Աշխատանք և խոսք «Պատմություն և ճշմարտություն» գրքից
1. Մարդկային աշխատանքն օտարված է վարձու աշխատանքում. դրա մասին խոսվում է որպես անձից դուրս գտնվող աշխատանքային ուժի. այն դիտարկվում է իբրև շուկայական օրենքներին ենթակա մի բան: Աշխատանքի սոցիալ-տնտեսական այս ետընթացը կապիտալիզմի սոցիալտնտեսական ռեժիմի ֆունկցիան է: Կարելի է հուսալ և ցանկալ, որ այն կանհետանա վարձու աշխատանքի պայմանների հետ: Աշխատանքի սոցիալ-տնտեսական այս ետընթացին համապատասխանում է խոսքի շահարկված արժանապատվությունը, թեև այս վերջինը մեծամտորեն չի կամենում ընդունել, որ սպասարկման շուկայում ինքը նույնպես խոսակցության առարկա է. մշակութային մի հպարտություն կա, որը ճշգրտորեն սիմետրիկ է աշխատանքի նսեմացմանը և պիտի անհետանա նրա հետ: Այս հպարտության արմատները խորն են. դրանք հասնում են մինչև Հնադար (նկատենք` հունական և ոչ թե հրեական). քանի որ աշխատանքը ստրուկի գործն էր, անազատական էր, ապա մշակույթը ազատ մարդու գործն էր, ազատական էր: Անազատական արվեստների հակադրությունն ազատական արվեստներին պատմական հասարակություններում չափազանց կախված է աշխատավորի սոցիալական պայմաններից. մշակույթն ինքը արժևորվում էր այն չափով, որքանով նա ամրապնդում էր աշխատանքն արժեքազրկող ռեժիմը:
Ավելի հեռուն գնանք. մշակույթն իր մեղքի բաժինն ունի այնքանով, որքանով ուղղակի կամ անուղղակի կերպով դարձել է աշխատանքի շահագործման միջոց. ղեկավարում են, նախաձեռնում և ռիսկի դիմում նրանք (քանզի շուկայական տնտեսությունը հաշվարկի և ռիսկի տնտեսություն է), ովքեր ունեն գիտելիք և ճիշտ խոսք. հարկավոր են ինտելեկտուալներ` համակարգի տեսություն ստեղծելու, այն ուսուցանելու և դրա իսկ զոհերի աչքում արդարացնելու համար: Կարճ ասած` կապիտալիզմը չկարողացավ որպես տնտեսություն երկար գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ նաև մշակույթ էր, նույնիսկ բարոյականություն և կրոն: Այսպիսով, խոսքը մեղավոր է աշխատանքի արժեզրկման համար: Ահա ինչու հեղափոխական միտքը հասկանալի թշնամանք է սերմանում ամբողջ դասական մշակույթի հանդեպ, քանզ այն եղել է բուրժուական և թույլ է տվել իշխանության գլուխ գալ ու մնալ շահագործող դասակարգին: Յուրաքանչյուր ոք, ով մտածում և գրում է առանց հետապնդվելու իր ուսումնասիրության կամ հետազոտության համար մի վարչակարգում, որտեղ իր աշխատանքը դիտարկվում է իբրև ապրանք, կբացահայտի, որ այդ ազատությունն ու ուրախությունը փտած են, քանի որ դրանք հակադրություն և շատ թե քիչ նախապայման ու միջոց են դառնում այն աշխատանքի համար, որը զրկված է ազատությունից և ուրախությունից, քանի որ դիտարկվում է և մեկնաբանվում իբրև իր:
2. Սակայն աշխատանքի ժամանակակից վիճակը որոշվում է ոչ միայն կապիտալիզմի սոցիալտնտեսական պայմաններով, այլև` տեխնոլոգիական ձևով, որ նրան են ընձեռել իրարահաջորդ արդյունաբերական հեղափոխությունները. այդ ձևը հարաբերականորեն անկախ է կապիտալի և աշխատանքի ռեժիմից և առաջ է քաշում խնդիրներ, որոնք հեղափոխությունները չեն լուծում աշխատանքի տնտեսական ու սոցիալական ռեժիմի մակարդակում, եթե նույնիսկ այդ հեղափոխությունները թույլ են տալիս դրանք առաջադրել առավել հստակ և լուծել ավելի դյուրավ: Հին արհեստների տրոհումը մասնակիացող ու կրկնվող աշխատանքների, որոնք ավելի ու ավելի քիչ են պահանջում պրոֆեսիոնալ որակավորում, առաջադրում է անհանգստացնող մի խնդիր. կարիք չկա, որ փիլիսոփաների և աստվածաբանների կողմից աշխատանքի փառաբանությունը մշուշվի այն պահին, երբ աշխատավորների ավելի ու ավելի մեծացող զանգվածը ձգտում է իր աշխատանքը դիտել իբրև սոցիալական պարզ զոհողություն, որի իմաստն ու ուրախությունը այլևս ոչ թե այդ աշխատանքի մեջ է, այլ դրանից դուրս` սպառողական վայելքի և ազատ ժամանակի հաճույքների մեջ, որոնք ձեռք են բերվել աշխատանքային օրվա կրճատման շնորհիվ: Այսօր, սակայն, աշխատանքի մասնակիացման ու կրկնման տանող այս տրոհումը զգացվում է ոչ միայն արդյունաբերական, այլև գրասենյակային գործում և զանազան ձևերով երևան է գալիս գիտական մասնագիտացման, բժշկական մասնագիտացման և, տարբեր չափերով, ինտելեկտուալ աշխատանքի բոլոր ձևերի մեջ:
Ճիշտ է, այդ տրոհումն ու մասնագիտացումը փոխհատուցվում են բոլոր մակարդակներում լրիվ նոր մասնագիտությունների երևան գալով` կոնստրուկտորներ, մեքենաների կարգավորողներ ու վերանորոգողներ: Մենք նույնիսկ ականատեսն ենք դառնում գիտական դիսցիպլինների խմբավորման այն նոր տեսությունների շնորհիվ, որոնք ամբողջացնում և համակարգում են մինչ այդ առանձին եղած դիսցիպլինները: Մենք, սակայն, հետագայում կանդրադառնանք, թե մասնագիտացման դիմաց փոխհատուցող բազմարժեքությունը ինչ չափով անշահախնդիր ու ապագայում արդյունավետություն նախատեսող տեսական մշակույթի արգասիք չէ, մշակույթ, որ անվերջ վերսկսվում է, շտկումներ մտցնում մասնագիտացած բանվորի կամ գիտաշխատողի տեխնիկական ձևավորման մեջ:
Այդ դեպքում ես ինքս ինձ հարց եմ տալիս, թե ժամանակակից աշխատանքի տեխնոլոգիական պայմաններից չի՞ բխում արդյոք, ի թիվս «սոցիալական օտարումների», նաև իր «օբյեկտիվացման» ֆունկցիան կատարող աշխատանքի աղքատացումը: Այդ «օբյեկտիվացումը», որի շնորհիվ մարդը կայանում է, կատարելագործվում ու զարգանում, գտել է համընդհանուր ճանաչում: Նույնիսկ փիլիսոփայական լուծում է տրվել ռեալիզմի և իդեալիզմի, սուբյեկտիվիզմի և մատերիալիզմի և այլնի բանավեճերին, մի խոսքով` լուծում է տրվել ճանաչողության տեսության և գոյաբանության հին խնդիրներին: Աշխատանքին բնորոշ է ինձ կապել ավարտունություն ունեցող որոշակի գործի հետ. այդտեղ է, որ դրսևորելով իմ կարողությունները` ես ցույց եմ տալիս, թե ով եմ ես, և որևէ ավարտուն բան ստեղծելով` թե ինչի եմ ունակ: Իմ աշխատանքի այդ «ավարտվածությունն» է ինձ բացահայտում ուրիշների և ինձ համար: Դա իրոք այդպես է, բայց ինձ բացահայտող այդ նույն շարժումը թաքցնում է ինձ. այն, ինչ դրսևորում է ինձ, նաև դարձնում է անդեմ: Ես շատ լավ հասկանում եմ, որ մասնագիտությունների զարգացումը,– այդ թվում և ինտելեկտուալ,– ունի սահման, որին ձգտում է օբյեկտիվացման այդ շարժումը: Այդ սահմանը իմ ես-ի կորուստն է իմաստազուրկ, ըստ էության, չնչին, անհեռանկար գործունեության մեջ: Սակայն մարդ լինել նշանակում է ոչ միայն ավարտուն մի բան ստեղծել, այլև հասկանալ ամբողջությունը ու դրանով իսկ ձգտել մյուս սահմանին, որ իմաստազուրկ գործունեության հակառակն է, մարդկային գոյության ամբողջական հորիզոնին, որ ես անվանում եմ աշխարհ կամ կեցություն: Ժամանակակից աշխատանքի մեզ ընձեռած հնարավորությունների շնորհիվ մենք հանկարծ հանգում ենք խոսքի` որպես ամբողջական նշանակողի, որպես բոլորի կողմից հասկացվելու ցանկության վերաբերյալ մեր մտորումներին:
Ժամանակակից աշխատանքի զարգացումը թերևս միայն բացահայտում է այդ աշխատանքի խոր միտվածությունը` խորասուզել մեզ վերջավորի մեջ` իրականացնելով մեզ: Ես-ի այս աննկատելի կորուստը դրսևորվում է մի տեսակ ձանձրույթով, որը դանդաղորեն փոխարինում է աշխատանքի կատարումից առաջացած տառապանքին, կարծես թե օբյեկտիվացման դժվարությունը առավել նրբորեն վերամարմնավորվում է մի տեսակ հոգեկան ցավի ձևով, որ հատուկ է ժամանակակից աշխատանքի մասնատվածությանն ու միօրինակությանը: