Աշխատանք և խոսք «Պատմություն և ճշմարտություն» գրքից
Հենց այն պատճառով, որ մարդը խոսեց երկրաչափական տարածության մասին, այնտեղ ապրելու, չափագրված այդ տարածքում գործելու փոխարեն, հնարավոր դարձավ մաթեմատիկան, և դրա շնորհիվ` մաթեմատիկական ֆիզիկան և իրարահաջորդ արդյունաբերական հեղափոխություններից առաջացած տեխնիկան: Զարմանալի է այն, որ Պլատոնը գծի, մակերեսի, հավասարության, ֆիգուրների նմանության և այլնի անվանման իր աշխատանքով, որը խստորեն բացառում էր մեքենայությունների դիմելու ամեն միջոց ու ակնարկ և ֆիգուրների ֆիզիկական վերափոխություն, նպաստել է էվկլիդյան երկրաչափության ստեղծմանը: Մաթեմատիկական լեզվի այդ ասկետիզմը, որին մենք, վերջին հաշվով, մեխանիկական դարաշրջանում պարտական ենք մեր բոլոր մեքենաները, անհնարին կլիներ առանց Պարմենիդեսի հերոսական տրամաբանության. վերջինս նշանակությունների ինքնանույնացման անունից ամբողջովին մերժում էր կայացման և praxis-ի աշխարհը: Շարժման և աշխատանքի հենց այդ մերժմանն ենք մենք պարտական Էվկլիդեսի, Գալիլեյի գործերը, ժամանակակից մեխանիզմները և մեր բոլոր սարքերն ու մեքենաները: Քանզի դրանց մեջ են ի մի բերվում մեր բոլոր գիտելիքները, խոսքերը, որոնք սկզբում հրաժարվում էին աշխարհի վերափոխությունից: Լեզվի` զուտ մտածողության փոխակերպվելու շնորհիվ տեխնիկական աշխարհն իր ամբողջության մեջ այսօր կարող է ներկայանալ որպես խոսքի աշխարհի ներխուժում մկանների աշխարհ: Ըմբռնողական հատկությամբ պրագմատիկ հատկությունների ձեռքբերումը շատ բան է պարզաբանում. այն հենց արտադրողական գործունեության մեջ բացահայտում է նրա նախասկզբնական կառուցվածքը, ինչպես նաև խոսքի ու աշխատանքի միջև ծնունդ առնող վիճաբանությունը:
Արդեն իսկ այս փոխհարձակումը սկզբնական բողոք է. praxis-ը խոսքը դիտում է իբրև պլանավորման լեզու, սակայն խոսքն ի սկզբանե մտածողական նահանջ է, «իմաստի դիտարկում», ծնունդ առնող theoria: Այս առաջնային և միշտ վերանորոգվող դիալեկտիկան մեզ ստիպում է վճռականորեն հրաժարվել հասարակության մշակութային այսպես կոչված վերնաշենքերի բիհևիորիստական և a fortiori էպիֆենոմիստական ամեն մեկնությունից: Լեզուն նույնքան հիմնաշենք է, որքան վերնաշենք: Այստեղ անվերապահորեն պետք է հրաժարվել հիմնաշենքի և վերնաշենքի սխեմաներից ու դրանց հակադրել միանգամայն շրջանաձև մի շարժում, որտեղ երկու հասկացությունները հաջորդաբար ներառում են իրար և դուրս գալիս իրարից:
ԽՈՍՔԻ ՈՒԺԸ
Խոսքն ամենից մոտ է կանգնած աշխատանքին. հրամայական խոսքն արդեն իսկ աշխատանքի ծնունդ առնող քննադատություն է կրկնակի իմաստով` դատելու և սահմաններ պարտադրելու:
Այն աշխատանքի քննադատություն է, քանի որ սկզբից ևեթ ընդհատում է հոգածությունը կյանքի մասին, ինչը աշխատանքի հոգին է: Այն ստեղծում է հեռավորություն, խորհում է:
Բայց ընդհատելով հոգածությունը` նա դա վերականգնում է այլ կերպ, շարունակում նորովի, ինչը դարձյալ հատուկ է պայքարող մարդու նախապայմանին, մարդկային կյանքի վերջավորությանը: Նա հոգածությունը տեղափոխում է նշանների հարթություն:
Որոշ ժամանակ շարունակենք մնալ հրամայական խոսքի նեղ շրջանակում, ինչը մեզ թույլ կտա գործունեության փակ ոլորտի մեջ բացել առաջին ճեղքը: Ի՞նչ նոր օպերացիա է սկսում խոսքը աշխատանքի շրջանակներում:
Նախ, առանձնահատուկ ներգործություն մեկ ուրիշի վրա, ինչը պատկանում է ազդեցության, այլ ոչ թե արտադրության ոլորտին: Արտադրությունն առնչվում է նյութական կամ ոչ նյութական բնությանը, երրորդ դեմքով «սա»-ին: Ազդեցությունը, պահանջի արդեն իսկ հրամայական ձևի տակ, ենթադրում է ուրիշի, մի երկրորդ անձի. պահանջը, լինի այն համառ թե քաղաքավարի, կոպիտ թե սքողված, առաջ է բերում մեկ ուրիշի, մի «հետևություն», որն արդեն այլևս «հետևանք» չէ: Պահանջ-հետևություն հարաբերությունը* դուրս է արտադրություն-արդյունք հարաբերության շրջանակից: Խոսքից ծնունդ առած այս միջմարդկային հարաբերությունը աշխատանքի մեջ ներմուծում է միաժամանակ հակասություն և բաղադրամաս: Հակասություն` քանզի ազդեցությունն այլ բան չէ, քան առանց փոխադարձության փոխակերպման գործողություն, այն է` արտադրություն: Բաղադրամաս` քանզի այն միաժամանակ հարստացնում է աշխատանքը միջմարդկային հարաբերությունների ողջ գունաշարով. ամեն աշխատանք համագործունեություն է, այսինքն` ոչ միայն համատեղ արված, այլև բազմիցս համատեղ քննարկված գործ: Հոգեսոցիոլոգիան մշտապես բախվում է աշխատանքի սոցիալական և խոսքային շերտին, սոցիալական` որովհետև խոսքային է: Այսպիսով, ցածր արտադրողականությունը և հոգնությունը առաջ են գալիս միջմարդկային հարաբերությունների խախտվածությունից, որոնք պայմանավորված են ոչ միայն աշխատանքի իբրև այդպիսինի բաժանումով, այլև աշխատանքի սոցիալական կազմակերպումով. ընկերական հարաբերություններ աշխատավայրերում, կատարողական հարաբերություններ նախագծային գրասենյակների ու արտադրամասերի միջև, սոցիալական ստորադասային հարաբերություններ տնօրենության և աշխատանքային կոլեկտիվների միջև, ներառյալ սոցիալական այն բոլոր հարաբերությունները, որ գործում են ձեռնարկության ներսում և նրա սահմաններից դուրս. այս բոլոր հարաբերությունները, որոնք կարգավորում են աշխատանքը (կարգավորել բառի բոլոր իմաստներով), գտնվում են խոսքի աշխարհում:
Սակայն հրամայական խոսքն ուղղված չէ միայն ուրիշին, այլ առհասարակ մարդուն, որը խոսքի միջոցով դառնում է նշանակող: Ով խոսում է, խոսում է նաև իր մասին, վիճում իր համար. այսկերպ նա կայացնում է իրեն առնչվող վճիռը, որը պարզաբանում է նրա միտքը և տարանջատում այն նախնական հուզական խառնաշփոթից: Ներքին խոսքը, որ ամփոփված է ցանկացած վճռի մեջ, ակնհայտորեն վկայում է մարդու այն առաջընթացի մասին, որ ներկայացնում է խոսքը. եթե ես ոչինչ չեմ ասում ինքս ինձ, ապա դուրս չեմ գա կենդանական, անմարդկային մշուշոտ աշխարհից: Ես ինքս ինձ կարգավորում եմ նույնքան, որքան քիչ առաջ կարգավորվում էր իմ աշխատանքը:
Սակայն մեկ ուրիշի և իմ ես-ի վրա եղած ազդեցության ետևում, այն խոսքի ետևում, որ հղում եմ ինքս ինձ և վճիռ կայացնում, հարկ է առանձնացնել խոսքի ամենասքողված աշխատանքը. նշանի իսկ ազդեցությունը իմաստի վրա, խոսքի միջոցով գործի դրվող իմաստի առաջընթացը: Խոսքն ինքը,– կասենք մենք,– ոչինչ չի «անում», ավելին, այն «անել է տալիս» (դա կլինի մեկ ուրիշի թե որպես մեկ ուրիշ դիտված իմ միջոցով), բայց եթե անել է տալիս, ապա այն պատճառով, որ նշանակում է անելիքը, ու նաև այն պատճառով, որ մեկ ուրիշին ուղղված այդ նշանակյալ պահանջը «հասկանալի» է նրան, և նա «հետևում» է դրան: Իմաստ արտահայտել նշանակում է գործել խիստ բարդ ձևով: Այս ուսումնասիրության շրջանակում դրա վերաբերյալ կարելի է միայն մի քանի ակնարկային նախանշումներ անել, ինչը, սակայն, աշխատանքի լրիվ հակապատկերն է, եթե նույնիսկ ներառված է դրա մեջ:
Նախ, չկա խոսք առանց տարբերակիչ գործունեության, որի շնորհիվ գործողության բայը և նրա ենթական (անհրաժեշտության դեպքում` և նրա ավարտը, հետևանքը, միջոցները) առանձնանում են: Այդ տարբերակիչ գործունեությանը միանում է նշանակման վիթխարի աշխատանքը, քանզի իրար կապված են երկու բան` առանձնացնել և անվանել առարկաները, դրանց ասպեկտները, գործողությունները, հատկությունները և այլն: Առաջին գործը տարբերակելն է, երկրորդը` իրար միացնելը: Եվ քանի որ խոսքը նախադասության մեջ իրար է կապում բայն ու գոյականը, ածականը, լրացումը, հոգնակի թիվը և այլն, ապա մենք կառավարում ենք մեր իսկ գործողությունը մի տեսակ «ֆրազավորելով» մեր արարքները: Այսպիսով մեր ամեն գործողության հիմքում ընկած են տարբերակումներն ու հարաբերությունները: Այս «ֆրազավորումից» դուրս, մարդը մնում է անկապ ու շփոթահար: Այս ֆրազավորման իմաստն ամենևին իրերի կամ մեր իսկ վերափոխությունը չէ, ոչ էլ արտադրությունը բառի ուղղակի իմաստով, այլ` նշանակումը, իսկ ամեն նշանակում մատնանշում է այն բացը, որ պիտի լցնի աշխատանքը որևէ նախագիծ, խոստում, մտադրություն իրականացնելու իմաստով: Նշանակությունների այս բացն, անտարակույս, պայմանավորված է լեզվի և փիլիսոփայության աղքատությամբ, բայց այն նախ կազմում է լեզվի մեծությունը, քանզի ցուցանող և ոչ թե գործող նշանակությունների բացի շնորհիվ է, որ խոսքը համակցում և կառուցում է գործողությունը: