Ռուբիկոն

Աշխատանք և խոսք «Պատմություն և ճշմարտություն» գրքից

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Իմ հիասթափությունը հանկարծ իմաստավորվում է. աշխատանքի հրաշալի հասկացության այս տեսակ թուլացումը դատարկ տեղում պայմանավորված չէ՞ արդյոք այն հակադրության բացակայությամբ, որը համամասնական կլիներ նրան և սահմանափակելով աշխատանքը` կորոշարկեր այն: Ուշագրավ է այն, որ աշխատանքի այդ փառաբանման մեջ նրան ի հակադրություն ընտրում են չափից դուրս հեռավոր, անորոշ, մի խոսքով` ցնորական ու մարդկային վիճակին խորթ ինչ-որ բան` հայեցողությունը, ոչ թե, ինչպես ասում են, դեռևս անհրաժեշտ մարդկային հայեցողությունը, այլ զուտ հայեցողությունը, հայացք, որ ակնթարթորեն ընդգրկում է ամեն բան, տեսողություն` առանց ճիգի, քանի որ իրագործվում է առանց դիմադրության, անժամկետ ձեռքբերում, որովհետև կատարվում է առանց ջանքի: Գոյությունը նույնացնել աշխատանքի հետ, նույնն է թե բացառել այդ զուտ հայեցողությունը բուն մարդկային վիճակից: Մի բան, որ ապարդյուն է, ամեն դեպքում` պակաս արդյունավետ, քանզի նմանօրինակ սահմանային գաղափարը ձգողության բևեռ չէ խորհրդածության համար: Դա ցնորք է, որ հեռանում է մեզնից և իր տեղը զիջում իր ողջ ամպլիդուտով դրսևորվող մարդկայինին: Արդյո՞ք ավելի արգասավոր չէր լինի մարդկային վերջավոր կյանքի ներսում, պայքարով լի այդ կյանքի խորքում տարբերակել իմաստային այդ հակադրությունները: Ավելի հստակեցնող չէ՞ր լինի արդյոք աշխատանքի համար գտնել նրան համապատասխան մի հակաբևեռ, որը կընդգծեր նրա նշանակությունը` հարցականի տակ առնելով նրա ինքնաբավությունը: Օրինակ` արդյո՞ք ես կասեմ, թե աշխատում եմ, երբ վերադառնում եմ աշխատանքից, երբ հանգստանում եմ: Արդյո՞ք ես աշխատում եմ, երբ կարդում եմ, երբ կինո եմ դիտում, երբ զբոսնում եմ: Արդյո՞ք ես աշխատում եմ, երբ բարեկամություն եմ անում, երբ տրվում եմ սիրո: Եվ մի՞թե ես աշխատում եմ, երբ զբաղվում եմ կողմնակի բաներով: Աշխատանքի մեծությունը նրանում է, որ մարդ վիճաբանության մեջ է մտնում գոյության ուրիշ ձևերի հետ և այսկերպ սահմանափակում է դրանք ու սահմանափակվում դրանցով. մեզ համար այդ ուրիշը,– ի թիվս այլ ուրիշների,– կլինի խոսքը, որը արդարացնում և վիճարկում է աշխատանքի փառքը:

ԱՆԵԼ ԵՎ ԱՍԵԼ

Քանի որ խոսքը նույնպես մարդկային դրսևորում է, այն նույնպես վերջավորության ձև է. զուտ հայեցողության նման այն մարդկային վիճակից դուրս չէ, ոչ թե Աստծո խոսք է, կամ ստեղծարար խոսք, այլ` մարդու խոսք, նրա պայքարող գոյության մի ասպեկտը. այն գործում է աշխարհում և ստեղծում ինչ-որ բան, կամ ավելի շուտ` խոսող մարդն է ստեղծում ինչ-որ բան և ստեղծում իրեն, բայց այլ կերպ, քան աշխատելով:

Տեսնենք, թե ինչպես է ծնվում խոսքը ժեստի մակարդակում. առաջ քաշենք լեզվի պրագմատիկ մեկնության տեսանկյունից ամենանպաստավոր վարկածը. Պիեռ Ժանեի հետ միասին ենթադրենք, որ ամենապարզ խոսքը եղել է մի տեսակ հրամայական ճիչ, որը սկզբում ուղեկցել է գործողությանը և հուզական տեսանկյունից դյուրացրել այն (հիշատակված փորձն իսկապես տեղի ունենալու կարիք չունի. այն արժեքավոր է իբրև արդի լեզվի կառույցը պարզաբանող երևակայական վերականգնում): Առաջնորդի այդ ճիչն առանձնացել է գործողությունից որպես այն սկզբնավորող, նախնական փուլ. այսկերպ ճիչը վերածվել է խոսքի հենց որ գործել է տվել գործելու փոխարեն: Այդ հրամայական ճիչն, ուստի, պատկանում է ժեստի փուլին. այն որոշակիորեն գործի է դնում ժեստը. այն ասես գործի նախասկզբնական, խթանիչ, հետո նաև կարգավորիչ հատվածն է:

Աստիճանաբար, ամեն խոսք այսկերպ կարող է հանգեցվել praxis-ի. պարզագույն դեպքում այն սոսկ դրա մի պահն է. այդ պահը վերածվում է praxis-ի փուլի հենց որ այդ կարճ հրամայականը ստանում է նախորդող սխեմայի, պլանի չափեր, քանի որ այդ պլանը praxis-ի խոսքային կանխարկությունն է: Ի վերջո, մշակույթի ամբողջ շենքը կարելի է դիտարկել իբրև մի երկար շրջադարձ, որը սկսվում է գործողությունից և վերադառնում գործողության:

Պահ, փուլ, շրջադարձ. խոսքը որոշակի իմաստով, բուն իմաստով մարդկային գործոնի միջոցով մարդկային միջավայրի փոխակերպման ձեռնարկների լրացում է: Այս հիմնական հնարավորությունն արդարացնում է մշակույթի մարքսիստական մեկնաբանությունը, որտեղ աշխատանքը հանդես է գալիս որպես ամբողջ մարդկությանը համախմբող ուժ: 

Եվ սակայն, հենց սկզբից խոսքը խախտում է ժեստի սահմանները և սլանում առաջ: Քանզի այդ հրամայականն արդեն այլևս ընթացիկ գործողության հուզական մաս չէ, այն որոշակիորեն արժեք ունի ամբողջ գործողության համար. այն «խոսում է» ամբողջ ժեստի մասին: Այդ հրամայականը ճախրում է ժեստի վերևում, վերահսկում այն: (Վերահսկողական այդ ֆունկցիան` Übersichtlichkeit-ը, որ սաղմնային ձևով իր մեջ կրում է մասնական ու միօրինակ աշխատանք կատարելու ունակ ինտելեկտուալ գործունեությունը, մենք հետո կգտնենք արդյունաբերական աշխատանքի հոգետեխնիկների մոտ: Արդ, մենք չենք մնա քաղաքակրթության որոշակի խնդիրների մատույցներում, այլ հենց սկզբից կհաստատվենք, օրինակ, տեխնիկական մարդասիրության առաջադրած խնդիրների կենտրոնում:)

Հրամայականը, որ քիչ առաջ ծնունդ էր առնում իրագործվելիք ժեստի սահմաններում, թույլ է տալիս հեռավորության առաջին պատկերն ունենալ, առաջին մտածողական նահանջը, որ իրագործվելիք ամբողջ ժեստում առաջացած ինտերվալի, անցքի օգնությամբ հնարավորություն է ընձեռում կազմելու ամբողջ ժեստի պլանը:

Ժեստի մակարդակին հավասար խոսքն առաջ է անցում ամբողջ ժեստից` նշանակելով այն: Այդ խոսքը անելիքի ընկալված իմաստն է:

Սրանից ելնելով` աշխատանքի պատմությունը միշտ կարելի է մեկնաբանել որպես խոսքով ներթափանցված, դրա ազդեցությունը կրած պատմություն: Խոսող մարդն է վերափոխում իր գործիքները` կանխարկելով մարմնի նորանոր ազդեցությունները նյութի վրա: Գործիքը նշանակալիորեն շարունակում է մարմինը` հենց իր մեջ պարունակելու համար սեփական հեղափոխության սկզբունքները: Մի տեսակ բարձիթողի արված գործիքը դառնում է սովորույթ, ինչի մասին վկայում են գյուղացիական ու արհեստավորական գործիքները, որոնք դիմադրում են փոփոխությանը և մշտապես մնում նույնը: Հենց խոսքն է խաթարում ժեստի և գործիքի ձեռք բերած ձևը: Անհաջողությունն ու տառապանքը մարդուն խորասուզում են մտորումների ու հարցադրումների մեջ: Այդժամ ձևավորվում է ներքին խոսքը` ինչպե՞ս անել այլ կերպ: Առկախ մնացած գործիքը, գործիքը, որի մասին խոսում են, հանկարծ վերցվում է գործողության այլ հեռանկարների մեջ: Ձևի փոփոխությունը, մարմնի ազդեցությունների վերակառուցումը իրագործվում են լեզվի միջոցով. լեզուն կանխարկում է, նշանակում և փորձում ամեն վերափոխություն երևակայության մեջ, ստեղծարար այն դատարկության մեջ, որ առաջ է եկել անհաջողությունից և այդ անհաջողության վերաբերյալ ծագած հարցերից: Հատկապես խոսքն է անցում կատարում գործիքից մեքենայի: Ինչպես Էմմանյուել Մունիեն էր նշում «XX դարի մանր երկյուղները» գրքում. «Մեքենան մեր անդամների նյութեղեն պարզ շարունակությունը չէ, ինչպես գործիքը: Այն այլ կարգի է. մեր լեզվի լրացում, մաթեմատիկական օժանդակ մի լեզու` իրերի գաղտնիքների մեջ ներթափանցելու և դրանց թաքնված հնարավորությունները, չօգտագործված միջոցներն առանձնացնելու և վեր հանելու համար»:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Ազատ ժամանակի արարումը և զբաղված ժամանակի ֆենոմենոլոգիան (վարիացիա) Սերգեյ Ստեփանյան Պլատոնի «Թեետետոսում» կա դրվագ, երբ Սոկրատեսը, հավանաբար վախենալով, որ չափազանց երկարած խորհրդածությունը կարող է շեղել ու խճճել զրուցակցին, ասում է. «… սակայն տեսնո՞ւմ ես, Թեոդորոս, թե մի բառը ելնելով մյուսից և փոքրից դառնալով մեծ, ինչպես է… Փիլիսոփայություն Երևակայություն, ստեղծագործություն, ազատություն Արա Գուրզադյան Ազատության ճակատագիրն ու կուրության գեղագիտության ֆենոմենոլոգիան Մենք ճզմված ենք դարավերջի ծանրությունից: Մահվան և ծնունդի ուժերը մեզ փորձադաշտ դարձրած իրենց ուղին են հարթում «լինել, թե չլինել»-ու անդունդի եզրին: Դարը վիթխարի էր ներսի, խորքային… Փիլիսոփայություն Գիտություն և կրոն Ալբերտ Այնշտայն Մաս I Պրինստոնի աստվածաբանական դպրոցում ելույթից 1939թ, մայիսի 19, հրապարակվել է Out of My Later Years-ում, Նյու-Յորք, Փիլիսոփայության գրադարան, 1950: Մաս II՝ Science, Philosophy and Religion: Գիտության վերաբերյալ կոնֆերանսի հրապարակած…