձել, հատկապես նոր սերնդի համար, որն այս քաոսում բավարար էթիկական և էսթետիկական ուղեցույցներ չգտնելով, ապակողմնորոշված կուլ է գնում մոդաների ու իզմերի այս հորձանուտին: Դասական մշակույթների, դասական տեսողության ժամանակները վաղուց անցել են, և մարդկությունը աստիճանաբար կորցնելով դասական օրենքների հետ կապը` հաճախ կուրորեն տրվում է մոդեռնի, պոստմոդեռնի, նեոպոստմոդեռնի… մոդայիկ քամիներին, չիմանալով նոր նավարկության ո՛չ ուղղությունը, ո՛չ էլ օրենքները, մանավանդ, որ փարոսներ կարծես այլևս չկան: Կա կեղծ փարոսների առօրեական հերթափոխ ամենօրյա կռապաշտության տրամաբանությունից ածանցվող, և սպառողական գիտակցության բջիջներում ներարկվող: Այդ փարոսները նավարկողներին ցուցանում են սպառողական մայրցամաքների ուղղությունը: Մասսայական կոչվող կուլտուրան հեղեղել է մարդու առօրյան: Մարդու կենցաղը սպառողական սպունգի նման ներծծում է տեղեկատվության խողովակներով անընդհատ ախտոտվող հոգևոր էկոլոգիայի միկրոբները, որոնք կենցաղային կուլիսների ետևում շարունակում են իրենց աշխատանքը նոր, քաղաքակրթական հիվանդություններ հորինելու ուղղությամբ: Նոր թեքնաբանությունները ծնում են նոր միկրոբներ, նոր միկրոբները` նոր հիվանդություններ, նոր հիվանդությունները` նոր բուժման ձևեր և համապատասխանաբար իմունիտետ: Այսօր, հոգևոր էկոլոգիայի ծայրահեղ ախտոտվածության պայմաններում մարդկությունը կանգնած է հոգևոր իմունիտետի գլոբալ պրոբլեմի առջև, քանզի հոգևորի ոլորտում այդ պրոբլեմը աչքաթող անելը համարժեք է նոր համաճարակների գոյացմանը ֆիզիկականի ոլորտում, որոնց հետևող տառապանքը միշտ ավելի նյութական ու շոշափելի է լինում: Մարդկության պատմության մեջ միշտ է այդպես եղել: Եվ, ցավոք, միշտ էլ այդ աղետները գիտակցվել և դրանց դեմ միջոցներ են ձեռնարկվել post factum: Մարդիկ հիմնականում հակված չեն սովորել անցյալի և ուրիշների սխալների վրա: Լավագույն դեպքում նրանք սովորում են իրենց սեփական սխալներից:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Գիտություն և կրոն Ալբերտ Այնշտայն Մաս I Պրինստոնի աստվածաբանական դպրոցում ելույթից 1939թ, մայիսի 19, հրապարակվել է Out of My Later Years-ում, Նյու-Յորք, Փիլիսոփայության գրադարան, 1950: Մաս II՝ Science, Philosophy and Religion: Գիտության վերաբերյալ կոնֆերանսի հրապարակած… Փիլիսոփայություն Աշխատանք և խոսք «Պատմություն և ճշմարտություն» գրքից Պոլ Ռիկյոր Պոլ Ռիկյորը ծնվել է 1913 թ. Վալանսում: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Ռենի և Սորբոնի համալսարաններում: Ֆենոմենոլոգիական հերմենևտիկայի առաջատար ներկայացուցիչներից է: Ոգեշնչվել է Է. Հուսսեռլի, Գ. Մարսելի և Կ. Յասպերսի գաղափարներից: Հակառակ Ֆ.… Փիլիսոփայություն Ազատ ժամանակի արարումը և զբաղված ժամանակի ֆենոմենոլոգիան (վարիացիա) Սերգեյ Ստեփանյան Պլատոնի «Թեետետոսում» կա դրվագ, երբ Սոկրատեսը, հավանաբար վախենալով, որ չափազանց երկարած խորհրդածությունը կարող է շեղել ու խճճել զրուցակցին, ասում է. «… սակայն տեսնո՞ւմ ես, Թեոդորոս, թե մի բառը ելնելով մյուսից և փոքրից դառնալով մեծ, ինչպես է…