Աշխատանք և խոսք «Պատմություն և ճշմարտություն» գրքից
Այս միտումը չի հանգեցնում «օտարման», որը բառիս բուն իմաստով նշանակում է ոչ միայն մարդու սպառում մեկ ուրիշ բանի մեջ, այլև սպառում հօգուտ մեկ ուրիշ մարդու, որը շահագործում է նրան: Օտարումն առաջադրում է արդիական և վերջին հաշվով քաղաքական խնդիր, օբյեկտիվացումը` մշակութային խնդիր:
Այդժամ ինքս ինձ հարց եմ տալիս, թե արդյո՞ք մշակույթի արդի ճգնաժամի մեջ չկա որևէ բան, որը հարաբերաբար կհամապատասխաներ ժամանակակից աշխատանքի հիմնական ճգնաժամին: Մշակույթի բուրժուական քայքայվածությունից այն կողմ արվեստները, գրականությունը, համալսարանական ուսուցումը արտահայտում են ժամանակակից աշխարհին հարմարվելուն մարդու խուլ դիմադրությունը:
Այդ դիմադրությունն, անշուշտ, միանշանակ չէ. այն երևան է հանում տեխնիկական աշխարհի հանկարծական փոփոխությունների առջև անպատրաստ մարդու ընդվզումը. այն բացահայտում է մարդու և «բնական» միջավայրի հնադարյան կապի խզումը, փաստում ժամանակի խաթարված ռիթմի վերաբերյալ անհանգստությունը: Այս խանգարվածությունը կրկնապատկվում է ծանրացած խղճից, որ բնորոշ է Վալերիի Սոկրատեսին, ով դժոխքում հանդիպելով ճարտարապետ Էվպալինոսին, ցավում է, որ սեփական ձեռքով ոչինչ չի կառուցել և միայն մտածել է, այսինքն` շատախոսել: Իսկ ծանրացած խիղճը, ինչպես միշտ, փոխվում է հիշաչարության. չէ՞ որ, եթե Սոկրատեսը բացահայտեր, որ ինքը չի բաժանվել անձավի ստվերներից հանուն Գաղափարների իրականության, այլ բաժանվել է միայն մեխանիզմների իրականությունից հանուն խոսքի ստվերների, կատեր և՛ մեխանիզմները, և՛ իրականությունը:
Այստեղ ոչինչ մաքուր չէ, ոչ էլ բացարձակապես իսկական: Զարմանալիորեն իրար խառնված այս խառնաշփոթից ու ծանրացած խղճից այն կողմ մշակույթը երևան է հանում հարմարվողականության նկատմամբ մարդու օրինական մերժումը: Մշակույթը նաև ազատագրում է մարդուն, նրան պատրաստ դարձնում բացսրտության, հեռավոր ճամփորդության, այլ բանի, ամեն բանի: «Հումանիտար գիտությունների», պատմության և ամենից շատ փիլիսոփայության ֆունկցիան է «մտածողության» միջոցով դիմակայել «օբյեկտիվացմանը», աշխատավոր մարդու հարմարվողականությունը վերջավոր աշխատանքին փոխհատուցել իր ամբողջության մեջ մարդկային ճակատագրի վերաբերյալ քննադատ մարդու հարցադրումով և բանաստեղծ մարդու ներբողով: Դաստիարակությունը բառիս խիստ իմաստով թերևս միայն օբյեկտիվացման, այսինքն` հարմարվողության պահանջի և մտածողության ու ապահարմարվողության պահանջի ճիշտ, բայց դժվարին հավասարակշռությունն է. այդ լարված հավասարակշռությունն է մարդուն կանգուն պահում:****
Աշխատանքի քաղաքակրթությունը
Ես այժմ կարող եմ անդրադառնալ աշխատանքի քաղաքակրթության հասկացության նշանակության ու սահմանների վերաբերյալ իմ մոտեցմանը: Ես լիովին ընդունում եմ Բարտոլիի առաջարկած սահմանումը. դա «քաղաքակրթություն է, որտեղ աշխատանքը տնտեսական ու սոցիալական գերակա կատեգորիա է»: Այդ սահմանումը բարդություն չի առաջացնի, եթե ընդունենք այն քննադատությունը, որին ենթարկում ենք կապիտալիզմն իր տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային ձևերի մեջ: Այդ սահմանումն առավել արժեքավոր է այն պատճառով, որ նրա սուր ծայրն ուղղված է ոչ թե հայեցման ուրվականի, այլ փողի ֆետիշության դեմ: Աշխատանքի հարցում հենց սա է տնտեսագետի մտածողության գերազանցությունը փիլիսոփայի մտածողության նկատմամբ:
Բարտոլիի դրույթի վերաբերյալ կասեմ հետևյալը.
1. Աշխատանքի քաղաքակրթությունը նախ աշխատանքի տնտեսություն է, որտեղ պլանի ռացիոնալ կառավարումը փոխարինում է շուկայական օրենքներին. դրամն ու արժեքը այդտեղ զրկված են տնտեսության, այսպես կոչված, իրենց կարգավորիչ ինքնաբուխ ֆունկցիայից, բարիքի բաշխումը կատարվում է առնվազն որոշակի ժամկետով` ըստ աշխատանքի և նույնիսկ ըստ աշխատանքի արտադրողականության. աշխատավարձն այլևս աշխատանք-ապրանքի գինը չէ. այն մաքուր սոցիալական արդյունքը բաշխելու միջոց է: Այս իմաստով աշխատանքի տնտեսությունն արդեն իրականացված է սոցիալիստական պլանավորում ունեցող երկրներում: Ժամանակակից կապիտալիստական տնտեսությունում այն առկա է իբրև միտում, մասնավորապես աշխատանքի կազմակերպման իրավունքի, աշխատավարձի կառուցվածքի փոփոխության, լիակատար զբաղվածության քաղաքականության ձևով:
2. Աշխատանքի տնտեսությունը չի ստեղծում աշխատանքի քաղաքակրթություն, եթե այն աշխատավորների իսկ տնտեսություն չէ, այսինքն` եթե իսկապես աշխատավորներն իրենք չեն ղեկավարում գործարաններն ու արդյունաբերությունը, և հետևաբար, եթե նրանց ձեռքում չէ կառավարելու և պատասխանատվություն կրելու հնարավորությունը, որպեսզի խուսափեն իրավասու մարդկանց և տեխնոկրատների մի նոր գերիշխանությունից:
3. Աշխատանքի տնտեսությունը կեղծիք է, եթե այն նաև աշխատանքի դեմոկրատիա չէ, այսինքն` եթե աշխատավորները սահմանադրորեն մասնակցություն չունեն պետության կառույցում:
Աշխատանքի քաղաքակրթությունը չի՞ ենթադրում առավել մի բան, քան պետական ապարատում արհմիությունների ներդրումն է, չի՞ ենթադրում իշխանությունների ապակենտրոնացման, բաժանման, դրանց հակադրվելու մի ամբողջություն, որը խիստ տարբեր է պետական կենտրոնացնող կառույցից, որ արդյունաբերականացման փուլը պարտադրում է սոցիալիստական տնտեսություններին: Այս իմաստով աշխատանքի քաղաքակրթություն դեռևս չկա ոչ մի տեղ, եթե նույնիսկ աշխատանքի տնտեսությունն արդեն իր տեղն է զբաղեցրել աշխարհի որոշակի մասում և ինչ-որ առումով` ամբողջ աշխարհում:
4. Եվ վերջապես, կավելացնեմ, որ աշխատանքի քաղաքակրթությունը այն քաղաքակրթությունն է, ուր աշխատանքի հիման վրա ձևավորվում է մի նոր մշակույթ: Մասնագիտությունների և ֆունկցիաների սոցիալական միախառնվածությունը, որին նշանակալիորեն արգելակում է, բայց լրիվ չի վերացնում դասակարգերի բաժանումը, չի կարող լուրջ արձագանք չգտնել ժողովրդի մշակույթի մեջ: Երբ աշխատավորներին անմիջապես հասանելի է դառնում ոչ միայն տնտեսության և պետության ղեկավարումը, այլև գիտական ու ազատական ասպարեզները և մանավանդ գրական ու գեղարվեստական բնագավառը, անպայման տեղի է ունենում մշակույթի խորքային նորացում` նույնիսկ անկախ մշակույթի գաղափարաբանական ուղղվածությունից: Ժամանակակից մշակույթը կարիք ունի ապաքինման անառողջ, արհեստական վիճակից, նարցիսականությունից աշխատավորներին միացած մտածողների ու արվեստագետների օգնությամբ: Այն կարող է վերաբացահայտել եղբայրական զգացումներ, միաժամանակ համարձակ ու թարմ թեմաներ, որոնք նրան ազատում են դատարկ վիճաբանություններից: Աշխատանքի քաղաքակրթությունը ենթադրում է նաև աշխատանքի առաքինությունների միջոցով ձերբազատում խոսքի աղքատությունից:
Աշխատանքի քաղաքակրթության թեման մասնագիտությունների ու ֆունկցիաների սոցիալական միավորման միջոցով կարող է հասնել այն բանին, որ աշխատանքի ոլորտն արձագանքվի մշակույթի ոլորտում: Այն օրինաչափորեն գնում է դրան և միմիայն դրան: Հետո կարող են հայտնվել երկյուղելու տեղիք տվող երկու լուրջ «միստիֆիկացիաներ». առաջինը մշակույթն ամբողջովին տեխնիկական նախաձեռնության փառաբանման վերածելն է, պարզ ասած` արդյունաբերականացման գործոն դարձնելը: Եթե աշխատանքի քաղաքակրթությունը նպատակ ունի պրոպագանդել գործունյա, պրագմատիկ մարդուն, որը հիացած է տեխնիկական հաջողություններով, արտադրության կոլեկտիվ նախաձեռնությամբ և սոցիալական աշխատանքի ապրանքների առօրեական կիրառությամբ, ապա հարկ է հրաժարվել աշխատանքի քաղաքակրթության պիտակով մեզ առաջարկված այդ նոր ֆետիշից: