Երևակայություն, ստեղծագործություն, ազատություն
Այստեղ փորձենք հակիրճ անդրադառնալ մարդու հոգևոր օրգանիզմում գործող հիմնական ուժերի ծագումնաբանությանն ու գործելակերպին, որ ներկայացվել է Ռուդոլֆ Շտայների կողմից նրա «Ընդհանուր մարդաբանությունն իբրև մանկավարժության հիմք» 1919 թվականի օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 5-ը Շտուտգարտում կարդացած դասախոսությունների շարքում: Օգոստոսի 22-ի 2-րդ դասախոսությունում շեշտվում է այն միտքը, որ մարդու էությունը որպես այդպիսին իր գաղափարի մեջ հասկանալի է դառնում միայն այն դեպքում, երբ մարդ կարողանում է նկատի առնել առանձին մարդու կապը ողջ տիեզերքի հետ: Երեխաների մոտ պատկերացման, զգացումի և կամքի զարգացման անհրաժեշտությունը, որը և կազմում է մանկավարժության հիմքը, մեզ ստիպում է անդրադառնալ այդ երեք կարողություններին` հստակ պատկերացնելու համար դրանց էությունն ու փոխհարաբերակցությունը:
Ըստ Շտայների` պատկերացումն ունի պատկերի բնույթ, և ով իրական գոյության բնույթ է փնտրում դրանում մեծ պատրանքի է տրվում և հեռանում է իրականությունից: Մեր օրգանիզմի մասերը, օրինակ, մեր աչքերը, մեր քիթը, մեր ստամոքսը և այլն գոյության տարրեր են, և չնայած որ մենք ապրում ենք գոյության այդ տարրերում, սակայն դրանցով մենք չենք կարողանում պատկերացնել: Մենք նույնանում ենք այդ տարրերի հետ: Իսկ պատկերացումների միջոցով ինչ-որ բան կորզելու հնարավորությունը ստեղծվում է հենց այն պարզ պատճառով, որ դրանք պատկերի բնույթ ունեն, և մեզ հետ չեն միաձուլվում այնպես, որ մենք լինենք դրանցում: Այս առիթով Շտայները նշում է, որ վերջին հարյուրամյակների մեծ սխալներից մեկն է գոյությունը մտածողության հետ որպես այդպիսին նույնացնելը: Դեկարտի «Cogito ergo sum» («Մտածում եմ, ուրեմն կամ») հայտարարությունը նորագույն ժամանակների աշխարհայացքային ամենամեծ մոլորություններից է, քանզի «Cogito»-ի, «մտածելու» հիմքում ընկած է ոչ թե «sum»-ը (լինելը), այլ «non sum»-ը (չլինելը): Այսինքն` իմ ճանաչողության մեջ ընկած է պատկերի և ոչ թե իմ գոյությունը: Իմ գոյությանը հասնելու համար ես պետք է վերապրեմ իմ ճանաչողության մեջ իմ Ես-ի պատկերացման պատճառը, ոչ թե պատկերի, այլ բուն բովանդակության ձևով: Ես պետք է մտնեմ պատկերացումների կուլիսային աշխարհը ինքս ինձ գտնելու համար, որը և մտածողության պատմության հիմնական շարժիչ ուժն է և որի բարդության պատճառով մարդիկ գերադասում են մնալ կյանքի սոսկ կենսական, լավագույն դեպքում ընկալողական-զգայական-ռեֆլեքտիվ վերապրման վրա` զգալու համար սոսկ գոյության բերկրանքը, հաճախ ուղղակի խուսափելով ճանաչողությունից, քանզի դրանից սկզբում փչում է անգոյության, վերացականության մահացու շունչը: Ճանաչողության պատկերացումային և հասկացութային դատողական-ստվերային բնույթը շատերին վանում է այդ գործունեությունից և նետում զգայական շոշափելիության կամ միստիկական երազայնության ավելի ակնհայտորեն վերապրելի և հաճելի ոլորտները: Մարդը երես է թեքում բանականությունից: Դժվարությունների առաջին իսկ խաչմերուկում նա տրվում է պատրանքների երթևեկությանը, հեռանալով ինքնաճանաչողության հաճախ դաժան իրականությունից: Ի հետևանք որի` առհասարակ իրականությունից: Սա է կյանքի, գոյության, ճանաչողության դրաման, որի տարբեր փուլերի մասնակիցն ենք ակամայից դառնում մենք, ինչ-ինչ պատճառով մուտք գործելով այդ գործընթացի մեջ:
Պատկերացման ֆունկցիան ընդունված է դիտել իբրև արտաքին առարկայական աշխարհի մեր բանականության մեջ զգայարանների միջոցով արտացոլման հետևանք: Սակայն ըստ Շտայների` ոգեգիտության պատկերացումային արտացոլումն է իրականում հետևանքը պատկերացման կարողության, որի առկայությունը մեր հոգևոր օրգանիզմում անդրադարձն է այն վերապրումների, որ մենք ունեցել ենք մինչև ծնվելը կամ մինչև մեր բեղմնավորումը: Պատկերացնելը այդ ապրումների պատկերն է: Ինչպես, որ հայելային պատկերներն հետևանք են առարկայական աշխարհի արտացոլման, այսինքն` հայելու անդրադարձման կարողության, այնպես էլ պատկերացնելն ինքնին նախածննդյան կյանքի անդրադարձն է այժմյան կյանքում: Հայելու դերն այստեղ ստանձնում է մարդու օրգանիզմը, որի կողմից անդրադարձվող նախածննդյան կյանքը դրսևորվում է որպես պատկերացնելու կարողություն: Շտայներն այստեղ մի պնդում է անում, ըստ որի իրական ճանաչողության համար պատկերացնելու կարողությունն ինքնին ապացույց է նախածննդյան գոյության, քանզի այն նախածննդյան այդ գոյության պատկերն է: Եվ ընդհակառակը, ինչ վերաբերում է կամքին, դրա առարկայությունն ինքնին հետմահու գոյության ապացույցն է, քանզի այն սաղմն է այն ամենի, ինչ հոգևոր իրականություն է դառնալու մեզնում մահից հետո:
Այսպիսով մի կողմից` մենք գործ ունենք պատկերացման հետ, որը պատկերն է մինչծննդjան կյանքի, մյուս կողմից` կամքի հետ, որը սաղմն է hետմահու կյանքի: Այստեղ պետք է նկատի առնել այն հանգամանքը, որ պատկերը որպես արտացոլանք ստորադաս իրական մի բան է, իսկ սաղմը գերիրական մի բան, որն հետագայում է վերածվելու իրականի:
Այսինքն այս կյանքում, այս աշխարհում պատկերացումն ու կամքը երկու բևեռային հնարավորություններ են, մեկն իբրև թերիրական, ածանցյալ արդյունք, մյուսն իբրև գերիրական, դեռ ծավալվելիք պոտենցիա, որոնցով մարդու անցյալն ու ապագան գործնական ներկայություն են ստանում ներկայում, երաշխավորելով ներկայի իրական լինելիության իրագործումը: Սա կարևորագույն մի հանգամանք է, որով բացատրվում են փիլիսոփայության մեջ արմատացած շատ ու շատ թյուրիմացություններ, ընդհուպ մինչև Շոպենհաուերի կողմից առաջ քաշված այն տեսակետը, ըստ որի աշխարհը սոսկ իմ պատկերացումն է, կամ սոսկ իմ կամքն է: Շոպենհաուերն աչքաթող է անում այն փաստը, որ զգայարանների միջոցով ընկալվող աշխարհը ողջ աշխարհը չէ, լինելիության մեջ գտնվող աշխարհը չէ, այլ ընդամենը դրա զգայական ընկալման համար կայացած մասն է: Ողջ աշխարհը մեր առջև ունենալու համար մենք պիտի ներառենք դրանում ինքներս մեզ` մեր ընկալողական, զգայական, մտածողական և կամային ֆունկցիաներով, քանզի դրանք ևս աշխարհում կատարվող և աշխարհին պատկանող պրոցեսներ են, առանց որի աշխարհը աշխարհ չէ: Ինչպես որ բնության մեջ տեղի ունեցող որևէ երևույթ, ասենք քամին, անբաժանելի է աշխարհի պատկերից, այնպես էլ մեզնով իրագործվող ընկալողությունը, մտածողությունն ու կամայնությունը համաշխարհային պրոցեսների բաղկացուցիչներն են, որոնք չգիտես ինչու միշտ դուրս են մնում օբյեկտիվ աշխարհընկալման համայնապատկերից, ի հետևանք որի տարբեր աշխարհայացքները որպես կանոն մնում են թերի և միակողմանի:
Մեր գոյությունը, մեր առկայությունն այս աշխարհում պարզապես վկայում է, որ աշխարհը ստեղծված է նախ ընկալման համար, այնուհետև զգալու, մտածելու և կամելու համար, առանց որի այն մնում է կիսատ, չկայացած, չիրագործված, անիրական աշխարհ: Ինչ-որ կիսաֆաբրիկատ մի բան, որը չի հասնում իր հասցեատիրոջը լիաֆաբրիկատ դառնալու համար: Առանց մարդու աշխարհը կիսատ է: Տիեզերածնական այս թխվածքը հում է դեռ: Այն պետք է դեռ եփվի և ճաշակվի ներկաների կողմից: Պետք է հասունացվի պտղատվության նոր բերքահավաքի համար: Ընկալելու, պատկերացնելու, մտածելու միջոցով հասունացվի պտղատվության և ստեղծագործության, երևակայության, կամքի միջոցով բերվի բերքատվության: Այդ իսկ պատճառով էլ աշխարհը չի կարող լինել պատրաստի պատկերացում և կամք, այլ միայն այդ երկու ֆունկցիաների միջոցով իրականացվելու հնարավորություն ունեցող կիսաֆաբրիկատ: Շոպենհաուերյան աշխարհընկալման հետևանքներին մշակութային զանազան ոլորտներում մենք դեռ կանդրադառնանք հետագայում: Այժմ շարունակենք Շտայների դիտարկումները: