Ռուբիկոն

Աշխատանք և խոսք «Պատմություն և ճշմարտություն» գրքից

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Երկրորդ միստիֆիկացիան աշխատանքով ներշնչված և աշխատավորների միջոցով կյանքի կոչված մշակույթի շփոթությունն է գաղափարաբանական ուղղվածությամբ մշակույթի հետ: Այս վտանգը նախորդի ծայրահեղ ձևն է. սոցիալիստական տնտեսության կայացման փուլում, որը բնականորեն համապատասխանում է արագ արդյունաբերականացման փուլին, պետական ապարատը ձգտում է ամբողջ մշակույթը ենթարկել կոլեկտիվացման գործին և հանրությանը պարտադրել այդ ձեռնարկին համապատասխան աշխարհի գաղափարը:

Այդժամ աշխատանքի քաղաքակրթությունը այլևս ոչ միայն այն քաղաքակրթությունն է, որտեղ աշխատանքն արտացոլվում է խոսքում, այլև այն քաղաքակրթությունը, ուր խոսքն ունի միայն երկու օբյեկտ` աշխատանքն ինքը և սոցիալիզմ կառուցող պետության գաղափարախոսությունը: Աշխատանքի և խոսքի դիալեկտիկայի մեր ողջ վերլուծությունը մեզ նախազգուշացնում է, որ խոսքի քննադատական ու բանաստեղծական ֆունկցիայի և աշխատանքի արդյունավետության ֆունկցիայի մի տեսակ միասնական շնչառությունը կորցրած քաղաքակրթությունը վերջին հաշվով դատապարտված է լճացման: Քաղաքակրթությունը պահպանում է իր առաջընթացը միայն այն դեպքում, եթե ստանձնում է խոսքի բոլոր ռիսկերը և սխալվելու իրավունքը հաստատում որպես քաղաքական անհրաժեշտ ֆունկցիա: Խոսքի այդ ռիսկերը այն գինն են, որ աշխատանքի քաղաքակրթությունը պիտի աշխատանքին վճարի խոսքի մատուցած ծառայության դիմաց:

Ծառայություն, որ խոսքը մատուցում է աշխատանքին

Վարձու աշխատանքում խոսքի ծառայությունը կպահպանվի աշխատանքի սոցիալական «օտարումներից» ավելի, քանի որ այն համապատասխանում է առավել տևական խնդիրների, որոնք ավարտուն, ավելի ու ավելի մասնակիացող, միօրինակ դարձող աշխատանքի մեջ առաջադրում է մարդու «օբյեկտիվացումը»: Ոչինչ չի կարող ավելի կործանարար լինել, քան այս խնդիրները ժխտելը հանուն աշխատանքի «ապաօտարման» առավել հրատապ հարցերի: Ամեն մտածողություն ու ամեն գործողություն պիտի խորապես դիտարկված լինեն` կախված վտանգների անխուսափելիությունից, ինչպես նաև տևականությունից:

1.         Խոսքի առաջին ծառայությունը աշխատանքին ես համարում եմ աշխատանքի բաժանման հետևանքների մեղմացումը: Այստեղ մենք հանդիպում ենք մտահոգիչ խնդիրների մի ամբողջության, որի հետ հաշվի է նստում արդյունաբերական աշխատանքի սոցիալական հոգեբանությունը. ավելի ցածր աստիճանում խոսքի մեղմացուցիչ ֆունկցիան համապատասխանում է արտադրամասերում ժամանցի, շաղակրատանքի ունեցած դերին, երբ առաջադրանքներն այնքան մասնատված ու միօրինակ են, որ ավելի լավ է մինչև վերջ ավտոմատացվեն և աշխատանքը զուգակցվի մի տեսակ ուղեղի զգոնությամբ ու աշխատողի միտքը զբաղվի մեկ այլ բանով` շաղակրատանքով, զրույցներով, երաժշտությամբ և, ինչու ոչ, ուսուցողական դաստիարակությամբ և այլն:***** Առավել բարձր աստիճանում այդ մեղմացուցիչ ֆունկցիան ստանում է արտադրամասերում աշխատատեղերը միասին վերահսկելու, ձեռնարկությունում, մինչև իսկ համաշխարհային շուկաներում ծավալվող առանձին օպերացիաների շաղկապվածությունը ըմբռնելու ձև: Արտադրության այդ վերահսկումն ու ըմբռնումը ասես այն «ներքին խոսքն» են, որը որոշում է մասնական աշխատանքի տեղը և իմաստավորում այն: Առավել բարձր աստիճանում այդ մեղմացուցիչ ֆունկցիան նույնանում է մասնագիտական բազմակողմանի ձևավորման հետ, որը թույլ է տալիս փոխել աշխատատեղը, պայքարել ավտոմատիզմի առաջացրած դիմազրկման դեմ: Ակնհայտ է, որ աշխատանքի և խոսքի մեր դիալեկտիկան մեզ հանգեցնում է նաև տեխնիկական ուսուցման առաջ քաշած բուն խնդիրներին. այդ ուսուցումն անպայմանորեն ունի երկու երես. մեկն ուղղված է պրոֆեսիոնալ մասնագիտացման ձևավորմանը, մյուսը` ընդհանուր մշակույթին. ամենաուտիլիտար ձևավորումն արդեն իսկ ունենում է մշակութային արժեք, հենց որ ձեռքի հմտությունը ստորադասում է ֆիզիկա-մաթեմատիկական տիպի տեսական գիտությանը: Գրականությունն ու պատմությունը դադարում են ՙօժանդակել՚ աշխարհի վերաբերյալ պրոֆեսիոնալ հայացքի ձևավորմանը և հաստատում են, որ տեխնիկական ուսուցումն իսկապես մշակույթէ: 

Ամենաբարձր աստիճանում մեղմացուցիչ ֆունկցիան այն տեղում է, որը աշխատանքին հաղորդում է սոցիալական իմաստ: Պատահական չէ, որ գրքերն են, «Կապիտալի» նման գիրքն է ընկած ժամանակակից հեղափոխությունների հիմքում: Ի վերջո, խոսել աշխատանքի մասին նշանակում է մոտենալ քաղաքական մարդու խոսքին: Քանզի, երբ իշխանության գլխին քաղաքագետ չի կանգնած, ապա քարոզչի նման նա օգտվում է խոսքի վտանգավոր հնարավորությունից: Ժորժ Նավելի խորիմաստ ասույթի հենց ճշմարտությանը վերաբերող մասն է մեջբերում Ֆրիդմանը. «Աշխատանքի մեջ կա մի տխրություն, որից ապաքինվում են քաղաքականությանը մասնակից դառնալով»:

2.         Խոսքի մատուցած երկրորդ ծառայությունը աշխատանքի բաժանումը ազատ ժամանակով փոխհատուցելն է: Ազատ ժամանակը աշխատանքի նման դառնում է քաղաքակրթության ավելի ու ավելի լուրջ խնդիրը:

Խոսքի, ինչպես և սպորտի, տուրիզմի, սիրողական զբաղմունքի միջոցով հնարավոր է նոր ձևով վերականգնել բնության, կյանքի, տարերային ուժի հետ կապը և գուցե առավել խորությամբ վերագտնել ժամանակի առավել կանոնավորված, ինքնաբուխ, անկաշկանդ ռիթմը, քան ժամանակակից կյանքի ուժասպառող տեմպն է:

Սակայն ժամանակակից աշխարհը այն աշխարհն է, որտեղ ազատ ժամանակն իր բազմապատկվելու հետ մեկտեղ արժեզրկվում է նույն տեխնիկայի ներխուժման պատճառով, որը նաև հեղափոխել էր արտադրությունը, փոխադրական միջոցները և մարդկային բոլոր հարաբերությունները: Մեր ազատ ժամանակի իմաստն անգամ,– ժամանակ, որ դժվարությամբ ձեռք է բերվել աշխատանքային օրվա կրճատման շնորհիվ,– մեծ մասամբ կախված կլինի մարդկային խոսքի արժեքից, քաղաքականության ու գրականության մեջ, թատրոնում ու զրույցներում այդ խոսքի նկատմամբ ցուցաբերած հարգանքից: Քանզի մարդու ինչի՞ն է պետք իր ապրուստն աշխատանքով վաստակել, եթե ազատ ժամանակ կորցնելու է հոգին: Ահա ինչու չպետք է թույլ տալ, որ սոցիալիստական հասարակության կառուցումը խեղաթյուրի խոսքը քարոզչական շաղակրատանքով և գաղափարախոսական դատարկաբանությամբ. և վերջապես, ահա ինչու պետք է, որ սոցիալիստական հասարակությունը ստանձնի ազատ խոսքի բոլոր ռիսկերը, եթե չի ուզում ոգեպես կոտրել այն մարդուն, որին ձևավորում է նյութապես:

3.         Բացի այդ, խոսքն օժտված է հիմնադիր ֆունկցիայով` մարդուն բնորոշ բոլոր պրագմատիկ գործունեությունների առումով: Այն իր մեջ կրում է «տեսական» ֆունկցիան ամբողջությամբ: Չկա մի տեխնիկա, որ չլինի կիրառական գիտելիք, և չկա կիրառական մի գիտելիք, որ կախված չլինի ի սկզբանե ամեն կիրառությունից հրաժարված գիտելիքներից: Praxis-ը չի կարող լիովին արտահայտել մարդուն: Theoria-ն նույնպես իր գոյության իրավունքն ունի: Այդ հիմնադիր theoria-ն մաթեմատիկայից գնում է էթիկայի, տեսական ֆիզիկայից` պատմության, գիտությունից` գոյաբանության: Բոլոր արմատական խնդիրները առաջադրվում են մի դիրքորոշման մեջ, որում տեղ չունի ուտիլիտար խնդիրը և կենսական հրատապությունը: Ահա ինչու չկա մի քաղաքակրթություն, որն ի զորու լինի գոյատևելու` չունենալով անշահախնդիր մտահայեցման, անմիջական կամ ակնհայտ կիրառություն չակնկալող որոնումների համար ազատ գոտի: Վերը մենք դաստիարակություն կոչեցինք հարմարվողության և ապահարմարվողության գործը մարդու ձևավորման մեջ: Հենց համալսարանը պիտի դառնա դրա զարկերակը: Ահա ինչու արդարացի է նրանից պահանջել միաժամանակ հնարավորինս արագ արձագանքել ժամանակակից հասարակության պահանջներին և շարունակել Universitas-ի հնադարյան ավանդույթը, որն առավել, քան երբևէ երևան կգա որպես ժամանակակից աշխատանքի ստրկացնող դրսևորումների վրա իշխելու առանձնահատուկ միջոց, պայմանով, որ մատչելի լինի բոլոր աշխատավորների համար:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Ազատ ժամանակի արարումը և զբաղված ժամանակի ֆենոմենոլոգիան (վարիացիա) Սերգեյ Ստեփանյան Պլատոնի «Թեետետոսում» կա դրվագ, երբ Սոկրատեսը, հավանաբար վախենալով, որ չափազանց երկարած խորհրդածությունը կարող է շեղել ու խճճել զրուցակցին, ասում է. «… սակայն տեսնո՞ւմ ես, Թեոդորոս, թե մի բառը ելնելով մյուսից և փոքրից դառնալով մեծ, ինչպես է… Փիլիսոփայություն Երևակայություն, ստեղծագործություն, ազատություն Արա Գուրզադյան Ազատության ճակատագիրն ու կուրության գեղագիտության ֆենոմենոլոգիան Մենք ճզմված ենք դարավերջի ծանրությունից: Մահվան և ծնունդի ուժերը մեզ փորձադաշտ դարձրած իրենց ուղին են հարթում «լինել, թե չլինել»-ու անդունդի եզրին: Դարը վիթխարի էր ներսի, խորքային… Փիլիսոփայություն Գիտություն և կրոն Ալբերտ Այնշտայն Մաս I Պրինստոնի աստվածաբանական դպրոցում ելույթից 1939թ, մայիսի 19, հրապարակվել է Out of My Later Years-ում, Նյու-Յորք, Փիլիսոփայության գրադարան, 1950: Մաս II՝ Science, Philosophy and Religion: Գիտության վերաբերյալ կոնֆերանսի հրապարակած…