Ռուբիկոն

Աշխատանք և խոսք «Պատմություն և ճշմարտություն» գրքից

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Աշխատանքի «կարողության» տեսանկյունից խոսքի այս «անկարությունը» հենց գործունեություն է, գործ, թեև սակայն, աշխատանք չէ ուղղակի իմաստով: Դա առավել շեշտելու համար, այն, ինչ մենք կոչում ենք «գործողության ֆրազավորում», «նախադասություն» է (այն իմաստով, որով քերականության մեջ նշում են` հարաբերական նախադասություն, անորոշ նախադասություն և այլն), սակայն ամեն նախադասություն առաջադրման ակտ է: Խոսող մարդը առաջադրում է իմաստ. դա նրա գործելու խոսքային ձևն է:

Այդ առաջադրական գործունեությունը սքողվում է առօրյա խոսքում, որը հոգնել է խոսվելուց: Այն առաջին պլան է գալիս մաթեմատիկայի լեզվում, որտեղ անվանումը միշտ նոր է: «Ծավալ են անվանում ամեն առումով սահմանափակ տարածության մասը: Անվանում են մակերես,…. գիծ,… վերջապես կետ…» Բրիս Պարենն իր ժամանակին հիանում էր անվանում առաջադրելու, իմաստ ձևավորելու այդ կարողությամբ. «Անվանումն առաջին դատողությունն է… Մեր խոսքերը ստեղծում են էակներ և … չեն սահմանափակվում զգացմունքներ արտահայտելով… Լեզուն    իր բնույթով վերացարկություն է այն իմաստով, որ չի արտահայտում իրականությունը, այլ նշանակում է այն ճշմարտության մեջ»**: Ճիշտ խոսելը խիստ ծանր պատասխանատվություն է:

Կասկածական խոսք

Սակայն խոսքը չի կարող միայն հրամայական լինել: Ժամանակն է հանել վերլուծությանը մանկավարժական պայմանականությամբ պարտադրված սահմանափակումները: Նաև այն պատճառով, որ լեզվի առաջադրական գործունեության վերաբերյալ մտածողությունն արդեն դուրս է հրամայական խոսքի շրջանակից:

Խոսքը, որ ուզում է բան ասել, խոսքը, որ ջանում է հասկանալ և ձգտում է հասկանալի լինել, նաև կասկածական խոսք է, ընտրող խոսք, բանաստեղծական խոսք:

Հրամայականը ստիպում է անել: Կասկածական խոսքը հարցադրում է` ի՞նչ է սա, ի՞նչ է նշանակում սա: Հարցադրումը գոյություն ունի միայն այն պատճառով, որ կա կասկած: Հարցականի տակ առնել նշանակում է կասկածել: Ճիշտ ինչպես գործիքը սովորույթ է և հանգստություն, խոսքն իր առաջին դրսևորման մեջ սովորույթ է և հանգստություն. ասում են. «Այսպես են անում»-ը զուգորդվում է «ասում են»-ով: Լճացած քաղաքակրթությունները հանգչում են գործիքների և արտահայտությունների հարստության վրա: Հավատն իբրև մինչքննադատական գոյության ինքնաբուխ մղում իր առօրեականության դրոշմն է դնում աշխատելու և խոսելու բոլոր ձևերի վրա և քարացած ավանդույթի մեջ ներառում ժեստերն ու ասույթները: Խոսքը կյանքի է կոչում գործիքը,– ինչպես ասացինք քիչ առաջ,– միայն այն պատճառով, որ խոսքը կյանքի է կոչում խոսքը` «հավատո՞ւմ եք»:

Կասկածական խոսքը շրջված է դեպի ուրիշը, դեպի ինձ, դեպի իմաստը: Կասկածական խոսքը գերազանցապես ուղղված է ուրիշին: Ուրիշը պատասխանող մարդն է: Եվ այդ պատասխանի մեջ նա ամբողջապես երկրորդ անձ է. նա այլևս ՙսա՚ չէ, ինչը բնորոշ է գործարանային ապրանքին, այլ` «դու», որը պատասխանում է: Սակայն խոսքը նմանակում է արդյունաբերական աշխատանքին, երբ ուզում է հոգեբանորեն ազդել այն ձևով, որին աշխատանքը հասնում է իր արդյունքով, այսինքն` առանց արտադրանքի և արտադրողի փոխադարձ կապի: Այդպիսին է քարոզչական խոսքը, որը հոգեբանական ներգործության է հասնում այնպես, ինչպես մեքենան` արդյունավետության բարձրացման միջոցով: Այդ խոսքն ամբողջովին դուրս է գտնվում հարց ու պատասխանի շրջապտույտից: Այն արտադրում է, այն չի անվանում: Միայն կասկածն է խոսքը վերափոխում հարցի և հարցադրումը` երկխոսության, այսինքն` պատասխան ենթադրող հարցի, հարցի պատասխանի:

Երկխոսության ոլորտը թափանցում է աշխատանքի ոլորտ և դուրս գալիս նրա սահմաններից: Այն թափանցում է, քանզի չկա աշխատանք առանց աշխատանքի բաժանման, և աշխատանքի բաժանում` առանց խոսքի փոխանակության, որը տարաբաշխում է խնդիրները և արտածում մարդկային աշխատանքի սոցիալական նշանակությունը: Սակայն երկխոսության ոլորտը նաև անցնում է աշխատանքի ոլորտից այն կողմ: Այն արդեն անցնում է այդ ոլորտը արտադրամասերում. մասնական և միօրինակ աշխատանքի հոգեբանությունը զարմանալի կերպով մեզ ցույց է տալիս, որ աշխատողները, որոնք ունակ են մտքով կտրվել աշխատանքից, որն իր ավտոմատացման համեմատ գնալով դառնում է առավել արդյունավետ, լավագույն արտադրողականություն են հանդես բերում այն ժամանակ, երբ կարող են աշխատելիս «զրուցել»: Այստեղ արդեն խոսքն օգնում է աշխատանքին, քանի որ հատուցում է դրա դիմաց, շեղում դրանից: Այդ դեպքում ի՞նչ ասել երկխոսության մասին, իբրև ազատ ժամանակի, այն ազատ ժամանակի, որի մեջ շատ մարդիկ ավելի ու ավելի են փնտրելու իրենց իսկական ինքնաարտահայտումը, քանի որ աշխատանքը դառնում է դրա ձեռքբերմանն անհրաժեշտ սոցիալական զոհը:

Աշխատանքի քաղաքակրթության կապակցությամբ շարունակենք մեր մտորումները աշխատանքի վրա ունեցած խոսքի զանազան ազդեցությունների մասին:

Ուրիշին, ինչպես և ինձ ուղղված այդ կոչը այն հիմնական հարցադրումն է, որ ստեղծում է մտածողության դաշտ և ազատության դաշտ. «ինքս ինձ հարցնում եմ, թե…»: Ներքին երկխոսությունը հենց մտածողություն է: Ես ինձնից ստեղծում եմ հեգնանքի մարդուն: Այդ պահից կասկածի որդը հայտնվում է իմ սովորույթի պտղի, աշխատանքի ծառի, հավատքի հիմնաբնի մեջ: Խոսքը քննադատություն է և քննադատելի է դարձնում ամեն դիրքորոշում: Վերջ է տրվում «միամտությանը»: Միամտությունը պատկանում է «կա»-ի կարգին. կան իրեր, կա բնություն, կա պատմություն, կա աշխատանքի օրենք, կա կառավարողների իշխանություն: Իրը, անելը, անել տալը պոտենցիալ ձևով հարցականի տակ են առնվում կասկածական խոսքի միջոցով. աշխարհը, աշխատանքը, բռնակալները դառնում են ամբողջովին վիճարկելի խոսքի կործանարար ուժի միջոցով. Սոկրատեսի, Դեկարտի, Հյումի, Կանտի, Հուսսեռլի հարցադրող և հարցականի տակ առնված մեծ փիլիսոփայությունները սոսկ կյանքի կոչեցին և վերջնակետին հասցրին խոսքի կասկածական այս ոգին: Ահա ինչու այդ փիլիսոփայությունները վաղածին ամեն սինթեզի դեմ ընդվզող ցանկացած մշակույթի հոգին են, սինթեզ, որ առաջարկում են և պարտադրում հավաքական հավատալիք ունեցող քաղաքակրթությունները, որոնց միավորող թեմաներն են թիկնոցը, սուսերը կամ գործիքը: Կասկածական խոսքն է՛լ ավելի արմատական ու վճռական հեղափոխություն է անում նշանակությունների ոլորտում. այն հնարավորի չափանիշ է ներմուծում կոպիտ փաստի (կեցության փաստի և հավաստման փաստի կրկնակի իմաստով) բացեր չունեցող հենքի մեջ: Հնարավորության խաղի համար ստեղծելով տարածություն` խոսքը վերըմբռնում է իրականության, այն է` անելիքի և փաստի իմաստը` ելնելով հնարավորի իմաստից. այսպես են վարվում գիտական օրենքը և իրավական օրենքը: Հարցադրման միջոցով մտքի այս «ձերբազատումը» հնարավոր է դարձնում ցանկացած «ձեռնարկ» իբրև մտածողությանը հետևող մղում, իբրև պատասխանատվության ակտ:

Հանգամանորեն դիտարկելիս տեսնում ենք, որ կասկածական միտքը ժխտող ու հաստատող ամեն մտքի և, վերջապես, ամենապարզ ասվածքների իսկական դաստիարակն է: Քանզի վճռական պատասխանը, գլխավոր պատասխանը «ոչ» ասող պատասխանն է, այն պատասխանը, որը ժխտողականություն է մտցնում նշանակությունների մեջ. այն ամենը, ինչ կա, կա. բայց խոսքը կարող է ասել այն, ինչ չկա, և այսկերպ կարող է ավերվել ստեղծվածը: Ժխտել նշանակում է ջնջել հնարավոր իմաստը, ինչը գերազանցապես անարդյունավետ քայլ է, չաշխատող քայլ, բայց քայլ, որ ինքնաբուխ հավատի մեջ, իմաստի նաիվ դիրքորոշման մեջ ներմուծում է վճռորոշ գիծ, որը կամաց-կամաց վերացնում է և տապալում այդ դիրքորոշումը, ինչպես տապալում են թագավորին: Այդուհետ խոսքի աշխարհն այն աշխարհն է, ուր ժխտում են: Այդ իսկ պատճառով դա նաև այն աշխարհն է, ուր հաստատում են: Հաստատումը միանգամից ընդգծում է այն, ինչ ժխտումը կարող էր ջնջել կամ արդեն ջնջել է: Այն հաստատում է այն, ինչը ժխտումը հերքում է: Հենց կասկածական խոսքի աշխարհում են գոյություն ունենում առարկությունները: Եվ առարկության աշխարհում են լինում հաստատումները:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Ազատ ժամանակի արարումը և զբաղված ժամանակի ֆենոմենոլոգիան (վարիացիա) Սերգեյ Ստեփանյան Պլատոնի «Թեետետոսում» կա դրվագ, երբ Սոկրատեսը, հավանաբար վախենալով, որ չափազանց երկարած խորհրդածությունը կարող է շեղել ու խճճել զրուցակցին, ասում է. «… սակայն տեսնո՞ւմ ես, Թեոդորոս, թե մի բառը ելնելով մյուսից և փոքրից դառնալով մեծ, ինչպես է… Փիլիսոփայություն Երևակայություն, ստեղծագործություն, ազատություն Արա Գուրզադյան Ազատության ճակատագիրն ու կուրության գեղագիտության ֆենոմենոլոգիան Մենք ճզմված ենք դարավերջի ծանրությունից: Մահվան և ծնունդի ուժերը մեզ փորձադաշտ դարձրած իրենց ուղին են հարթում «լինել, թե չլինել»-ու անդունդի եզրին: Դարը վիթխարի էր ներսի, խորքային… Փիլիսոփայություն Գիտություն և կրոն Ալբերտ Այնշտայն Մաս I Պրինստոնի աստվածաբանական դպրոցում ելույթից 1939թ, մայիսի 19, հրապարակվել է Out of My Later Years-ում, Նյու-Յորք, Փիլիսոփայության գրադարան, 1950: Մաս II՝ Science, Philosophy and Religion: Գիտության վերաբերյալ կոնֆերանսի հրապարակած…