Ռուբիկոն

Ազատ ժամանակի արարումը և զբաղված ժամանակի ֆենոմենոլոգիան (վարիացիա)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Հարկ է մեկ անգամ էլ հիշել Ավգուստինուսի գլխավոր հարցադրումը: «Ի՞նչ էր անում Աստված նախքան երկինքն ու երկիրը ստեղծելը: Եթե նա ոչնչով զբաղված չէր և ոչինչ չէր անում, ինչո՞ւ չի մնում նույն վիճակում հավիտյան, ինչպես արարելուց առաջ»: Աստծո պարապությունը մերժված է, և ժամանակից դուրս հավիտենից տեղի ունեցած կամ տեղի ունեցող արարումն իր հերթին խոսում է ոչ թե Աստծո, այլ հենց ժամանակի զբաղվածության մասին, քանի որ լինելով ժամանակից դուրս` Աստված ազատվում է զբաղված լինելու անհրաժեշտությունից, և նրա զբաղմունքը բաժին է մնում աշխարհին:

Ավգուստինուսն ինքն է ասում. «…նախքան երկինքն ու երկիրը ստեղծելը Աստված ոչինչ չէր անում»: Արդեն հայտնի է, որ պնդումն իսկույն սահմանափակվում է մեկ այլ պնդմամբ, ըստ որի Աստծո այսպիսի ենթադրյալ պարապությունը չէր կարող տեղի ունենալ այն պայմաններում, երբ դեռ ինքը ժամանակը չէր գործում, երբ ինքն էր պարապության մեջ: Աստծո և աշխարհի միջև ժամանակային կամուրջ գցելու ողջ բարդությունն այն է, որ Աստծո գործը, նրա զբաղվածությունը չի կարող մնալ Աստծո ոչ ժամանակային հավիտենական գոյության ծիրում և տեղափոխվում է արարված աշխարհ` դառնալով զբաղված ժամանակ, այն դեպքում երբ Աստծո անժամանակային, անփոփոխ հավիտենականությունը ստանալով վերտիեզերական պարապության երանգներ լքում է աշխարհը և միայն այդպես է թույլ տալիս հասկանալ Ավգուստինուսի մեջ բերած սաղմոսի հետևյալ տողը. «Դու միշտ նույնն ես, և Քո տարիները չեն վերջանում»:

Ժամանակի ներքին մորֆոլոգիան ցույց է տալիս, որ այն «գոյություն ունի ոչ այլ կերպ, եթե ոչ այն իմաստով, որ այն ձգտում է անգոյության»: Եվ այն հանգամանքը, որ այդ մորֆոլոգիան կազմող միտումը ներկայությունն է, այսինքն` միտվածությունը դեպի ներկա, խոսում է այն մասին, որ անգոյության իր ձգտումը ժամանակը պիտի բավարարի առավելապես ներկայի հարաբերությամբ: Իսկապես, չգոյի խնդիրը հստակվում է հենց ներկայի միջոցով, քանի որ վերջինը ներկայացնում է ոչ միայն գոյը, այլև չգոյը. ավելին` չգոյը իրազեկում է իր մասին հենց միայն ներկայի մեջ, քանի որ անցյալի կամ ապագայի մեջ, եթե դրանք ներկայի հետ կապված չլինեին, չգոյությունը չէր տարբերվի գոյությունից: Ուրեմն արդեն ներկայի մեջ գոյության և չգոյության այսպիսի համատեղությունը և կապը կարելի է հասկանալ որպես ժամանակի ձգտում անգոյության: Ժամանակը չգոյի միտված լինելով է ներկա դառնում, և հենց դա էլ բացատրում է տևողության պահերի անըմբռնելի անցավորությունը, որի արդյունքում ներկայի տևողությունը հավասարվում է ոչնչի, տևողություն պարզապես չկա: Եթե ժամանակը չլիներ միտված առ ներկան, իսկ ներկան իր հերթին չլիներ միտված առ չգոյը (կամ անգոյությունը, ինչպես ասում է Ավգուստինուսը), ապա տևողության պահերը կկազմեին ոչ թե ներկա, այլ հավիտենություն:

Ո՞րն է իրականում ավգուստինյան հավիտենության և ժամանակի միջև եղած տարբերությունը: Այն դրսևորվում է առաջին հերթին և գլխավորապես նրանում, որ հավիտենությունը իր գոյության մեջ միտված չէ դեպի չգոյը և պահպանվում է որպես ժամանակի բացարձակ հարագոյություն և ազատություն, որը հենց ինքը Աստվածն է` ազատ սահմանափակության էությունը կազմող զբաղվածությունից:

Ահա ինչու թեև Աստծո պարապությունը մերժված է, այն մերժված է բացառապես չգոյի, չգոյին միտված ներկայի և ներկային միտված ժամանակի համատեքստում, մինչդեռ sub specie aeternitatis Աստված բացարձակ ժամանակային պարապություն է, որի մեջ արարվածը ոչ թե Աստծո ժամանակային զբաղվածություն է, այլ կատարյալ ազատություն` լինելու աշխարհի արարիչը և արարված աշխարհի զբաղված ժամանակի գեներատորը հավիտենապես:

Զբաղված ժամանակի զբաղվածությունը կազմող տարրերի և հարափոխ ներկայի ավգուստինյան ռեդուկցիան, որի արդյունքում անցյալն ու ապագան ներմուծվում են ներկայի մեջ` վերջինս ընդլայնելու և սոսկ անցողական աստիճանից հավիտենության միկրոտիեզերական կրկնակը դարձնելու համար, իրականում ոչ թե հոգեբանացնում է ժամանակը, ինչպես կարծում են հետազոտողների մեծ մասը, այլ ազատում է այն ներքին մորֆոլոգիական սահմանափակումներից, վերջավորությունից, վերջավորություն, որի լեզուն շրջելով` մարդ արարածը բացվում է հավիտենականին ընդառաջ, ճիշտ այնպես, ինչպես աստվածայինն ու հավիտենականն են մեկ անգամ, և, հետևաբար, հավիտենապես բաց չգոյի և վերջավորի առաջ, քանի որ չգոյի և վերջավորի համար էլ դրանք չեն դադարում գոյություն և հավիտենություն լինել: Աստծո գոյությունը բացարձակ է ամեն կարգի (ժամանակային) սահմանափակումների նկատմամբ: Դա արտահայտվում է չգոյի հանդեպ յուրահատուկ (արարչական) վերաբերությամբ, քանի որ չգոն չգոյության իր այդպիսի սահմանափակման մեջ չի զրկվում գոյությանը հաղորդակից լինելու հնարավորությունից և որպես այդպիսին գոյություն է ստանում առանց իր չգո լինելու որակի սահմանափակման: Աստվածային հավիտենությունը չի զրկում չգոյին գոյությունից, և ըստ այդմ` ժամանակից, այլ ժամանակը գոյանում է հավիտենականության հետ չգոյի վերջավոր գոյության բախումից: Այդ բախումը չգոյի համար չի կարող հավիտենական լինել, քանի որ բացարձակ պարապությունը այստեղ ծվեն-ծվեն է արվում չգոյության պահերի կողմից, որոնք կազմում են անցյալ, որն արդեն չկա, ապագա, որը դեռ չկա և ներկա, որը զուրկ է տևողությունից:

Ավգուստինյան ժամանակի ոչ միայն և ոչ այնքան հոգեբանական լինելն է, որ թույլ է տալիս տեսնել զբաղվածության և պարապության, անգոյության ձգտող ժամանակի և հավիտենության երկվությունը, քանի որ դիտարկելով մեկը մյուսի ֆոնի վրա` նա ազատում է հոգեբանականը հոգեբանականից և բացարձակը բացարձակից: Ինքնին, առանց հավիտենության հետ կապի, հոգեբանական ժամանակը երբեք դուրս չի գալիս բուն ներկայի շրջանակներից և, հետևաբար, երբեք չի դիմում իսկական ինքնասպանության: Այսպես, անցյալի հետ կապված տխուր հիշողությունները կարող են ճնշել ներկայում, ժամանակն ընդունում է հետադարձ վեկտոր, այն ասես մեռնում է: Ներկան չի դառնում անցյալ, սակայն այն գունավորվում է անցյալով և ճանաչվում է որպես այն, ինչը խոսք է տվել անցյալին: Ի՞նչպիսի դրության մեջ է անցյալի ունկնդիրը: Նա վերապրում է անցյալի խոսքը և ներկայի լռությունը որպես պատեհություն, որը կարող է հուշել նրան ժամանակի պայմաններում ժամանակ ստեղծելու անհրաժեշտության մասին լոկ այն դեպքում, եթե նա կիրառի դրանց նկատմամբ ոչ թե հոգեբանական, այլ ճանաչողա-գոյաբանական ճիգ: Հոգեբանական ժամանակը ժամանակ ստեղծելու հիմք լինել չի կարող, քանի որ այն արդեն իր հետ է, ավելին, այն ամբողջապես զբաղված է, և անգամ կյանքի նորացմանն ու վերափոխությանն ուղղված ջանքերը, որոնք տեղի են ունենում ներկայի լռության շրջերեսմամբ անցյալից դեպի ապագա, լիովին այն ժամանակի մեջ են, որը կարող է կոչվել զբաղված, դա մի ժամանակ է, որի մեջ չկա ավելցուկ: Եվ լոկ այնժամ, երբ ողջ այդ ժամանակը դառնում է ճանաչողա-գոյաբանական (ոչ հոգեբանական) պակաս, ծնվում է այն, ինչի առնչությամբ ժամանակը որպես զբաղված ժամանակ մեռնում է` ծնելով իր տեղում անսպառ ազատ ժամանակ, որի պակասը չի կարող լինել:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Աշխատանք և խոսք «Պատմություն և ճշմարտություն» գրքից Պոլ Ռիկյոր Պոլ Ռիկյորը ծնվել է 1913 թ. Վալանսում: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Ռենի և Սորբոնի համալսարաններում: Ֆենոմենոլոգիական հերմենևտիկայի առաջատար ներկայացուցիչներից է: Ոգեշնչվել է Է. Հուսսեռլի, Գ. Մարսելի և Կ. Յասպերսի գաղափարներից: Հակառակ Ֆ.… Փիլիսոփայություն Երևակայություն, ստեղծագործություն, ազատություն Արա Գուրզադյան Ազատության ճակատագիրն ու կուրության գեղագիտության ֆենոմենոլոգիան Մենք ճզմված ենք դարավերջի ծանրությունից: Մահվան և ծնունդի ուժերը մեզ փորձադաշտ դարձրած իրենց ուղին են հարթում «լինել, թե չլինել»-ու անդունդի եզրին: Դարը վիթխարի էր ներսի, խորքային… Փիլիսոփայություն Գիտություն և կրոն Ալբերտ Այնշտայն Մաս I Պրինստոնի աստվածաբանական դպրոցում ելույթից 1939թ, մայիսի 19, հրապարակվել է Out of My Later Years-ում, Նյու-Յորք, Փիլիսոփայության գրադարան, 1950: Մաս II՝ Science, Philosophy and Religion: Գիտության վերաբերյալ կոնֆերանսի հրապարակած…