Ազատ ժամանակի արարումը և զբաղված ժամանակի ֆենոմենոլոգիան (վարիացիա)
Տարածության նկատմամբ առաջնությունից բացի, սակայն, նման թեմատիկավորման հայտնաբերումը, որն իհարկե խոսում է Հայդեգգերի մտքի մեծ խորաթափանցության մասին և ապացուցում է, որ վերջինս գուցե բոլորից լավ է նկատել առ չգոյն ժամանակի միտված լինելու հանգամանքը, ստիպել է նրան մեկնաբանել ժամանակը ոչ թե հավիտենականության (Ավգուստինուս), այլ վերջավորության դիրքերից, այսինքն` այն զբաղվածության, որ ժամանակայինի վերածելով իր տարածական տերմինները, այնուամենայնիվ շարունակում են եթե ոչ իշխել, ապա հավասարապես հանդես գալ ժամանակի անունից և նրա մեջ: Ահա ինչու ազատ ժամանակի արարումը Հայդեգգերը տեսնում է մարդու` իր սեփական գոյությունը հնարավորության մեջ ընտրելու ազատության մեջ: Բայց չէ՞ որ ազատության պրոյեկտի իրագործման մարդու (Dasein) կոնկրետ հնարավորությունները, որոնք կապված են զբաղվածության աշխարհի հետ, սահմանափակ են: Ժամանակի իր մեկնաբանության մեջ Հայդեգգերը ներկայի ավանդական շեշտվածությունը փոխարինում է ապագայի շեշտվածությամբ, իսկ «մտահոգությունը» նրա փիլիսոփայության մեջ դառնում է կենտրոնական հասկացություն: Այդկերպ զարմանքը իմացաբանության հետ միասին լքում են նրա փիլիսոփայությունը:
Սակայն Հայդեգգերը չի նկատում, որ զարմանքն ունի ոչ միայն ճանաչողական, այլև գոյաբանական հիմք, քանի որ այն հայեցողության նախապայման է միայն երկրորդ հերթին: Առաջին հերթին այն ազատ ժամանակի արարում է, ճիշտ այնպես, ինչպես ժամանակի արարում է Աստծո տիեզերական պարապությունը, որը չի խոչընդոտում աշխարհի զբաղվածությանը մնալ ինքը և որը հավիտենություն է արարում առանց էսխատոլոգիական մտահոգության: Որտեղի՞ց է գալիս իրերի էության մետաֆիզիկայի պատմությունը, եթե ոչ պարապության ժամանակի այն ծովից, որ իրերի համար ստեղծել են մետաֆիզիկոսները: Որտեղի՞ց է չգոյի գոյությունը, եթե ոչ Աստծո հավիտենությունից, որի մեջ նույնիսկ չգոյն որպես պակաս չի պակասում: Ահա ինչու անգամ փիլիսոփայի բառը, որը չիմացության սպառնալի անդունդ է բացում հենց իր` խորհրդածող փիլիսոփայի առաջ, չի կարող կլանել նրան և դադարեցնել խորհրդածությունը, քանի դեռ փիլիսոփան չունի ազատ ժամանակի պակաս:
–…սակայն տեսնում ես, Թեոդորոս, թե մի բառը ելնելով մյուսից և փոքրից դառնալով մեծ, ինչպես է կլանում մեզ:
– Բայց չէ՞ որ մենք ազատ ժամանակի պակաս չունենք:
1 Հունարեն Թավմասը նշանակում է նաև հիացմունք:
2 Հասկանալի է, որ զբաղված ժամանակի մեջ իրենք իրենց չպատկանող մարդկանց քանակի ավելացմանը զուգընթաց, ավելի ու ավելի քիչ ժամանակ էթողնվելու բնության գոյությանը (գլոբալ տաքացում և այլն):
24. 06. 2007