Ռուբիկոն

Աշխատանք և խոսք «Պատմություն և ճշմարտություն» գրքից

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Պոլ Ռիկյոր

Պոլ Ռիկյորը ծնվել է 1913 թ. Վալանսում: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Ռենի և Սորբոնի համալսարաններում:

Ֆենոմենոլոգիական հերմենևտիկայի առաջատար ներկայացուցիչներից է: Ոգեշնչվել է Է. Հուսսեռլի, Գ. Մարսելի և Կ. Յասպերսի գաղափարներից: Հակառակ Ֆ. Շլայերմախերի և Վ. Դիլթայի, որոնք մեկնաբանում էին հերմենևտիկան պսիխոլոգիզմի տերմիններով և համադրում այն իմացաբանության հետ, Ռիկյորը տեղափոխում է հերմենևտիկայի խնդիրը գոյաբանության ոլորտ: Մարդկային փորձի նախնական պայմանը համարում է վերջինի լեզվական բնութը:

Ներկայացվող հատվածը «Պատմություն և ճշմարտություն» գրքից է, որը փիլիսոփան կազմել է 50-60 թթ. գրած հոդվածների հիմքի վրա:

Մեր կյանքում խոսքի և աշխատանքի կապը ամենաակնառու կերպով վկայում է այն մասին, թե ինչ լարվածություն են ստեղծում անհատական գոյության դինամիկան և քաղաքակրթությունների ցավագին ընթացքը: Այդ կապը միաժամանակ մեր գոյապայմանի ամենասկզբնական ու ամենահիմնական հոդն է և պատմության զարգացրած մշակույթների ու տեխնիկաների ամենանուրբ արդյունքը:

Ահա ինչու դրան կարելի է հանդիպել ձևավորման վիճակում ասելու և անելու ֆենոմենոլոգիական ամենատարրական վերլուծության մեջ և դա նկատել անչափ բարձր ու բարդ մակարդակով այն խնդիրներում, որ մեր օրերում տեխնիկական քաղաքակրթության մեջ առաջադրում է գրականության իրավիճակը` հիմք ունենալով համալսարանի ճգնաժամը, տեխնիկական ուսուցման ուղղվածությունը, արդյունաբերական մեխանիզացիայի հումանիստական հիմնախնդիրները և այլն: Արդ, մենք կփորձենք մտորել սրա շուրջ` անդրադառնալով երկու ծայրակետերին` արմատական կողմին և արդիական կողմին, կփորձենք դիտարկել աշխատանքի ու խոսքի նախահիմքերի տեսանկյունից և աշխատանքի ու խոսքի քաղաքակրթության ժամանակակից խնդիրների տեսանկյունից: Խոսքի ուժի ու կարողության վերաբերյալ մեր մտորումներով ստեղծված այս ինտերմեդիան կբաժանի այդ երկու ուղղությունները:

Բայց ինչո՞ւ եմ ես անդրադառնում այս թեմային: Այն ինձ թվաց քաղաքակրթության միասնության հիմնախնդիրը մի նոր տեսանկյունից քննելու միջոց, խնդիր, որ արծարծել եմ այլ տեղերում ճշմարտության և ճշմարտության բազմաթիվ կարգերի հետ կապված հարցերի առնչությամբ: Ինձ արդեն պարզ էր, որ քաղաքակրթությունը առաջ է ընթանում որքան խնդիրների բազմացման ու բարդեցման ուղիով, այնքան էլ օրգանական այդ միասնությանը մոտենալու ճանապարհով, ինչպես դա են հաստատում մեծ դարաշրջանները: Խոսքի և աշխատանքի սկզբնական դիալեկտիկան մեզ նորից հանգեցնում է նույն բանավեճի շրջանակներին:

Այս ուսումնասիրության հիմքում, իրոք, ընկած է որոշակի հիասթափություն ու որոշակի անհանգստություն. հիասթափություն` քանի որ կանգնած է աշխատանքի ժամանակակից փիլիսոփայությունների առջև (մարքսիստական, էքզիստենցիալիստական կամ քրիստոնեական) և անհանգստություն, որ առաջանում է աշխատանքի քաղաքակրթության հասկացության առիթով:

Մարդու` որպես աշխատավորի բացահայտումը կամ վերաբացահայտումը ժամանակակից մտքի մեծ իրադարձություններից մեկն է. աշխատանքի քաղաքակրթություն ստեղծելու մեր ձգտումը կատարելապես համահունչ է աշխատանքի վերաբերյալ այդ փիլիսոփայությունների ենթադրություններին: Ես լիովին համաձայն եմ փիլիսոփայական այդ ենթադրություններին ու սոցիալտնտեսական ձգտմանը, և իմ ամբողջ այս վերլուծությունը պատասխանի փորձ է այդ համաձայնության ներսում առաջացած հիասթափությանն ու անհանգստությանը, որոնք սնվում են այդ նույն համաձայնությունից:

Իմ հիասթափությունը գալիս է նրանից, որ աշխատանքի ռեաբիլիտացիան հաղթանակ է տանում դատարկ տեղում: Նման մտորումն, իրոք, բխում է աշխատանքի որոշակի ըմբռնումից. աշխատանքն իբրև պայքար ֆիզիկական բնության դեմ` խոսքը կվերաբերի նախկին արհեստներին, թե արդյունաբերական մեխանիզացիային. այնուհետև աշխատանքի հասկացությունն աստիճանաբար ընդլայնվում է` մինչև իսկ իր մեջ ներառելով բոլոր գիտական, բարոյական և նույնիսկ մտահայեցողական գործունեությունները և ձգտում է վերածվել մարտնչող և ոչ հայեցողական մարդու գոյության խիստ անորոշ հասկացության: Այդ դեպքում աշխատանքը նշանակում է մարդու մարմնավորված ցանկացած գոյավիճակ, քանզի չկա որևէ բան, որ մարդը չիրագործի տքնաջան գործունեությամբ, չկա մարդկային ինչ-որ բան, որ չդառնա praxis. և սրանից բացի, եթե համարենք, որ մարդու էությունը նույնական է իր իսկ գործունեությանը, ապա պետք է ասել, որ մարդն աշխատանք է: Եվ ինչո՞ւ աշխատանքի փիլիսոփայությունը չներառել մարդուն հասու հայեցողության մեջ, եթե ճշմարիտ է, որ մարդու հավերժական կյանքի խորքում դարձյալ բացվում է կայացման և պայքարի մի նոր դաշտ: Այս դեպքում կարելի է ասել, որ հայեցողությունը նույնպես աշխատանք է:

Ի վերջո, մի՞թե պարզ չէ, որ աշխատանքի աստվածաբանությունը վերցրել է աշխատանքի փիլիսոփայության հիմունքները և շարունակել նրա հայեցակետերը` աշխատանքը դիտարկելով իբրև աստվածային արարչագործության շարունակություն: 

Աշխատանքի հենց այդ փառաբանությունն է անհանգստացնում ինձ: Եթե մի հասկացություն նշանակում է ամեն ինչ, ուրեմն չի նշանակում ոչինչ: Մտածողությունը ձգտում է պահպանել վերլուծությունների ձեռք բերած արդյունքը. դրանց մեջ աշխատանքի հասկացությունն ունի որոշակի իմաստ, ինչպես արդեն ասացինք` հիմնականում դա ձեռքի աշխատանքի ծանր բնույթն է, աշխատանք, «որտեղ չես կարող խորամանկություն բանեցնել նյութի, ինչպես և բառերի կամ բառային հիմք ունեցող մշակույթի նկատմամբ». բայց միևնույն ժամանակ աշխատանքի հասկացությունը ընդլայնում են ծայր աստիճան` այնտեղ հավաքելու համար այն առավելությունները, որոնք կարելի է քաղել այդ հասկացության անորոշությունից: Եվ դարձյալ ձեռքի աշխատանքն ենք հիշում, երբ մարդուն բնորոշում ենք հետևյալ ընդհանուր կարգախոսով` ստեղծել, և ստեղծելով ստեղծվել:

Եվ սակայն, որևէ խաբեություն չկա այս կարգի մտածողության մեջ, որն աստիճանաբար անելու ամենանյութական իմաստը հանգեցնում է հոգևոր գործունեության, մինչդեռ ավելի նուրբ են դառնում խոչընդոտները, և ըմբոստ բնությունը, որի դեմ պայքարում է աշխատավոր մարդը, հաջորդաբար տեղ է գտնում ճանաչելիք աշխարհի անհասկանալիության մեջ ու, վերջապես, մեր իսկ մեջ, մեր անհնազանդ մարմնի դիմադրության և մեր կրքերի անպարզության մեջ: Այստեղ ամենևին խաբեություն չկա, այլ կա թաքնված մոլություն, թող թույլ տրվի ասել` մի տեսակ եռանդի ավելցուկ:

Խնդիրը այդ մտածողության զարգացումը ինչ-որ ձևով ընդհատելը չէ, մտածողություն, որ պայքարող մարդու նախապայմանի մեջ հաջորդաբար ներառում է նրա գործունեության բոլոր ոլորտները. խնդիրն ավելի շուտ մարդու նախապայմանի այս մեկնությանը մեկ այլ մեկնություն միացնելն է, որը տեղ-տեղ խաչաձևվվում է նրա հետ: Չէ՞ որ խոսքը նույնպես աստիճանաբար ընդգրկում է ամենայն մարդկայինը. չկա աշխատանքի որևէ բնագավառ և խոսքի որևէ ոլորտ, որ սահմանափակվի դրսից, այլ կա խոսքի ուժ, որն անցնում է ամենայն մարդկայինի միջով, ներթափանցում դրա մեջ, այդ թվում նաև` մեքենայի, գործիքի և ձեռքի: 

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Ազատ ժամանակի արարումը և զբաղված ժամանակի ֆենոմենոլոգիան (վարիացիա) Սերգեյ Ստեփանյան Պլատոնի «Թեետետոսում» կա դրվագ, երբ Սոկրատեսը, հավանաբար վախենալով, որ չափազանց երկարած խորհրդածությունը կարող է շեղել ու խճճել զրուցակցին, ասում է. «… սակայն տեսնո՞ւմ ես, Թեոդորոս, թե մի բառը ելնելով մյուսից և փոքրից դառնալով մեծ, ինչպես է… Փիլիսոփայություն Երևակայություն, ստեղծագործություն, ազատություն Արա Գուրզադյան Ազատության ճակատագիրն ու կուրության գեղագիտության ֆենոմենոլոգիան Մենք ճզմված ենք դարավերջի ծանրությունից: Մահվան և ծնունդի ուժերը մեզ փորձադաշտ դարձրած իրենց ուղին են հարթում «լինել, թե չլինել»-ու անդունդի եզրին: Դարը վիթխարի էր ներսի, խորքային… Փիլիսոփայություն Գիտություն և կրոն Ալբերտ Այնշտայն Մաս I Պրինստոնի աստվածաբանական դպրոցում ելույթից 1939թ, մայիսի 19, հրապարակվել է Out of My Later Years-ում, Նյու-Յորք, Փիլիսոփայության գրադարան, 1950: Մաս II՝ Science, Philosophy and Religion: Գիտության վերաբերյալ կոնֆերանսի հրապարակած…