Երևակայություն, ստեղծագործություն, ազատություն
Մարդու հոգևոր կյանքը երկու ոլորտների` պատկերային պատկերացման և սաղմնային կամքի տարանջատելուց հետո բնականաբար հարց է առաջանում, թե որո՞նք ենք իրականում այն ուժերը, որոնցով իրագործվում է ֆիզիկական մարդու մեջ մինչծննդյան կյանքի արտացոլումը` պատկերացման պատկերների գոյացումը և կամքի մշտապես սաղմնային վիճակում պահելը` հետմահու իրականության սոսկ սաղմ լինելը: Ըստ Շտայների` այդ ուժերն են համակրանքն (Sympathie) ու հակակրանքը (Antipathie): Մինչծննդյան հոգևոր աշխարհից ծնվելով ֆիզիկական աշխարհում, մենք անգիտակցաբար որոշակի հակակրանք ենք տածում այն ամենի հանդեպ ինչ ոգեղեն է, մինչծննդյան ոգեղեն իրականությունը այդ հակակրանքի ուժով մենք փոխակերպում ենք պատկերացումի: Իսկ համակրանքով միանում ենք կամային այն իրականության հետ, որը մահից հետո ճառագում է մեր հետագա գոյության մեջ իմաստավորելով այն: Համակրանքի և հակակրանքի այդ ուժերը անմիջականորեն չգիտակցվելով մեր կողմից, այնուհանդերձ անգիտակցորեն ապրում ու գործում են մեզնում և փոփոխական ռիթմերով անցնելով մեկը մյուսին` հյուսում են մեր զգացմունքը: Համակրանքի և հակակրանքի անընդհատ խաղով մենք զարգացնում ենք մեզնում մեր զգացմունքային աշխարհը: Մակընթացությամբ և տեղատվության նման համակրանքն ու հակակրանքը ողողում են մեր հոգևոր կյանքը, մի կողմից` հակակրանքի ուժով այն վերածելով պատկերացումային կյանքի, մյուս կողմից` համակրանքի ուժով այն փոխակերպելով կամային այնպիսի սաղմնայնության, որը հետմահու ոգեղեն իրականություն է դառնում:
նկ.1.

Հակակրանքով մենք անդրադարձնում ենք մինչև ծնվելը մեր կողմից վերապրած ողջ կյանքը, որն էապես ճանաչողական բնույթի է: Եվ այդ հզոր ճանաչողությունն է, որ հանդիպելով հակակրանքի` թուլացվում է դառնալով պատկերացում: Իսկ հակակրանքի ուժգնացումով պատկերացումն անհետանում է` տեղի տալով հիշողությանը, հիշողության պատկերին: Հիշողությունն արդյունք է ուժգնացած հակակրանքի: Այնուհետև այս ընթացքը բերում է այն բանին, որ պատկերացման և հիշողության ակտից հետո պատկերացման պատկերային մասը պահելով մեզնում գոյանում է հասկացություն, որն իր հերթին բերում է ներկա ճանաչողությանը: Այստեղ նշենք, որ հին աշխարհում գիտեին ճանաչողության հիմքում ընկած այս մեխանիզմի մասին` ըստ որի ճանաչողության ակտում հայտնվող միտքը վկայում է հոգու նախագոյությունը (Präexistenz) ոգեղեն աշխարհում (իդեաների աշխարհում), և որ հոգին իր երկրային գոյության ժամանակ հիշողության միջոցով ստանում է այն որպես նախագո այդ կյանքի արձագանք: Այսինքն` ճանաչողությունը Պլատոնի ժամանակ ինչ-որ տեղ նույնացվում էր հիշողության հետ:
Ներկայիս աշխարհում դա չի գիտակցվում, քանզի միտքն այժմ ստվերային հասկացության ձևով է գոյանում մեզանում ներսից, և ոչ թե ինչպես անտիկ աշխարհում հիշողության մեջ ընկալողության ձևով տրվում դրսից: Հունաստանում մտածողությունը դեռ ընկալողություն էր, այն դեռ չէր նույնացած ուղեղի աշխատանքի հետ ինչպես ներկայիս մատերիալիստական աշխարհում: Մատերիալիզմը մտքի այդ ուղեղային աշխատանքի հետևանքն է:
Չնայած ուղեղը դառնում է ավելի ոգեղեն, սակայն մտածողությունն ու միտքը դառնում են ավելի նյութական: Համենայն դեպս այդ նյութականացումից այնքան են թուլանում, ստվերայնացվում, որ ի վիճակի են լինում լուսաբանել առավելապես կմախքային, մեխանիկական, անատոմիական հարաբերակցությունները մահացած բնության մեջ և անզոր են մնում կյանքի, օրգանական աշխարհի, ոգեղենի էական ճանաչողության գործում: Առաջանումէ պարադոքսալ մի իրավիճակ` մարդը ավելի ու ավելի է ոգեղենանում (իհարկե հիմնականում ուղեղի ոլորտում), ինտելեկտուալանում, սակայն նրա աշխարհայացքը ավելի ու ավելի է մատերիալիզացվում` բարոյականությունը դարձնելով նյութապաշտական: Չնայած XX դարում արդեն նկատվում են այդ վիճակից դուրս գալու ուղիները զանազան տենդենցիաների ձևով, սակայն համաշխարհային հոգևոր-մշակութային իրադրությունը դեռ չափազանց խճճված է ու քաոսային, թակարդն ընկածի կենսագրության նման:
Այժմ տեսնենք, թե ինչ է կատարվում կամքի ասպարեզում, որի սաղմնային, գերիրական բնույթը համակրանքի վրա է հիմնվում: Ինչպես որ պատկերացման պարագայում հակակրանքի ուժեղացման դեպքում հիշողությունն էր սնվում, այնպես էլ համակրանքի ուժեղացումով կամքի սաղմնային, գերիրական էությունից ծնվում է երևակայությունը: Իսկ երբ երևակայությունը թափանցում է մարդու էությունը ընդհուպ մինչև զգայարաններ, ապա գոյանում են արտաքին առարկայական աշխարհը երևակայելու իմագինացիաները:
Եվ մեծ թյուրիմացություն է հոգեբանության մեջ տարածում գտած այն կարծիքը, ըստ որի առարկաները դիտելիս մենք այնուհետև վերացարկում ենք դրանք և ձեռք ենք բերում պատկերացում դրանց մասին: Իրականում տեղի ունի հետևյալը. օրինակ, այն, որ կավիճը մենք սպիտակ ենք ընկալում, բխում է կամքի կիրառումից, որը համակրանքի և երևակայության գործունեությամբ իմագինացիայի է վերածվում: Իսկ երբ մենք որևէ հասկացություն ենք կազմում, ապա այն բոլորովին այլ բնույթ ունի, քանզի հասկացությունը հիշողությունից է սերում: Մի դեպքում գործում է համակրանքի, գերիրականացնող սկզբունքը, մյուս դեպքում` հակակրանքի, թերիրականացնող սկզբունքը: Իրենց ծայրահեղ ու միակողմանի դրսևորման մեջ այդ երկու սկզբունքներն էլ մի կողմից` հենվելով անցյալի (պատկերացում), մյուս կողմից` ապագայի (երևակայություն) վրա, մեզ պոկում են իրական ներկայից և կենդանի ներկա իրականության փոխարեն մեզ հրամցնում աշխարհի պատրանքային, մի դեպքում թերիրական (կմախքային), մյուս դեպքում գերիրական (ֆանտաստիկ) պատկերը: Աշխարհայացքային առումով առաջին մոտեցումից ծնվում են գիտական գռեհիկ մատերիալիզմի տարատեսակները, երկրորդ մոտեցումից` ֆանտաստիկ սպիրիտուալիզմի սեկտանտական նմուշները: Մշակույթի պատմության հետազոտումն այս կտրվածքով ուրվագծում է այդ ուժերի տարբեր հարաբերակցություններից հյուսված մի համայնապատկեր, որի առեղծվածային և անհասկանալի թվացող առանձին երևույթներն իրենց լուսաբանումն են ստանում այս մոտեցումով:
Արդեն կայացած անցյալից և դեռ կայանալիք ապագայից մարդու զգացմունքային աշխարհի այդ երկու բաղադրիչների (հակակրանքի և համակրանքի) վրա բեկվող հոսանքները ապահովում են ներկան գիտակցելու, ճանաչելու և տրանսֆորմացնելու (ստեղծագործելու) հնարավորությունը` դառնալով մարդկային կեցության հիմքը: Այդ ուժերի գործունեության շնորհիվ անցյալն ու ապագան անընդհատ առկա են ներկայում, կամ ավելի ճիշտ, մի չափազանց բարդ հոգևոր ալքիմիայի միջոցով անընդհատ սինթեզում են ներկան, որում անցյալը կորչելով դառնում է հիշողություն, իսկ ապագան ծնվում է որպես երևակայություն: Հիշողության, ճանաչողության վրա հիմնվող, ներկան իրականություն դարձնելով, ճշգրիտ երևակայության (Գյոթե) մեջ ստեղծագործվող աշխարհը դառնում է մշակույթ, մշակված աշխարհ, իսկ դա իրագործող կյանքը` իրոք ապրված կյանք, ինքնաբեղմնավորող կյանք, ինքնածննդաբերման կենսագրություն: Մշակույթ ստեղծելիս է մարդը ծնում ինքն իրեն: Իրականում հենց ինքն է մշակույթը: Մշակն ի վերջո ինքն է դառնում մշակույթ:
Մարդու մարմինն, օրինակ, անցյալից մնացած ամենակենդանի մշակույթն է, որի անատոմիան բեմահարթակն է հոգու և ոգու կողմից բեմադրվող ներկայացումների, որոնցում հակակրանքն ու համակրանքը հյուսում են մտածողության ու կամքի կյանքային դրաման: Հակակրանքով պայմանավորված հիշողությունն ու հասկացությունը այդ անատոմիայում ներկայացվում են նյարդային համակարգով, որում արտացոլվում է մինչծննդյան տարրը: Իսկ համակրանքով պայմանավորված կամքն ու երևակայությունը մշտապես սաղմնայինում պահելով իրենց էությունը` դրսևորում են արյան շրջանառության մեջ: Արյունն անընդհատ ուզում է ոգի դառնալ: Շնչառության պրոցեսում ծնվելով ու ոչնչանալով, այն որպես ոգեղեն նյութ միշտ մնում է սաղմնային վիճակում և ապահովում երևակայության գործունեությունը մեզնում: Ճանաչողության և երևակայության ուժերով մարդու օրգանիզմն այսպիսով գտնվում է անընդհատ նյութական մահվան և ոգեղեն ծնունդի վիճակում, որում էլ հենց կայանում է բուն կյանքի էությունը և այդ բևեռայնության մեջ հոգեկանի ներդաշնակ դրսևորման հնարավորությունը:*
* Լույս է տեսնում առաջին անգամ:
11.09.96
Գերմանիա