Ռուբիկոն

Երևակայություն, ստեղծագործություն, ազատություն

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Հոգևոր առողջության խնդիրն այսօր ավելի հրատապ է քան երբևէ: Դրա հիմնական նախապայմաններից մեկը հարմոնիկ նյութափոխանակությունն է հոգևորի ոլորտում: Մշակույթն ինքնին սնունդ է, որի մարսողությունը ենթադրում է առողջ մարսողական օրգաններ: Այդ օրգանների ձևավորումը մանկավարժության գերխնդիրն է: Մարդու և հասարակության հոգևոր օրգանիզմի առողջ գործունեության գրավականը: Պասսիվ ընկալող օրգանիզմը արագ վեր է ածվում սպառողական օրգանիզմի: Ակտիվ ընկալողությունը ծնում է ճանաչողություն, իսկ ճանաչողությունը բերում է ստեղծագործության: Ստեղծագործությունը օրգանիզմի բարձրագույն ֆունկցիան է: Ստեղծագործության մեջ օրգանիզմը հրաժարվում է սպառողի, գոյատևողի իր դերից, դառնալով իր կյանքը տնօրինող, ապրող միավոր: Դեմիուրգիկ, արարչագործական պրոցեսն այդ մակարդակի վրա ապրող օրգանիզմում ձեռք է բերում ոչ թե ընդհանրական, պասսիվ արտացոլման բնույթ, այլ դառնում է դինամիկ անհատականացված, միկրոկոսմիկ օրենքները ստեղծագործվում են անհատականության, Ես-ի էությունից: Սա էլ հենց ազատության նախապայմանն է` ծնված ստեղծագործական երևակայությունից:

Երևակայություն, ստեղծագործություն, ազատություն. մարդու լինելիության այս առանցքային էությունների շուրջ է պտտվելու մեր զգացմունքը, միտքն ու կամքը` XX դարի մշակութային տենդենցներում առկա կուրության և տեսողության դիալեկտիկայում այդ էությունների դերն ու նշանակությունը ուրվագծելու համար:

Երևակայություն

Մարդու հոգևոր օրգանիզմը, այդ օրգանիզմի ֆունկցիաներն ապահովող ուժերը, դրանց կապը մարդու ֆիզիոլոգիական կառուցվածքի հետ թեև բավականին ուսումնասիրված են տարբեր փիլիսոփայությունների և գիտությունների կողմից, այնուհանդերձ մարդու անհատական կենսափորձում դեռ շարունակում են մնալ բավականին անորոշ ու առաձգական, դժվարամարս հասկացություններ, որով էլ պայմանավորված է մարդու ընդերքի խավարն ու ինքնաճանաչման խրթինությունը: Այդ ուժերն են զգացմունքը, միտքն ու կամքը: Սրանք միանգամայն իրարից տարբեր հոգևոր որակներ են, որոնք մշտապես գտնվում են շարժուն ու դինամիկ վիճակում, անընդհատ գոյանալով և անհետանալով դիֆուզիոն բարդ շարժումներ են կատարում մարդու օրգանիզմում, ստեղծելով հոգևոր կյանքի նախադրյալներ հավերժականի և ժամանակայինի փոխներթափանցման կտրվածքում մարդու Ես-ի գործունեության համար:1 Ըստ Ես-ի հասունության և զարգացման մակարդակի` զգացմունքի, մտքի և կամքի գործունեությունը լինում է չափազանց տարբեր անհատականացման բնույթի: Ամենաքաոսային դիֆուզիոն, սուբյեկտիվ տեսակից մինչև ամենակարգավորված, համակարգված, օբյեկտիվ տեսակը, ըստ որի համապատասխան գործունեություններն ու կյանքերը ստանում են ժամանակայինի` անցողիկ կամ հավերժականի` մնայուն երանգներ: Ես-ի գործունեությունը զգացմունքի, մտքի և կամքի ոլորտում ձգտելով ստեղծագործունեության, դառնում է մշակույթ, մի կողմից` պրոյեկտվելով, մարմնավորվելով նյութականի, ժամանակայինի, անցողիկի, մյուս կողմից` ոգեկանի, հավերժականի, մնայունի աշխարհում: Իրական մշակույթը այդ երկու պրոյեկցիաների օրգանական միասնությունն է` մարդու կողմից ստեղծագործվող տիեզերքը, որն ի սկզբանե տրված տիեզերքի զգայարանների միջոցով ընկալված, հոգու և ոգու մեջ Ես-ի կողմից մարսված և երևակայությամբ ստեղծագործված, ծննդաբերված, մետամորֆոզված վիճակն է, այսինքն` բուն մարդու արքայությունը, որում բնակվելու կարողությունն է, որ մարդուն դարձնում է մարդ: Իրական մշակույթը իրական Եսի կյանքն է հոգևորի և նյութականի սահմանին: Այդ կյանքն է, որ կամրջում է երթևեկությունը ոգու և նյութի օտարացած աշխարհների միջև: Այդ կյանքն է, որ նյութափոխանակություն է ապահովում տիեզերական մակրոմետամորֆոզի օրգանիզմում, խոչընդոտելով օտարացման և տրոհման գլոբալ տենդենցներին:

Մարդը տիեզերական պրոցեսների առանցքային տեսանելի հանգույցն է, որում շաղախվում ու խմորվում է այդ պրոցեսներից գոյացած այն բազմակերպությունը, որն արդյունքն է աստվածային երևակայության: Տիեզերածնական այդ երևակայության փշրանքներն ամենուր են: Դրանք շարունակում են գործել թե՛ անօրգանական, թե՛ օրգանական աշխարհի ձևագոյացման և թե՛ մարդու ընդերքում կատարվող ստեղծարար խմորումների միստերիաներում: Մարդը երևակայության ծնունդ է և իր հասունության մեջ` երևակայության օրգան:

Երևակայությունն է, որ դառնալով Ես-ի էությունը և հիմնական գործոնը, նրա կայացման, զգացմունքի, մտքի և կամքի շաղախից դնում է հիմքը ստեղծագործական այն խմորումների, որոնցից էլ ծնվում է մշակույթը, միակ գրավականն ու վկայությունը Եսի կայացման:

Տեսանելիության և անտեսանելիության սահմանին Ես-ի մանիֆեստացիայի բարձրագույն երաշխիքն է երևակայությունը:

Գաղտնիքի նման այն ողողում է մեր կուրության անդաստանները, քաոսային ընկալողությունների մառախուղը ցրելով ճառագում է մեր ընդերքից, բեղմնավորելով ասելիքի էությունը: Նրա ակունքները անտեսանելի են մարդուն: Նրա թիթեռները տիեզերածնական երևակայության ժառանգությունն են մեզնում:

Տիեզերքը ծնվել է ահռելի երևակայությունից: Պայթող, ցնծացող, խելագարվող երևակայությունից:

Երևակայության, ստեղծագործության և ազատության հղիությունից:

Այդ երևակայության բեկորներն ենք մենք, որ եկել ենք վկայելու կատարված, կատարվող և կատարվելիք ծննդաբերությունների մասին:

Բեղմնավորման, հղիության և ծննդաբերության երևույթները այս տիեզերքի երևի թե ամենաառեղծվածային և ամենաֆունդամենտալ երևույթներն են, որ կյանքի բուն էությունն են կազմում: Շատ բարդ հակասությունների դիալեկտիկական պայքարի, հաշտեցման ու մերձեցման, վանողական ու ձգողական միստերիաների, տարալուծման ու սինթեզի ալքիմիայի դրաման է ընկած բեղմնավորման, հղիության և ծննդաբերության հիմքում: Սիրո և ատելության հավերժական պայքարն է այդ գործողությունների էությունը: Ցավի ու հաճույքի, տառապանքի ու երջանկության, զոհաբերության ու շնորհի խառնուրդից է ծնվում պտուղը սիրո: Սերն է այս աշխարհի սոսինձը: Վերաիմաստավորելու, միաձուլվելու, ամբողջականանալու տիեզերական խնդիրն է լուծում այն, պերմանենտ տրոհման ու պառակտման այս պրոցեսում: Հսկայական այս դիֆերենցման ինտեգրումն է այն, ոչ թե մեխանիկական, այլ ալքիմիական ճանապարհով: Հակասությունների, բևեռների չեզոքացման վայրում մի որակն անհետանալով տեղ է բացում մեկ ուրիշ որակի ներխուժման համար: Կատարվում է բեղմնավորում: Մի ոլորտից որակի մուտք է տեղի ունենում մեկ այլ ոլորտ: Տվյալ ոլորտում կայանալու համար այն անցնում է հղիության փուլով: Հղիության փուլն ավարտվում է ծննդաբերությամբ: Որակը մարմնավորում է ստանում: Մի ոլորտի պոտենցիան մանիֆեստացվում է մյուսում: Մեր կյանքը նման պրոցեսների մի ահռելի հյուսվածք է: Բեղմնավորման, հղիության և ծննդաբերության միստերիա:

Սրանք են ստեղծագործության օրգանիզմի առանցքային ֆունկցիաները, որ ծնունդ են առնում երևակայությունից: Այդ օրգանիզմում գործող Ես-ը, որն արարիչն է դառնում բեղմնավորման, հղիության և ծննդաբերության այդ միստերիայի, սոսկ գոյատևման ռեժիմից անցնում է ապրելու ռեժիմին: Նա դադարում է տարերայնորեն գոյություն ունենալուց, փուլային անցում կատարելով կենսաստեղծ ապրելակերպին: Պասսիվ ու կույր գոյությունից նա անցնում է ակտիվ, ինքնարար, տեսնող կյանքի: Կուրության մառախուղը ցրելով` նա տեսնում է նոր հորիզոններ, ուր կյանքը դառնում է արվեստի ստեղծագործություն: Այդ ստեղծագործությանը տանող ուղին էլ ճանապարհն է դեպի ազատություն:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Գիտություն և կրոն Ալբերտ Այնշտայն Մաս I Պրինստոնի աստվածաբանական դպրոցում ելույթից 1939թ, մայիսի 19, հրապարակվել է Out of My Later Years-ում, Նյու-Յորք, Փիլիսոփայության գրադարան, 1950: Մաս II՝ Science, Philosophy and Religion: Գիտության վերաբերյալ կոնֆերանսի հրապարակած… Փիլիսոփայություն Աշխատանք և խոսք «Պատմություն և ճշմարտություն» գրքից Պոլ Ռիկյոր Պոլ Ռիկյորը ծնվել է 1913 թ. Վալանսում: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Ռենի և Սորբոնի համալսարաններում: Ֆենոմենոլոգիական հերմենևտիկայի առաջատար ներկայացուցիչներից է: Ոգեշնչվել է Է. Հուսսեռլի, Գ. Մարսելի և Կ. Յասպերսի գաղափարներից: Հակառակ Ֆ.… Փիլիսոփայություն Ազատ ժամանակի արարումը և զբաղված ժամանակի ֆենոմենոլոգիան (վարիացիա) Սերգեյ Ստեփանյան Պլատոնի «Թեետետոսում» կա դրվագ, երբ Սոկրատեսը, հավանաբար վախենալով, որ չափազանց երկարած խորհրդածությունը կարող է շեղել ու խճճել զրուցակցին, ասում է. «… սակայն տեսնո՞ւմ ես, Թեոդորոս, թե մի բառը ելնելով մյուսից և փոքրից դառնալով մեծ, ինչպես է…