Աշխատանք և խոսք «Պատմություն և ճշմարտություն» գրքից
Կարո՞ղ ենք այսպիսով ասել, թե այն ասվածքները, որ առերևույթ են միայն հաստատում փաստերը, կասկածական մտքի նվաճումներ են. քանի որ այդ ասվածքը կարծես պատասխանն է մի հարցի, որը հանված է: Չկա մի պատմողականություն, որը պոտենցիալ ձևով չպատասխանի հարցին` ի՞նչ է պատահել, ինչպե՞ս է դա տեղի ունեցել: Եվ ամբողջ գիտությունը կարծես պատասխան է ընկալման առջև դրված այն դժվարությունների, որ առաջ է քաշել փիլիսոփայությունը` կասկածի տակ առնելով զգայական հատկությունների իմաստը և մերժելով երևութականության առավելությունը:
Սոսկ այս կասկածն ու ժխտողականությունը ի զորու եղան բացելու հնարավորության այն ոլորտը, ուր կարողացավ երևան գալ նույնքան վերացական, անիրական մի օրենք, որքան, օրինակ, իներցիայի օրենքն է, որին չէր կարող հանգեցնել ոչ մի ենթակայություն երևույթներին և որից, սակայն, ծնունդ առավ մեխանիկական ողջ միտքը:
Ոգեկոչում
Սակայն արդար չէր լինի խոսքի ողջ ուժը սահմանափակել իրարահաջորդ հրամայականով ու քննադատությամբ, եթե նույնիսկ ընդլայնենք կասկածական խոսքի ոլորտը` այնտեղ ներառելով հաստատումն ու ասվածքը:
Պրոտագորասն ասում էր, թե խոսքի չորս հիմնարմատներն են հրամանը, աղերսը կամ աղոթքը, հարցը և պատասխանը:
Այս անվանումը`eukhole (աղերս, աղոթք), բացում է խոսքի մի լայն ասպարեզ, որը խոսող մարդուն ազատում է կարգադրության, որն, ի վերջո, տարրալուծվում է աշխատանքի մեջ, և կասկածի, որը, վերջին հաշվով, քայքայում է աշխատող մարդուն, այլընտրանքից:
Ճիշտն ասած` այստեղ բացվում է մեկ այլ ոլորտ. խնդրանքը, որ ուրիշից սպասում է ամեն ինչ, որ մարդուն դարձնում է մեկի բարյացակամությանը ենթակա, արդեն բխում է ոչ թե աշխատող ես-ից կամ հեգնող ես-ից, այլ, եթե կարելի է այդպես ասել, աղերսող ես-ից: Սա մարդկային այն խոսքն է, որն ամենևին հիասթափության խոսք չէ. ուղղված լինելով Աստծուն` այն ոգեկոչում է Նրան թե՛ հունական ողբերգության երգչախմբերի լեզվով, թե՛ եբրայական սաղմոսների լեզվով, թե՛ քրիստոնեական պատարագների լեզվով, թե՛ հավատացյալի առօրեական, ինքնաբուխ աղոթքի լեզվով: Աշխարհին ուղղվելով` այն ուզում է լինել իսկական մի երգ, որը ներկայացնում է անաղարտ իմաստը, թարմությունը, արտասովորությունը, սարսափը, քնքշությունը, առաջին հայտնությունը, խաղաղությունը: Հյոլդեռլինն ու Ռիլկեն, Ռամյուզն ու Կլոդելը վկայում են, որ խոսքը չի սահմանափակվում առօրյա կյանքի, տեխնիկայի ու գիտությունների, կոդավորման, քաղաքականության, քաղաքակրթության և սովորական զրույցների խոսքային ֆունկցիայով:
Վերացական նշանակություններին ուղղված` խնդրողական խոսքը արժևորման ըղձանք է, գնահատման հիմնական ակտ: Պատահական չէ, որ Սոկրատեսը լեզվի ոլորտում կռիվ էր տալիս «առաքինություն» բառի իմաստի համար, այսինքն` մարդու մեջ եղած արժեքավորի համար:
Բացելով հնարավորի դաշտը` խոսքը բացում է նաև լավագույնի դաշտը: Այդ իսկ պահից հարց է ծագում. ի՞նչ իմաստ ունի իմ աշխատանքը, այսինքն` ի՞նչ արժեք ունի այն: Աշխատանքը մարդկային աշխատանք է դառնում աշխատանքի անհատական ու հասարակական արժեքի վերաբերյալ առաջադրված այդ հարցով. և այդ հարցը խոսքի աշխատանքն է:
Մարդկանց և իմ ես-ին ուղղված` «աղոթող» խոսքը գերազանցապես բացականչության լեզու է:
Եթե հնարավոր է բացահայտել ու արտահայտել մարդկային ճակատագիրը իր զգացմունքային հիմնական դրսևորումներով, ապա այն պատճառով, որ ճիչի շարունակությունը դարձավ երգը. այս լեզուն մոտ է կանգնած ոգեկոչմանը, որը որսացել է ցավի, ուրախության, զայրույթի և վախի առօրյա արտահայտությունը և այն բարձրացրել մաքրազտված արտահայտությամբ քնարական մակարդակի: Հունական ողբերգությունը, Էսքիլոսի ողբերգությունը, երգեց այն դառը իմացության մասին, որ մարդկային սիրտը ծնում է իրենից երգի վերածված և ոգեկոչման նշանակություն ստացած տառապանքի դաժան դպրոցում:
Զև՛ս, կամ ո՞վ ես աստվածներից.
Եթե կուզես` «Զևս» անվանվիր:
Չեմ կարող քեզ կոչել այլ կերպ,
Երբ, հետամուտ ճշմարտության,
Փափագում եմ ես թոթափել
Ունայն բեռը իմ ուղեղի.
Քանզի Զևսն է ամենիմաց:
Արդ, այս պահին քեզ եմ դիմում:
Դարձնում է նա մարդկանց խոհուն
Եվ մտացի` նրանց առմիշտ
Առաքելով փորձություններ:
Սիրտդ հանկարծ, երազի մեջ,
Հուշն է խոցում անցյալի քո տառապանքի ու հարկադրում
Քեզ ակամա խոհեմ լինել:***
Այսպիսով, խոսքը զարգացնում է ինքնագիտակցությունն ու ինքնաարտահայտությունը բազմաթիվ ուղղություններով, որ մենք ուրվագծեցինք հպանցիկ. հրամայական խոսք, որով վճիռ եմ կայացնում` կասեցնելով իմ հուզական խառնաշփոթը, կասկածական խոսք, որով հարց եմ տալիս ինքս ինձ և կասկածի տակ առնում, ցուցական խոսք, որով գնահատում եմ ինձ, հաստատում, հայտարարում որպես այդպիսին, ինչպես և քնարական խոսք, որով երգում եմ մարդկային տեսակի հիմնական զգացմունքների և նրա մենության մասին:
Խոսքի ուժի վերաբերյալ այս անդրադարձի վերջում ակնհայտ է դառնում աշխատանքի և խոսքի փոխներթափանցվածությունը ու նաև դրանց սքողված տարբաժանվածությունը:
Գուցե կարելի է ասել, թե աշխատանք է այն, երբ մարդն ստեղծում է իր կարիքներին համապատասխան օգտակար արդյունք` փոքրիշատե դժվարին ճիգ գործադրելով, հաղթահարելու համար մեզնից դուրս կամ մեր մեջ գտնվող բնության դիմադրությունը:
Աշխատանքը որոշակի իմաստով ներառում է խոսքը, քանի որ խոսելը նույնպես փոքրիշատե դժվարին ճիգ է, նույնիսկ արհեստ, որը ստեղծում է խմբի պահանջարկներին համապատասխան օգտակար արդյունք` դառնալով, կարծես, իրերի արտադրության փուլ: Սակայն լեզվի էությունը խույս է տալիս աշխատանքի բնությունից. խոսքը նշանակում է, այն չի արտադրում: Արտադրության ավարտն իրական արդյունք է, խոսքի ավարտը` ըմբռնելի իմաստ: Ավելին, խոսքը որոշ չափով անհատույց է. երբեք վստահ չես կարող լինել, թե խոսքն օգտակար կլինի. և քանի որ խոսքը որոնում է, ուստի արթնացնում է պահանջներ, նորացնում գործիքներ, բայց կարող է նաև ինքնաբավ լինել և ապացույցներ չպահանջող: Խոսքը փաստում է, հարցադրում, ոգեկոչում: Այն կարող է խոսել` չասելով ոչինչ, շաղակրատել, ստել, խաբել և, ի վերջո, խենթացնել: Ահա ինչու աշխատանքը կարող է հանգիստ ամաչեցնել խոսքին` նրա դատարկաբանության համար:
Համլետը խոսքի ունայնության մասին ասում է` Words! words! words!
Սակայն ի՞նչ կդառնար աշխատանքի քաղաքակրթությունը առանց խոսքի վսեմության և ունայնության:
ՀԱՆՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԽՈՍՔԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ
Խոսքի և աշխատանքի դիալեկտիկան ինչո՞վ է մեզ օգնում կողմնորոշվել քաղաքակրթության արդի խնդիրներում: Հիմնականում նրանով, որ մեզ նախազգուշացնում է այն կեղծ լուծման մասին, որ վերաբերում է մեր քաղաքակրթության շարժումն իրականացնող լարումներին:
Այս դիալեկտիկայի արդի ձևը կվերանա, պետք է վերանա, սակայն երևան կգան նրա այլ ձևերը և կառաջադրեն նոր խնդիրներ:
«Օտարումն» ու «օբյեկտիվացումը» աշխատանքի մեջ
Աշխատանքի և խոսքի դիալեկտիկայի ներկայիս պատմական ձևը գտնվում է միմյանց ամենևին չհանգող երկու գործոնների իշխանության ներքո.